Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«Աստված ինձ միշտ օգնում է»

«Աստված ինձ միշտ օգնում է»
16.02.2016 | 10:38

Էդգար Կարապետյանը հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչներից է, հանրապետության վաստակավոր արտիստ։ Նա մոտ 20 տարի եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատարը, 13 տարի ղեկավարել է «Էրեբունի» վոկալ-գործիքային անսամբլը, որի հիմնադիրն ինքն է եղել։ Այդ անսամբլն արժանացել է համամիութենական մրցույթի դափնեկրի կոչման։ Երբ լուծարվեց «Հայհամերգը», ելույթ էր ունենում «Երաժշտական կենտրոնի» կազմակերպած համերգներին։
Էդգար Կարապետյանը ծնվել է Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում։ Երգել է մանկուց և շատ է սիրել էստրադան։ Ձայնը գեղեցիկ էր` դրամատիկ տենոր, և շատերը կարծում էին, որ նա մեծ ապագա կունենա օպերային բեմում։ Սակայն Էդգարն ընտրեց էստրադան։
Հայրը` Հայկ Կարապետյանը, որը սոցիալական ծառայության պետ էր, և մայրը` Ռոզալյան, համոզեցին, որ որդին ստանա բարձրագույն կրթություն, իսկ երգելը միշտ կլինի։ Եվ դպրոցն ավարտելուց հետո Էդգարն ընդունվեց Խարկովի մեքենաշինական ինստիտուտ, դարձավ ինժեներ։ Սակայն մասնագիտությամբ չաշխատեց։ Նա զորակոչվեց խորհրդային բանակ և ծառայեց Կիևի զինվորական օկրուգի անսամբլում։ Ծառայությունն ավարտելուց հետո չլքեց անսամբլը և մինչև 1961 թվականը եղավ նրա մենակատարը։ Այս անսամբլի կազմում առաջին անգամ մեկնեց հյուրախաղերի արտասահման` Չեխոսլովակիա։ Դա 1958 թվականին էր։
-1961 թվականը ճակատագրական էր ինձ համար,- պատմում է երգիչը։- Խորհրդային հանրահայտ էստրադային երգչուհի Ռուբինա Քալանթարյանը Կոնստանտին Օրբելյանին առաջարկեց լսել ինձ։ Օրբելյանը լսեց, և հունվարի մեկից ես դարձա Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատարը։ Իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Այն կարող եմ համեմատել միայն իմ երեխաների լույս աշխարհ գալու օրերի հետ։ Օրբելյանին ես շատ եմ պարտական։ Նրա շնորհիվ ես դարձա լավ երգիչ։
Առաջին ելույթս նվագախմբի հետ կայացավ Էջմիածնում։ Ինձ համար դա սիմվոլիկ է։ Ես հավատացյալ եմ։ Աստված ինձ միշտ օգնում է։ Օրբելյանի նվագախմբի հետ հանդես եկա Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում, այդ մեծ երկրի ամենահեռավոր անկյուններում։ Լինում էր, որ քաղաքից քաղաք մեկնում էինք պլացկարտ վագոններում, օրավարձը չնչին էր, երբեմն հյուրանոցում տաք ջուր չէր լինում։ Բայց մենք երջանիկ էինք։ Օրբելյանի նվագախումբն ամենաճանաչվածներից էր Միությունում։ Համերգային դահլիճները լեփ-լեցուն էին, հանդիսատեսը բուռն էր ընդունում մեզ, իսկ համերգից հետո հայտնվում էինք ամբոխի մեջ` ինքնագրեր էինք բաժանում։ Մենք հանրաճանաչ էինք։ Այսօր բոլորն աստղ են։ Աստղ են կոչում նույնիսկ սկսնակ երգիչներին, մոռանալով, որ աստղն առաջին հերթին հարուստ մարդ է, ով կարող է բարիքներ ստեղծել թե՛ իր, թե՛ շրջապատի համար, ով նպաստում է նոր տաղանդների բացահայտմանը։
Ինձ շատ է մտահոգում մեր էստրադայի վիճակը։ Այսօր երգիչներից շատերն իրենք են գրում և՛ երաժշտությունը, և՛ տեքստը, չունեն ոճաբաններ։ Այդ գործը պետք է ղեկավարի պրոդյուսերը, ինչպես արվում է արտասահմանում։ Միայն այդ դեպքում մենք կունենանք բարձրակարգ էստրադա։
-Խորհրդային տարիներին մենք` երևանցիներս, հաճախ էինք կատակում։ Վերջապես Օրբելյանի նվագախումբը հյուրախաղերի է եկել Երևան։
-Իրոք, այդպես էր։ Մեր նվագախումբը Միության շատ քիչ էստրադային խմբերից էր, որ արտասահմանում ելույթ ունենալու իրավունք ուներ։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ շրջել ենք աշխարհով մեկ` Եվրոպա, Ասիա, Ամերիկա։
Ամիսներով տնից-տեղից կտրված էինք, կարոտում էինք Երևանին։
Մի անգամ հյուրախաղերի էինք ԱՄՆ-ում։ Տղաներից մեկն ասաց. «Ե՞րբ ենք, է՜, տուն գնալու»։ Նրան միացան ևս մի քանիսը։
Օրբելյանը զայրացավ. «Դուք Ամերիկա եք եկել, աշխարհի ամենահզոր երկիրը... Ո՞Ւր եք շտապում։ Վայելեք... Օրական չորս անգամ ձեզ կերակրում են լավագույն ռեստորաններում, ապրում եք շքեղ հյուրանոցներում, այցելում եք տեսարժան վայրեր, ելույթ եք ունենում հեղինակավոր դահլիճներում»։
Մեր կոլեկտիվը շատ համերաշխ էր։ Եվ մենակատարները, և երաժիշտները բարձր կարգի պրոֆեսիոնալներ էին, լավ մարդիկ։ ՈՒզում եմ նշել Տաթևիկ Հովհաննիսյանին, Զառա Տոնիկյանին, Լարիսա Դոլինային։ Երբ արտասահման էինք մեկնում, երբեմն Օրբելյանը հրավիրում էր Բելա Դարբինյանին, Ռաիսա Մկրտչյանին, Հովհաննես Բադալյանին, Ռուբեն Մաթևոսյանին։ Մեր նվագախմբի համերգները վարում էին Միության լավագույն կոնֆերանսիեները։ Մեզ հետ հաճախ էր ելույթ ունենում Եվգենի Պետրոսյանը։ Օրբելյանը ինձ էլ հնարավորություն տվեց վարելու համերգները, և ես դա հաճախ էի անում։ Օրբելյանին դուր էր գալիս, թե ինչպես էի ես իրեն ներկայացնում։ Շատ էր ուրախանում։
Օրբելյանի շատ երգերի առաջին կատարողը ես եմ եղել։ Շատ եմ սիրում կատարել Առնո Բաբաջանյանի երգերը։ Կարելի է ասել, իմ ամենասիրած կոմպոզիտորն է։ Սակայն Բաբաջանյանը միշտ գրում էր Միությունում մեծ համբավ ունեցող երգիչների համար` մասնավորապես Մուսլիմ Մագոմաևի, Ժան Թաթլյանի։ Նրանց հետ կատարում էր ձայնագրությունը, հետո նոր նոտաները ուղարկում մեզ։ Ես շատ էի նեղվում։
Մի անգամ հանդես էինք գալիս Փարիզի Սալ Պլեյել համերգասրահում։ Օրբելյանը ինձ ներկայացնում է որպես Փարիզի արքա։ Ինձ շատ ջերմ են ընդունում։ Արդեն երկու երգ երգել եմ, պետք է սկսեմ երրորդը։ Հանրահայտ երգ է` «Ջեյրանի պես»։ Նվագախումբը տալիս է մուտքը, ես խոսքերը մոռացել եմ։ Երկրորդ անգամ է հնչում մուտքը։ Ես կրկին լռում եմ։ Երաժիշտները հազիվ են զսպում ծիծաղը։ Դահլիճում էլ ժպտում են։ Եվ երբ երրորդ անգամ է հնչում մուտքը, նվագախմբի միակ ռուս երաժիշտը հուշում է. «Նորից գարուն եկավ...»։ Եվ ես սկսում եմ երգել։ 18 տարի երգեցի Օրբելյանի նվագախմբում։ Դա յուրատեսակ ռեկորդ է։ Օրբելյանի մեներգիչները հաճախ էին փոփոխվում։
Երկար աշխատեցի, որովհետև նվիրված էի իմ արվեստին, զգում էի ժամանակի շունչը, երբեք չէի ինքնագոհանում։ ՈՒթ տարի էի աշխատել և արժանացա հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ Իսկ հեռացա, որովհետև եկան երիտասարդներ, և ես ցանկացա ունենալ իմ նվագախումբը, փորձել ինձ որպես գեղարվեստական ղեկավար։ Եվ ես ստեղծեցի «Էրեբունի» վոկալ-գործիքային անսամբլը, որը մեծ հաջողությամբ հանդես եկավ թե՛ Միությունում, թե՛ Հայաստանում։
Այսօր մեր հոբելյարը հազվադեպ է բեմ բարձրանում։ Երգելիս էլ երգում է իր ձայնով, առանց ֆոնոգրամայի։
Նրա կողքին է դուստրը` Մարինան, որը երաժիշտ է։ Երաժիշտ է և որդին` Արմենը, նա ապրում է Լեհաստանում։ Էդգարն ուրախանում է իր թոռներով, ծոռներով։
Ցավոք, կինը` Էթերին, որ դասավանդում էր Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, վաղ հեռացավ կյանքից։
Ցանկանանք հայկական էստրադայի երախտավորին առողջություն և երկար տարիների կյանք։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ