«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ո՞րն է ավելի կարևոր. պատմամշակութային հուշարձա՞նը, թե՞ ճանապարհը

Ո՞րն է ավելի կարևոր. պատմամշակութային հուշարձա՞նը, թե՞ ճանապարհը
27.10.2015 | 10:23

Հայկական իրականության մեջ սովորական երևույթ են դարձել պատմական և մշակութային հուշարձանների «ոչնչացումը» և դրանց փոխարեն բիզնես հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների կառուցումը: Հերթական պատմական հազվագյուտ գտածոն է կանգնած վտանգի առաջ, բայց այս անգամ ոչ թե առևտրային կազմակերպություն է դրան փոխարինում, այլ ճանապարհ:
Կարմիր բլուրի մի «հատվածով» է անցնելու «Հյուսիս-հարավ» ճանապարհը, այլ խոսքով` պատմական հուշարձանի «վրայով» ճանապարհ է անցկացվելու: Այս պահին հնաբաններն օրուգիշեր աշխատում են, որպեսզի մինչև նախանշված ժամկետը բոլոր «խորքերը» թափանցեն: Մեր տեղեկություններով, նախագիծն իրականացնողները շտապեցնում են հնէաբաններին, սակայն վերջիններս հազիվ թե կարողանան մինչև դեկտեմբեր ավարտել աշխատանքները:
Ոլորտի մասնագետների հետ փորձեցինք հասկանալ` ի՞նչ ենք կորցնելու, եթե այդ մասով ճանապարհ անցնի և մեկընդմիշտ փակվեն պատմության «դռները»: «Իրատեսի» հետ զրույցում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ, որն ամիսներ առաջ է ստանձնել այս աշխատանքը, ասաց, որ Կարմիր բլուրում պեղումներն արդեն երեք տարի է, ինչ սկսվել են: Չնայած էական խնդիրներին, ճանապարհի կառուցումը, ըստ նրա կարևոր նշանակություն ունի: Բոլորին հայտնի է, որ այդ տարածքում կա գերեզմանոց, որն օր օրի մեծանում է բլրի հաշվին: «Եթե մենք խոսում ենք ճանապարհի կառուցման վնասների մասին, պետք է նշենք նաև, որ մինչ այդ գերեզմանոցի մի մասը հնագիտական շերտի վրա է ընդլայնվել: Նույնիսկ գերեզմանոցին կից ասֆալտապատ հատվածները ընդգրկում են Կարմիր բլուր դամբարանադաշտի մի մասը: Գերեզմանոցն էլ գնալով ավելի է ընդլայնվում»,- ընդգծեց Միքայել Բադալյանը` հավելելով, որ թանգարանը մշտապես միջոցներ է ձեռնարկել, որ գերեզմանոցը չընդլայնվի բլրի հաշվին: «Ճանապարհի կառուցումը մեկընդմիշտ կարգելափակի, կկանխարգելի այդ գերեզմանոցի ընդլայնումը: Մյուս կողմից` ճանապարհը հուշարձանի համար ցանկապատի դեր է տանելու: Սահմանազատում է լինելու հուշարձանի և մյուս տարածքների միջև»,- շեշտեց հնագետը` փաստելով, որ Հայաստանում սկսում է զարգանալ կանխարգելիչ հնագիտության ինստիտուտը, երբ որևէ շինարարություն նախաձեռնելուց առաջ կատարվում են հնագիտական, ստուգողական պեղումներ, հետո միայն իրականացվում: Կարմիր բլուրն այս առումով նախադեպ ստեղծեց: Սա ճանապարհի կառուցման դրական կողմերի մասին, որը, թերևս, հակակշիռ չի կարող լինել այն «կորուստներին», որոնք ունենալու ենք, եթե ճանապարհը կառուցվի առանց տարածքի լիովին ուսումնասիրման: Ի վերջո, տարածքը և՛ գերեզմանի ընդլայնմամբ, և՛ ճանապարհի կառուցմամբ կորուստներ է կրում:
Խնդրի այս կողմին անդրադառնալով` Միքայել Բադալյանը նշեց, որ այս տարիների պեղումները շատ հետաքրքիր դամբարանադաշտ են բացել, որը թվագրվում է երկաթի դարաշրջանին: Այն հատվածի, որտեղով ճանապարհը պետք է անցնի, պեղումները, գտածոները կարող են նոր լույս սփռել երկաթի դարաշրջանի վրա: «Ցավոք, տրված ժամկետների մեջ դժվար թե պեղող հնագետները կարողանան տեղավորվել: Մենք գործ ունենք դամբարանների հետ, երբ պիտի պեղել մի քանի կմախք կամ մարդաբանական նյութ, մետաղե իրեր: Պետք է աչալրջություն, զգուշություն, ժամանակ: Մի փոքր դամբարանի վրա հնարավոր է երկար ժամանակ ծախսվի: Այս առումով դամբարաններից շատերը կարող են չուսումնասիրված մնալ, եթե ժամկետը չերկարաձգվի: Ո՞վ գիտե, գուցե դրանցում շատ կարևոր գտածոներ լինեն, որոնք կարող են կարևոր տեղեկություն հաղորդել հնագույն այդ շրջանի մասին»,- մտահոգություն հայտնեց հնագետը` առաջարկելով հնարավորության դեպքում այլընտրանքային միջոցներ կիրառել, համապատասխան մասնագետների, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ ծավալել: Ըստ մեր զրուցակցի, կարելի է այնպիսի լուծումներ գտնել, որ այդ արժեքավոր հատվածը գոնե մասամբ պահպանվի և աշխարհին ներկայացվի:
Այդուհանդերձ, այս պահին ի՞նչ չափով է ուսումնասիրված այդ տարածքը: «Բազմաթիվ դամբարաններ պետք է պեղվեն, տարածքը բավականին մեծ է: Հնագետների աշխատանքը պահանջում է զգուշություն ու շատ ժամանակ: Իմ կարծիքով, ժամկետն ավարտելուց հետո դեռևս բավական տարածք կմնա առանց ուսումնասիրման»,- պատասխանեց հնագետը` հավելելով, որ առաջիկայում եղանակային պայմանները ևս թույլ չեն տա պեղումներ իրականացնել մեծ թափով, որն ավելի է բարդացնում խնդիրը:
Հնագետների խումբը, որն այս պահին աշխատում է Կարմիր բլուրում` դեռևս չի ցանկանում հրապարակային կարծիք հայտնել: Բայց մեզ հաջողվեց ճշտել որոշ մանրամասներ: Մեզ վստահեցրին, որ եթե ժամանակին չհասցնեն ավարտել պեղումներն ու ճանապարհի կառուցումն էլ ուշանա, Համաշխարհային բանկը Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կկիրառի, քանի որ այդ կառույցն է ֆինանսավորում այս ծրագիրը: Չնայած հնագետների հետ կնքված պայմանագրում կա մի կետ, ըստ որի` նրանք կարող են մի քիչ ժամանակ խնդրել ու կատարել պեղումներ, բայց նույնիսկ այդ պարագայում հնարավոր չէ տարիների աշխատանքը մի քանի ամսում կատարել: Այս պահին, մեր տեղեկություններով, տքնաջան, ծանրաբեռնված աշխատանք են կատարում հնագետները, որպեսզի հնարավորինս շատ պատմության «շերտեր» «փրկեն», քանի որ պաշտոնապես նրանց ասվել է, որ այլընտրանքային ոչ մի միջոց չկա, ճանապարհը սահմանված ժամկետում պետք է պատրաստ լինի:
ՈՒշագրավ է, որ այս հատվածը մինչ այս ծրագրի ներկայացումն ուսումնասիրված չի եղել: Ավելին, անկախության տարիներին վերածվել է աղբանոցի, աղբի բլուրներից մինչև այժմ չի հաջողվում ազատվել: Հուշարձանի աղբավայր դառնալը ոչ մեկին երբևէ չի անհանգստացրել: Հնագետները պեղումների ընթացքում զարմացել են, թե ինչպես են այդ տարածքով հարյուրավոր «կաբելներ», կոյուղային խողովակներ անցկացվել, որոնք ոչնչացրել են բազմաթիվ դամբարաններ: Նրանք անակնկալի են եկել նաև այս տարածքից հայտնաբերված հսկայական նյութից: «Ֆանտաստիկ բացահայտումներ կան, որոնք ոչ միայ հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար անգնահատելի կարող են լինել: Այս ծրագրում և լույսը կա, և մութը: Եթե Համաշխարհային բանկը միջոցներ չտրամադրեր, այս տարածքում պեղումներ չէին կատարվի ու պատմական մի ողջ դարաշրջան կմնար որպես աղբավայր»,- վստահեցրեց տեղում աշխատող հնագետը:
Մի բան ակնհայտ է` ցանկացած պարագայում հուշարձանը տուժելու է: Պարզապես խնդիրն այն է, որ վնասները քիչ լինեն, պատմամշակութային մեծ տեղեկություն «կրող» Կարմիր բլուրով անցնող ճանապարհը որքան էլ առաջնային լինի, չի «արդարացվում» պատմության «հուշագրերի» վկայության ոչնչացմամբ: Կարելի էր այնպիսի համաձայնության գալ, որ առանց Համաշխարհային բանկի «տույժ-տուգանքների» մեծ ժամանակ տրամադրվեր տարածքը լիովին պեղելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ. «Իրատեսը» շարունակելու է հետամուտ լինել խնդրին: Առաջիկայում այս հարցի առնչությամբ կներկայացնենք նաև Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության տեսակետը:

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ