Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Անմոռաց մի հուշ, որ տառապանքի ավարտ էր և նվիրման, սիրո սկիզբ

Անմոռաց մի հուշ, որ տառապանքի ավարտ էր և նվիրման, սիրո սկիզբ
13.11.2015 | 10:44

Ով առաջին անգամ ոտք է դնում մեր բնակարան, առաջին բանը, որ նկատում է` Կարեն Դեմիրճյանի նկարն է պատին։ Տեղյակ մարդիկ գիտեն մեր նվիրման, հարգանքի պատմությունը, իսկ անտեղյակներին իրազեկելու համար արդեն հաշիվն էլ կորցրել եմ, թե քանի անգամ եմ պատմել դրամատիկ, քիչ արկածային, հուզիչ, անմոռաց և ճակատագրորեն բեկումնային պատմությունն այդ։ Վերջերս առիթ եղավ ևս մեկ անգամ բանավոր վերապատմելու այն, իսկ երբ հարգարժան Ռիմա Դեմիրճյանն առաջարկեց գրի առնել և զետեղել Կարեն Սերոբիչին նվիրված «Կաթիլներ մեծ ծովից» ժողովածուի 3-րդ հատորում, նպատակահարմար գտանք նախ «Իրատեսում» հրապարակել այն։
Ամեն անգամ, երբ «Հաղթանակ» կամրջի կամ «Հրազդան» մարզադաշտի կողմից հայացքս ընկնում է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի բլրի կենտրոնական մասին, ողջ պատկերը, ավելի քան երեսուն տարվա հեռվից, շնչավորվում է։ Հիշում եմ ինձ` 9-10 տարեկան աղջնակ, մազերիս` զույգ ժապավեններ, մեխակների փունջը ձեռքիս, Ծիծեռնակաբերդի բարձունքում։
Վարձով էինք ապրում, նեղ, չարքաշ օրեր էին, որ գլորվում էին մեկը մյուսի հետևից, մեկը մյուսի նման, մեկը մյուսին լրացնելով։ Կարիքը դարձել էր մեր տան երրորդ անդամը, «չկա»-ն` տան լիիրավ տեր ու տնօրենը, հույսը` ամեն օր մեռնող-հառնող մի թռչուն, որը ոչ չվում էր, ոչ էլ բնավորվում մեր հարկի տակ։ Մեզ բնակարան չէին տալիս` պատճառաբանելով, որ Երևանում 5 տարվա գրանցում չունենք (թեպետ արդեն 7 տարի էր, ինչ Թբիլիսիից եկել էինք հայրենիք)։ Ես ոչ միայն հավատում, այլև հաստատում եմ, որ կարիքը ամենահզոր բանն է աշխարհում, այն միաժամանակ ունակ է և՛ թևեր տալու մարդու մտքին, և՛ թևաբեկ անելու մարդու ինքնասիրությունը, կարող է և՛ անելանելիության պահին զարկել գլխիդ, և՛ հնարամտության բազում փայլատակումներ առաջացնել նույն գլխի մեջ։ Եվ հենց նույն այդ անելանելիությունից մայրս, ես կասեի, հանճարեղ միտք հղացավ` նամակ հանձնել Կարեն Դեմիրճյանին` Եղեռնի զոհերի հուշահամալիրում, ապրիլի 24-ին։
Այդ օրը` 1981-ի ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի առաջին այցելուներից մեկն էինք։ Անմար կրակի մոտ բավական կանգնելուց հետո ինչ-որ իրարանցում սկսվեց։ Միլիցիոներներն ու քաղաքացիական հագուստով հսկիչները մարդկանց սկսեցին շտապեցնել, որ ազատեն տարածքը` երկրի ղեկավարությունն էր գալիս։ Կոթողից դուրս, աստիճանների կենտրոնական մասում կանգնեցինք, և միլիցիոների հեռանալու հրահանգին մայրս խնդրեց, որ մնանք. «Թբիլիսիից ենք եկել, հատուկ Կարեն Դեմիրճյանին տեսնելու համար»,- մի փոքր խորամանկեց նա, թեպետ դրա մեջ ճշմարտություն կար։ Ճշմարտություն այն իմաստով, որ Կարեն Դեմիրճյանը համաժողովրդական սեր ու հարգանք էր վայելում ոչ միայն Հայաստանում, նույնիսկ ֆանատիկորեն իրենց երկիրն ու ազգը սիրող վրացիներն էին Կարեն Դեմիրճյանի համար խենթանում, ո՜ւր մնաց` վրացահայությունը։ Համոզված եմ, նույն պատկերն էր նաև Ադրբեջանում, քանի որ շաբաթ և կիրակի օրերին գնացքով անհամար վրացիներ, և հատկապես ադրբեջանցիներ էին հայտնվում Երևանում, կանայք իրենց գունագեղ տարազ-գլխանոցներով սրբում էին երևանյան խանութների կարագը, հավը, երշիկը, պանիրը, կոշկեղենն ու ամանեղենը։ Սա միջին և հատկապես ավագ սերունդը կարող է հաստատել (փաստորեն, Կարեն Սերոբիչը... երեք հանրապետություն էր կերակրում)։
Ինչևէ, հավատացին և թույլ տվեցին մնալ։ Եվ բազմիցս դիտված ֆիլմի կադրերի նման աչքիս առաջ է աննկարագրելի, անկրկնելի այդ տեսարանը. չորս կողմը, մեզնից և երեք-չորս հսկիչներից բացի, ոչ ոք չկար։ Վերևից իջնում են Կարեն Դեմիրճյանը` մոխրագույն անձրևանոցով, սլացիկ, պատկառելի, աջից` Ֆադեյ Սարգսյանը, ձախից` Բաբկեն Սարկիսովը, նրանց հետևից` մի քանի տասնյակ ղեկավարներ։ Երբ մի փոքր մոտեցան, նամակը հանելու համար մայրս բացեց պայուսակը։ Նրան անմիջապես շրջապատեցին։
-Վտանգավոր ոչինչ չկա, նամակ է բնակարանի համար,- խնդրեց նա, բայց ապարդյուն։
Տեսնելով, որ կորցնում է վերջին հույսը` նամակն անսպասելիորեն տվեց ձեռքս. «Վազիր, դու տուր»։ Ես վազեցի դեպի մոտեցող խումբը, հսկիչը` իմ հետևից, որը մի քանի քայլ հետապնդելուց հետո, հանկարծ կանգ առավ. կամ ամաչեց, կամ խմբից հայացքով սաստեցին։ Հասնելով խմբին` շփոթված կանգ առա` ո՞ւմ տամ։ Խմբից առանձնացավ մեկն ու ծրարը ձեռքիցս վերցնելով դրեց գրպանը։
Այս ամենը երևի տևեց վայրկյաններ, սակայն մի ողջ հավերժության դրամատիզմ ուներ։ Հանդարտ, համաչափ իջնելով` բոլորն անցան։ Մնացինք ես` կատարվածից դեռ ուշքի չեկած երեխաս, արտասվող մայրս և չգիտես որտեղից հայտնված պատկառելի երկու տղամարդ (ժողովրդի հոսքը դեռ չէր սկսվել)։
-Քույրիկ ջան, ինչո՞ւ ես լալիս,- մորս դիմեց նրանցից մեկը,- Դեմիրճյանն անձամբ տեսավ, իսկ օգնականը նրա ցուցումով երեխայի ձեռքից վերցրեց ծրարը։ Համարիր հարցդ լուծված։
Համարեցինք հարցը լուծված, խառը զգացումներով տուն եկանք և հույսով սկսեցինք օրերը հաշվել, որոնք ծանր ու մեծ ձգվելով դարձան ամիսներ։ Ոչ մի արձագանք, ոչ մի պատասխան։ Երկարաձիգ լռություն։
Տիկին Ռիմա Դեմիրճյանը, հիշում եմ, դասավանդում էր պոլիտեխնիկական ինստիտուտի անօրգանական քիմիայի բաժնում։ Դիմեցինք նրան, և քանի որ դեպքն արտառոց էր, նա էլ էր տեղյակ Ծիծեռնակաբերդում կատարվածից։
-Ինչպե՞ս թե,- զարմացավ տիկին Դեմիրճյանը,- Կարեն Սերոբիչին վաղուց զեկուցել են, որ ձեզ ապահովել են մեկսենյականոց բնակարանով։
Փաստորեն, լկտիաբար խաբել էին երկրի ղեկավարին, և եթե տիկին Ռիմայի հոգատար, սրտացավ միջամտությունը չլիներ, Կարեն Դեմիրճյանը պիտի կարծեր, թե անօթևան մորն ու աղջկան տանիք է տվել, մենք էլ պիտի կարծեինք, որ այնքան անտարբեր և քարսիրտ մարդ է, որ ականատեսը լինելով այդ հուսահատ քայլին, ոչինչ չձեռնարկեց։
Սա մի փաստ և ցայտուն օրինակ էր, որ այն տարիներին, ինչպես և հիմա, երկրի առաջին դեմքերի թիկունքում սրիկաները, հավատարիմ իրենց էությանը, ով որքան հաջողեցնում, հագուրդ էր տալիս իր նենգությանը։ Ոմանց հաջողվում է, ոմանց` ոչ, և պետք չէ ամեն վատի և անկատարի համար երկրի ղեկավարին մեղադրել։ Եթե Կարեն Դեմիրճյանի նման մարդուն էին փորձում խաբել, ապա ինչի՞ մասին է խոսքը։
Ինչևէ, մի քանի օրում ձևակերպեցին և հանձնեցին բնակարանը, որի տանիքի տակ հանգրվանեց իմ արցունքով, ցավով, հույսով, երախտագիտությամբ շաղախված մանկությունը։
Ահա այսպիսի դրամատիկ, քիչ արկածային, հուզիչ, անմոռաց և ճակատագրորեն բեկումնային պատմություն. ես մեծանում եմ, հուշս միշտ մանուկ է։
Այստեղից է գալիս նաև մեր ողջ գերդաստանի բացառիկ սերը առ Մեծ հայը, ով միայն ղեկավար չէր, բացի շինարար լինելուց, արվեստագետների հովանավորն ու բարեկամն էր, ազգի արժանապատվությունն ու հպարտությունն էր ողջ Խորհրդային Միությունում, իսկ արդեն խաղաղ նավահանգստից հեռացած և անորոշության, կորուստների ծովում տարուբերվող երկրի նավի համար 1998-ի իր վերադարձով հույսի խարիսխ էր ապագայի համար։ Կտրեցին շղթան, կորցրին խարիսխը։
Արդյո՞ք անվերադարձ...


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Հ. Գ.- Ի տարբերություն երախտագիտության անթառամ ծաղիկների, վաղուց թառամել է, չկա այն գեղեցիկ ծաղկեփունջը, որն ինստիտուտում, իր գործընկերների ներկայությամբ նվիրեցինք տիկին Ռիմային, որը նա ընդունեց անթաքույց հուզմունքով։ Իսկ պահպանվո՞ւմ է, արդյոք, ՀԿԿ կենտկոմի կամ Կարեն Դեմիրճյանի արխիվում մորս ուղարկած շնորհակալական հետևյալ բովանդակությամբ հեռագիրը. «Մեծարգո Կարեն Սերոբիչ, խորին-խորին շնորհակալություն Ձեր հոգատար վերաբերմունքի համար։ Ձեզ քաջառողջություն, որ երկար-երկար ղեկավարեք հայ ժողովրդին և Ձեր օգնության ձեռքը մեկնեք կարիքավորներին»։

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ