«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Մարդ, ում հետ շփվելը մեծագույն վայելք է

Մարդ, ում հետ շփվելը մեծագույն վայելք է
02.10.2015 | 00:09

Իրենց ազնիվ աշխատանքով մեծագույն հարգանքի արժանացած մարդկանց մեջ ինչ-որ հրապուրիչ բան կա, որ ձգում է քեզ, ու մեջդ մի անդիմադրելի ցանկություն է առաջանում հանդիպելու նրանց, ապրելու նրանց հետ շփվելու բերկրանքը։ Երախտագիտությամբ ես մտածում նման մարդկանց մասին։ ՍՏԱԽՈՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մեկն է նրանցից։

Այս տարվա ամռանն էր, հանդիպեցինք Արցախում, իր հարազատ քաղաքում` Մարտունիում։ Այնտեղ է ապրում ընտանիքով։ Վաղուց չէի տեսել նրան` այդ հմայիչ հոգու տեր մարդուն։ Նույն հասարակ, պայծառ, բարի դիմագծերով մարդն էր իմ առջև։ Տարիները ձյուն են մաղել մազերին։ Դժվարությամբ է քայլում. ես գիտեի, որ վերջերս ծանր վիրահատություն է տարել։ Գիտեի նաև, որ շուտով ծննդյան 80-ամյակը պիտի նշեր, ուզում էի բաց չթողնել առիթը, հոդված գրել նրա մասին։
Համառոտակի պատմեց իր կյանքը, ու ես հասկացա, որ ծանր փորձությունների միջով է անցել Ստախոն Պետրոսյանը, հաղթահարել ցուրտը, պատերազմը, մահը, ամեն ինչի դիմացել` կամքի ուժով պահպանելով տոկունությունը։ Հայրենի եզերքի ճակատագրով այրվող մեծ հայրենասերի կյանք է դա։
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղն է նրա ծննդավայրը։ Ազատամարտի օրերին ազերիներն ամեն գնով փորձում էին զավթել գյուղը, բայց չէր հաջողվում։ Հրոսակների ճանապարհին Մաճկալաշենի հողը դառնում էր գրանիտե պատ` իր քաջակորով զավակների արիությամբ շաղախված։ Գյուղն այդպես էլ մնաց անառիկ։
Ես եղել եմ Մաճկալաշենում, տեսել մինչև հիմա էլ պահպանվող թեժ մարտերի հետքերը, այցի եմ գնացել գյուղի մարտական փառքի գերեզմանատանը հանգչող զոհվածների շիրիմներին, կանգնել թարմ ծաղիկներով պատած շիրմաքարերի առջև ու նայել նրանց լուսանկարներին` բոլորն էլ ջահել, կորովի տղաներ։ Նրանք հայրենի երկիրն են պաշտպանել, ամենաթանկն ու ամենասուրբը, պաշտպանել են այն սև հորդայից, որ գալիս էր ավերելու մեր օջախը, սպանելու մեր երեխաներին, պղծելու մեր հողը։ Ինքնազոհաբերման գնով են պաշտպանել նրանք`
Կյանքն իրենց մահով
Հետ գնածները
Եվ իրենք իրենց
Չփրկածները...

Ռոժդեստվենսկու տողերն են։
Արցախյան պատերազմի ամենածանր օրերին Ստախոն Պետրոսյանը Մարտունիում էր, դեռևս նոր կազմավորված չորրորդ մոտոհրաձգային գումարտակի շտաբի պետն էր։ Այդ ժամանակ 57 տարեկան էր նա։ Չորս տարի շարունակվող արյունահեղ մարտերում ամեն ինչի վարժվեց, ձեռք բերեց այն ամենը, ինչ պետք է ունենա գումարտակի շտաբի պետը։
Պատմել է ինձ, թե ինչպես է փրկել Մարտունու կենտրոնական գրադարանում պահպանվող գրքերը։ Սխրանք էր դա. հակառակորդի արձակած «Գրադի» արկի պայթյունից հրդեհվել էր գրադարանի շենքը։
Ստախոն Պետրոսյանը թանկ հուշեր ունի պահած Մոնթե Մելքոնյանի մասին։
-Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար նշանակվելուց հետո Մոնթեն բեկում մտցրեց ռազմաճակատում։ Նա անջատ ջոկատներից ստեղծեց բանակային կուռ ստորաբաժանումներ, ամրապնդեց կարգապահությունը, և կտրուկ փոխվեց իրավիճակը,- պատմում էր նա։- Մոնթեն յուրահատուկ էր ամեն ինչով` քաջությամբ, ազնվությամբ ու արդարամտությամբ, պարզ էր, անկեղծ, մենաշնորհներից հեռու։ Նա իր ամսական աշխատավարձը տալիս էր ռազմաճակատ մեկնած ազատամարտիկների ընտանիքներին։ Նրա հայացքը միշտ էլ զինվորի հանդեպ անհուն սիրով էր ողողված։ Մոնթեն մեծ անհատականություն էր, կենդանի լեգենդ։ Նման մարդկանց կյանքը, ո՛չ, չի կարող ընդհատվել։
Մոնթեի մասին այս պատմությունները լսելիս հուզվում էի ու համարյա ամեն օր տեսնում խիզախ զորահրամանատարին, թե ինչպես է սիրում զինվորներին, որ ուժն են բանակի, ինչպես է նրանց հետ մեկտեղ նետվում գրոհի, խնայում ու պահպանում նրանց կյանքը։
Ստախոն Պետրոսյանի պատմածներից հասկացա, որ իր կյանքում մեծ դեր է խաղացել Մոնթեն։ 1992-ին էր, երբ գումարտակի հրամանատար Մավր Օհանյանը նրան ներկայացրեց զորավարին։
-Մոնթեի հետ առաջին հանդիպումն էր դա,- շարունակում էր պատմել Ստախոն Պետրոսյանը։- Շեշտակի նայեց ինձ, հայացքով տնտղեց ոտից գլուխ, ապա զրուցեց հետս. պողպատի զնգոց կար հոգու խորքերից ելնող նրա ձայնի մեջ։
Եվ Մոնթեն վստահել է նրան` 57-ամյա պահեստի կապիտանին, նրան նշանակել գումարտակի շտաբի պետ` գիտակցելով, որ կյանքի մեծ դպրոց անցած մարդու վարչական աշխատանքի հարուստ փորձը շատ բանով կարող է օգնել որոշումներ կայացնելու գործում։ Իսկ Ստախոն Պետրոսյանը մարդկային կյանքի մեծ դպրոց է անցել։ Ես հիմա չեմ ուզում մեկ առ մեկ թվել այն բոլոր պաշտոնները, որ զբաղեցրել է նա` դեռևս խորհրդային տարիներին։ Բայց չեմ կարող չնշել այն փաստը, որ նրա օրոք, երբ Մարտունու շրջխորհրդի գործկոմի նախագահն էր, ծաղկել, բարգավաճել են շրջանի բնակավայրերը։ Այդ ազնիվ մարդը տներ է կառուցել, դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ բարեկարգել, ապրել մարդկանց հոգսերով, նրանց կենսական հարցերով։
Ինձ միշտ էլ հիացմունք էին պատճառում ղեկավար աշխատողի նրա պահվածքը, անբասիր, օրինակելի վարքագիծը։ Կյանքի ճանապարհին բազմաթիվ մարդկանց է հանդիպել, նաև` նշանավորների, իր խոսքի արվեստով, կենսափիլիսոփայությամբ ներծծված զրույցներով հիացրել բոլորին։
Դեռ Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի ուսանող էր, երբ հանդիպեց Հայաստան ժամանած Տիգրան Պետրոսյանին։ Նրան հրավիրել էին ինստիտուտ` ուսանողների հետ շախմատային մրցաշար անցկացնելու։ Մրցաշարի մասնակիցների խմբում նաև պատանի Ստախոնն էր ընդգրկված։
Հուզվում էր, երբ այդ հանդիպման մասին էր պատմում.
-Հիշում եմ, 10 քայլից հետո Տիգրան Պետրոսյանը որոշեց թագուհին զոհաբերել. «Չվերցնե՛ս, վտանգավոր է», հուշում էին ինձ իմ երկրպագուները։ Չլսեցի, վերցրի թագուհին։ Պետրոսյանն անմիջապես ձիով մատ արեց։ Ես ձեռքս մեկնեցի աշխարհի չեմպիոնին ու ներկայացա. «Պետրոսյան»։ Նա ժպտաց, նայեց աչքերիս ու ասաց. «Ազգանունդ շուտ իմանայի, ոչ-ոքի կխաղայինք»։ Այդ օրը տոն էր ինձ համար։
Ստախոն Պետրոսյանին գիտեի դեռևս ութսունական թվականներից։ Լրագրողի իմ աշխատանքը հնարավորություն էր ընձեռում հաճախակի գործուղվելու Արցախ։ Հանդիպում էինք, և ամեն անգամ վերադառնում էի այդ հանդիպումներից ստացած ջերմ տպավորություններով։
1985-ին էր։ Բաքվում հայերեն «Կոմունիստ» հանրապետական թերթի խմբագրությունում էի աշխատում, նամակների բաժնի վարիչն էի։ Գործուղվել էի Արցախ` Մարտունու շրջան։ Այդ ժամանակ կուսակցության Մարտունու շրջկոմի առաջին քարտուղարը Ստախոն Պետրոսյանն էր։ Հաջորդ օրը պիտի գնայինք Գիշի. Արցախի չքնաղ գյուղերից է, կանաչ այգիների մեջ սուզված։ Մեզ հետ էր նաև Շմիդտի անվան կոլտնտեսության կուսկազմակերպության քարտուղար Շահեն Փարամազյանը։ Գարուն էր, մայիս։
Արդեն մոտենում էինք գյուղին։ Ճամփեզրյա մի կանաչ բացատի մոտ ավտոմեքենան կանգ առավ։ Այդտեղ սեղան էին բացել։ Մեզ հրավիրեցին սեղանի մոտ։ Ալկոհոլիզմի դեմ պայքարի օրերն էին։ Լավաշ ու պանիր էր սեղանին, մեղր, գյուղի թարմ, նոր թխած ժենգալով հաց էր նաև։ Այդ ինչ համ էր, և դա ինձ համար ժենգալով հացի համ չէր միայն, հայրենի դաշտերի ու հովիտների արևալույսի համն էր դա, արցախյան բարեբեր հողի համը։
Հետդարձի ճանապարհին Ստախոն Պետրոսյանը ավտոմեքենայի պատուհանից անընդհատ վարելահողերին էր նայում, ճանապարհի երկայնքով ձգվող խաղողի այգիներին. այնտեղ մարդիկ էին աշխատում։
-Արցախցին դարեր շարունակ հմուտ այգեգործ է եղել, նա սիրում է իր հողը ու պիտի ապրի այս հողի վրա,- ասաց ու լռեց, ներանձնացավ` սուզվելով մտքերի մեջ։ Ի՞նչ էր մտածում այդ պահերին շրջկոմի առաջին քարտուղարը, դժվար էր ասել։
1988-ի փետրվարյան օրերն էին։ Արցախն ալեկոծվում էր։ Հանրահավաքների ու ցույցերի հուժկու ալիքը հասավ նաև Մարտունի։ Քաղաքի կենտրոնական հրապարակը լեփ-լեցուն էր։ Շրջանային նստաշրջանը և կուսշրջկոմի պլենումը որոշում էին ընդունել` Արցախը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին վերամիավորելու մասին։ Որոշումն արդեն հրապարակվել էր շրջանային թերթում, մարդկանց երակներում բորբոքել ազգային-ազատագրական պայքարի կրակը։ Ժողովուրդը մեծ ոգևորություն էր ապրում։ Հաջորդ օրը կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Ստախոն Պետրոսյանին և շրջխորհրդի գործկոմի նախագահ Սլավիկ Սեյրանյանին կանչել են մարզկոմ։ Ներկայացել են Բորիս Կևորկովին։ Կուսակցության մարզկոմի առաջին քարտուղարը, զայրույթը դեմքին, հայհոյանքներ ու սպառնալիքներ է տեղացել նրանց վրա։ Վիրավորանքների շամփրող ցավը ատամների տակ սեղմած` վերադարձել են Մարտունի. կենտրոնական հրապարակում հավաքված հոծ բազմությունը նրանց էր սպասում։
Եվ ահա առավոտյան շրջկոմի առաջին քարտուղարի աշխատասենյակը լցվեց ցուցարարներով.
-Ընկեր Պետրոսյան, չընկճվե՛ք, ժողովուրդը Ձեզ հետ է։
Ո՛չ, չընկճվեց։ Կարծր ուղեղներով բյուրոկրատ-ղեկավարները չէին կարող հասկանալ, որ Ստախոն Պետրոսյանի ու նրա նմանների ոգին անհնար է ընկճել, որ ազատագրական պայքարի կրակով բռնկված այդ ոգին անպարտելի է։ Նա մինչև վերջ հավատարիմ մնաց հայրենիքին նվիրումով ծառայելու իր երդմանը։ «Պատվո նշան», «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանները, մարտական պարգևներն ու պատվոգրերը դրա արժանի գնահատականն են։ Սակայն այդ համեստ մարդու համար ամենաբարձր գնահատականը սերն է ժողովրդի։ Այդ սերը բնական է, սրտաբուխ, ջերմագին։ Այդ սերը Ստախոն Պետրոսյանը տարիների իր ազնիվ, տքնաջան աշխատանքով է վաստակել։
Երկու որդիների հայր է նա. երկուսն էլ պատերազմի դաժան դպրոցն են անցել։ Երկուսն էլ զինվորականներ են, ավագ սպաներ։ Գագիկը պաշտպանության բանակի զորամասերից մեկի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ է, Գառնիկը` Մարտունու տարածքային զինկոմը։
Երբ զրուցում էինք, հայրը հիացմունքով էր խոսում որդիների մասին. «Իմ ամենամեծ հպարտությունը իմ զավակներն են, հիմա իմ կյանքը նրանք են իմաստավորում»։
Արդեն պիտի հրաժեշտ տայի, խանդաղատանքով նայեց ինձ.
-Մեկ էլ ե՞րբ կհանդիպենք, բարեկամս,- ասաց ու ձեռքը տարավ դեպի գրպանը, հանեց թաշկինակը, սրբեց խոնավ աչքերը։ Ողջագուրվեցինք։ Այդ պահին ինձ համար չկար ավելի թանկ բան, քան վաղեմի բարեկամի հետ ողջագուրվելու ջերմությունը։
ՈՒ հիմա անհամբերությամբ սպասում եմ նրա ծննդյան օրվան, որ գնամ Արցախ, գնամ իմ երախտիքի խոսքն ասեմ այդ հրաշալի մարդու 80-ամյա հոբելյանին, մարդ, ում հետ շփվելը մեծագույն վայելք է։


Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ