Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«Իթիլաֆը» օսմանյան պետությունը ճշմարիտ սահմանադրական երկիր դարձնելու կողմնակից էր

«Իթիլաֆը» օսմանյան պետությունը ճշմարիտ սահմանադրական երկիր դարձնելու կողմնակից էր
10.07.2015 | 00:17

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Ինչո՞ւ հնչակյան կուսակցությունը չկարողացավ իր տեսակետները հասցնել ժողովրդին:
-ՍԴՀԿ-ն հայության մեջ պետք եղածի պես ընդդիմադիր, կռվող ուժ չկարողացավ հավաքել: Նա հայության առաջին սխալը տեսնում էր կանխապես մշակված ծրագրով հանդես չգալը: Թեպետ և ՍԴ հնչակյան կուսակցությունը ուներ որոշակի ծրագիր և դրել էր Հայաստանի քաղաքական ինքնավարության խնդիրը, սակայն, ցավոք, հայության մի հատված կարծում էր, թե Հայաստանը քաղաքական ինքնավարություն չէր կարող ունենալ, որովհետև հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանում մեծամասնություն չուներ: Նման մոտեցմամբ նրանք անգիտակցաբար, սակայն իրենց ոտքի տակի հողն էին փորում: «Իթթիհադը» դրանից դիվանագիտորեն օգտվեց: «Իթթիհադ»-ին լավ ճանաչողներն ասում էին, որ նրանց պետք չէ վարկ տալ, նրանց խոսքը հավաստի չէ: Բայց ամենածանր սխալը կատարվեց, և «հայ դիվանագիտությունը» չկարողացավ հեռատես գործել: Հակառակորդիդ դեմ ուժերդ գնահատելու ճանապարհին լավագույն անելիքը բազմադարյա «բաժանիր, որ տիրես» սկզբունքը կիրառելն էր։ Փորձվեց «Իթթիհադի» երդվյալ հակառակորդ «Իթիլաֆի» (1) հետ համագործակցությունը: ՍԴՀԿ վարիչ մարմինը շատ կարևոր որոշում կայացրեց: Այդ ժամանակ «Իթթիհադը» կացության լիազոր տերն էր, իր ձեռքին էր երկրի ամբողջ իշխանությունը: Հայերի առևանգումները, խմբային մասնակի կոտորածները դարձել էին պարբերական ու սովորական: Հայկական օրինական հաստատությունները՝ պատրիարքարանն ու ազգային քաղաքական Ժողովը, հաճախ ներկայացան, թախանձագին աղաչեցին, կոտորածների վրա իշխանության ուշադրությունը հրավիրեցին, բայց տեսանելի հետևանք չունեցան: «Իթիլաֆի» հետ համագործակցելով՝ պետք էր փորձել նրանց պետական իշխանության մեջ նվաճումներ ունենալուն նպաստել: «Իթիլաֆին» պետք էր աջակցել՝ որպես «Իթթիհադի» թուրք իսլամ ախոյանի, որ նրանց բախումը ավելի ուժեղ, հարատև լիներ։ «Իթիլաֆը» օսմանյան պետությունը ճշմարիտ սահմանադրական երկիր դարձնելու կողմնակից էր, եթե կարողանար քաղաքական իշխանություն ձեռք բերել, հայությունը կարող էր ազատ և ապահով ապրել և որպես ազգ, որպես քաղաքացի իրեն վերապահված իրավունքներից օգտվել:
-Ի՞նչ քայլեր այդ ուղղությամբ ձեռնարկվեցին:
-Կնքվեց շատ կարևոր ու փոխշահավետ համագործակցության համաձայնագիր նրանց և ՍԴ հնչակյան կուսակցության միջև։ Հնչակյանների օգնությամբ թե մայրաքաղաք Կ. Պոլսում, թե գավառներում «Իթիլաֆը» կարողացավ մասնաճյուղեր բացել, որ դարձան «Իթթիհադի» դեմ կռվող ուժեր, հակաիթթիհադական կայաններ:
Սակայն իր սև գործն արեց Ալեքսանդր Պարվուսը՝ հրեա-մասոնական ուժերի ներկայացուցիչը օսմանյան մայրաքաղաքում (2): Նա իթթիհադականների ամենավստահելի մարդն էր, նրանց ուղղորդողն ու ֆինանսավորողը: «Իթթիհադին» ստեղծված դժվար կացությունից հանելու գործում հայկական երկու կուսակցությունների միջև միջնորդի դերը Պարվուսն էլ ստանձնեց:
-Ի՞նչ միջնորդություն կարող էր լինել, եթե հայկական երկու կուսակցություններն իրար հակառակ տեսակետներ ունեին:
-Պարվուսը քարոզում էր համաձայնություն ՍԴՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև: Առաջին կետը՝ խորհրդարանական ընտրություններում հայերը պիտի ունենային 20 երեսփոխան: ՀՅԴ-ն պահանջել էր 12 մանդատ, հնչակները դրել էին հավասարության պահանջ: Վերջում հայ թեկնածուների թիվը իջեցնելու գնով որոշվել էր հայերից Մեջլիս ուղարկել 9 դաշնակցական, 8 հնչակ: Կար ոչ միայն 20 հայ երեսփոխանի, այլև ինքնավար Հայաստանի խնդիրը: «Իթթիհադը» նեղ օրերի մեջ էր, բայց ՀՅԴ-ի միջոցով ուզում էր իրեն կապել հնչակյան կուսակցությանը: Դա բարոյական մեծ հարվածն էր: Եթե խզում առաջանար, պիտի ասվեր, որ դաշնակցականները համերաշխություն ուզեցին, ազգին 20 երեսփոխան տալու խոստում տվեցին, իսկ հնչակյանները համերաշխությանը հակառակ գնացին, և ազգը տուժեց:
-Այդքան դժվա՞ր էր ճշմարտությունը հայտնի դարձնել:
-Պատմական իրականությունը բացահայտելու համար պետք է իմանալ ամենավերջին ժողովում տեղի ունեցածը: Երբ ամեն ինչ արդեն որոշված էր թվում, և նկատելի էր նաև դաշնակցականների հաղթական հրճվանքը, ՍԴՀԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ առանց երեսփոխանների թվի բաժանմանն անդրադառնալու՝ պատրաստ են համաձայնագիրը ստորագրել «Իթթիհադի» կենտրոնական վարչության և կուսակցության կնիքով կնքված փաստաթուղթը տեսնելու դեպքում միայն: Ամեն ինչ վերջացավ, քանի որ «Իթթիհադը» երբեք այդպիսի թուղթ և դաշինք չէր ստորագրի: Դիմակները հանվեցին: «Իթթիհադը» ևս մեկ անգամ ցույց տվեց իրական դեմքը, որից դասեր քաղել չցանկացավ ՀՅԴ-ն:
-Ի՞նչ արեց ՀՅԴ-ն:
-Հեղափոխականի անվան տակ հանդես եկող կեղծ սոցիալիստները ժողովրդին քարոզում էին այնպիսի գաղափարներ, որոնք չէին համապատասխանում հեղափոխությանը: Այդ «հեղափոխականները» մարդկանց մեջ կասկած էին առաջացնում իսկական հեղափոխականների նկատմամբ: Հայ գյուղացիները ծայրաստիճան աղքատ էին: Ծանր հարկերի տակ` հազիվ էին կարողանում օրապահիկ հայթայթել: Մշտական անապահովությունը, այլազգիներով շրջապատված լինելը նրանց դրել էին հուզումնալից վիճակի մեջ: Հայ գյուղացին չէր կարող 8-10 ոսկի տալ իրեն պաշտպանելու հրացանը գնելու համար: Մնում էին հարուստները, մեծ քաղաքներում խոշոր առևտրով զբաղվող խավը պիտի օգներ: Սակայն նրանք ոչինչ չարեցին հայ գյուղացիներին զինելու համար: Այդ տխուր ժամանակներից այլանդակության գլուխգործոց կոչվելու արժանի մի օրինակ՝ Ադանայի կոտորածի հակահարվածը տարածվում էր Կեսարիայում: Սպասվում էր հարձակում: Հայերի պաշտպանությունը փորձեց կազմակերպել Մելքոն անունով մի քաջ այր: Գյուղացիները` դրամները ձեռքներին, ուզում էին զենք գնել: Սակայն զենք չկար: Զենք ուներ մի հայ աղա, որ 12 ոսկով էր վաճառում: Երբ պահանջարկը բարձրացավ, նա սկսեց հատը 16 ոսկով վաճառել: Մելքոնը գնում է նրա տուն, վերցնում բոլոր զենքերը և գյուղացիներին հանձնում 10 ոսկով, պահանջում է վաճառականից գյուղացիներին շահագործելու արդյունքում ձեռք բերված 160 ոսկին հետ տալ: Սակայն հայ աղան անհետանալով, չի վերադարձնում ոսկիները:
Օսմանյան բանակում կային հարյուր հազարներով հայ զինվորներ: Նրանք գիտեին իրենց ծնողների և ընտանիքների վիճակը, ծանոթ էին իթթիհադականների միտումներին, սակայն ոչինչ չէին անում: Նրանք պետք է օսմանյան պետությունը տարրալուծող տարր լինեին: Իրենց անպաշտպան ժողովրդին պաշտպանելը պետք է նրանց առաջին գործը լիներ: Սակայն այդպես չեղավ, և մենք ոչ միայն իրենց, այլև մեր հազարամյակների բնօրրանը կորցրինք:


-Ինչո՞ւ էր այդպես, չէի՞ն հասկանում՝ ինչ է կատարվում:
-Հայկական տարբեր բնակավայրերում կեղծ հեղինակությունների գոյությունը խայտառակություն էր պարզապես։ Կային շատ մարդիկ, որ մեծ ազդեցություն ունեին, բայց երբ մի փոքր խորանում էիր, տեսնում էիր, որ ոչ մի արժանիք չունեին: Կեղծ հեղինակությունները մտնում էին հասարակական տարբեր խավերի մեջ, ստեղծում անբնական դրություն, որ ժողովրդի շահերին չէր ծառայում:
-Հայկական մամուլն ի՞նչ էր մտածում:
-Այդ ժամանակ լրագրությունը մեծ դեր ուներ: Հայ պարբերական մամուլը եղավ անգույն, առանց սկզբունքների, չէր առաջնորդում հայ ժողովրդին, հասարակական կարծիք կազմելուն, արտահայտելուն: Նա հայելին էր բյուզանդական ժամանակներից մնացած անհեթեթ մտայնության և վարք ու բարքի: Առողջ, ստեղծագործող լրագրություն չկար: Մի հայտնի խմբագրի ասում են. «Տարիներ շարունակ սուտ եք խոսել ու շարունակում եք, չե՞ք կարծում, որ անբարո ազդեցություն կունենա ժողովրդի վրա, և սուտը ճշմարտության տեղ կընդունեն»: «Ժողովուրդն էլ գիտի, որ գրվածները սուտ են, բայց եթե հավատա, թող հավատա, ինչ անեմ. իմ լրագրությունն այսպիսին է»,- պատասխանում է խմբագիրը: «Թեև հոգով ու սրտով կառավարությանն ու «Իթթիհադ»-ին դեմ եմ, բայց պիտի լռեմ ու սպասեմ, մինչև հարմար ժամանակները գան»,- սա էր իշխող մտայնությունը: Հայ լինելով՝ թուրքին չճանաչել անկարելի է, բայց ոչ մի խոսք ոչ թուրքերի, ոչ նրանց կառավարության, ոչ էլ «Իթթիհադ»-ի դեմ: Այսպիսի կեցվածքով հարցերը սեփական ժողովրդին կեղծիքներով, ստերով էին ներկայացվում: Այդ ժամանակ իթթիհադամետ ձև ու գույն առնող բոլոր հայ խմբագիրներն ու լրագրողները, տարատեսակ պարբերականների հրատարակիչները ևս մեր ամենամեծ ողբերգության մեջ իրենց պատասխանատվության մեծ բաժինն ունեն: 1915-ի համար պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր բարոյական, նյութական, մարտական որևէ պարտականություն չստանձնեցին, թշնամու ուժը տկարացնելու, ջախջախելու գործում մաս չունեցան:
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

(1) 1911 թ. նոյեմբերի 21-ին կազմավորվում է իթթիհադականներին ընդդիմադիր («Հյուրիեթ վե իթիլաֆ») «Ազատություն և համաձայնություն» կուսակցությունը, որի շուրջը համախմբվում են երիտթուրքական վարչակազմին ընդդիմադիր հունական և բուլղարական կազմակերպությունները: Աոաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հնչակյանների և իթիլաֆականների միջև կնքվում է համագործակցության պայմանագիր, որովհետև իթթիհադականներն իրենց գործողություններով խափանում էին Արևմտյան Հայաստանում անցկացվելիք բարեփոխումները: Իրենց հայատյաց քաղաքականությամբ ու գործողություններով երիտթուրքերը կտրականապես մերժում էին Արևմտյան Հայաստանում նախատեսվող բարեփոխումների գաղափարը: Հնչակյանները հույսեր ունեին, որ իթիլաֆականների հետ սերտ հարաբերություններ հաստատելով՝ կարող են համատեղ պայքարել իթթիհադականների քաղաքականության և գործողությունների դեմ: Համաձայնագրի տեքստում նշված էր. «Օսմանյան պետության բաղկացուցիչ ազգությունների քաղաքական իրավունքներն ամբողջությամբ պետք է պաշտպանվեն և լիովին պետք է մերժվի մեկ ազգի քաղաքական ստորադասումը մյուսի կողմից»: Համաձայնագրում ամրագրված էր հայոց պատրիարքարանի հնուց ի վեր ունեցած առանձնաշնորհումների պահպանումը, Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ մյուս վայրերում հայկական դպրոցների գործունեության ապահովումը, բանվորների և հողազուրկ գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու նպատակով օրենքների ստեղծումն ու կիրառումը: Իթիլաֆականների հետ համագործակցելու հնչակյանների որոշումը ճիշտ էր, նրանք դաշինքի մեջ մտան այն քաղաքական ուժի հետ, որը պայքարում էր բացահայտ հայատյաց քաղաքականություն վարող իթթիհադականների դեմ: Իթիլաֆի ղեկավար իշխան Սաբահադդինը հնչակյան քաղաքական գործիչ Ստեփան Սաբահ-Գյուլյանի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ես ուղղակի զարմացած եմ, ինձ հետ էլ շատ եվրոպացիներ: Հայ ազգն ինչպե՞ս կարող է հարգանք պահանջել, երբ Ադանայի կոտորածից հետո էլ, դեռ մեծամասնությամբ, «Իթթիհադի» կողմն է բռնում: Դաշնակցականներն ինչպե՞ս սեղմեցին իթթիհադական արյունոտ, եղեռնագործ ձեռքը և նրանց հետ համաձայնություն կնքեցին: Հայ ազգը, որ անհաշտ դիրք պիտի բռներ, ընդհակառակը՝ ամենից ավելի զիջողը, տեղի տվողը եղավ: Սա ուղղակի զարհուրելի է և շատ վատ վկայական մի ազգի բարի համբավի համար: Այս շրջանի մեջ հայ ազգի պատիվը փրկեցին միայն ՍԴ հնչակյանները»: Հնչակյաններն առարկելով իշխանին` ասում էին, որ պետք չէ մեղադրել ողջ հայ ժողովրդին, քանի որ հայության մեծ մասը ատելությամբ էր լցված իթթիհադականների նկատմամբ:
«Պատասխանատուները» (384 էջ), 1916-1991 թթ. միջև 4 անգամ է հրատարակվել։
(2) Ալեքսանդր Պարվուսը կարևորագույն դեր է խաղացել նաև գերմանական շահերը Օսմանյան կայսրությունում ներկայացնելու, երիտթուրք, ապա քեմալական վարչակարգերի հետ հարաբերվելու ասպարեզում: ՍԴՀԿ ղեկավարներից Ստեփան Սաբահ-Գյուլյանն իր «Պատասխանատուները» աշխատության մեջ նրա մասին գրել է. «Պարվուսը՝ հրեական ծագում ունեցող ավստրիական մի քանի թերթերի, ի թիվս այլոց, «Արբայտեր Ցայտունգի» աշխատակից-թղթակիցն էր, ուներ սոցիալիստական մի քանի գրվածքներ և բավականին էլ վարկ, հեղինակություն էր վայելում: Նա շատ մոտիկ էր իթթիհադականներին. նրանց վստահելի մարդն էր, աշխատակցում էր թուրքական մի քանի պարբերականների, գլխավորապես «Ժյոն Թյուրք» (Երիտասարդ Թուրք) անունով ֆրանսերեն թերթին: Արտասահմանյան թերթերին տված իր տեղեկություններով նա մեծապես նպաստեց «Իթթիհադի» կուսակցության ազդեցությանը: Իթթիհադականները նրանից ավելի լավ պաշտպան չէին կարող գտնել»: Այս նկարագրի հետ մեկտեղ Սաբահ-Գյուլյանը հայտնում է մի կարևոր տեղեկություն ևս: Պարվուսը Սաբահի հետ հանդիպելիս առաջարկել էր ապազգայնացնել երկու հայ հեղափոխական կուսակցությունները՝ Հնչակն ու Դաշնակցությունը, ձուլել զուտ սոցիալիստական կուսակցության մեջ, և այն էլ՝ մի երկրում, որտեղ նույնիսկ պրոլետարիատ չկար: Ո՞Ւմ էր ձեռնտու ցեղասպանության շեմին օսմանյան Թուրքիայում հայ ազգային կուսակցությունների վերացումը: Նման սադրիչ առաջարկի հեղինակի մասին Սաբահ-Գյուլյանը ավելացնում է. «Պարվուսը մեծ ծառայություն էր մատուցանում «Իթթիհադին»: Պարվուսի այլ «ծառայությունների» մասին կարևոր տեղեկություններ է հայտնում իր հուշերում նաև ՀՅԴ ղեկավար գործիչներից Վահան Փափազյանը (Կոմս). «Պարվուսը միջազգային չափանիշով՝ առեղծվածային ու խորհրդավոր անձ մըն էր… խոշոր և հաստ, հիպոպոտամի գլխով, ռունգերով և դուրս ինկած աչքերով, տարիքը 50-նոց կը լիներ: Պոլիս կապրեր իբր 8 թե 10 ավստրիական և գերմանական սոցիալ-դեմոկրատական թերթերու թղթակից: Բազմակողմանի զարգացումով, հայտնի սոցիալ-դեմոկրատ էր, 1905-ի ռուսական հեղափոխական շարժումներու կարևոր դերակատարներեն մեկը:
Մեզ շատ մօտ կը պահեր ինքզինքը. հաճախ «Ազատամարտ» կուգար, ընկերներուն կայցելեր, խորհուրդներ, թելադրություններ կըներ: Փոքրիկ կասկած մը ունեինք իր դերի մասին, կը թվար, որ գերմանական կառավարության քաղաքական գործակալ էր միաժամանակ: Պարզ, մատչելի ընկեր էր կարծես՝ չափեն ավելի աճպարար և ճարպիկ: 1914-ի պատերազմի ատեն միայն պարզվեցավ անոր դերը: Նախ՝ մեկենիմեկ միլիոնատեր դարձավ՝ իբրև ձեռնարկուն և մատակարարը թուրք կառավարության, անոր հաշվույն գնելով մեծաքանակ ածուխ ու հացահատիկ: Ավելի վերջը, ճշտվեցավ անոր երկկողմանի քաղաքական գործակալ ըլլալու մեր կասկածը»:
Հայտնի ռուս գրող, ծագումով հայ Նինա Բերբերովան իր «Երկաթյա կին» գրքում կարևորում է այն փաստը, որ Պարվուսը Բալկանյան պատերազմի ժամանակ «աշխատում էր թուրքական հետախուզությունում», և որ 1915 թ. «Պարվուսը դարձավ գերմանական գերագույն սպայակույտի գլխավոր խորհրդատուն Ռուսաստանի հարցում»: Պարվուսին տրված բնութագրերը ամփոփում է ռուս դիվանագետ Անդրեյ Մանդելշտամը՝ «պարզապես գերմանաթյուրք պրովոկատոր ագենտ» խոսքերով:

Դիտվել է՝ 2236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ