«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Ֆրանսիական կառավարությունը 1921-ի հոկտեմբերի 20-ի Անկարայի պայմանագրով Կիլիկիան տվեց թուրքերին»

«Ֆրանսիական կառավարությունը 1921-ի հոկտեմբերի 20-ի Անկարայի պայմանագրով Կիլիկիան տվեց թուրքերին»
16.10.2015 | 00:43

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Ի՞նչ եղավ «Թեշքիլաթը մահսուսան» Մուդրոսի հաշտությունից հետո:
-1918 թ. հոկտեմբերի 31-ին՝ Մուդրոսի զինադադարի կնքումից մեկ օր անց, Թալեաթը իր տուն էր հրավիրել իթթիհադական հայտնի դեմքերից Սև (Կարա) Քեմալին և (Կարա) Վասըֆին և ասել. «Ձեզ կանչելու հիմնական պատճառը Մուստաֆա Քեմալն է: Պայմանները շատ ծանր են: Այս խիստ պայմանների դեմ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց ո՞վ է անելու: Պետք է մի ամուր ձեռք: Օրինակ՝ Մուստաֆա Քեմալ փաշան... Նա մաքուր անցյալ ունի: Ժողովուրդն էլ է սիրում նրան: Կարծում եմ, որ Մուստաֆա Քեմալ փաշան մի կարևոր գործ է ձեռնարկելու: Նրան պետք է օգնել»: Այս հանդիպումից որոշ ժամանակ անց հիմնվում է ազգայնական շարժման մեջ կարևոր դերակատարում ունեցած «Կարակոլ» գաղտնի կազմակերպությունը: Այս ընթացքում փոխվում է «Թեշքիլաթը Մահսուսայի» (Հատուկ կազմակերպության) անունը՝ վերածվելով «Ընդհանուր իսլամական աշխարհի հեղափոխական կոմիտե»-ի։ Վերակազմավորման հիմնական նպատակը հայոց ցեղասպանության պատճառով հետաքննության և հետախուզման մեջ գտնվող «Հատուկ կազմակերպության» անդամների պաշտպանությունն էր: Ազգայնական շարժման ձևավորման ժամանակ թուրքերը, ի դեմս իթթիհադականների, մեղադրվում էին քրիստոնյա բնակչության նկատմամբ ցուցաբերած բռնությունների և հատկապես հայերի կոտորածների համար, քեմալականները սկզբնական փուլում ձգտում են դաշնակից պետություններին համոզել, թե իբր իրենք կապ չունեն «Միություն և առաջադիմություն» կուսակցության հետ: Բացի այդ՝ «իթթիհադական» բառը շատերի մոտ գրեթե վերածվել էր հայրենիքի դավաճանի հոմանիշի: Ազգայնական շարժումը նախաձեռնողների մեջ մեծ թիվ էին կազմում Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուները, իսկ այդ շարժման կորիզը «Հատուկ կազմակերպության» անդամներն էին: Մուստաֆա Քեմալը այդ ժամանակներում տված մի հարցազրույցում բառացիորեն ասել է. «Ես «Միություն և առաջադիմություն» կուսակցության ներկայացուցիչը չեմ... Սակայն Ձեր թույլտվությամբ պետք է ասեմ, որ «Իթթիհադ վե թերաքքին» հայրենասեր կազմակերպություն էր»: Այսպես ծնվեց «Ազգային ուխտը» (Միսաքը Միլլի), որ օսմանյան խորհրդարանը 1920 թ. հունվարի 28-ին ընդունեց քեմալականների ճնշմամբ։
-Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Ազգային ուխտը»:
-Ձևականորեն «Ազգային ուխտ» անվանվում էր «անկախության պայքարի ծրագիր», իրականում արտացոլում էր քեմալական շարժման ազգային քաղաքականության հիմնական սկզբունքները։ Ազգային ուխտի սկզբունքները մշակվել էին քեմալականների` 1919-ի սեպտեմբերին Սեբաստիայում (Սվազ) կայացած կոնգրեսում։ Ազգային ծրագրի հիմքում ընկած էր «ազգային սահմանի» սկզբունքը, որը պահանջում էր Թուրքիայի տարածք ճանաչել այն բոլոր հողերը, որոնք Օսմանյան կայսրության կազմում էին Մուդրոսի զինադադարի (1918) կնքման պահին՝ առանց արաբական երկրների (մոտավորապես այժմյան Թուրքիայի Հանրապետության տարածքը)։
-Ինչպե՞ս էր լուծում ազգային հարցը «Ազգային ուխտը»:
-«Ազգային ուխտ»-ը ոտնահարում էր թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների՝ հույների, ասորիների, քրդերի, և այլոց կենսական շահերը, սակայն ամենամեծ հարվածը հասցնում էր հայ ժողովրդին՝ բացառելով միացյալ և անկախ Հայաստանի ստեղծումը Փոքր Ասիայի արևելքում՝ հայ ժողովրդի բնօրրանում։ «Ազգային ուխտ»-ի 2-րդ կետը վերաբերում էր Կարսի, Արդահանի և Բաթումի շրջաններին, ուղղված էր այդ տարածքների նկատմամբ հայերի և վրացիների անվիճելի իրավունքների դեմ։ «Ազգային ուխտը» 5-րդ կետով ազգային փոքրամասնությունների ճանաչումն ու իրավունքների ապահովումն անմիջական կախման մեջ էր դնում հարևան երկրների իսլամադավան բնակչության իրավունքների ճանաչումից։ Քեմալականները շարունակում էին ազգային փոքրամասնությունների նկատմամբ նախորդների քաղաքականությունը։
-Ո՞րն էր նրանց բուն նպատակը:
-Քեմալական շարժումը հետապնդում էր երկու նպատակ՝ պահպանել թուրքական լայնածավալ պետությունը, պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ։ Այդ պայքարում քեմալական շարժումը չխորշեց նաև ցեղասպանությունից՝ Արևելյան Հայաստանում և Կիլիկիայում կոտորելով հայերին, Պոնտոսում և Փոքր Ասիայի արևմուտքում՝ հույներին և հայերին։ 1919-ի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 6-ը Կարինում (Էրզրում) տեղի է ունենում «Արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության» կոնգրեսը, որն ընտրում է ներկայացուցչական կոմիտե՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, դա ստեղծվելիք նոր Թուրքիայի առաջին ժամանակավոր կառավարությունն Էր։ 1919-ի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում (Սվազ) տեղի է ունենում «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների» համաթուրքական կոնգրեսը, որին մասնակցում են 33 պատգամավոր Անատոլիայի (Փոքր Ասիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվող տարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չի ճանաչում Մուդրոսի զինադադարով որոշված սահմանները և պայքարի կոչ է անում՝ պահպանելու Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Կարինի և Սեբաստիայի կոնգրեսները մերժում են հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծման գաղափարը։ Իրենց զավթողական ծրագրերը քողարկելու նպատակով Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի արդարացի պահանջը քեմալականները որակում են նվաճողական ձգտում։ Մուստաֆա Քեմալը նշում էր, որ «ազգը ոչ մի թիզ հող չի զիջի Հայաստանին»։ 1919 թվականի վերջին քեմալական շարժման կենտրոնը Անկարան դարձավ։ Շարժման կորիզը Փոքր Ասիայի կենտրոնում գործող գյուղացիական զինված ջոկատներն էին («ազգային ուժեր»)։ Քեմալականները պայքարում էին երկու ճակատով, արևմուտքում՝ Հունաստանի, արևելքում՝ Հայաստանի Հանրապետության դեմ։ Օգտվելով Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների հակասություններից՝ քեմալականները զենք են գնում Ֆրանսիայից և Իտալիայից։


-«Ոչ մի թիզ հող չի զիջի Հայաստանին» կարգախոսը ո՞ւմ էր ուղղված:
-1920-ի ապրիլի 23-ին Անկարայում ստեղծվում է մեջլիս՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) և կազմում է կառավարություն Քեմալի գլխավորությամբ, որը չի ճանաչում 1920-ի օգոստոսի 10-ին Անտանտի և Օսմանյան կայսրության սուլթանական կառավարության միջև կնքված Սևրի պայմանագիրը։
1920-ականներին, քեմալական իշխանությունների երկիրը թրքացնելով՝ ազգային-էթնիկ միատարր պետության վերածելու քաղաքականությունը գրեթե copy-paste էր իթթիհադականների՝ քրդերին օգտագործելով Արևմտյան Հայաստանն իր հազարամյա բնիկ տարրից մաքրելու՝ «չկա հայ, չկա հայկական հարց» սկզբունքի: Այս տրամաբանությամբ վարվող քաղաքականության շարունակությունը պատճառ դարձավ հայերից բռնազավթված բուն երկրի տարբեր հատվածներում ապրող ալավիների, ղզլբաշների, զազաների և քրդերի ապստամբությունների: 1920-ի նոյեմբերի 25-ին Սեբաստիայի, Դերսիմի և Երզնկայի բնակիչ բազմաթիվ զազա աշիրեթներ Անկարայի կառավարությանը նոտա են հղում, պահանջելով Սևրի դաշնագրի իրագործումն ու բանտերից իրենց ազգակիցներին անհապաղ ազատ արձակելը։ Պահանջում էին նաև թուրք պաշտոնյաներին հետ կանչել իրենց բնակության վայրից, որտեղ իրենք ազգաբնակչության մեծամասնությունն էին կազմում, և Քոչգիրիի շրջանից ընդմիշտ հանել թուրքական զորքերը: Ստեղծված խիստ անհանգիստ դրությունից մտահոգված՝ Անկարայի կառավարությունը ստիպված իր ենթակայության տակ գտնվող զորքերի մի մասը հունական ռազմաճակատից հանելով ուղղեց նրանց դեմ: Թուրք բանակայիններին հաջողվեց տարաձայնություններ առաջացնել խռովարարների մեջ և մասնատել նրանց ուժերը, որից հետո 1921-ի մարտի 6-ին սկսված զազայական ապստամբությունը հունիսի 17-ին ճնշվեց: Քոչգիրիի ապստամբությունը արյան մեջ խեղդած, «Մորուքով» մականվամբ հայտնի Նուրեդդին փաշայի` քրդերին ևս հայերի ճակատագրին արժանացնելու առթիվ արտաբերած «Ծո’երին վերջը բերինք, հերթը՝ Լո’երինն է» խոսքն այդ ժամանակից թևավոր դարձավ։ Ծո’երը հայերն էին, Լո’երը` քրդերը։
-Իսկ մեծ տերությունները Մուստաֆա Քեմալին գործելու ազատությո՞ւն էին տվել:
-Հիշո՞ւմ եք, որ 1921-ին Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Անկարայի կառավարության հետ, որով հրաժարվում էր քեմալականների դեմ պայքարից, իր զորքերը վերջնականապես հանում Կիլիկիայից՝ թուրքական զորքերին հայկական նոր կոտորածների հնարավորություն տալով։ Ֆրանսիական Գերագույն կոմիսարիատի տվյալներով` 1919-ին Կիլիկիայում ապրում էր 120 հազար հայ (Փարիզում Հայ ազգային պատվիրակության տվյալներով` 130 հազար հայ), իսկ 1920-ին ամբողջ Կիլիկիայում (ներառյալ Մարաշը) ապրում էր արդեն 160 հազար հայ: Քանի որ հայկական ռազմական ուժերը բավարար չէին Կիլիկիայում ռազմական ու վարչական հսկողություն սահմանելու համար, Ֆրանսիան համաձայնեց այնտեղ տեղակայել անգլիական զորքը: 1919-ի փետրվարի կեսին զինվորական իշխանությունը Կիլիկիայում կենտրոնացվեց անգլիական հրամանատարության ձեռքում: Նոյեմբերին անգլիական զորքերը փոխարինվեցին ֆրանսիական զորամասերով: Բայց ֆրանսիական վարչությունը ոչ մի միջոց չէր ձեռնարկում հայերի անվտանգությունը ապահովելու համար: Տեղերում իշխանության գլուխ մնացել էին թուրք պետական պաշտոնյաները, մահմեդականները զինաթափված չէին: Օգտվելով ֆրանսիական վարչության անորոշությունից` քեմալական զորքերը և տեղացի չեթե խուժանը սկսեցին հաշվեհարդար տեսնել հայ բնակչության հետ: 1920-ի հունվարին 20-օրյա մարտերի ընթացքում զոհվեցին 11 հազար մարաշցիներ, մնացած 8 հազարը ստիպված էր տեղափոխվել Սիրիա: Այնուհետև թուրքերը պաշարեցին Հաճնը, որտեղ (1914-ի դրությամբ) 30-35 հազար հայ բնակչությունից փրկվեց միայն 6 հազարը: 8-ամսյա հերոսական դիմադրությունից հետո Հաճնի հայերը 1920-ի հոկտեմբերին պարտվեցին, միայն քաղաքի 300 պաշտպանների հաջողվեց ճեղքել պաշարման օղակը և հեռանալ: 1920-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարեցին Այնթապը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր խուսափեցին կոտորածից, բայց երբ ֆրանսիական զորքերը թողեցին Կիլիկիան, Այնթապի հայերը 1921-ից սկսեցին տեղափոխվել Սիրիա: 1920-ին քեմալականները բնաջնջեցին Զեյթունի կենդանի մնացած հայ բնակչությանը: Այսպիսով քեմալականները, ըստ էության, ավարտեցին Կիլիկիայի հայերի բնաջնջումը: Ֆրանսիական կառավարությունը ոչ միայն չէր կատարել իր դաշնակցային պարտականությունները, այլև 1921-ի հոկտեմբերի 20-ի Անկարայի պայմանագրով Կիլիկիան տվեց թուրքերին: Ակնհայտ է, որ թուրքական իշխանություններն ու ֆրանսիական զինվորականությունը 1920-21-ին Կիլիկիայի 25 հազար հայ զոհերի և ողջ մնացածների հայրենազուրկ դառնալու պատասխանատվությունն են կրում մեր ու պատմության առաջ: 1923-ի սկզբին 6 հազար ուրֆահայեր (մինչև 1915-ը ՈՒրֆայի հայ բնակչությունը 30 հազար էր) ստիպված էին հեռանալ և բնակություն հաստատել Հալեպում: 1922-ին վերջնական պարտություն կրելով՝ հունական ուժերը ևս ստիպված թողնում են Փոքր Ասիան. թուրքական զորքերը ներխուժում են Զմյուռնիա (Իզմիր) և տեղում կոտորում հայ և հույն խաղաղ բնակչությանը։ 1922-ի հոկտեմբերի 11-ին Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվում է զինադադար քեմալականների և Անտանտի երկրների միջև։ Հոկտեմբերի 13-ին զինադադարին է միանում Հունաստանը։ Պատերազմն ավարտվում է Լոզանի կոնֆերանսով (1922-23), որը ճանաչում է թուրքական անկախ պետությունը։
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 6199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ