Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ՈՒր որ է կդղրդան նավի թնդանոթները

ՈՒր որ է կդղրդան նավի թնդանոթները
16.02.2016 | 10:28

Մեծատաղանդ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, ժողովրդական նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյանի մասնակցությամբ և հայրենաբնակ մուսալեռցիների ջանքերով 1976 թվականին Երևան-Էջմիածին մայրուղու աջակողմյան մի բլրի վրա կառուցվեց Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանը, որտեղ ամեն տարի սեպտեմբերի նախավերջին կիրակի օրը «Մուսա լեռ» հայրենակցական միությունը կազմակերպում է հերոսամարտին նվիրված հանդիսություն, ոգեկոչում նահատակաց և, որպես մատաղ, մասնակիցներին բաժանում ավանդական հարիսան։ 1983 թվականից հուշարձանի տարածքում գործում է նաև թանգարան, որը հիմնականում կազմավորվել է հավաքչական աշխատանքների շնորհիվ։ Այժմ այն բաղկացած է հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության երկու ցուցասրահներից։
Թանգարան հերթական այցելությանս ժամանակ ինձ աննախադեպ անակնկալ էր «դարանակալել»։ Բացվում է հերոսամարտի ցուցասրահի երկաթյա նավադուռը, և հայտնվում ես նավապետի սենյակում։ Շրջանաձև պատուհաններից նշմարվում են ծովի ալիքները, պատերին փակցված պաստառները` քարտեզների, լուսանկարների և տեքստային շարադրանքի միջոցով ներկայացնում են հերոսամարտն ու նրա մասնակիցներին, իսկ տեղեկատվությունն ամբողջացվում և լրացվում է տեղեկատվական կրպակի հաղորդումներով։ Մետաղյա աստիճաններն այցելուներին ուղղորդում են դեպի երկրորդ հարկ, որտեղ, տեխնոլոգիական նորագույն սարքավորումների շնորհիվ, հայտնվում ես ալեկոծված ծովում խարիսխ ձգած նավի տախտակամածին։ Առջևում Մուսա լեռն է, ծովալիքները, և շարժանկարը պատմում ու ցուցադրում է հարյուրամյա վաղեմության հերոսական իրադարձությունները։ Թվում է, թե ուր որ է կդղրդան նավի թնդանոթները, և ֆրանսիացի նավաստիները մակույկների ու լաստերի օգնությամբ կտարհանեն թուրք վայրագների դեմ մարտնչող հայ բնակչությանը։
Իմ զրուցակիցն է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի մասնաճյուղ Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանի կառավարիչ, գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ։

-Պարոն Սարգսյան, Մուսա լեռան թանգարանը բառացիորեն վերածնվել, նաև վերաիմաստավորվել է։ Ներկայացրեք, խնդրում եմ, այս յուրօրինակ մտահղացման պատմությունը։
-2015 թվականին լրացավ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը։ Պատմությունից հայտնի է, որ թրքական իշխանությունների հայաջինջ քաղաքականությունն իր մետաստազները հասցրեց մինչև Կիլիկիան Հայաստանի տարածք, և բնակչության գերակշիռ մեծամասնությունն ըմբոստացավ. ընտանիքներով բարձրանալով Մուսա լեռ` կազմակերպեց ինքնապաշտպանությունը` գերադասելով ազատության մեջ արժանապատվորեն մարտնչելը, քան ստրկանալն ու յաթաղանվելը։ Դյուրահավատներն իրենց մահկանացուն կնքեցին արաբական անապատներում և այդ ճանապարհին։ Ըմբոստները, սակավաքանակ զինամթերքով, մի քանի հարձակում հետ մղեցին, նաև հարձակման քայլեր կատարեցին թշնամու պետական կանոնավոր զորքերի դեմ։ Վերջիններս, համոզվելով զենքով մուսալեռցիներին նվաճելու անհնարինության մեջ, դիմեցին խաղաղ բնակչությանը շրջափակելու մեթոդին։ Մուսալեռցիների դիրքերն անառիկ էին, արտաքին աշխարհի հետ կապը հնարավոր էր միայն ծովի կողմից։ Հենց այդտեղից նրանց օգնության հասան ֆրանսիական ռազմական նավատորմի նավերը` նկատելով մուսալեռցիների փրկություն աղերսող խաչադրոշն ու խարույկը։ Մուսալեռցիների փրկության գործում անուրանալի է նավապետ Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի և նավի անձնակազմի անդամ, հայազգի Շառլ Տիրան Թեքեյանի դերը։ Արդյունքում մուսալեռցիները տվեցին տասնութ զոհ, փրկվեց շուրջ 5000 մարդ, որոնց տեղափոխեցին Պորտ Սաիդ։ Ի դեպ, հատկանշական է, որ մուսալեռցի տղամարդիկ խնդրում էին ֆրանսիացիներին տարհանել միայն կանանց, երեխաներին և տարեցներին, իսկ իրենց տրամադրել զենք ու զինամթերք, որպեսզի մնան, շարունակեն պայքարը և պաշտպանեն իրենց բնօրրանը ասպատակությունից։
Ինչ վերաբերում է հերոսամարտը ներկայացնող թանգարանային ցուցադրությանը, ապա նշեմ, որ մտահղացման հեղինակը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր-թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն է, ով հետևողականորեն կյանքի կոչեց այս եզակի ցուցադրությունը, որի նպատակը պատմական իրադարձություններին ուղղված հայացքն է նավից, նավապետի սենյակից և մարտական գործողությունների ու ինքնապաշտպանության ամբողջական պատկերումը մինչև Պորտ Սաիդում հանգրվանելը։
-Ի՞նչ միջոցներով է իրականացվել ծրագիրը։
-Եթե խոսքը վերաբերում է զուտ թանգարանային ցուցադրության հատվածին, ապա արժանին պետք է մատուցել Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքի պատասխանատու, ծագումով մուսալեռցի Հակոբ Ջանբազյանին, ով, ի դեպ, ընդգրկված էր նաև հոբելյանական հանդիսությունների պետական հանձնաժողովի կազմում, կանադաբնակ մուսալեռցի Զոհրապ Թազյանին, ով ծանրակշիռ ներդրում ունեցավ այս գործում և, իհարկե, «Լույս» հիմնադրամին։ Առանց նրանց բարեհաճության նման ծրագրի իրականացումն անհնարին կլիներ։ Այն եզակի է նաև միջազգային չափանիշներով, մեր իրականության մեջ` նորամուծություն, որպիսին, կարծում եմ, գոյություն չունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի շատ երկրներում։
-Այսինքն` անակնկալ է մեր հասարակության համար։
-Եվ ոչ միայն։ Ինձ համար ևս այն ավելին է, քան ակնկալում էի։ Ի վերջո, մեր նոր ցուցադրությունն ինքնանպատակ չէ և իր հետ բերում է մի շարք շահեկան դրսևորումներ, վերհանում նոր, մինչ այս չբացահայտված իրողություններ։ Այն հետաքրքրություն է ներկայացնում թանգարանային տեղեկույթի մատուցման ձևով, բովանդակությամբ` իրազեկում է հանրությանը պատմական իրադարձությունների մասին, որից հետևում է նախնյաց հերոսական ոգու վերաբերյալ հիշողության պահպանումն ու գիտելիքի, իմացության հաղորդումը, երիտասարդների հոգևոր-մշակութային-գեղագիտական դաստիարակությանը, ինչու ոչ, նաև զբոսաշրջության զարգացմանը, որը մեր երկրում հռչակվել է որպես գերակա առաջնահերթություն։


-Ինչպիսի՞ն է հանրության վերաբերմունքը Մուսա լեռան թանգարանի նկատմամբ։
-Այցելուների քանակն անցյալ տարի, 2014-ի համեմատությամբ, բազմապատկվել է։ Հուսանք, որ այս միտումը կշարունակվի։ Դրան կնպաստի նաև շահագրգիռ քարոզչության կազմակերպումը մեր կողմից։ Բանն այն է, որ նախքան տարածքի և թանգարանային շենքերի վերանորոգումը, նոր ցուցադրությունների կազմակերպումը, անկեղծ ասած, սրտնեղում էինք հատկապես օտարազգի և ներկայացուցչական հյուրերի այցելությունից, իսկ հիմա հպարտանում ենք մեր քաղաքակիրթ և թանկարժեք հարստությամբ, որը, ասես, համարժեք և արժանի է դառնում Մուսա լեռան հերոսական ժողովրդին, մեր պատմությանը... Կաշխատենք թանգարանն ընդգրկել զբոսաշրջային ծրագրերի մեջ։ Թանգարանը կներառվի նաև Մուսա լեռ-Զվարթնոց-Սարդարապատ և Մուսա լեռ-Էջմիածին-Սարդարապատ զբոսաշրջային երթուղիներում։ Հատկապես եղանակային բարենպաստ պայմանների ժամանակ, մասնավորապես, ամռանը և աշնանը, ակնկալում ենք և՛ զբոսաշրջիկների, և՛ մեր հանրապետության քաղաքացիների ծավալուն հոսքեր։ Եթե մեզ հաջողվի իրականացնել այն խնդիրներն ու ծրագրերը, որ դրել ենք ինքներս մեր առջև, ապա գրավիչ կլինի ոչ միայն թանգարանն իր հարուստ ցուցադրությամբ, այլև համալիրի զբաղեցրած տարածքն ամբողջովին։
-Այսի՞նքն...
-ՈՒնենք ծրագրեր, որոնք վերաբերում են մոտ ապագային, նաև միջնաժամկետ և հեռանկարային մտահղացումներ, սակայն հիմա չենք ցանկանա առաջ ընկնել և բացել բոլոր փակագծերը։ Այն, ինչ նախատեսում ենք, մի քանի օրվա կամ տարվա համար չեն, այլ անընդհատ և շարունակական։ Անդրադառնանք ընդամենը մի քանիսին։ Տարածք մուտք գործելիս հենց առաջին քայլից այցելուն պետք է զգա, որ հայտնվել է միանգամայն այլ միջավայրում, որտեղ իշխում է մշակութային արժեքների մթնոլորտը, որտեղ Հովհաննես Թումանյանի բնորոշած եթերային բարձունքներն են` գեղեցկի, հանգստի, հոգևոր հարստացման... Այդ նպատակին պետք է ծառայեցվեն տարատեսակ նախաձեռնություններ` քանդակի սիմպոզիումներ, սրճարան, ժամանցային և ազգագրական բացօթյա միջոցառումներ, մշակութային-համերգային և այլ հանդիսություններ, գիտական լսումներ, տարածքում կտեղադրվեն տաղավարներ, նստարաններ, կունենանք մշակութային հուշանվերների վաճառակետ և այլն։ Պարբերաբար կազմակերպվող ծառատունկների արդյունքում կստեղծվի գեղեցիկ անտառապատ տարածք, որը կհրապուրի այցելուին նաև որպես հանգստի գոտի։ Նախատեսում ենք մատուռի կառուցում, որտեղ մեր այցելուները հնարավորություն կունենան խնկարկելու նահատակների հիշատակը, նաև կառուցել վարչական շինություն, մուսալեռցու ավանդական տուն, վրանաքաղաք` Պորտ Սաիդի նմանությամբ։ Այս շարքը կարող եմ երկար թվարկել...
-Կատարվել է ընդգրկուն աշխատանք, որի արդյունքը բավական տպավորիչ է։ Ինչպե՞ս այն կյանքի կոչվեց։
-Համաձայն եմ։ Իսկապես աննախադեպ էր։ Հուշարձանն իր զբաղեցրած տարածքով կառուցման օրվանից նման վերանորոգման չէր ենթարկվել։ Արդեն նշեցի, որ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը նշելու նպատակով ստեղծվել էր պետական հանձնաժողով։ Այն գլխավորում էր ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Ելնելով այն հանգամանքից, որ Սարդարապատի հուշահամալիրը և նրա մասնաճյուղ Մուսա լեռան թանգարանը գործում են ՀՀ պաշտպանության նախարարության կառույցի մեջ, հիմնական ծանրությունը կրեց պաշտպանության նախարարությունը։ Անձամբ նախարարի, տեղակալների, վարչության պետերի ամենօրյա ուշադրության կենտրոնում էին ընթանում վերանորոգման աշխատանքները։ Բավական սեղմ ժակետում կատարվեցին հսկայածավալ աշխատանքներ` տարածքի բարեկարգում, հարիսատան, շատրվանի, շինությունների, սանհանգույցի վերանորոգում, ճանապարհների ասֆալտապատում, հողային աշխատանքներ և այլն։ Մի խոսքով, տարածքն անճանաչելի փոխվեց։
Առաջին անգամ պետականորեն նշվեց հերոսամարտի հոբելյանը` հանրապետության աշխարհիկ և հոգևոր առաջին դեմքերի և բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ` ժամանած Հայաստանից, Ֆրանսիայից, սփյուռքից։ Մուսա լեռան հերոսամարտը, բացի պատմական նշանակությունից, նաև հայ-ֆրանսիական բարեկամության, ներդաշնակ համագործակցության առհավատչյան է։ Պատահական չէ, որ թանգարանի տարածքում ՀՀ պետական դրոշի և մուսալեռցիների փրկարար խաչադրոշի կողքին ծածանվում է նաև ֆրանսիականը։ Հուշարձանի կամարների ներքո կյանքի կոչվեց տուֆակերտ մի արձանախումբ` Ֆրանց Վերֆելի (քանդակագործ` Արա Հարությունյան), նավապետ Լուի Դարթիք դյու Ֆուրնեի (քանդակագործ` Գետիկ Բաղդասարյան) դիմաքանդակները, Արտակ Համբարձումյանի հեղինակած Անմար կրակը և Փառքի սուրը` ըստ Ռաֆայել Իսրայելյանի նախագծի։ Նավապետի անվամբ է այժմ կոչվում Երևան-Էջմիածին մայրուղու Մուսա լեռ-Պտղունք հատվածը։ Կազմակերպվեցին նաև մի շարք արժանահիշատակ միջոցառումներ, ինչպիսիք են հերոսամարտի նահատակների մասունքների վերաթաղումը հուշարձանի կամարների ներքո, նրանց հիշատակի ոգեկոչումը և այլն։ Ներկայումս հրատարակության ենք պատրաստում ականատեսների վկայությունները։
-Մուսա լեռան հերոսամարտի խորհուրդը, շնորհիվ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի, միջազգային համբավ ձեռք բերեց, և ինքնապաշտպանական այդ մարտերը մեր պատմությունն, ասես, դուրս բերեցին սոսկ ազգային շրջանակներից։
-Այո։ Կարծում եմ 1915 թվականի և հետայդու բոլոր ինքնապաշտպանական կռիվները` Վանում, ՈՒրֆայում, Շատախում և այլուր, պետք է դիտարկել ցեղասպանության համատեքստում, երբ մի ամբողջ ժողովրդի բնաջնջման սպառնալիքի պայմաններում նրան հաջողվում է ինքնակազմակերպվել, միասնաբար պայքարել և վերապրել... Իհարկե, հերոսամարտի հանրաճանաչման գործում մեծ է վեպի դերը։ Բավական է նշել, որ այն թարգմանվել է աշխարհի երեք տասնյակից ավելի լեզուներով և ներկայացնում է մեր ժողովրդի ոգեղեն ուժն ու ազատատենչությունը, նրա հերոսական սխրանքը... Սա իր ենթատեքստում ունի շատ էական պատգամ` հույսը սեփական ուժերին դնելու, ինքնուրույնաբար լուծելու համազգային խնդիրները։ Փաստ է, որ հայ ժողովուրդը հաղթանակած դուրս եկավ, հաճախ նաև փրկվեց բնաջնջումից, երբ դյուրահավատ չէր այլոց նկատմամբ, երբ սեփական ճակատագիրը տնօրինում էր ինքը։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ