Շվեդիայի կառավարությունը դադարեցրել է ուղիղ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ՝ երկրում դեմոկրատիայի նահանջի, մասնավորապես, օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի ընդունման պատճառով։ Շվեդիայի միջազգային համագործակցության նախարարի փոխանցմամբ՝ Ստոկհոլմը պատրաստ է վերականգնել համագործակցությունը, եթե Վրաստանը կրկին փոխի քաղաքական գիծը, ինչը քիչ հավանական է թվում, քանի դեռ «Վրացական երազանքը» մնում է իշխանությունում։               
 

Երախտագիտության քարտեզ

Երախտագիտության քարտեզ
12.02.2016 | 12:05

Երբ «Փրկության քարտեզ» ֆիլմի մտահղացման հեղինակ և պրոդյուսեր ՄԱՆՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ հնարավորություն ընձեռեց դիտելու կինոնկարը, հոգեպես տակնուվրա եղա: Իսկ երբ տեսա, որ Հեդվիգ Բյուլը չփրկված հայ երեխաների նման ինքն էլ գերեզման չունի, աչքերս արցունքոտվեցին:
Չէ, սա նման չէ Հայոց ցեղասպանությունն «իրենցով արած» մյուսներին, երբ ռեժիսորական ինքնափորփրանքների, կեղծ գեղագիտական փնտրտուքների ու լուծումների արդյունքում անթույլատրելիորեն եղծվում է մեր ժողովրդի ողբերգությունը: Ցեղասպանության մասին անխարդախ ֆիլմ ստեղծելու համար այդ նույն ողբերգությունը պիտի լինի մաշկի տակ, սրտամկանի վրա, արյունատար անոթներում:
Հուզականությունը թողնեմ մի կողմ և ընթերցողին տրամադրեմ տեղեկատվություն:
Ստեղծագործությունը փաստավավերագրական, խաղարկային դրվագներով համեմված լիամետրաժ ֆիլմ է: Նկարահանումները կատարվել են Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Էստոնիայում, Գերմանիայում, Թուրքիայում, Հունաստանում, Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում, և պարունակում է տարբեր երկրների 16 արխիվների նյութեր: Սցենարի հեղինակն է Աննա Սարգսյանը, օպերատորներն են Արթուր Ղարայանը և Վահե Հակոբյանը, աննման երաժշտություն է գրել Վիգ Ցարտմանը (Ավստրիա), ռեժիսորն է տաղանդաշատ Արամ Շահբազյանը:
Ֆիլմը վարում-պատմում է խիստ համակրելի մի մարդ` պատմաբան, կրոնագետ Սվանտե Լունդգրենը (Ֆինլանդիա): Ինչի՞ և ո՞ւմ մասին է նա պատմում: Խստաշունչ երկրի բնակչին բնորոշ պաղարյունությամբ նա խոսում է հինգ միսիոներուհիների` Քարեն Եփփեի (Դանիա), Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյոռնի (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնի (Շվեդիա) և Հեդվիգ Բյուլի (Էստոնիա, Գերմանիա) մասին: Կանայք, ովքեր փրկեցին հազարավոր հայ որբուկների, որոնք թեպետ չամուսնացյալ էին, բայց հայերի մայրեր: Ովքեր իրենց անունները ոսկե տառերով թողեցին հայոց հուշամատյանում:

Արտաքնապես Ս. Լունդգրենն անկիրք շարադրող է, մորթոտված ժողովրդի ողբերգությունն անճիչ թաքցնում է ներսում, և նրա փոթորկվող ներաշխարհը մասամբ բացահայտում է Վ. Ցարտմանի երաժշտությունը: Ակնհայտ է ստեղծագործության հեղինակների դիրքորոշումը` իրենք լոկ գործիք են, իսկ պատմությունն անաչառ ավետելը թողել են հյուսիսեվրոպացիներին:
Երբ շարադրողն անցնում է միսիոներուհիների ծննդավայրերով ու պատմում, թե այդ երիտասարդ կանայք ինչպես թողեցին իրենց բարեկեցիկ կյանքն ու ճանապարհվեցին հայերին փրկելու, դու հասկանում ես, որ խոսքը քրիստոնեական բարձրագույն բարոյական արժեքներ կրողների մասին է: Քրիստոնեական մարդասիրությունն էր, որ հյուսիսային ցուրտ Եվրոպայից նրանց ուղղորդեց դեպ տաք արյան մեջ ողողված հայերը:
Մուշում, ՈՒրֆայում, Խարբերդում, Հալեպում, Լիբանանում կատարած նրանց օրագրությունները զուսպ են ու գործնական, լացուկոծ չկա (ֆիլմն առհասարակ զերծ է ավելորդ լացուկոծից), բայց այդ զսպվածությունն ավելի է ընդգծում հրեշավորությունը:
Երբ թուրքերը միսիոներուհիներին ստիպում են հեռանալ, թե` այլևս քրիստոնյա չի մնացել, գնացեք, հեռանում են, բայց կարճ ժամանակ անց կրկին վերադառնում, որովհետև նրանց կյանքը, կենսիմաստը այնտեղ էր` որբ հայերի, իրե՛նց երեխաների հետ:
Անշուշտ, ֆիլմը չեմ շարադրի (անիմաստ է), կինոգիտական վերլուծություն կատարելու էլ հավակնություն չունեմ (դրա մասնագետը չեմ), ես ընդամենը թղթին եմ հանձնում իմ առաջին տպավորությունները, իսկ կինոնկարը դեռ բազմիցս կդիտեմ:
Սակայն կուզենայի, շա՜տ կուզենայի, որ «Փրկության քարտեզը», նախ, ցուցադրվեր Հայաստանի, Արցախի դպրոցներում ու սփյուռքի վարժարաններում…

Մանվել Սարիբեկյանը խիզախ մարդ է: Խիզախ, որովհետև հղանալ նման գաղափար ու ենթադրաբար հաղթահարելով բազում դժվարություններ, հրաշալի ստեղծագործական հանրակցության շնորհիվ այն կյանքի կոչել` ամեն մեկի բանը չէ:
Ներկայիս մեր բարոյական անկման դրսևորումներից մեկը երախտամոռությունն է: Մ. Սարիբեկյանը Ցեղասպանության, փրկության քարտեզից բացի ի ցույց է դրել երախտագիտության քարտեզ, իմա` բարոյական արժեքի վերադարձ:
Եվ դա նրան փայլուն կերպով է հաջողվել, որովհետև մեր ժողովրդի ողբերգությունը նրա և ստեղծագործական խմբի մաշկի տակ է, սրտամկանի վրա, արյունատար անոթներում:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ