Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Անընդունելի, անհասկանալի բաներ տեղի ունեցան

Անընդունելի, անհասկանալի բաներ տեղի ունեցան
19.06.2015 | 00:57

Հուշերիս փոքրիկ այս փունջը խորին խոնարհումով նվիրում եմ Եղեռնի զոհերի, նաև այդ դժոխքը վերապրածների, նրանց թվում և՝ պապերիս հոգիների սուրբ հիշատակին։


ՍԱՏԱՆԱՅԻ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԸ
Հայրենադարձությունից հետո հատուկ խնդիր էր աշխատանք ճարելը, հենց ճարե՛լը, որովհետև դժվար է եղել, շա՜տ դժվար, ինչպես վկայում էին պապերս։ Աշխատանք, որպեսզի հնարավոր լինի ո՛չ միայն գոյատևել, այլև պահել ընտանիքը։
Արդարակյաց մարդիկ՝ ներգաղթյալները, իրենց հողն ու լեզուն սիրող, հոգու խորքում փայփայում էին նաև նորակնունք խորհրդային հայրենիքին օգտակար լինելու երազը։ Ներգաղթի կազմակերպիչները բազմախոստում հնարավորություններ էին ներկայացրել նրանց։ Տարածվել էր լուր, թե հայրենիքում այնպիսի առատություն է, որ տների առջև կուտակված են հավկիթներ՝ ցանկացողների համար... Հայրենի հողի գիրկը դարձածները՝ հավատավոր, խաչով ու մոմով, զրուցախոս, ավանդապահ, շուտով համոզվել էին սակայն, որ խաչամերժ երկիրն առանձնապես հոգատար չէ, նույնիսկ կասկածով ու թերահավատությամբ է լցված իրենց նկատմամբ։ Անընդունելի, անհասկանալի բաներ տեղի ունեցան։ Բացսիրտ, ասող-խոսող, նոր շրջապատում հայտնված ներգաղթածներն անկեղծ ու շիտակ մղումով երբեմն այս կամ այն հարցին էին անդրադառնում որդո՛ւ նվիրումով, սակայն գտնվեցին հայազգի անձինք, որ ի վարձ իրենց մատնության խաղացին ներգաղթյալ անմեղների բախտի հետ՝ տիրադավ ու անհավատարիմ հայտարարելով նրանց։ Եվ դեռ մի լավ չջերմացած հայրենի արևի զորությամբ, ներգաղթյալների մի զգալի մասը բռնությամբ... Սիբի՜ր ուղարկվեց, ո՛չ ավելի, ո՛չ պակաս, հավերժական սառածության աշխարհը։
Վաղ թե ուշ վերադարձողներ էլ եղան, հյուր էին գալիս պապերիս։ Հիշում եմ, առաջվա պես լիաձայն չէին խոսում, այլ շշուկով, դռան կողմը նայելով մշտապես, հաճախ էլ ինձ՝ պապիս թոռնուհուն դիմելով. «Աղջիկս, նայիր հապա դռան հետևում կամ պատուհանի տակ կանգնած մարդ չկա՞...»։ Նայում էի, և ո՛չ միայն մոտակայքը, այլև աչք գցում շրջապատին, թե ականջ դնող այդ սրբապիղծները չե՞ն երևում։
Մի օր Սարգիս պապս տուն մտավ խիստ հուզված, իր բառով ասած՝ հերսոտած, որ զայրույթ է ընդգրկում։ Մի բաժակ ջուր ուզեց, խմեց մինչև վերջ, հետո, հանելով վանդակավոր, խոշոր թաշկինակը, սրբեց քրտնած, կարմրած երեսը։ «Գնա՛ դուրս՝ խաղա,- դիմեց ինձ,- մութը չընկած՝ տանը լինես»։ Եվ նստեց հորս կողքին։ «Բա՞ն է պատահել, հայրի՛կ»,- անհանգստացավ որդին։ Եվ պապս պատմեց։
Յուրայիններին, երկրացիներին տեսնելու ցանկությամբ պապս գնում է ծանոթ՝ Լացի պարտեզ. այդ անունով էին կնքել, այսպես կոչված, Անգլիական այգին։ Քիչ անց գալիս, պապիս կողքին է նստում տեղացի անծանոթ մի մարդ, որ դեմքով էր ճանաչում նրան՝ այգուց։ Հարցնում-հետաքրքրվում է, թե պապս գործ չգտա՞վ, իբր՝ մտահոգ։ Լսելով բացասական պատասխան՝ անծանոթը պապիս իր արևին «գո՛րծ» է առաջարկում... հենց այստեղ՝ Լացի պարտեզից սկսած, ականջ դնել կամ միտումնավոր զրույց սկսել իր բախտակիցների հետ, աջ ու ձախ փնտրել-գտնելով նրանց, և իմանալ, թե ի՞նչ են նրանք մտածում, հետո գալ և հայտնել իրեն... Պապս ո՛չ միայն մերժել էր այդ աղտոտ «աշխատանքը», այլև խիստ զայրացել։ «Մազ էր մնացել, որ հարվածի այդ մարդուն»,- հետո պատմում էր հայրս։ Դեռ լավ է, որ չի խփել։
Դեպքի օրը, երբ պապս հորս պատմում էր եղելությունը, իսկ ես՝ դրսից, դռան ծերպից ծիկրակելով ջանում էի բառեր որսալ՝ իմանալու իրողությունը, նրանց խոսակցության վերջում օտար մի բառ կարողացա որսալ. «Մլհե՛տ, մլհե՛տ»՝ դառնացած մրմնջում էր պապս։
Ժամանակ անց, երբ նրան հարցրի այդ բառի իմաստը, մտախոհ լռեց մի պահ, հետո բացատրեց, որ «մլհետ» արաբերեն բառ է, նշանակում է անաստվա՛ծ։
ՏԱՏԻՍ ԹՐԱՏՎԱԾ ՀՅՈՒՍԵՐԸ
Երբեմն փոքր թվացող մի իր կարող է տակնուվրա անել ո՜ղջ ներաշխարհդ։ Այդպիսի բան եղավ եղեռնի թոհուբոհով անցած Հայկանուշ տատիս հետ։
ՈՒսանող էի. երկար տևած քննությունից տուն դարձած, հոգնաբեկ մեկնված բազմոցին, ականջօղերս էի հանում։ Արհեստական մարգարիտի ոճավորումով ականջօղեր էին, հիմա էլ կան։ Հանեցի, դրեցի սեղանին, սպասողական լռության մեջ մերոնց հայտնելով, թե գերազանց եմ ստացել։ Տատիս և մորս ուրախությունից շողարձակող դեմքերը ամենամեծ վարձատրությունն էին ինձ համար։ «Հիմա՛, հիմա սուրճը կդնեմ»,- ասելով վեր կացա։ Քիչ անց, երբ սուրճի բաժակներով սկուտեղը ձեռքիս ներս մտա, տեսնեմ տատս, արցունքն աչքին և շա՛տ տխուր, ինչ-որ բան է ասում մայրիկիս։
-Տա՜տ,- այլայլվեցի,- ի՞նչ եղավ, ինչո՞ւ այդպես տխրեցիր։ Ինչ-որ տե՞ղդ է ցավում։
Մայրս նույնպես տխուր էր, երևի գիտեր՝ բանն ինչ է։
-Շա՜տ կվայելեր քեզի,- խոսեց տատս, մատնացույց անելով ականջօղերս, ասես ցրելու համար հանկարծահաս տխրությունը։
Մայրս լռելյայն գլխով է անում։ Տատիս աչքերը նորից լցվում են։ Հայկանուշ տատս, որ ծննդով Արևմտյան Հայաստանի Կյուրին գյուղաքաղաքից էր, սկսում է պատմել։
Զուլումի օրերին էր. տուն ու տեղից հանված, ինչ կարողացանք վերցնել հետներս, անապատ էին քշում։ ՈՒժասպառ, հույսներս կորցրած, քայլում էինք ոտքներս քարշ տալով։ Հորս՝ զինագործ Հովհաննեսին, ճանաչում էին շատերը՝ հայեր, թուրքեր, քրդեր... Հուսահատ, կամաց-կամաց նոսրացող մեր երթին մոտեցավ կյուրինցի կաղ Սեղբոսը, որ հաշմանդամ լինելու պատճառով չէր զորակոչվել մյուս տղամարդկանց պես։
-Հովհաննեսին աղջիկն ես, չէ՞,- ասաց։- Քանի մը ոսկի տուր և տեղավորեմ քեզի սայլին մեջ, այդպես չես դիմանա։
«Ոսկի՞, ո՞ւր էր թե,- ցավ էր հայտնել տատս։- Ոսկի է՛լ չիկա, չէ՛»։
«Այդ՝ մազերուդ մեջ հյուսվածը իրա՞վ մարգարիտ է»,- ճշտում է Սեղբոսը։ Տատս հաստատում է։ «Հանե՛, հանե՛»,- պնդում է Սեղբոսը։
Հայկանուշ տատս խիտ, ամուր հյուսված ծամեր ուներ՝ մազերի մեջ ընդելուզված մարգարիտներ... Մինչ տատս ճգնում է ուժասպառությունից թուլացած մատներով հյուսերից հանել մարգարիտները, մոտենում է հեռվից այս ամենին հետևող թուրքը, շտապեցնում Սեղբոսին։
Հանկարծ Սեղբոսի դեմքը պայծառանում է, աշխույժով դառնում է թուրքին.
«Կտրե՛, ջանըմ, կտրե՛ հյուսերը՝ մարգարիտով-բանով...»։
Թուրքը հանել էր սուրն ու կտրել տատիս զույգ հյուսերը։ Տատս գլխի սև յազման քաշել էր դեմքին և քայլել դեպի սայլը։ Այդպես էր փրկվել։

Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ