2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Աստված մարդուն արարելիս օգտագործում է «ստեղծենք» եզրը, այլ ոչ թե «ստեղծեմ»

Աստված մարդուն արարելիս օգտագործում է «ստեղծենք» եզրը, այլ ոչ թե «ստեղծեմ»
30.10.2015 | 10:01

Կեցության կազմակերպման կարևորագույն գոյընթացներից է համագործակցությունը: Այս իրողության հիմքերը կարող ենք գտնել Սուրբ գրքում: Հինկտակարանյան Ժողովող գիրքը վկայում է, որ միմյանց գործակից անձինք ավելի հաստատուն և ամուր են կանգնած, քան միայնակ մարդը. «Երկու հոգով աւելի լաւ է, քան մենակ, որովհետեւ աւելի վարձ կայ նրանց վաստակի համար, քանի որ եթէ մէկն ընկնի, նրա ընկերը կը կանգնեցնի նրան, բայց վա՜յ մենակին, որ ընկնի, երբ ուրիշ մէկը չկայ, որ բարձրացնի նրան» (Ժող. 4.9-10): Իսկ Նոր կտակարանում, այսպես ասած, համագործակցային մշակույթը օգտագործել է նաև հենց ինքը` Հիսուս, իր աշակերտների մեջ, երբ իր յոթանասուներկու աշակերտներին երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր (Ղուկաս 10.1): Անդրադառնալով Ծննդոց գրքին նկատում ենք` Աստված մարդուն արարելիս օգտագործում է «ստեղծենք» եզրը, այլ ոչ թե «ստեղծեմ». «Աստուած ասաց` Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ...» (Ծննդ. 1.26): Այս դեպքում Աստված հանդես է գալիս Սուրբ Երրորդության դեմքերով, որտեղ տեսնում ենք «ստեղծենք» եզրի շեշտադրությունը, որը բացահայտում է համագործակցային գաղափարաբանական սկզբունքը մարդու արարման մեջ: Եվ ավելին` Ծննդոց գիրքն արդեն իսկ արարված մարդու համագործակցային բնությունն է արձանագրում. «Տէր Աստուած ասաց` Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. 2.18): ՈՒստի, ընտանիքը համագործակցային կեցության լավագույն օրինակներից է, ուր երկուսը պէտք է լինեն մի մարմին (Ծննդ. 2.24): Հետևաբար, հստակ է, որ մարդը կրավորական էակ չէ, այլ հասարակական և անհրաժեշտություն ունի հաղորդակցության մեջ լինելու այլոց հետ (Ծննդ. 2.20): Բայց հատկանշական է, որ Արարիչը Ադամին ստեղծեց իբրև անհատ, անձ, ով պիտի փոխհաղորդակցության մեջ լիներ Աստծո ստեղծագործության հետ: Թեև կան կարծիքներ, որ Արարիչը Սուրբ գրքում կոնկրետ չի նշում, թե սկզբում ստեղծել է մեկ անհատ, անձ, քանի որ «ադամ» եբրայերեն բառ է և նշանակում է մարդ, որից հետևում է, որ կարող ենք հասկանալ նաև, թե Աստված ստեղծեց մարդկությունը: Այնուամենայնիվ Պողոս առաքյալը, երբ խոսում է Ադամի մասին, մատնանշում է անհատի, անձի մասին` այդպիսով որպես օրինակ բերելով նոր Ադամին` Քրիստոսին, ումից սկսվում է մարդկության նոր պատմությունը (Հռոմ. 5.12-17): Արդ, տեսնում ենք, որ քրիստոնեությունն ընդգծում է անհատի առանձնահատկությունը: Այս մոտեցումը Պողոս առաքյալի մոտ ավելի դրսևորված է հռոմեացիներին և կորնթացիներին ուղղված նամակներում: Առաքյալը համագործակցության գործառույթը ձևակերպում է օրինակ բերելով մարդու մարմինը, ուր կան բազում անդամներ, և յուրաքանչյուր անդամ իր գործն է անում, բայց բոլորը միասին մեկ մարմին են կազմում. «Ինչպէս մի մարմնի մէջ բազում անդամներ ունենք, եւ բոլոր անդամները նոյն գործը չեն անում, այդպէս եւ մենք, թուով շատ, մի մարմին ենք Քրիստոսով, բայց իւրաքանչիւրս միմեանց անդամ ենք: Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգեւներ, ըստ այն շնորհների, որ տրուած են մեզ» (Հռոմ. 12.4-6): Իսկ կորնթացիներին ուղղված նամակի մեջ, կրկին մարմնի ու դրա անդամների օրինակով, համագործակցության դեպքում` մի կողմից անհատի, անձի կարևորությունն ու առանձնահատկությունն ավելի դրսևորված է ի հայտ գալիս, մյուս կողմից` միության կարևորությունը ու միասնաբար միևնույն նպատակին ծառայությունը (Ա Կորնթ. 12.12-22): Ծիածանի օրինակը, որով ներկայումս եկեղեցիներն առաջնորդվում են միջեկեղեցական հարաբերությունները կերտելիս` շեշտելով եկեղեցիների միության սկզբունքն ու համագործակցությունը` միություն բազմազանության մեջ ուղենշով, նույնպես բնորոշում է համագործակցության բնույթը, որտեղ մեկ ծիածանի մեջ համադրված են գեղեցիկ գույները, և յուրաքանչյուր գույն արտահայտում է իր յուրահատկությունն ու գեղեցկությունը իր առանձնահատկությամբ, սակայն բոլորը միասնաբար կազմում են ծիածանը, այլ ոչ թե առանձին-առանձին: Համագործակցությունը կարևորում է փոխգործակցությունը և միասնությունը Քրիստոսով, այսինքն` նպատակն իրագործելու համար առավել արդյունավետ միջոց դիտվում է միությունն ու միաբանությունը` հիմնված համագործակցության վրա: Ավետարանում ասվում է. «Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթ. 18.19-20): Այստեղից էլ հետևում է, որ հենց եկեղեցին (հունարեն` էկլեսիա) ժողով, քրիստոնյաների համախմբում, ժողովում, համագործակցային կազմակերպություն է` հիմնված հավատացյալների միության վրա ի Քրիստոս: Եվ այդ համագործակցային հարաբերությունները քրիստոնեական արժեհամակարգում բնորոշվում են «եղբայրություն» հասկացությամբ, որն անշուշտ աստվածային սիրո արժեքի արդյունք է:
Արդ, կարդալով Աստվածաշունչը, տեսնում ենք, որ քրիստոնեությունն ընդհանրապես խոսելով համագործակցության մասին` նշում է և անհատի առանձնահատկությունը, և անհատների հավաքականությունը: Քրիստոնեական համագործակցությունը հիմնված է ներդաշնակության և հավասար հնարավորությունների չափանիշների վրա (Բ Կր 8.11-15), բայց ոչ հավասար արդյունքների վրա (Հռ 12.6, Ա Կորնթ. 3.8), քանի որ յուրաքանչյուր անհատ իր կատարած աշխատանքի կամ գործունեության շնորհիվ ըստ արդարության այդ համագործակցությունից ստանում է իր արդյունքը և համաձայն աստվածային սիրո ըստ հնարավորության օժանդակում մյուսներին (Բ Կր 8.11-12): Էական է, որ համագործակցությունը միտված լինի յուրաքանչյուր համագործակցող անհատի զարգացմանը և նոր հնարավորությունների ձեռքբերմանը, այլ ոչ թե յուրաքանչյուր անհատ տարրալուծվի համագործակցային միության, հասարակության կամ նպատակի մեջ: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը նման օրինակ է նշում եկեղեցու վերաբերյալ. «Եկեղեցին այն չէ, ինչ մենք կառուցում ենք, այլ մի իրականություն է, որով ինքներս մեզ ենք կառուցում»: Միության, փոխհաղորդակցության, համագործակցության մեջ չտարրալուծվելու գաղափարը եզրագծված է եղել նաև դավանաբանական աստվածաբանության մեջ դեռևս 4-րդ դարից, որտեղ քրիստոսաբանության մեջ կարևոր են անխառն և անշփոթ եզրերը, ուր Քրիստոսի մեջ անխառն և անշփոթ կերպով անքակտելիորեն միավորված են աստվածային և մարդկային բնությունները: Իսկ հետագայում անհատի առանձնահատկության ու կարևորության դերը հասարակության մեջ ավելի շոշափելի է նկատվում բողոքական աստվածաբանությունում, որից էլ բխել է լիբերալ աստվածաբանության արևմտյան ուղղությունը: Բայց աստվածաբանության մեջ համագործակցության գաղափարը առավելապես շեշտադրված է եղել բյուզանդական եկեղեցում: Այն հայտնի է «սիներգիա» տերմինով: Սիներգիայի հասկացության զարգացումը հետագայում բերեց եկեղեցի-պետություն հարաբերության իշխանությունների սիմֆոնիա բյուզանդական տեսության մշակմանը, որտեղ գործում են փոխադարձ համագործակցությունը, աջակցությունն ու փոխադարձ պատասխանատվությունը` միմյանց բացառիկ գործառույթների մեջ չներխուժելու սկզբունքով: Սակայն նախ նշենք, որ համագործակցությունը հոգևոր կյանքում արտահայտված է երեք փուլերով. առաջինը` համագործակցություն Աստծո հետ, անհատի կամքի սիներգիան Աստծո կամքի հետ, երկրորդ` համագործակցություն մարդկանց միջև, և երրորդ` համագործակցություն անհատի ներսում` հոգու և մարմնի ներդաշնակ հարաբերությամբ և փոխգործակցությամբ: Ըստ էության, համագործակցությունը ներառում է քրիստոնեական երեք մեծագույն արժեքները` սեր, հավատ, հույս (Ա Կորնթ. 13.13): Այս երեք մեծ արժեքներն են, որ կառուցում են համագործակցության բոլոր տարատեսակները քրիստոնեական արժեհամակարգում, որովհետև, եթե սիրում ես, համագործակցում ես, եթե հավատում ես, համագործակցում ես, եթե հույս ունես, նորից համագործակցում ես: Այս երեք արժեքներն են, որ ամրապնդում են համագործակցության հարատևությունը, թե մարդ-Աստված հարաբերության մեջ, թե մարդ-մարդ փոխհարաբերության մեջ, թե անհատի ներսում` հոգու և մարմնի ներդաշնակության մեջ: Այնուամենայնիվ մեծագույն համագործակցությունը մարդու կյանքում Աստծո հետ է, որտեղից էլ բխում են համագործակցության մնացյալ չափանիշները կյանքում: Առաքյալն ասում է. «Աստծուն գործակից ենք. Աստծու այգին եք, Աստծու կառույցն եք» (Ա. Կորնթ 3.8), և նշում հռոմեացիներին ուղղված նամակում. «Բայց գիտենք, թէ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով» (Հռոմ. 8.28):


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ