Շվեդիայի կառավարությունը դադարեցրել է ուղիղ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ՝ երկրում դեմոկրատիայի նահանջի, մասնավորապես, օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի ընդունման պատճառով։ Շվեդիայի միջազգային համագործակցության նախարարի փոխանցմամբ՝ Ստոկհոլմը պատրաստ է վերականգնել համագործակցությունը, եթե Վրաստանը կրկին փոխի քաղաքական գիծը, ինչը քիչ հավանական է թվում, քանի դեռ «Վրացական երազանքը» մնում է իշխանությունում։               
 

Տեր Ստեփանը

Տեր Ստեփանը
18.09.2015 | 01:30

Դուռը անսովոր շրխկոցով բացվեց։ Տեր Ստեփանը այլայլված ներս մտավ։ Իրիցկինը, ում իսկական անունը գյուղացիները վաղուց մոռացել էին, անմիջապես գուշակեց, որ 1937-ի ուրվականն արդեն ընկել է ամուսնու հետևից։
-Իրիցկի՛ն, էսօր իմ հետևից գալու են, կեսօրին գյուղսովետի մոտ մի քանիսը երկար ինձ էին նայում ու քչփչում։ Ես գիշերը կմնամ գոմում, կթաքնվեմ խուշկիների (ոչխարի գոմաղբի) մեջ։ Ինձ որ հարցնեն, ասա՝ հարևան գյուղերում է։ Լույսը բացվի, մի բան կմտածեմ։
Ադամամութ էր։ Փետրվարյան ցուրտը ոռնում էր Աշնակի փողոցներում, զարկվում դռներին ու երդիկներին. քար ու փետ կպել էին իրար։ Նույնիսկ ամենահաչ շները պապանձվել էին։
Դուռը բռունցքներով զարկեցին։ Իրիցկինը դողաց դռան հետևում.
-Ո՞վ է։
-Դուռը բացե՛ք, թե չէ կջարդենք։
Ձնախառն երկու ստվեր ներս մտան։ Բոյովը, ճրագը շրջելով քնածներին, կարճ կապեց.
-Տերտերն ո՞ւր է։
Կոլոտը քննախույզ աչքերով շարունակում էր փնտրել։
-Տեր Ստեփանը հարևան գյուղերում է, գիշերը չի եկել։
-Չե՛մ հավատում, գնանք գոմը ստուգելու,- սաստեց բոյովը՝ ճրագի լույսը ուղղելով գոմի դռանը։
Քիչ անց կիսամութի մեջ բոյովը գոռաց.
-Գյուղի գանձը գտա՜, գտա՜։
Կոլոտին թվաց, թե Էրգրից բերած ոսկու կճուճ է գտել։ Ոգևորված առաջ գնաց։ Բոյովը բռնել էր տեր Ստեփանի օձիքից ու քաշում էր խուշկիներից դուրս։ Երբ երեքով մտան թոնրատուն, տեր Ստեփանը կռացավ տասնամյա որդուն՝ Մխիթարին հրաժեշտ տալու։ Բոյովը քաշեց նրա օձիքից.
-Դու ժողովրդի թշնամի ես, չեմ թողնի հրաժեշտ տաս, քո տեղը Սիբիրն է։
Տեր Ստեփանի և եղբոր՝ Մոսեի ընտանիքի անդամները թոնրատան կիսախավարում հեռվից արցունքախառը հրաժեշտ տվեցին, իսկ հնգամյա Խորենը հասցրեց հարևանի տանիքին բարձրանալ ու երկար նայել ձնաբքի մեջ հեռացող հորեղբորը։ Իրիցկինը հուսահատ գրկեց երեխաներին ու Մարմառին հազիվ շշնջաց՝ «Ես քառասուն օր էլ չեմ ապրի...»։

Տեր Ստեփանին մի պահ թվաց, թե Էրգրի կոտորածից հետո փախեփախի ճամփին է, կողքերից էլ թուրքեր են քայլում։
«Տեր Աստված, էս ի՜նչ նման են 15-ի թուրքն ու 37-ի հայը»,- մտքից սարսուռ զգաց քահանան և փորձեց խաչակնքել։
-Ձե՛ռքդ, քե՛զ էլ, քո խա՛չն էլ ...,- հայհոյեց բոյովն ու ցավեցնելու չափ սեղմեց քահանայի ձեռքը։
Տեր Ստեփանը փորփրում էր հիշողությունը՝ «Գուցե գիշերները գաղտնի կնունքներ անելու համար են էդքան կատաղել»։ Թալինի սասունցիաբնակ գյուղերում քահանա չկար։ Կոմունիստներն արգելում էին կնունքներ անել, եկեղեցի մտնել։ Տեր Ստեփանը գիշերները թաքուն գնում էր մերձակա Կաթնաղբյուր, Դավթաշեն, Իրինդ, Թալին, Վերին ու Ներքին Սասնաշեններ և մյուս գյուղերը, գաղտնի կնունք էր անում, օրհնում օջախը։ Փող չէ, բայց մի քանի թաս ցորեն կամ ալյուր էին տալիս։ Գիտեր, թե այդ գյուղում ովքեր էին սոված ու տկլոր։ Ինչ նվիրում էին՝ բաժանում էր աղքատներին ու դատարկ պարկով տուն վերադառնում։ Մեկ-մեկ իրիցկինն ու եղբայր Մոսեի կինը՝ Մարմառը, նեղսրտում էին. «Ախր մեր տանն էլ ալյուր չի մնացել, մեզ էլ մի քիչ բաժին հանիր...»։ Տեր Ստեփանը բարի ժպիտով հանդիմանում էր. «Նրանց տանը ոչինչ չկար, իսկ մենք ամենահարուստն ենք»։
Թեև լուրը ոնց որ թե ընկել էր սարթ կոմունիստների ականջը, բայց կարծես քահանան առայժմ շատ չէր մտահոգում նրանց, ժողովրդի թշնամիներին որոնելու ավելի լուրջ փաստերով էին զբաղվում։ Հին ֆիդայիներն ու դաշնակցականները և նրանց մի քիչ բարի աչքով նայողները միշտ կան ու կան։ Դե՛, գրագետներն էլ ահագին վտանգավոր են, հատկապես տրոցկիստական շեղումներ են ունենում, խանգարում ընկեր Ստալինի անվան բոլշևիկյան Աշնակի պայծառ ապագային։ Չէր բացառվում, որ կարող են մահափորձ կազմակերպել հատկապես ընկեր Բերիայի նկատմամբ։ Դասակարգային թշնամին երբեք չի ննջում։ Մանավանդ որ մեկ տարի առաջ Աղասի Խանջյանին էլ մեղադրեցին որպես ժողովրդի թշնամու և ընկեր Բերիայի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ։ Քանի՜-քանի մարդ միամիտ շշնջացել էին, թե Խանջյանին Բերիան սպանեց։ Այդ տարիներին պատերն էլ ականջ ունեին, շատերը հենց այդ նախադասության համար Սիբիրի ձրի ուղեգիր ստացան։ Զրպարտիչները վխտում էին, իսկ օդը լիքն էլ անհիմն մեղադրանքներով։ Սեփական կաշին փրկելու համար հիսուն տարվա անգրագետ չոբանին տրոցկիստ էին դարձնում։ Ով տառերը ճանաչում էր` դաշնակ էր, ով օտար լեզվով մի քանի բառ գիտեր` Անգլիայի կամ Ֆրանսիայի շպիոն էր։ Եղեռնը շարունակվում էր։ Օդը տնքում էր ծանրությունից։

Ձնաբքի մի քուլա սթափեցրեց տեր Ստեփանին։ Մտքերը նրան հասցրին Էրգիր։ Երուսաղեմից նոր էր վերադարձել։ Իր տունը Մարութա սարի ստորոտում Գոշակ գյուղի վերին մասում էր, բակ էին իջնում մի բզկտված ժայռի կողքով, որի ներսում ինքն ամեն օր մի մոմ էր վառում ու խոսում սասունցու մի քիչ խուլ ու մի քիչ էլ կույր, բայց լրիվ համր Աստծու հետ։ Աստված երբեք չպատասխանեց տեր Ստեփանի ոչ մի հարցին։ Աստծու կողմից ինքն էր իրեն պատասխանում. «Տեր Ստեփան, քո՛ մեջ որոնիր Աստծուն, ու ինքդ քեզ օգնիր, որ ես էլ օգնեմ... Աստված չի սիրում նրան, ով միայն ողորմություն է խնդրում»։

Մութուլուսին գյուղի կենտրոնում ժողովրդի նոր թշնամիներ բերեցին և հատուկ պահակազորով շարժվեցին Վերին Թալին։
Աշնակի վերջում Վերին Թալին տանող սայլի մոտ տասըկիլոմետրանոց նոր ճանապարհ կար։ Տանողները ձիով, իսկ ժողովրդի թշնամիները ոտքով շարժվեցին Թալին։ Տեր Ստեփանը մի պահ սթափվեց, դառը մի ժպիտ ինչ-որ բան հուշեց նրան. «Իսկ գուցե այս ճանապարհն է պատճառը...»։
Ամռանը տեր Ստեփանը հին ճանապարհով Թալին էր գնում։ Կեռումեռ ճամփան քարքարոտ ձորերն էր իջնում, ավելորդ ոլորաններով երկարում։ Տեր Ստեփանը հիշեց, որ հատկապես լեռնային մասերում ավանակն է ամենակարճ ճանապարհը գտնում. փորձված բան է։ Ավանակին քշում է ու հետևից գնում։ Թղթի մի կտորի վրա մատիտով նշումներ է անում։ Հասնում է Թալին և ամենաառաջինը ռայկոմի քարտուղարի մոտ գնում։ Քարտուղարուհուն բացատրում է, որ սոցիալիստական ճանապարհի հարցով է եկել։ Ռայկոմի քարտուղարը ուշադիր լսում է քահանային, որի գրագիտության մասին շատ էր լսել։ Տեր Ստեփանը բացատրում է իր նշումներով, որ սայլի իր գծած ճանապարհով մարդիկ կրկնակի շուտ և բեռնված սայլերով կարող են Թալին հասնել։ Քարտուղարն ուրախանում է և մտերմաբար դիմում քահանային. «Տեր Ստեփան, սոցիալիստական հոյակապ ճանապարհ կկառուցենք։ Քեզ առաջարկում եմ՝ խուզիր մորուքդ, թող քահանայի գործը, ես քեզ նշանակելու եմ Թալինի ճարտարապետ։ Մեզ նաև գրագետ մարդիկ են հարկավոր»։ Տեր Ստեփանը քարացավ, մտքում նզովեց ռայկոմի քարտուղարին և չդիմացավ՝ խոսքի մնացած մասն էլ բարձրաձայն շարունակեց. «Ընկեր ռայկոմի քարտուղար, ավելի լավ է դու քո պարտիական տոմսդ գցիր ոտքի տակ ու մի լավ տրորիր, քան թե ես մորուքս խուզեմ...»։
Քարտուղարի արյան մեջ միանգամից ավելացան 37-ի սև գնդիկները, դեմքը կապտեց, հետո սևացավ։ Նա ականջներին չհավատաց, բայց ընդունարանի հսկիչներին անսովոր գոռոցով ներս կանչեց։
Այդ օրը տեր Ստեփանը կոտրված սրտով, բայց արժանապատվորեն տուն մտավ. «Տեսնես սրա վերջն ի՞նչ է լինելու...»։
Տեր Ստեփանը հայացքով չափեց ճամփան, հասկացավ, որ ռայկոմի քարտուղարը երևի այսպես է խուզում իր մորուքը։
-Տե՛ր Աստված, իմ բացած ճամփով են ինձ Սիբիր տանում,- հազիվ շշնջաց քահանան, աջը բարձրացրեց, որ խաչակնքի։
-Ձե՛ռքդ, մորուքավոր շո՛ւն, քո Աստվածն էլ չի կարող օգնել, մեր դեմ խաղ չկա, կիսավեր եկեղեցու քարերով էլ գոմ կսարքենք,- մատը թափ տվեց ձիավորը՝ ձիու մտրակը խաղացնելով։ -Քեզ ոչ թե դաշնակցական հին ճամփով ենք տանում, այլ սոցիալիստական սայլի նոր ճամփով։ Ասում են՝ մի խելոք մարդ է գծագիրն արել, որ քեզ նման անխելքներին Սիբիր տանենք։
Տեր Ստեփանը դառնորեն գլուխը տարուբերեց, մտքերը նրան շատ հեռու տարան։ Հասցրին մինչև 1905 թվականը՝ քահանա օծվելու տարին, երբ Ստեփան Ավետիսյանը սարերում ֆիդայիների հետ էր։ Մի անգամ քուրդ չոբաններից մեկը նկատել էր, որ Ստեփանը գիշերով տուն է գալիս և, պարկով լավաշը շալակին, նորից սար գնում։ Քուրդը Ստեփանին պատմում է տեսածը, հետո վստահեցնում. «Ստեփա՛ն, քո մոր ձեռքի հացը մի քանի անգամ կերել եմ, թուրքին ու քրդին չեմ պատմի, ֆիդայիների հացը մի ուշացրու»։ «Տեր Աստված, էն քուրդ չոբանը էս անաստված բոլշևիկից բարի է... ՈՒրեմն՝ էն քուրդը մենակ քուրդ չէ, մի քիչ էլ հայ է. էս հայը մենակ հայ չէ, մի քիչ էլ քուրդ է, համ էլ՝ թուրք։ Վատ մարդը ազգություն չունի, վատը արյան հիշողության մեջ է։ Մարդը արյուն է, ու արյունը՝ մարդ...»։
Խումբը կանգնեց Թալինի միլիցիայի բակում։
-Բերել եմ Աշնակի տերտերին՝ առանց խաչ ու ավետարանի, իսկ մորուքը Սիբիրում կխուզեն,- հպարտորեն գոռաց ձիավորը։
Շրջկենտրոնում ԷՆ-ԿԱ-ՎԵ-ԴԵ-ի արթուն պահապանները աքսորի կամ գնդակահարության թղթերը վաղուց արդեն լրացրել էին. ձևական հարցեր պիտի տային և վճիռ կայացնեին՝ հանուն Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության։

Մի քանի օր հետո Թալինից մի սայլ, հին շոր ու փալասներով ծածկված, ցեխոտ ու քարքարոտ ճանապարհով ճռռալով դեպի մոտակա Փիրմալաք գյուղն է շարժվում։ Սայլը ոլորանին խրվում է ցեխի մեջ։ Սելվորը քիչ հեռվում գտնվող գյուղացիներից մի քանիսին խնդրում է հրել սայլը։ Հետնամասի հրողներից մեկը նկատում է, որ սայլից արյուն է հոսում։ Լեզուն ատամների տակն է պահում, հասկանալով, որ ցույց տալու դեպքում սայլում իր համար էլ տեղ կճարվի։ Սայլը գնում է Փիրմալաքից քիչ հեռու փորված մեծ փոսի ուղղությամբ։

Տեր Ստեփանին տանելու քառասուներորդ օրը իրիցկնոջ սիրտը դարդից ճաքեց։ Գյուղսովետից հայտնեցին, որ ժողովրդի թշնամու կնոջը չի կարելի դագաղ դնել և գերեզմանոցում թաղել։ Հարևան Գաբոյի Աստուրը, Դժգու Սաֆարը, Աղջե Սարուխանը տեր Ստեփանի եղբայրների՝ Մոսեի ու Իրցու Խաչոյի հետ մի սպիտակ պատանքաշորով փաթաթեցին և տերտերի մարագի մոտ՝ ձորում էլ թաղեցին իրիցկնոջը։ Գերեզմանից բացի, շիրմաքար էլ չէր թույլատրվում դնել։ Մեծ-մեծ քարեր ձորալանջից գլորեցին և դրեցին որպես շիրմաքար։ Հետո քարից ծանր լռություն իջավ ժողովրդի թշնամու կնոջ գերեզմանին։ Երբ գարնան ու ամռան քամին սաստկանում էր, ձորալանջից ծաղիկները գլորվում իջնում էին իրիցկնոջ գերեզմանին, ուր միայն գիշերով էին այցելում հարազատները։

Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 166165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ