Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

«Մենք ամեն գնով պետք է թուրքացնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են մեր երկրում»

«Մենք ամեն գնով պետք է թուրքացնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են մեր երկրում»
13.11.2015 | 00:16

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Ի՞նչ պատահեց իր հողերում մնացած հայության հետ:
-Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Վեջդի Գյոնյուլը 2008-ին Եվրոպա այցի ժամանակ ասել է, որ ներկա Թուրքիայի միատարր, «ազգային» լինելու համար պարտական են դարասկզբին տեղի ունեցած մի քանի իրադարձությունների, այդ թվում` 1923-ին Թուրքիայի և Հունաստանի միջև բնակչության փոխանակմանը: Նաև հավելել է՝ «Այսօր, եթե Էգեյան ծովի ավազանում հույները և Թուրքիայի շատ վայրերում հայերը շարունակեին ապրել, մենք կարո՞ղ էինք նույն ազգային պետությունը լինել: Չգիտեմ ինչ բառերով ձեզ բացատրեմ, թե հույների փոխանակումը ինչքան կարևոր էր»:
-Այդ թվականներին Թուրքիայում ինչքա՞ն հայ կար, որտե՞ղ էին ապրում և ի՞նչ վիճակում էին:
-Ցավոք, բազմակողմանիորեն ուսումնասիրված, հավաստի տվյալներ համարյա չկան։ Ինչքան էլ Իրանի Թավրիզ քաղաքում լույս տեսնող «Այգ» թերթն իր 1918-ի դեկտեմբերի 16-ի համարում գրած լինի, թե «Ըստ վերջին ստույգ տեղեկությունների՝ Տաճկաստանում ապրում է մեկ միլիոն հայ», նկատի ունենալով, որ հայերի բռնի տեղահանումը շարունակվել է նաև 1918-1923-ին, մեկ միլիոնին պետք է վերապահությամբ վերաբերվել։ Հայկական աղբյուրների համաձայն, Արևմտյան Հայաստանի Էրզրում, Վան, Բաղեշ (Բիթլիս) և Տրապիզոն վիլայեթներում 1914-ի 705 հազար հայ բնակչությունից 1922-ին գոյատևել էր 63 հազարը (9 %): Տիգրանակերտի (Դիարբեքիր) և Խարբերդի (Հարբուդ-Էլազըղ) վիլայեթներում 328 հազար բնակչից մնացել էր 38 հազարը (12 %), պատմական Կիլիկիայում և Հյուսիսային Սիրիայում 309 հազարից՝ 70 հազարը (23 %), իսկ Փոքր Հայքում և հարակից շրջաններում` Սեբաստիայի (Սվազ) վիլայեթում և այլուր 596 հազարից՝ 44 հազարը (7 %): Այսինքն, միայն այդ տարածքներում ապրող Օսմանյան կայսրության հպատակ 1 միլիոն 938 հազար հայերից ցեղասպանությունից հետո ողջ էր մնացել դեռևս 215 հազար հայ (11 %)։ Այս պատկերի սկզբնաղբյուրն են 1922-ին Կ. Պոլսում տպագրված Թեոդիկի (Թեոդորոս Լափչինջյան) նշանավոր «Ամենուն տարեցույցի» տեղեկությունները։ Հավելենք 1923 թ. Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի տվյալներով միայն Պոլսում ապրող հայության մոտ 150 հազար լինելու փաստը և կստանանք 365 հազար թիվը:


-Կա՞ն թուրքական աղբյուրներ:
-Թուրքիայի «Հուրիեթ» օրաթերթի 1990-ի ապրիլի 24-ի համարում տպագրված մի հոդվածում ասված է, որ հակառակ հայկական կողմի համառ պնդումների, որ Անատոլիան ամբողջովին պարպվել է հայությունից, «295579 հայեր զերծ են մնացել տեղահանությունից»։ «Թուրքական պատմական ընկերության» նախկին նախագահ ու այժմ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի «Ազգային շարժում» կուսակցությունից պատգամավոր, պրոֆեսոր Յուսուֆ Հալաչօղլուն նույնիսկ կրկնապատկում է հայոց թիվն ու իր հարցազրույցներից մեկում ասում. «Քննարկելով քաղաքից քաղաք կացությունը՝ ստուգեցինք, որ 1918-ին Անատոլիայում 650 հազար հայեր կային»։ Թերևս նրա այս 600-հազարանոց տվյալի իրական աղբյուրը Կ. Պոլսի պատրիարք Զավեն Տեր-Եղիայանն ու հանրահայտ թուրք դիվանագետ Քյամուրան Կյուրյունն էր։ Հայոց պատրիարքն անգլիացիներին տված վիճակագրական տեղեկագրում Սևրի դաշնագրից առաջ Օսմանյան կայսրության սահմաններում տեղահանության և բռնագաղթի ենթարկված, վերադարձած և վերաբնակված հայերի թվաքանակը 625 հազար էր գնահատել։ (Նրանց մեջ էին նաև իմ 1915-ի ապրիլին 86 հոգուց բաղկացած գերդաստանից մահվան աննկարագրելի ճանապարհներին հրաշքով ողջ մնալով՝ Դեր-Զոր հասած ու 1919-ին ծննդավայրը վերադարձած Ծերուն պապս ու իր Մարիամ և Խանում քույրերը): Լոզանի կոնֆերանսի Ռազմատարածքային հանձնաժողովի 1922-ի դեկտեմբերի 13-ի նիստում` զեկույցով հանդես եկող թուրքական պատվիրակության ղեկավար Իսմեթ Ինյոնուին լորդ Քերզոնը հարցնում է. «Ինչո՞ւ Փոքր Ասիայում ապրող երեք միլիոն հայերի թիվը նվազելով՝ հասել է 130 հազարի»։ Իսկ արևմտյան հետազոտական մի հաստատություն իր The Armenian Christian՝ «Հայ քրիստոնյաներ», զեկուցագրում նշել է, որ բնաջնջումից ու տեղահանությունից փրկված հայերի թիվը 200 հազար է եղել։
-Լավ, հայկական, թուրքական և այլ աղբյուրների համադրումով՝ ի՞նչ թիվ ենք ստանում:
-1923 թ. Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի տվյալներով՝ միայն Պոլսում ապրող մոտ 150 հազար հայությանը պիտի հավելենք մնացած տարածքներում վերապրող հայերի թիվը: Միջինը ստացվում է 300–350 հազար, որ կարելի է ցեղասպանությունից հետո իր բնօրրանում վերապրած հայության իրականության համապատասխանող, խիստ չափավոր թիվ ընդունել։


-Ի՞նչ եղավ հետո:
-Թե նրանից ինչքանն են, ինչպես իմ գերդաստանի անդամները, իրենց հայկական ինքնությամբ շարունակել դժոխային կյանքը, ինչքանը իրենց «կամքով» կամ բռնի «իսլամացվել կամ ալավիացվել», թողնենք ապագա պատումներին: 1915-ին Օսմանյան կայսրության տարածքներում բնակվող հայության բնաջնջումն ու տեղահանությունը լիակատար հաջողության չէին հասել, և այդ տարածքներում դեռևս բնակվում էին մոտ 500 հազար հայեր։ Պոլսահայությունը 1918-ից սկսած կատարեց արտակարգ մեծ գործ, որի մասին շատ քիչ է խոսվում։ 1915-1923 թթ. ցեղասպանությունից փրկված ու որբացած երեխաներին և այրիացած կանանց փնտրել ու Կ. Պոլիս տեղափոխելու սուրբ գործը կարող ենք պայմանականորեն որբահավաք անվանել։ Կ. Պոլսում հիմնվել էին 13 ճամբարներ, որտեղ Արևմտյան Հայաստանից, Գամիրքից, Կապադովկիայից, Կիլիկիայից և Թրակիայից տասնյակ հազարավոր հայ երեխաներ ապաստան էին գտնում և համայնքային տարբեր կառույցների ուշադրությանը, խնամքին և գուրգուրանքին արժանանում։ Նրանցից շատերի ինքնությունն ու անհատական պատմությունը պարզվելուց հետո, ճիշտ իրենց նման հրաշքով փրկված՝ աշխարհի ինչ-որ անկյուններում ծվարած իրենց գերդաստանից ազգականների և բարեկամներին գտնելով Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ֆրանսիա, Արգենտինա և ԱՄՆ, ոմանց էլ Խորհրդային Հայաստան տեղափոխեցին։ Կ. Պոլսի պատրիարքարանի 1921 թ. պատրաստած և ապրիլի 26-ին ԱՄՆ արտգործնախարարությանը փոխանցված մի կարևոր փաստաթուղթ կա, որտեղ հետեղեռնյան հայ որբերի թիվը գնահատվում է 58500, իսկ նրանց ցրվածության պատկերը ներկայացվում է քաղաք առ քաղաք, ըստ որի Կ. Պոլսում՝ 6000, Զմյուռնիայում, Բրուսայում և Բալըքեսիրում՝ 2000, Ինեբոլույում՝ 1500, Կոնիայում՝ 3000, Կասթեմունիում՝ 500, Սեբաստիայում՝ 3500, Կեսարիայում՝ 3500, Տիգրանակերտ-Դիարբեքիրում՝ 25000, Խարբերդում՝ 3000, Տրապիզոնում՝ 2500, Կարին-Էրզրումում՝ 3000, Բաղեշ-Բիթլիսում և Վանում՝ 5000 հոգի։
Օսմանյան կայսրությունում վերջին մարդահամարն արվել էր 1914-ին, և ըստ պաշտոնական տվյալների, մուսուլման բնակչության 13 միլիոնը մի քիչ անցնող թվի կողքին, քրիստոնյա հույներն ու հայերը միասին իբր միայն 3 միլիոն 300 հազար (16,3 %) էին (այս թիվն իրականում չափազանց պակասեցված ու կեղծված լինելով հանդերձ՝ ամբողջ կայսրության յուրաքանչյուր 6 հոգուց մեկին էր համապատասխանում)։ 1923-ին ստեղծված Թուրքիայի Հանրապետությունում առաջին մարդահամարը տեղի է ունեցել 1927-ին, և համաձայն պաշտոնական տվյալների՝ պետության ամբողջ բնակչության թիվը 13,6 միլիոն էր։ Եթե համեմատենք Մուստաֆա Քեմալի 1923 թ. Էսկիշեհիր և Իզմիթ այցելությունների ընթացքում մամուլին արած «երկրի ազգաբնակչությունը հավանաբար 8 միլիոնը չի անցնում» հայտարարության հետ, ընդամենը 4 տարում բնակչության 6 միլիոնով ավելանալը իսկական հանելուկ կլինի։ Մեզ համար արձանագրենք, որ, ըստ 1927-ի մարդահամարի տվյալների, հայության թիվը կազմել է 80 հազարին մոտ, սակայն թուրք հետազոտողների վերջին տարիներին հրատարակած բազմաթիվ աշխատություններում նշվում է նրանց իրականում 140 հազարից ավելի լինելու փաստը։ Նույնիսկ Հայոց ցեղասպանությունը ժխտող ամերիկացի պսևդո-պատմաբան, ժողովրդագրագետ Ջասթին ՄաքՔարթին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում մուսուլմանների և փոքրամասնությունների թվի հարցերին նվիրված իր աշխատությունում խոստովանում է այդ թվականներին հայության մոտ 150 հազարի հասնող թվի մասին։ Կ. Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի հանգուցյալ խմբագրապետ Հրանտ Դինքը հարցազրույցներից մեկում, Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ երկրով մեկ հայ բնակչության թվաքանակը գնահատում էր մոտ 300 հազար, որից 130 հազարը՝ Կ. Պոլսում, ավելի քան 170 հազարը՝ գավառներում և շեշտում. «Ես չեմ հաշվում ձուլված բնակչությունը, որի թիվն անհայտ է»։ Ըստ Թուրքիայի Հանրապետությունում 2014 թ. արված վերջին մարդահամարի՝ բնակչության թիվը 78 միլիոնին մոտ էր։ Սա նշանակում է, որ առաջին մարդահամարից հետո անցած 88 տարիներին բնակչության թիվն ավելացել է 65 միլիոնով։ Տրամաբանությունը հուշում է, որ նույնպիսի աճի պայմաններում ցեղասպանությունից հետո նորաստեղծ պետության քաղաքացի հանդիսացող մոտ կես միլիոն հայության թիվը ևս պետք է ավելանալով հասած լիներ առնվազն 3 միլիոնի, մինչդեռ պաշտոնական թվերով այժմ չի անցնում 80 հազարից։ Ուրեմն՝ ի՞նչ պատահեց իր հողերում մնացած հայության հետ, երբ ուրիշները շատանում էին անընդհատ, ինչպե՞ս քչացան նրանք։


(շարունակելի)
Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ