Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ճենաց երկրի հայերը

Ճենաց երկրի հայերը
11.12.2015 | 12:07

(սկիզբը` այստեղ)

XIX դ. երկրորդ կեսին մեծ թվով հայեր Ռուսաստանից անցնելով՝ հաստատվեցին Հարբինում, ինչպես նաև Մանջուրիայի այլ քաղաքներում (Չանչուն, Դայրեն, Մուկդեն և այլն): Չնայած կային բժիշկներ, դեղագործներ, փաստաբաններ, մեքենագետներ ու երկրաչափներ, այդուհանդերձ հայերի ճնշող մեծամասնությունն զբաղվում էր վաճառականությամբ և բարեկեցիկ ապրելակերպ ուներ:
XX դ. առաջին քառորդը նշանավորվեց նոր զարգացումներով: Ռուս-ճապոնական պատերազմից հետո հայերի թվաքանակը Չինաստանում ավելացավ: Առաջին աշխարհամարտի և 1917 թ. բոլշևիկյան հեղափոխության պատճառով հայերի նորանոր խմբեր հայտնվեցին Հեռավոր Արևելքում: Նրանց թվում շատ էին հատկապես ռազմագերիները, որոնցից ոմանց հաջողվեց ազատվել ու հաստատվել Չինաստանի զանազան քաղաքներում, հատկապես Հարբինում:
1917 թ. հիմնվեց հայերի առաջին կազմակերպությունը Չինաստանում` Հարբինի հայոց ազգային խորհուրդը, և ընդունվեց «Հարբինի հայ համայնքի կանոնադրությունը»: 1919 թ. չինական իշխանությունները պաշտոնապես գրանցեցին այդ կազմակերպությունը և ճանաչեցին նրա իրավասությունները: Նույն թվականին Հարբինում տեղի ունեցավ Սիբիրի ու Հեռավոր Արևելքի հայերի առաջին համագումարը, որի նպատակն էր այդ տարածաշրջանի հայերին միավորելը:
Մինչև 1918 թ. Հարբինի Նոր քաղաք թաղամասում գործում էր հայոց փայտաշեն աղոթատուն: 1918-ին Արևելաչինական երկաթուղու վարչությունը Հարբինի Լիաոյանգ փողոցի հատույթում, Սադովայա 18 հասցեում հայերին անվարձահատույց տրամադրեց 2500 քմ տարածք` եկեղեցի կառուցելու համար: Կազմակերպվեց դրամահավաք: Առանձնակի առատաձեռնություն ցուցաբերեցին Հարբինի ու Չանչունի հայերը, որոնք հատկացրին համապատասխանաբար 900 և 1207 ռուբլի: Ծանրակշիռ էր հատկապես Հարբինի բնակիչ, ծնունդով ախալցխացի Կարապետ Ասպետյանի ներդրումը` 750 ռուբլի: Եկեղեցաշեն այդ մարդկանց թվում արժանահիշատակ է նաև խանութի սեփականատեր Գրիգոր Կասյանցը, որն ապրում էր Հայլար քաղաքում: Նրա կինն էր Մարիամը, զավակներն էին Լևոնը, Տիմոթեոսը, Գևորգը, Եպրաքսիան:
1923 թ. նոյեմբերի 18-ին օծվեց Հեռավոր Արևելքի հայոց առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին` օժանդակ հոգևորաց կացարանով ու հանդիսասրահով: Եկեղեցին ուներ նաև ընդարձակ մրգայգի: Արարողությանը ներկա էին ինչպես տեղի ողջ համայնքը` նախագահ Ստեփան Մղդսյանի գլխավորությամբ, այնպես էլ չինացի և այլ ազգությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: 1925 թ. Չինաստանի իշխանությունները Աստծո այդ տունը պաշտոնապես ճանաչեցին որպես Հարբինի հայ լուսավորչական եկեղեցի:
Հարկ է նշել, որ, եկեղեցուց բացի, 1921 թ. նոյեմբերի 21-ին Հարբինում բացվեց առաջին հայկական դպրոցը Հեռավոր Արևելքում: Ստեղծվեց նաև տիկնանց մասնաճյուղով մշակութային ընկերություն, «Արծիվ» անվամբ մարզակումբ և Թատերասիրաց միություն, որը հայոց ու ռուսաց լեզուներով բեմադրություններ էր ներկայացնում, այդ թվում` Սունդուկյանի «Պեպոն»:
Հայերը զգալի հաջողություններ արձանագրեցին նաև Շանհայում: Այսպես, 1920-ական թթ. քաղաքային մարզադաշտի սեփականատերն էր Հայկ Ասատրյանը: 1931թ. այստեղ կազմակերպվեց Հայ երիտասարդաց միությունը, որը հետագայում ստացավ Շանհայի հայոց բարեգործական միություն անվանումը և որին անդամակցեցին քաղաքի գրեթե բոլոր՝ շուրջ 200 հայերը: Իսկ Մանջուրիայի մեկ այլ քաղաքի՝ Տյանցզինի գորգի խոշոր գործարանը, ուր աշխատում էր 2000 մարդ, հիմնել և ղեկավարում էին հայերը:
Չինաստանում հայոց բազմադարյա ներկայությանն անասելի վնաս հասցրեց 1937-1945 թթ. ճապոնա-չինական պատերազմը: Ճապոնական օկուպացիայի տարիներին երկրի շուրջ 1200 հայերը ենթարկվեցին դաժան հալածանքների ու բռնաճնշումների: Այսպես, Հեռավոր Արևելքի ու Չինաստանի հոգևոր հովիվ Ասողիկ վարդապետ Ղազարյանը, լինելով Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատի ներքո գտնվող Երուսաղեմի քաղաքացի, 1941-1945 թթ. արգելափակվեց Մուկդենի համակենտրոնացման ճամբարում, որը նախատեսված էր բրիտանացիների և ամերիկացիների համար, և միայն Ճապոնիայի պարտությունից հետո ազատագրվեց: Իսկ իրանահպատակ հայերը հայտարարվեցին թշնամի ու ստիպված եղան կրել Ի հիերոգլիֆով թևկապներ, ինչպես հրեաները դեղին վեցանկյուններով` Գերմանիայում:
Պատերազմի ավարտը, ֆաշիստական Գերմանիայի ու նրա դաշնակիցների ջախջախումը հույսի նոր դռներ բացեցին համայն հայության առջև, հատկապես Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանի բռնագրաված տարածքները վերադարձնելու և Խորհրդային Հայաստանին միացնելու առնչությամբ: Հայտնի փաստ է, որ ընդունվեցին ԽՄԿԿ Կենտկոմի գաղտնի փաստաթղթեր, որոնցում անգամ նշանակված էին Արևմտահայաստանի մի շարք բնակավայրերի քաղկոմ-շրջկոմների ղեկավարներ: Որպես մեր ժողովրդի մի փոքրիկ հատված` այդ ամենին արձագանքեցին նաև Չինաստանի հայերը, որոնք 1945 թ. հոկտեմբերի 7-ին Հարբինից այսպիսի դիմում հղեցին Ի. Վ. Ստալինին (ռուս. թարգմ. իմն է-Խ.Դ.).
«Թանկագին Իոսիֆ Վիսարիոնովիչ:
Անցել է ավելի քան 30 տարի մեր հայրենիքից մեզ վտարելու պահից: Երկրորդ համաշխարհային պատերազմը, որ սանձազերծել էին ֆաշիստական Գերմանիան և իմպերիալիստական Ճապոնիան` իրենց գաղտնի հանցակիցներ Թուրքիայի, Իսպանիայի, Արգենտինայի և այլ պետությունների օժանդակությամբ, ավարտվեց ագրեսորների լիակատար ջախջախմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հերթը առանձին ժողովուրդների միջև առկա հիմնախնդիրների լուծումն է` աշխարհում վերջնական խաղաղություն հաստատելու նպատակով: Այս պատմական պահին մենք` հայերս, հաշիվ ունենք Թուրքիայի հետ, և նա պետք է անհապաղ վարձահատույց լինի:
Մենք ոչ մի կերպ չենք մոռանում անվերջանալի թուրքական գազանությունները, որոնք իրականացվում էին նախօրոք մշակված ծրագրի համաձայն, և որի հիմքում դրված էր հետևյալ սկզբունքը. «Մեզ պետք են հայկական հողերը` առանց հայերի»: Անգամ Բարդուղիմեոսյան գիշերը և միջնադարյան ինկվիզիցիան խամրում են այն ապօրինությունների համեմատ, որոնք կատարում էին թուրքերը XX դարում:
Մենք չենք կարող մոռանալ հայերի կոտորածները Թուրքիայում, հետագայում և` Ռուսահայաստանում, սկսած արյունարբու Աբդուլ Համիդից, վերջացրած երիտթուրքական առաջնորդ Մուստաֆա Քեմալ փաշայով: ՈՒթ արյունալի ջարդերի ընթացքում զոհվեց 1500000 մարդ, անմեղ նահատակներ` մեր քույրերն ու եղբայրները, հայրերն ու մայրերը: Այդ թվաքանակը ապշեցուցիչ է, եթե նկատի ունենանք, որ այն ժամանակ հայ բնակչության թիվը 4500000 էր, որից 2000000-ը փրկվեց ԽՍՀՄ ժողովուրդների եղբայրական միության մեջ մտնելու շնորհիվ, իսկ 1500000-ը մինչ օրս սփռված է աշխարհով մեկ: Թուրքական ոճրագործությունների անմեղ զոհերին վերադարձնել հնարավոր չէ, բայց մենք պահանջում ենք թուրքերի բռնազավթած հայկական հողերը միացնել Հայաստանի Խորհրդային Հանրապետությանը և դրանով հանդերձ հնարավորություն ընձեռել մեկուկես միլիոն գաղթական հայերին վերադառնալու հարազատ օջախ:
Հայերի հանդեպ իրականացվող Թուրքիայի դաժան քաղաքականությունը, որն ուղեկցվում էր գազանային սպանություններով և հայրենիքից բռնի արտաքսումով, հանդիսանում է միանգամայն բավարար և արդար փաստարկ խլված հողերը իր օրինական տիրոջը` Խորհրդային Հայաստանին վերադարձնելու համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիան չփոխեց Գերմանիայի հետ բարեկամության իր ավանդական քաղաքականությունը, ցինիկաբար դա քողարկելով չեզոքության քաղաքականությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական «չեզոքությունը» գերմանական զավթիչներին հնարավորություն տվեց ավելացնելու մարդկային զոհերի թիվը դաշնակից տերությունների բանակների և խաղաղ բնակչության շարքերում, ինչպես նաև մեծացնելու պատմական հուշարձանների, գործարանների, ֆաբրիկաների, քաղաքների, համայնքային թաղամասերի և այլնի ավերածությունները: Թուրքական «չեզոքությունը» դաշնակից տերությունների հաղթական բանակներին զրկեց հնարավորությունից արագ հաղթանակ տոնելու գերմանական ֆաշիզմի ու նրա կամակատարների նկատմամբ և դրանով հանդերձ ավելացրեց համայն մարդկությանը պատերազմի պատճառած տառապանքները:
Լուծումը բոլոր խնդիրների, որոնք պետք է առաջադրվեն հեղինակավոր արտաքին գործերի նախարարների խորհրդին Լոնդոնում և բարձր նպատակների հասնեն, մենք` հայերս, անհնար ենք համարում, քանի դեռ մեկուկես միլիոն մեր եղբայր հայ գաղթականները գտնվում են իրենց հայրենիքի սահմաններից դուրս, իսկ նրա տարածքների բռնազավթված մեծ մասը շարունակում է մնալ մեր հարստահարիչի` Թուրքիայի ատելի լծի ներքո:
Մենք` հայերս, սույնով դիմում ենք Ձեզ, թանկագին Իոսիֆ Վիսարիոնովիչ, որպես մեծ առաջնորդի և բոլոր ազատաբաղձ ժողովուրդների պաշտպանի, և խնդրում Ձեզ օգնել լուծելու 1920 թ. և ավելի վաղ բռնազավթված, բայց պատմական իրավունքով մեզ պատկանող բոլոր հողերը Խորհրդային Հայաստանին անհապաղ կերպով վերադարձնելու խնդիրը: Եթե 1917 թ. հեղափոխության կրակում բոլշևիկների հաղթանակը ծնեց Հայկական Հանրապետությունը, որի վրա շողաց ազատության և ազգային ինքնորոշման արեգակը, ապա Ձեր իմաստուն ղեկավարությամբ հաղթանակը Երկրորդ հայրենական պատերազմում, ինչը Խորհրդային Միությանը բերեց Ռուսաստանի ողջ պատմության անասելի փառքի, հնարավորություն կտա փոքրիկ Հայաստանի Հանրապետությանը միացնել թուրքերի զավթած հողերը և դրանով հանդերձ մեր վրայից սրբել ազգային ամոթանքը, որը հանդուրժում ենք 30 տարի շարունակ:
Ավարտելով` թույլ տվեք Ձեզ մաղթել երկար տարիների առողջություն ու երջանկություն: Ապրեք և Ձեր զորեղ ձեռքով ուղղորդեք ինչպես մեր մեծ հայրենիք ԽՍՀՄ ժողովուրդների, այնպես էլ ողջ մարդկության ճակատագրերը:
Կեցցե մեր Մեծ Առաջնորդ և բոլոր ազատաբաղձ ժողովուրդների պաշտպան ընկ. Ի. Վ. Ստալինը:
ՈՒռա՜:


Հեռավոր Արևելքում և Չինաստանում բոլոր հայերի հոգևոր առաջնորդ
ԱՍՈՂԻԿ վարդապետ,
Հայ համայնքի փոխնախագահ Հ. ԱՍՐՅԱՆՑ,
Քարտուղար Ա. ՏԵՐ-ԱԿՈՊՈՎ»:

Ավա՜ղ, ինչպես ի դերև ելան հայ ժողովրդի հույսերը, այնպես էլ անպատասխան մնաց այս նամակը:
1957 թ. օգոստոսին Հարբինի հայերը գումարեցին ժողով, որին ներկա էր 22 հոգի: Նկատելով, որ տարիներ ի վեր համայնքը հոգևոր հովիվ չուներ, իսկ հայերի զգալի մասը ստիպված արտագաղթել էր այլ երկրներ, առաջարկվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ կից շինություններով ու տարածքով, վաճառել: Սակայն տեղական իշխանություններն առարկեցին, պատճառաբանելով, որ ժամանակին այդ տարածքը տրամադրվել էր անվճար: 1959 թ. հայոց եկեղեցին անցավ չինական կառավարությանը, իսկ 1966 թ. կառույցը քանդվեց: 2001 թ. տեղական պաշտոնական անձինք նոր աղոթատեղի կառուցելու համար առաջարկեցին տարածք հատկացնել ու պատրաստակամություն հայտնեցին օժանդակելու շինարարությանը:
Ավարտելով Ճենաց երկրի հայոց մասին մեր այս համառոտ ակնարկը և մինչ Յոհաննես Լասարին անցնելը, անդրադառնանք մի ուշագրավ փաստի:
ՈՒշ միջնադարում Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգում, Եփրատ գետի ձախ ափին, քարքարոտ լեռնալանջին գտնվող հայկական գյուղից մի հայ վաճառական առևտրական գործերով այցելում է Չինաստան և վերադառնալով ծննդավայր` հետը բերում… թութակ: Այդ զարմանահրաշ թռչունը իսկական իրարանցում է առաջացնում, գյուղացիները հերթով մտնում են վաճառականի տուն` տարաշխարհիկ արարածին տեսնելու, և բոլորի շուրթերից երկու բառ է հնչում` չինի ղուշ, չին ղուշ: Չին ղուշի համբավն այնքան է տարածվում, որ հին անվանումն աստիճանաբար մոռացվում է, և բնակավայրն սկսում է կոչվել Չնքուշ…
1915 թ. հայոց ցեղասպանության ժամանակ շուրջ 10000 հայերի մորթոտումը եղավ ամենաքստմնելիներից, ամենազարհուրելիներից և ամենասոսկալիներից մեկը: Չնքուշցիների մի մասը բարձրացավ լեռները, զինված դիմադրություն ցույց տվեց ու փրկվեց: Մնացածներին` 5700 մարդու, թուրք ցեղասպանները տեղահանեցին, կոտորեցին ու նետեցին Տուտան կոչվող կիրճի անդունդը: 1915 թ. օգոստոսին Չնքուշում մնացել էր երկու այրի կին` ութ անչափահաս երեխաներով, որոնք բոլորն էլ մահմեդականացվել էին…
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ