«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ռուս ջրասուզորդները գտել են այն վայրը, ուր թաղված է եղել Մատթեոս առաքյալը

Ռուս ջրասուզորդները գտել են այն վայրը,  ուր թաղված է եղել Մատթեոս առաքյալը
20.10.2015 | 11:08

Մինչ «Комсомольская правда»-ի (28.09.2015) թղթակից ՅԱՐՈՍԼԱՎ ԿՈՐՈԲԱՏՈՎԻ ուշագրավ հրապարակումը ներկայացնելը, ծանոթանանք անհրաժեշտ մի տեղեկանքի.

ա) ԱՌԱՔՅԱԼՆԵՐ
Առաքյալները (հուն. apostolos - առաքյալ, ուղարկված, պատգամավոր) Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկվածներն են, ովքեր պետք է քարոզեին բարի լուրը՝ Աստծո թագավորության հաստատումը երկրի վրա:
Հիսուսն առաքյալներին ընտրեց Հայր Աստծո կամքի համաձայն. նախ, նրանց արդարացրեց իր՝ Հայր Աստծուց ուղարկվածի նկատմամբ հավատքով, այնուհետև փրկագործեց ու մաքրագործեց նրանց. սովորեցրեց իր երկնային պատվիրանները, պատրաստեց իբրև անոթներ՝ իրենց մեջ կրելու Աստծո Խոսքը. տվեց նրանց «իշխանություն պիղծ դևերի վրա» և իր անունով հիվանդություններ բուժելու զորություն (Մատթ. 10.1): Իր մարմնի՝ որպես երկնավոր հացի, և իր արյան՝ որպես երկնավոր գինու բաշխումը կատարեց նրանց մեջ, հարություն առնելով՝ նրանց օծեց երկնքում և երկրի վրա մեղքերը կապելու և արձակելու արտոնությամբ՝ նրանց վրա Սուրբ Հոգու փչմամբ (Հովհ. 20.21-23), ապա, հարությունից հիսուն օր հետո, երբ արդեն համբարձվել էր, նրանց մկրտեց Հորից շնորհված Սուրբ Հոգով ու հրով, որից հետո միայն զորություն հագնելով, նրանք կարողացան կատարել Հիսուսից տրված առաքելական հանձնարարությունը. «…Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28.18–19, տե՛ս նաև Մարկ. 16.14-20, Ղուկ. 24.46-48, Հովհ. 20.19-23, Գործք 1.6-8): Հոգեգալստից ի վեր մարդու եկեղեցագործումը կատարում է աշխարհ առաքված Սուրբ Հոգին:
Հիսուսի ընտրած և նրա հետ շրջող առաքյալները տասներկուսն էին: Նրանք կոչվում են մեծ առաքյալներ, որոնցից մեկն էլ Մատթեոսն էր:

բ) ՄԱՏԹԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ
Մատթեոս առաքյալը և ավետարանիչը նախապես եղել է մաքսավոր հայրենի քաղաքում՝ Կափառնայումում: Նրա հրեական անունն էր Ղևի կամ Լևի, որդին էր Ալփեոսի, որի համար էլ կոչվել է Ղևի Ալփյան: Հիսուսը նրան կանչեց հետևելու իրեն, երբ նա մաքսատանը գործի վրա էր: Նա անմիջապես թողեց գործը և հնազանդվեց Տիրոջը (Մատթ. 9.9-13, Մարկ. 2.13-17, Ղուկ. 5.27-32): Ղևին վերանվանվել է Մատթեոս, որը նշանակում է «պարգև»: Նա իր տանը մեծ ընդունելություն է ցույց տվել Հիսուսին ու նրա աշակերտներին, հրավիրելով նաև պաշտոնակիցների՝ մաքսավորների, հարկահավաքների: Փարիսեցիներն ու դպիրները մեղադրել են Հիսուսին, թե ինչու է նա մաքսավորների ու մեղավորների հետ սեղան նստել: Այստեղ է Հիսուսը տվել իր նշանավոր պատասխանը. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին», նաև «…ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ…» (Մատթ. 9.11-13):
Մատթեոս առաքյալը Տիրոջ խոսքը քարոզել է պաղեստինյան հրեաներին, ապա մեկնել Աֆրիկա, քարոզել և, ըստ ավանդության, մեծ չարչարանքների ենթարկվելով, նահատակվել Եթովպիայում (որոշ պնդումների համաձայն էլ՝ Սիրիայում): Մատթեոս առաքյալը հեղինակ է Նոր կտակարանի առաջին գրքի՝ Մատթեոսի Ավետարանի:
Հայ եկեղեցին Մատթեոս առաքյալի ու ավետարանչի հիշատակը նշում է մյուս երեք ավետարանիչների հետ՝ ս. Խաչվերացի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
Հարկ է նշել, որ բոլոր առաքյալներից բնական մահով մահացել է միայն մեկը՝ Հովհաննես առաքյալ ավետարանիչը։ Նա դատապարտվել էր մահապատժի, բայց հետո աքսորվեց Էգեյան ծովում գտնվող Պատմոս կղզի։


Հայտնաբերվել են նոր ապացույցներ, որ Հիսուսի աշակերտներից մեկի մասունքները պահվել են Իսսիկ-Կուլ լճի հատակն անցած վանքում:
Մատթեոս առաքյալը քրիստոնեության առանցքային դեմքերից մեկն է. նա առաջին Ավետարանի հեղինակն է։ Սակայն նրա կյանքի մասին տեղեկությունները շատ աղքատ են։ Եվ ահա Տոմսկի պետհամալսարանի գիտնականների ջանքերի շնորհիվ հայտնի են դարձել նրա թաղման վայրի հետ կապված սենսացիոն հանգամանքներ։
Այդ առնչությամբ երկար ժամանակ կատաղի վեճեր էին ընթանում։ Սուրբ այրի մասունքներն իբր պահվում են Սալերնո քաղաքի (Իտալիա) Սան Մատթեոյի (Սուրբ Մատթեոսի) տաճարում։ Սակայն պաշտոնական Վատիկանը դիվանագիտորեն շրջանցում է այդ մասունքի ինքնության ճշտման (նույնականացման) հարցը։ Նրա ծագումը շատ մշուշոտ է։
Մեկ այլ վարկածով, առաքյալի մարմինն ամփոփված է եղել հայկական վանքում, որը գտնվելիս է եղել Իսսիկ-Կուլ լճի ափին. դա ժամանակակից Ղրղզստանի տարածքն է։ Այդ փաստը հիշատակել են միջնադարյան աղբյուրները, սակայն մինչ օրս այդ վանքի բուն գոյության ապացույցներ չկային։ Բայց ռուս-ղրղզական միջազգային հնագիտական արշավախմբի կատարած պեղումների ընթացքում հայտնաբերվել է եզակի ձեռակերտ գտածո, որն իսկական հեղափոխություն է արել։ Խոսքը մի խոշոր խեցե սափորի մասին է, որի վրա պահպանված են հայերեն և ասորերեն գրառումներ։ Հին ասորերենը օգտագործվում էր որպես Մերձավոր Արևելքի քրիստոնեական համայնքների պատարագի լեզու։ Իսկ հայերեն տեքստը անհերքելի վկայություն է այն բանի, որ հին վանքը, ուր, ինչպես ենթադրում են, թաղված է եղել Մատթեոս առաքյալը, իրոք գոյություն է ունեցել։
Իսսիկ-Կուլում կատարված ստորջրյա պեղումներին մասնակցել է Տոմսկի պետհամալսարանի ջրասուզորդների «Սկատ» ակումբի թիմը։ Մանրամասները մեզ ներկայացրեց ջրասուզորդների ղեկավար Դմիտրի Գոռնը։

ԻՆՉՈՒ ԵՆ ՄԱՏԹԵՈՍԻ ՄԱՐՄԻՆԸ ԻՍՍԻԿ-ԿՈՒԼ ՏԵՂԱՓՈԽԵԼ
-Դմիտրի, Մատթեոս առաքյալի մասունքներն ինչպե՞ս կարող էին հայտնվել այն վայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու, որտեղ ծնունդ է առել քրիստոնեությունը։
-Որքան հասկանում եմ, սուրբ Մատթեոսի մասունքները Մերձավոր Արևելքից տեղափոխվել են այն հեռավոր ժամանակներում իսլամական մոլեռանդների արշավանքների պատճառով։ Չէ՞ որ այն ժամանակ տեղի էր ունենում նույն բանը, ինչ այժմ տեսնում ենք Սիրիայում՝ կապված Պալմիրայի հնագիտական հուշարձանների հետ։ «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված կազմակերպության) զինյալները բարբարոսաբար ոչնչացնում են անտիկ մասունքները։ Հավանաբար, այն հեռավոր ժամանակներում նույն ճակատագիրն էր սպառնում նաև քրիստոնեական սրբավայրերին, մասնավորապես, Մատթեոս ավետարանչի մասունքների տապանակին։
-Իսկ ինչո՞ւ է վանքը հայտնվել Իսսիկ-Կուլի հատակին։
-Խոսքը միայն վանքի մասին չէ։ Մարդիկ լճի ափին ապրել են հազարավոր տարիներ, սկսած արիական դարաշրջանից (դա 3000 տարի առաջ էր) մինչև ուշ միջնադար։ Մշակույթները փոխարինում էին մեկը մյուսին, բայց 14-րդ դարում ջրի մակարդակը զգալիորեն բարձրանում է, և ամբողջ բնակատեղին անցնում է ջրի տակ։ Հենց դա էլ փրկել է հուշարձանը կողոպտիչների ու «սև փորողների» ձեռքից։ Որովհետև ջրի տակ փորելը շատ ավելի դժվար է։ Այնտեղ պահպանվել են հսկայական քանակությամբ ձեռակերտ առարկաներ։
-Պատմեք մանրամասն այն գտածոյի մասին, որն իր վրա է բևեռել ամբողջ աշխարհի ուշադրությունը։
-Այդ խեցե բեկորը հայտնաբերվել է Չիգու բնակավայրում, որը վաղուց է հայտնի եղել։ Բնակավայրի տարիքը մոտ 2000-2500 է։ Պեղումների ժամանակ մենք օգտագործել ենք տիղմածուծ պոմպ, բայց այս տեղում բեկորը գտնվում էր հատակի մակերևույթին, և ջրասուզորդները հայտնաբերել են սովորական ակնադիտարկման ընթացքում։ Ինչո՞ւ ավելի շուտ չէինք տեսել։ Պատճառը Իսսիկ-Կուլի հնագիտական առանձնահատկությունն է։ Այնտեղ լճի հատակը շատ անհանգիստ է. ուժեղ են հատակամերձ հոսանքները, և առաջանում է այնպիսի երևույթ, ինչպիսին ավազաշերտի տեղաշարժն է։ Արդյունքում մշակութային շերտերը շարունակ մե՛կ բացվում են, մե՛կ ավազով ծածկվում։ Դատելով ըստ ամենայնի, այդ սափորը բացվել է անցած ձմեռ՝ այն վայրի մոտակայքում, որտեղ մենք գտանք այն։ Մինչև վնասվելը անոթը տպավորիչ չափեր է ունեցել։ Այնուհետև հատակի մակերեսով ինչ-որ տարածություն է «անցել», ինչի պատճառով կոտրվել է։ Դա նման անոթների սովորական ճակատագիրն է. անվնաս անոթներ Իսսիկ-Կուլում հազվադեպ են գտնվում։
-Որպես ի՞նչ է ծառայել այդ գտածոն իր տերերի համար։
-Դժվար է ասել, հնարավոր է, որ դա եղած լինի ծիսական սափոր և գտնվել է դամբարանում։ Կամ էլ կենցաղային առարկա է եղել, և ջրի հոսանքներն այն հանել են ինչ-որ բնակավայրի փլատակներից։ Հուսով ենք, որ մասնագետները, ովքեր հիմա աշխատում են մեզ հետ, կկարողանան ինչ-որ տեղեկություն քաղել։ Դա կօգնի ճշտել, տեղայնացնել հայկական վանքի գտնվելու վայրը։ Որովհետև մենք հիմա ի վիճակի չենք մատնանշելու, թե հատկապես որտեղ է այն գտնվել։

ՍԵՄՅՈՆՈՎ-ՏՅԱՆ-ՇԱՆՍԿՈՒ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
-Կա՞, արդյոք, այլ վկայություն այն բանի, որ այստեղ վանք է եղել, և այն էլ նման մասունք պահպանող։
-Կան բազում վկայություններ՝ ինչպես վավերագիր, այնպես էլ ազգագրական։ Հայտնի է, որ ռուս գիտնական Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին Եվրոպայում շրջագայելիս ուսումնասիրել է նշանավոր Կատալոնյան ատլասը՝ պորտուլանը (ծովային քարտեզ - խմբ.), որը հեղինակել է Ավրաամ Քրեսքեսը մոտավորապես 1375 թվականին՝ Արագոնի թագավորի պատվերով։ Քարտեզը մատնանշում էր նաև այն վայրերը աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ քրիստոնյաներ էին ապրում։ Պյոտր Պետրովիչը հայտնաբերել էր, որ Իսսիկ-Կուլի ափին նշված է մի վանք՝ երկու գմբեթով ու դրանց վրայի խաչերով։ Կողքին արված գրառումը ազդարարում էր Իսսիկ-Կուլ անվանումը կրող վայրը. «Այստեղ է հայ եղբայրների վանքը, որտեղ հանգչում է առաքյալ և ավետարանիչ սուրբ Մատթեոսի մարմինը»։ Սա փաստաթղթավորված պատմական և կենսագրական փաստ է։ Այդ քարտեզը ծանրակշիռ վկայություններից մեկն է։ Ներկայումս ընդամենը երկու երկիր է հավակնում իրեն համարելու Մատթեոս առաքյալի թաղման վայր։ Դրանք են Իտալիան և Ղրղզստանը։
-Իսկ սափորի բեկորը, որ դուք գտել եք, վերջակե՞տ է դնում այդ վեճին։
-Առայժմ վաղ է խոսել այն մասին, թե մեր գտածոն իրարանցում է առաջացրել գիտական աշխարհում։ Խեցու բեկորը փորձաքննության մեջ է, որը պետք է հաստատի, որ դրանք իրոք հայերեն և ասորերեն գրառումներ են։ Հուսով ենք, որ մեր ենթադրությունը ճիշտ դուրս կգա, և մենք մեր ճշմարտության ևս մեկ ապացույց կստանանք։
-Հիմա հայկական վանքի որոնումները կդառնա՞ն պեղումների առաջնային ուղղությո՞ւն։
-Հետազոտությունների պլանը մեծապես կախված է այն բանից, թե ինչ ֆինանսավորում կարելի կլինի ստանալ այս կամ այն խնդրի լուծման համար։ Ակնհայտ է, որ վանքի պեղումների համար կարելի է լավ ֆոնդեր գտնել։ Մեր հայտնագործությունը, իհարկե, վիթխարի խթան է դարձել, որ շատ ակտիվորեն աշխատանքներ կատարվեն հայկական վանքի փլատակների և Մատթեոս առաքյալի մասունքների որոնման համար։

Յարոսլավ ԿՈՐՈԲԱՏՈՎ
«Комсомольская правда»
28.09.2015

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ