Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«Մենք դեռ խորհրդային ձևով արդարություն ենք պահանջում»

«Մենք դեռ խորհրդային ձևով արդարություն ենք պահանջում»
16.02.2016 | 01:28

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցին վերանորոգվում է: Եկեղեցին, որը մինչև 2003 թ. գործել է որպես Թուրգութլուի քաղաքապետարանի ծառայողական շենք, վերանորոգումից հետո կվերածվի կրթության, մշակույթի և արվեստի տան: Վերանորոգումից հետո եկեղեցին հայերին վերադարձնելու կամ վերաբացելու մասին որևէ տեղեկություն չկա՝ իրազեկում է ermenihaber.am-ը, նշելով նաև, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Թուրգութլուի շրջանային կենտրոնի ղեկավար Մյուրշիթ Գեդիզլիին զայրացրել է այն հանգամանքը, որ հայկական եկեղեցին, տարիներ շարունակ այլ նպատակների ծառայելուց հետո նույնիսկ, դեռևս մոռացության չի մատնվել, և պաշտոնական շրջանակները հիշատակում են որպես հայկական աղոթատեղի:
Անցյալ դարասկզբին Թուրքիայում ավերվել և թալանվել է 5 հազարից ավելի եկեղեցի, 21-րդ դարում նույն հաջողությամբ թալանվում և ավերվում է 500-ից ավելի եկեղեցի, մի մասը վերածվել է զորանոցների, արհեստանոցների և այլն: Բայց, մյուս կողմից էլ, քաղաքական շահի, զբոսաշրջության զարգացման համար Թուրքիան հայկական եկեղեցի է վերանորոգում կամ պատարագի արարողություն է թույլ տալիս տարին մեկ-երկու անգամ:
Թուրքիայի վարած քաղաքականությանը, հայկական պատմական եկեղեցիների խնդրին անդրադառնալով՝ քաղաքագետ ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ ասաց, որ տարբեր եկեղեցիների դեպքում միտումն էլ կարող է տարբեր լինել: Մի դեպքում՝ պահպանել, թեկուզ անունը դնել մշակույթի տուն, միայն թե չքանդվի, մյուս դեպքում՝ քանդել կամ այնպես աղճատել տեսքը, որ այլևս որպես եկեղեցի չկարողանա գործել: Նկատեց նաև, որ երբ որևէ խնդիր է ծագում եկեղեցիներին առնչվող, անմիջապես մամուլը, հասարակությունը արձագանքում են: Քաղաքագետի կարծիքով՝ սա ոչ միայն եկեղեցու, այլև Արևմտյան Հայաստանի հայության խնդիրն է, տարանջատել պետք չէ. «Մի օրինակ բերեմ. «Կենտրոն» հեռուստաընկերությամբ 2015-ի դեկտեմբերին հայտարարեցին, որ Արևմտյան Հայաստանի քրդական շրջաններում բնակվում է 3 միլիոն իսլամացած հայ: Թուրքական որոշ լրատվամիջոցներ սկսեցին հղում անել այդ հաղորդմանը ու շրջանառել այդ թիվը: Անընդունելի իրավիճակ է, այնտեղ անվտանգության խնդիր կա: Մեր եկեղեցիներին, մեր պատմական ժառանգությանը պիտի տեր կանգնենք, բայց տեղիք չտանք, որ անտեղի շահարկեն»:
Քաղաքագետի փոխանցմամբ՝ Թուրքիայում 34 գործող եկեղեցի կա և 18 դպրոց, որտեղ սովորում է մոտ 3000 աշակերտ: 1915-ից առաջ 2300 եկեղեցի է գործել, 700 դպրոց՝ 80 հազարից ավելի աշակերտով: «Սա մեր ժառանգությունն է եղել մինչև 1915 թվականը: Իսկ ինչո՞ւ Կիպրոսի մասին չենք խոսում, 80-ականներին Կիպրոսի հյուսիսային հատվածում ոչնչացվել է 500 եկեղեցի: Միայն 2010-ին 28 եկեղեցի վերածվել է զինվորական հոսպիտալի, դրանց մեջ կան նաև հայկական եկեղեցիներ: Նշանակում է՝ մենք Կիպրոսի հայկական եկեղեցիների հարցը չպետք է առանձնացնենք Թուրքիայից»,- ասաց զրուցակիցս: Նաև կարծիք հայտնեց, որ հարցը պետք է ուղղորդել քրիստոնեական եկեղեցիների վերականգնման, վերադարձման հունով, առանձին չենք կարող հարց լուծել. «Խնդիրը բարդ է, հետևողական պետք է լինել: Մենք կամ մեր աջակիցները որոշակի քաղաքական, տնտեսական կշիռ պետք է ունենանք Թուրքիայի ներսում: Միայն պահանջելով խնդիրը չի լուծվի, փոխադարձ շահերի վրա հենվելով դանդաղ պիտի լուծենք: Մենք դեռ խորհրդային ձևով արդարություն ենք պահանջում: Թուրքիայում հարցերն արդարությամբ չեն լուծվում»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ