ԱՅՍ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՈՉ ԹԵ ԱՆԱՎԱՐՏ Է, ԱՅԼ ԱՎԱՐՏ ՉՈՒՆԻ
Երևանին կից Առինջ գյուղում գտնվող երկհարկանի տունը գուցե ոչնչով չտարբերվեր գյուղի մյուս տներից, եթե չլիներ դռան վերևի ցուցանակը` «Լևոնի աստվածային գետնափոր հրաշք թանգարանը գյուղ Առինջում»:
Երկհարկանի տան ներքևում 21 մետր խորությամբ քարանձավ «կերտելու» համար Լևոն Առաքելյանից պահանջվել է 23 տարի: 2009-ին, 67 տարեկան հասակում, նա հեռացավ կյանքից: Անելու դեռ շատ բան ուներ, բայց մի բան պարզ է` այս աշխատանքը ոչ թե անավարտ է, այլ ավարտ չունի:
Ինչպե՞ս է հղացել սեփական տան տակ քարանձավ ստեղծելու գաղափարը: Վարպետի այրին` Տոսյա Ղարիբյանը, պատմեց, որ շատ տարիներ առաջ խնդրել է ամուսնուն կարտոֆիլը պահելու համար հոր փորել տան մառանում: Հողը փորել է, հանդիպել քարի: Կինը խնդրել է դադարեցնել աշխատանքը, սակայն անբացատրելի մի ուժ վարպետին ստիպել է ձեռքից վայր չդնել մուրճն ու հատիչը: Տիկին Տոսյայի խոսքով` գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ, շաբաթ-կիրակի չուներ վարպետ Լևոնը, քնում էր օրվա մեջ երկու-երեք ժամ: Հետո արդեն, երբ աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ եկել են այս քարե աշխարհն ու զարմանքով ասել` հրաշք է, նա կնոջը հիշեցրել է իր տեսած երազը: Տարիներ առաջ սպիտակ մառախուղի միջից մի ձայն ասել էր իրեն` աշխարհով մեկ մի հրաշք կգործես: Մոռացել էր պատգամն ու անցել իր առօրյա կյանքին:
ԹՎՈՒՄ Է` ՀԱՅՏՆՎԵԼ ԵՍ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ ՈՒ ԱՆՎԵՐՋ ԿԱՐՈՂ ԵՍ ՊՏՏՎԵԼ ՍԵՆՅԱԿԻՑ ՍԵՆՅԱԿ
Մառանի դուռը բացվում է, ու քարե անտաշ աստիճանները տանում են դեպի ստորգետնյա հրաշքը: Քարանձավը, ինչպես նշեցի, ունի 21 մետր խորություն: Վարպետի կինը նկատում է, որ աստիճանաբար ես իջնում ու չես զգում խորությունը: Մեզ ուղեկցում էին վարպետի թոռնիկները` փոքրիկ էքսկուրսավարները:
Թույլ լուսավորված քարե դղյակը, ասես, կտրում է ոտքերդ գետնից, դրսի աշխարհից: Առեղծվածային են պատկերները, ելք ու մուտքը, թվում է` հայտնվել ես լաբիրինթոսում ու անվերջ կարող ես պտտվել սենյակից սենյակ: Քարանձավն ունի 7 սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Քարանձավի մակերեսը 280 քառակուսի մետր է, ջերմաստիճանն այստեղ ամառ-ձմեռ 10 աստիճան է: Օդը սառն է, խոնավ, բայց ոչ խեղդող: Վարպետը հոգ է տարել, որ իր դղյակը օդանցք ունենա: Դեպի վեր ձգվող զարմանահրաշ օդանցքից նշմարվում է դրսի աշխարհի լույսը: Քարանձավում խաչեր կան փորագրված, կա նաև մի վայր, որտեղ, ասում են, եթե երազանք պահես, անպայման կիրագործվի: 21-րդ դարը ոչ մի կապ չունի այս աշխարհի հետ: Ժամանակակից տեխնիկան այստեղ չի օգտագործվել: Տեխնիկա, էլեկտրական գործիքներ նվիրելու առաջարկները վարպետը մեժել է, երբ հարցրել են, թե ինչով կարող են օգնել, միայն մուրճ ու սեպ է խնդրել:
Աշխատանքը ավարտուն չէ, տիկին Տոսյան ասաց, որ ներքևում իր համար սենյակ էր սարքում. «Ես զարմանում էի, ասում էի` դու սենյակ չունե՞ս: Բայց գիտեմ, որ եթե այդ սենյակն էլ ավարտեր, էլի շարունակելու էր աշխատանքը»:
ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՆՈՅ
Այս վայրը առեղծվածային է, բայց` անվտանգ: Իր աշխատանքի նախագիծը, հաշվարկները, ամեն քայլը վարպետը տեսել է երազում: Մի առիթով ասել է, որ պատից այն կողմ տեսել է բոլոր անցումները` ուղիները, հատման կետերը ու երբեք չի շեղվել, չափումների ճգրտության մեջ էլ մասնագետները բազմիցս համոզվել են:
Վարպետ Լևոնին վաստակավոր քարանձավախույզի կոչում են շնորհել, նրան կոչել են մեր ժամանակի Նոյ, ֆիլմեր են նկարահանվել, բազմաթիվ հոդվածներ են գրվել: Քարանձավը գրավել է նաև կինոաշխարհի մարդկանց ուշադրությունը: Այստեղ նկարահանվել են ֆիլմեր, այդ թվում` հանրահայտ «Քրմուհին»: Գրեթե ամեն օր քարանձավ են այցելում զբոսաշրջիկներ աշխարհի ամենատարբեր վայրերից:
Թանգարանն ինքնին հրաշք է, ձևավորման, ավելորդ դետալների կարքի չունի, ինքնագործ լուծումներից կարող է ոչ միայն չշահել, այլև տուժել: Մասնագիտական նրբաճաշակ մոտեցումը, սակայն, ավելի ներկայանալի կդարձներ այն այցելուների համար: Տիկին Տոսյան ասաց, որ վերանորոգման կարիք ունեն մուտքը, սենյակները, աստիճանները մաշված են: Ինքն է փորձել վերականգնել, բայց հաջող չի ստացվել:
Հավելենք, որ դեպի քարանձավ տանող սենյակը վերածվել է թանգարանի, որտեղ պահվում են վարպետ Լևոնի հագուստները, նրա մասին մամուլի հրապարակումները, մատյանները, որոնցում այցելուները գրել են իրենց տպավորությունները: Թանգարանում պահված են գործիքներ, որով աշխատել է վարպետը: Պատերին պատվոգրեր են, նամակ-բանաստեղծություններ, լուսանկարներ:
Տան բակին կից այգին նույնպես զարմանահրաշ, հեքիաթային ձևավորում ունի: Պատերից այցելուներին են նայում տանտիրոջ ու նրա տիկնոջ փորագիր պատկերները:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի