Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«Քո հայրը շատ լավ մարդ է, բայց պապդ ուրիշ էր, ոսկի մարդ էր»

«Քո հայրը շատ լավ մարդ է, բայց  պապդ ուրիշ էր, ոսկի մարդ էր»
03.11.2015 | 10:21

«Ծնվել եմ 1911 թվին, Սուրմալու գավառի Էվջիլար գյուղում, գյուղական ուսուցչի ընտանիքում։ Սովորել սկսել եմ 1923 թվից։ 1929 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ֆիլոլոգիական ֆակուլտետը։ Բարձրագույն դպրոցն ավարտել եմ 1932-ին։ 1929-ից սկսել եմ աշխատել որպես ուսուցիչ գիշերային դպրոցում, այնուհետև Երևանի ինդուստրիալ բանֆակում և էլմեխտեխնիկումում։ 1932-35 թթ. աշխատել եմ բարձրագույն դպրոցներում որպես դիամատի դասախոս»։ 1949-ին Էդուարդ Թոփչյանի գրած փոքրիկ ինքնակենսագրականի տողերը եթե փորձենք լրացնել որոշ մանրամասներով, կստանանք մի ողջ սերնդի կյանքի պատմությունը։ Հայտնի է, ինչպես ընթացավ այն... կռիվներ, կոտորած, գաղթ, սով, համաճարակ, որբություն, անհատնում կորուստներ։ Գաղթեց նաև Թոփչյանների ընտանիքը։ Եվ փրկվելուց հետո, 1911-ին ծնված պատանին ուշացումով պետք է սկսեր իր ուսումնառությունը` արդեն Երևանում և, սովորականից արագ ավարտելով, ուսուցչություն պիտի աներ հազիվ 18-ը լրացած։
Շուտով արդեն որպես դպրոցական տեսուչ, Իգդիրում ընտանիքով հաստատված գյուղական ուսուցիչը Ստեփան Գևորգի Թոփչյանն էր, որի ոչ հեռավոր նախնիները ռուս-պարսկական պատերազմներում ռուսական բանակի հրետանավորներ էին եղել, ժառանգություն ստանալով Թոփչյան ազգանունը իրենց ոչ սովորական գործի համար։ Դրա մեղքը ո՛չ իրենց ուսերին էր ընկած, ո՛չ էլ նրանց, ովքեր շարունակեցին պատերազմել հանուն հայրենիքի։ Ստեփան Թոփչյանը սովորել էր Կիևի ռազմական ակադեմիայում, դարձել սպա, մահապարտ իգդիրցիների իր վաշտով մասնակցել Սարդարապատի հերոսամարտին։ Կինը` Ռեբեկա Թոփչյանը, պատմում էր, որ երբ Իգդիրից գաղթել, հասել են Էջմիածին, այնտեղից ռազմի դաշտ մեկնելուց առաջ Ստեփանը հանձնարարել էր, որ իրենց հետ բերած հորթը մորթեն` զինվորները քաղցած չգնան պատերազմելու։ Ներքին ձայնով զգալով, որ Սարդարապատում ամուսինը վիրավորվել է, Ռեբեկան անհանգստացած, ձի է նստում և արշավում ռազմադաշտ։ Ընտանիքում հիշում էին, որ հաղթանակից հետո, բարեբախտաբար, ոչ ծանր վիրավորված Ստեփան Թոփչյանը թուրքական սպայի կրծքից հանել էր թուրքական արծաթյա խոշոր շքանշան, որը հետագայում, ափսոս, հանձնել էին երկրի տնտեսությունը բարվոքելու համար նախաձեռնված` ժողովրդից ազնիվ մետաղներ հավաքող պաշտոնյաներին։ Մնացել էին նրա ռազմական հեռադիտակը, ռազմական քարտեզը, որոնք չգիտեմ, պահպանվե՞լ են, թե՞ ոչ։ Ո՞վ էր մտածում, որ կանցնեն տարիներ և Սարդարապատի հերոսամարտին առնչվող ամեն մի սովորական իր նվիրական մասունք կդառնա (1)։
1917-ին, երբ ռուսական զորքը Վանում էր, Ստեփանը, որ սպայական ծառայությունում էր ռուսական բանակում, կանչել էր կնոջը` Վանը տեսնելու։ Ռեբեկան շատ ափսոսում էր, որ չէր գնացել, համոզված, որ Վանն այլևս չի հանձնվի թուրքերին, կգնա ավելի հարմար ժամանակ։
Գաղթելուց հետո` 1888-ին ծնված Ստեփան Գևորգի Թոփչյանի հետագա աշխատանքը մեծ չափով կապված էր սիրած` լուսավորության, կրթության գործին։ Լուսաշխի նախագահ, պետհամալսարանի պրոռեկտոր, լուսավորության ժողկոմատում դպրոցական շինարարության պետ։ Հայերեն, թե ռուսերեն, արտակարգ գեղեցիկ ձեռագիր ուներ և շարադրանքի գեղեցիկ ոճ։ Նա եղել է նաև ծանր ու թեթև արդյունաբերության ժողկոմի, ապա մատակարարման ժողկոմի տեղակալ։ Միաժամանակ շարունակել է դասավանդել այլևայլ ուսումնական հաստատություններում։ Ոչ միայն նրա բարեկամությունը վայելած, այլև տարբեր առիթներով նրան դիմած, հանդիպած, գործ ունեցած մարդկանց մեջ առանձին ջերմությամբ չհիշող մեկը չկար, լավ իմանալով անգամ, որ Ստեփան Թոփչյանը 1937-ին հեռացել է ասպարեզից և նրան դրվատելը կարող է տհաճությունների պատճառ դառնալ։ Շատերից եմ լսել գրեթե նույն արտահայտությունը. «Քո հայրը շատ լավ մարդ է, բայց պապդ ուրիշ էր, ոսկի մարդ էր»։ Խիզախ, ազնվագույն, սկզբունքային, մարդկանց հանդեպ բարի և հոգատար, ամբողջ կյանքում անձնազոհաբար ջանացել էր օգտակար լինել ժողովրդին։ Իգդիրից գաղթի ժամանակ, ինչպես պատմեց գաղթականներից մեկի որդին, նա, սպիտակ ձին նստած, սպայական իր համազգեստով, երկարաձիգ շարասյան մերթ այս մերթ այն ծայրը գնալով, հետևում էր, իր զինվորների հետ ապահովելով անվտանգությունը։ Հայտնի է, որ գաղթն Իգդիրից ընթացել է կազմակերպված, ճանապարհին կորուստներ չեն եղել։ Դրաստամատ Կանայանը իր զինվորներով նախապես կանգնել էր հարավից Իգդիր բերող ճանապարհին, թուրքերի հնարավոր հարձակման դեմ։ Իգդիրցիները փակել են իրենց տան դռները, իրենց սայլերով տեղափոխել անհրաժեշտ ունեցվածքը։ Ռեբեկան պահում էր իրենց երկհարկանի տան դարպասի բանալին և տան իրավունքը։
Արձակագիր Վալտեր Արամյանը, որը հորս հետ սովորել էր համալսարանում և ի մոտո գիտեր մեր ընտանիքը, մի անգամ ասաց. «Պապդ, երբ հանրապետության մատակարարման ժողկոմի տեղակալ էր, գնացել էր Ռուսաստանից եկած հացով և սննդամթերքով բեռնված վագոնները ընդունելու և քաղցից ուշաթափվել էր դրանց կողքին»։ Իսկ Ռեբեկան հիշում էր, որ պատահաբար իմացել էր, թե Ստեփանին ի պաշտոնե պարենամթերքի առանձին գրքույկ է հասնում և իր հարցին ստացել էր «Մենք էլի յոլա կգնանք, նյութական վատ վիճակում գտնվող ընտանիքի եմ տվել» պատասխանը։ «ՈՒրիշները ինչքան հարուստ, ապահով մարդիկ կան, նրանց հետ են ընկերություն անում, դու ինչքան անապահով, աղքատ, որբ կա, անընդհատ նրանց հոգսն ես քաշում»։ Քանի՜ քանիսին ոտքի է կանգնեցրել, քանի որբ, շնորհալի պատանիների ամեն կերպ օգնել, որ կրթություն ստանան, արժանի դիրք գրավեն հասարակությունում։ Տան դուռը միշտ բաց էր հյուրերի համար, որոնց հետ ուրախ էին, որոնց հետ կիսում էին ունեցածը։ «Պապդ,- ասաց նրա հին ընկերներից մեկը,- գիտե՞ս ինչ տղամարդ էր, որ քայլում էր, գետինը դմբդմբում էր։ Մեր քեֆերի մշտական սեղանապետն էր, նրա հետ ուրախություն էր սեղան նստելը»։
Այդպիսի մարդիկ քիչ չէին մեր ժողովրդի մեջ, բայց անցան ժամանակները և գնալով` «Բերան ունես, պիտի ուտես» պահանջը դարձավ գերիշխող։ Կաշառատյացությունը վերածվեց կաշառամոլության, և այսօր արդեն որպես բացարձակ ճշմարտություն գոչում են` «Ով էլ պաշտոն ստանա, կուտի»։ «ՈՒրեմն մեր ժողովրդի մեջ գոնե մի ազնիվ մարդ չկա՞» սովորական հարցս մնում է անպատասխան, որովհետև հնարավորություն ստանալ և «չուտել», համարվում է ոչ թե գոնե յուրատեսակ իդեալիզմ, այլ ուղղակի անբուժելի իդիոտիզմ, աննորմալություն։ «Բոլորը գող են և վերջ»։
Գրականագետ Հեկտոր Ռշտունին վկայել է, որ Հայաստանի մի գավառում, որտեղ Ստեփան Թոփչյանին ուղարկել էին ղեկավար աշխատանքի, իր հայրը ուսուցիչ է եղել։ Մի երեկո Թոփչյանը գալիս է ընկերոջ տուն, թիկունքով նստում սենյակի փոքրիկ պատուհանի դիմաց, ծածկելով ընկերոջը, որ սեղանի հակառակ կողմում էր նստած, շարունակաբար զրուցելով, զբաղեցնում և չի թողնում սենյակից հեռանա։ Վերջապես, վեր կենալով հայտնում է, որ լուր ուներ ընկերոջը խփելու մասին ¥խորհրդայնացման, ինչպես ասում են` այդ «խառը տարիներին» բացառություն չէին նման սպանությունները¤։ ՈՒշ գիշերին, դրսի ձայներից կողմնորոշվելով, որ եկան ու գնացին, վտանգն անցավ, վերադառնում է տուն։ Եվ այդ քայլին դիմում է, չվախենալով, որ վերջին հաշվով կարող էին դրսից իրեն էլ խփել ընկերոջ հետ։
Ստալինի պսակազերծումից հետո հորս մտերիմ ընկեր, անզուգական Նշան Մուրադյանը պատմեց 1937-ի ահալի օրերին ինչքան լարված էր, և ինչպես էր Ստեփան Թոփչյանը բացահայտ, առանց երկնչելու խոսում բռնությունների դեմ։ Նրան կանչել էին Թիֆլիս Անդրկովկասի Ֆեդերացիայի երկրկոմ։ Կուսակցական ղեկավար Գեորգի Ստուրուան հարցրել էր, թե մասնակցե՞լ է Սարդարապատի ճակատամարտին և դրական պատասխան` «Ես պարտավոր էի հայրենիքս պաշտպանել»,- ստանալուց հետո հեգնել, «Իզուր։ Այ եթե չմասնակցեիք, թուրքերը սպանած կլինեին այս մարդկանց, և նրանք մեղադրական նամակ չէին ուղարկի ձեր դեմ»։ Հորիցս եմ լսել այս պատմությունը։ Այդ «բարի մարդկանց» նամակին չէր կարող ընթացք չտրվել, նվազագույնը` բանտարկության, աքսորի վտանգն էր սպառնում, և նա խուսափելով հեռացել էր Մոսկվա, ինչպես ասում են` աչքից հեռու։ Այդ շրջանում շատերն են փրկվել տեղից տեղ մեկնելով. այսօր անհասկանալի հանգամանք, հաստատված մասնավորաբար Սոլժենիցինի «Արշիպելագ Գուլագում»։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից` 1941-ից արդեն նրանից այլևս ոչ մի լուր չհասավ։ Անհայտ են Ստեփան Թոփչյանի վախճանի հանգամանքները։ Մինչ այդ, ներքին մղումով Մոսկվա էր գնացել նրա կրտսեր որդին` Սևակը. վերջին անգամ հանդիպելով հորը, որին երեք որդիները կապված էին արտակարգ սիրով ու ակնածանքով։
Բախտ եմ ունեցել երկար տարիներ մեր տանը տեսնելու նրա մտերիմ մի ընկերոջը, որի հետ աշխատել էին Իգդիրի նույն դպրոցում։ Փոքրամարմին, կորամեջք, փոքրիկ մորուսով, բարության մարմնացում, լուսամիտ ու լուսավոր մարդ էր։ Վահան հորեղբայրը` մեծ ու փոքրով, այդպես էինք ընդունում նրան։ Մի սովորական ուսուցչի համեմատ նա շատ էր զարգացած։ Գրաբար սովորելիս, երբ հորս առաջարկով դիմեցի նրան, խնդրելով ինձ օգնել, զարմանքով իմացա, որ երկար տարիներ ուսուցչությունը թողած մեր հորեղբայրը ճշգրտորեն թարգմանում է դասական բարդ տեքստերը անհրաժեշտ գիտական ծանոթագրություններով հանդերձ, ինչպես լավագույն մասնագետ դասախոսներն էին ի զորու։ Շատ ցավ ու վիշտ էր տեսել, չէր ուզում դուրս գալ իր ծայրահեղ համեստ ապրելակերպի շրջագծից։ Սիրելի հորեղբորը իր գիտելիքներին ու մարդկային ազնիվ նկարագրին վայել ասպարեզ տանելու ձգտումով, հայրս մի օր փորձեց համոզել, որ իր միջնորդությամբ աշխատի Էջմիածնի ճեմարանում։ Չհամաձայնեց։ Հիմա եմ հասկանում, թե ինչու... հոգնել էր աշխարհից։ Պատմում էր երբեմն իր ուսուցչական անցյալից զվարճալի դիպվածներ. «Երեխաներ, կարո՞ղ եք մի գոյական ասել։- Երկար լռությունից հետո մեկը բարձրացնում է ձեռքը` «Ոչխար»։ «...Մի ուրիշ գոյական- նորից երկարատև լռություն, նորից նույն աշակերտը։- Մի հատ էլ ոչխար...»։
Մինչ ամուսնանալը Ստեփանի սիրած աղջիկը` Սաթենիկը, իրենց տան այգում զոհվել էր ինչ-որ որսորդի հեռվից արձակած պատահական գնդակից։ Ստեփանը երգ էր հորինել իր տեքստով, որը ժողովրդի մեջ տարածված էր «Էվջիլարցի Սաթոյի երգը» անունով։ Իգդիրցիների ժառանգների մեջ դեռ այն հիշողներ կան։ Կրտսեր որդին` Սևակ Թոփչյանը, որ բանասիրական կրթություն ուներ, դեռ արգելված տարիներին անգիր արտասանում էր Չարենցի բանաստեղծությունները, չափազանց կատակասեր էր ու հումորով, մի անգամ ասաց. «Լավ էր, որ Սաթոյին սպանեցին»։ Ռեբեկան չընդունելով թեկուզ և կատակով ասված խոսքը, պատասխանեց. «Բա էդպես բա՞ն կասեն։ Սիրուն, շիկահեր աղջիկ էր, շա՜տ ցավալի էր...»։ Շուտ էր կորցրել ամուսնուն և անունը միշտ տալիս էր չմարող ջերմությամբ ու գորովանքով։ Սիրում էր կարդալ հատկապես Րաֆֆի, հաճախ հիշում էր հայրենակից Ավետիս Ահարոնյանի արդեն արգելված և անգտանելի երկերը` ուղեգրություններից մինչև ժամանակին լայնորեն ընդունված պատմվածքներ։ Կատակով ասում էի` «Տատի, ե՞րբ ես ավարտելու Րաֆֆիի մասին գիրքդ», նայում էր ու չկողմնորոշվելով ժպտալ, թե նեղանալ, գլուխն էր տմբտմբացնում։ Երբ հրատարակվեց «Րաֆֆու էսթետիկական հայացքները» գիրքս, տարա իրեն և նորից` «Տատի, գիրքդ տպվեց», ու նորից տմբտմբացրեց գլուխը։ Կատակը կատակ, բայց չէ՞ որ ինչ ստեղծում ենք մենք, դրա չնչին մասն է մերը, հիմնականը մեր նախորդների կատարածն է, նրանցից մեր ստացածը` թե՛ նյութական, թե՛ հոգևոր, թե՛ ժառանգական։
Որդին` Էդուարդ Թոփչյանը, գնում էր հոր ճանապարհով, սկսելով աշխատել որպես ուսուցիչ, դասախոս։ Միաժամանակ, համալսարանում նա աշակերտեց Մանուկ Աբեղյանին, Արսեն Տերտերյանին, Հայկ Գյուլիքևխյանին և ուրիշ ականավոր գիտնականների։ Նրա դասընկերներից շատերը հետագայում դարձան գրականության հայտնի գործիչներ։ Սրանով չավարտվեց ուսումնառությունը։ «1935-38 թթ. սովորել եմ Լենինգրադի արվեստագիտության ինստիտուտի ասպիրանտուրայի եվրոպական գրականության բաժնում։ 1938-ին վերադարձել եմ Երևան։ Աշխատել եմ «Գրական թերթի» խմբագրությունում որպես խմբագրի տեղակալ և եվրոպական գրականության դասախոս մանկավարժական ինստիտուտում։ 1939-41 թթ. աշխատել եմ Արմֆանի լեզվի և գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող»։
Լենինգրադրում գրականագիտական հիանալի դպրոց անցավ երկրի, միջազգային համբավ ու կշիռ ունեցող մասնագետների մոտ։ Գիտական ղեկավարը նշանավոր Ն. Յ. Բերկովսկին էր, որը ցանկանում էր նրան պահել Լենինգրադում։ Երևանից հոր հեռանալուց հետո որդին չէր կարող այլևս մնալ Լենինգրադում, ստիպված էր վերադառնալ տուն իր նորաստեղծ ընտանիքի հետ վերցնելու նաև հոգսը նյութական միջոցներից զրկված մոր և կրտսեր եղբայրների` Վարդգեսի, որը զոհվեց պատերազմի սկզբին, և Սևակի (հայրն այդպես էր կոչել Ռուբեն Սևակի հիշատակի հանդեպ` սրտի թելադրանքով)։


Ստեփան
Էդուարդի ԹՈՓՉՅԱՆ

1. Վերջերս լույս տեսած` «1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում» գրքում բազմաթիվ վկայություններ կան Ստեփան Գևորգի Թոփչյանի մասին` որպես Սարդարապատի ճակատամարտի ակտիվ մասնակցի։

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ