Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Առաջին թարգմանությունը Ռուբեն Սևակից

Առաջին թարգմանությունը Ռուբեն Սևակից
12.06.2015 | 14:07

Հարց. - Ռուբեն Սևակն առաջին անգամ ե՞րբ է թարգմանվել և տպագրվել օտար լեզվով։
Պատասխան. - 1916 թվականին:
Հարց. - Ի՞նչ լեզվով:
Պատասխան - Թուրքերեն, իսկ 1917-ին՝ ֆրանսերեն, որն այդ տարիներին, անգլերենի նման, միջազգային լեզու էր:
Հարց. - Որտե՞ղ են տպագրվել այդ թարգմանությունները:
Պատասխան. - Երկուսն էլ տպագրվել են Կոստանդնուպոլսում:
Հարց. - Ովքե՞ր են թարգմանիչները:
Պատասխան. - Թարգմանողները, ամենայն հավանականությամբ, թուրքեր են եղել: Այսինքն, չի բացառվում, որ հայեր լինեին:
Այս հնարավոր երկխոսությունն անհաջող կատակ չէ, ոչ էլ սև հումոր: Իսկ թարգմանություններն էլ գեղարվեստական-ճանաչողական նպատակներով չեն արվել կամ, ի՞նչ իմանաս, խղճի խայթից մղված, իբր, տեսեք, թե մենք ի՜նչ մեծ պոետ մորթեցինք: Ամենևի՛ն: 1909-ին կիլիկյան աղետի անմիջական տպավորության տակ գրված «Կիլիկյան երգեր» շարքի «Վերջին օրոր» բանաստեղծությունը թարգմանվել և տպվել է երկու լեզվով որպես հանցանշան, որպես յուրատեսակ իրեղեն ապացույց: Պատկերն առավել հստակեցնելու համար պետք է, թերևս, ամբողջությամբ մեջբերել այդ բանաստեղծությունը.


Վերջին օրօր

Օրօ՜ր, օրօ՜ր…: Օրօ՜ր ըսեմ քընանաս,
Վիրաւոր հօ՜րըդ ճիչերն ա՛լ չ իմանաս:
Ծիծէս ծըծա՛ծըդ թոյն է, կաթ չի գիտնաս…
Օրօր ըսեմ քընանաս:

Արի՜ւն-հեղեղ յորդեց այս սուրբ ձորերէ,
Բայց չի փախիս, փարե՛ երկրիդ, զայն սիրէ՛,
Հողիդ վըրայ գերի մ’ըլլա՛ր, այլ տիրէ՛…
Օրօ՜ր ըսեմ քընանաս:

Հօրըդ վըրայ եթէ անշո՜ւնչ չինկայ ես.
Զի ուխտեցի Հռովմի է՛գ գայլին պէս,
Նոր Ռոմուլոս մը դիեցնել ըստինքէս…
Օրօ՜ր ըսեմ քընանաս:

Բազուկներուս պարա՜ն, ոտքիս ալ կացի՜ն,
Ստինքիս զո՜յգ պըտուկներն, ա՜հ կըտրեցին:
Վէրքէս արիւնս ծըծէ, որդեա՛կ միածին:
Օրօ՜ր ըսեմ քընանաս:

Ահա կ’իյնամ… Հայաստանը մա՜յր քեզի:
Կըտակ կուտամ այս կոտրած սուրն երկսայրի`
ՈՒր հայրիկիդ դեռ տաք արիւնը կ’այրի…
Օրօ՜ր ըսեմ քընանաս:

Լօզան, 6 Յուլիս 1909

Մի կարևոր մանրամասն. բանաստեղծությունն ամբողջությամբ թարգմանել և դրել են, բայց հեղինակի անունը չեն նշել՝ ո՛չ որպես Ռուբեն Սևակ, ո՛չ որպես Ռուբեն Չիլինկիրյան: Սա անփութություն չէ, նրանք հրաշալի գիտեին, թե ով է հեղինակը, մանավանդ որ տարիներ շարունակ գաղտնի հետևում էին նրան: Սա լիովին գիտակցված մի քայլ է, քանի որ փաստաթղթերի այդ ժողովածուն տպագրվել է որպես ծանր մեղադրանք ընդհանրապես Օսմանյան Թուրքիայի հայությանը, և ոչ թե ընդդեմ մի որոշակի անձի՝ թեկուզ նշանավոր: Ի դեպ, գրքում ուրիշ հայ բանաստեղծի կամ ընդհանրապես որևէ հայ հեղինակի գործ չի թարգմանվել, չնայած նրանցից մի քանիսն էլ անդրադարձան Կիլիկյան աղետին: Հավանաբար, թուրքերը մյուսներին նույնքան վտանգավոր չէին համարում իրենց համար:
Ստվարածավալ այդ հատորը հետևյալ վերնագիրն ունի. «Aspiration et agissements rvolutionnaires des comits armniens avant et aprs la proclamation de la Constitution Ottomane» («Հայկական կոմիտեների ձգտումներն ու գործելակերպը Օսմանյան սահմանադրությունից առաջ և հետո»): Գիրքը 1916-ին լույս է տեսել թուրքերեն, իսկ 1917-ին՝ ֆրանսերեն: Այստեղ է զետեղվել Ռուբեն Սևակի բանաստեղծությունը, քանի որ գրքի ամբողջ նպատակն է ֆրանսերենի միջոցով միջազգային հանրությանը համոզել, որ օսմանյան Թուրքիայում եթե ջարդեր են եղել, ապա միայն անմեղ թուրքերի զանգվածային ջարդեր, և դրանց միակ մեղավորը հայերն են, և, ի թիվս այլ «փաստերի», ապացույց նաև այս բանաստեղծությունը, որտեղ հայ ճանաչված բանաստեղծը հայ որբին սուր է տալիս և վրեժի կոչ անում: Իսկ թե ինչու է այդ ծծկերը որբացել, իսկ ծնողներն էլ մորթվել (և ովքե՞ր են մորթել), կամ թե բանաստեղծության հեղինակն էլ իր հերթին ինչպես է մորթվել և ինչու, դա կարևոր չէ: Թուրքի տրամաբանության մեջ չի մտնում այն, որ բանաստեղծությունը չէր գրվի, եթե եղբայրություն և հավասարություն քարոզող իթթիհադականները 30000 հայ չկոտորեին Ադանայում. դա կարևոր չէ, կարևորը սուրն է, թեկուզ կոտրած. սուրը տվեց, և վե՛րջ: Նրանց կարծիքով՝ Ռուբեն Սևակի բանաստեղծությունը լիովին ծառայում է գրքի առջև դրված նպատակներին, այսինքն՝ համոզիչ հանցանշան է, իբր, տեսե՛ք, հայերն անգամ ծծկեր երեխաներին են սուր տալիս:
«Մեծ նորություն չէ, - կասի ընթերցողը: - Թուրքերն արդեն մի քանի տասնյակ նման գրքեր են տպագրել, պատմական զեղծարարության մի ամբողջ «գիտություն» են զարգացրել, բեռնարլևիսներ և դողուփերինչեկներ մեջտեղ հանել»:
Այո, այդպես է:
Սակայն այս մեկը սովորական գիրք չէ, սա առանձնահատուկ մի երևույթ է: Կարելի է նույնիսկ ասել, որ սա նեգացիոնիզմի (ժխտողականության) հիմնաքարն է, և բավական ծանրակշիռ հիմնաքարը: ՈՒշադրություն դարձնենք, որ այս ծավալուն հատորի թուրքերեն բնագիրը տպագրվել է 1916-ին: Այսինքն՝ Թուրքիան դեռևս պատերազմի մեջ էր, հայերի ցեղասպանությունը շարունակվում էր, սակայն պետությունը միջոց ու ժամանակ չէր խնայում տպագրելու մի գիրք՝ լուսանկարներով ու փաստաթղթերով հարուստ, որի վրա, անկասկած, պիտի աշխատած լիներ լրագրողների, պատմաբանների, քաղաքագետների և այլ մասնագիտության տեր անձանց մի խումբ:
Գործից հասկացողը կհաստատի, որ այդպիսի գիրքը մեկ օրում պատրաստել չէր լինի: ՈՒստի եթե մոտավոր հաշվարկ անենք, թե պատերազմական տարիներին որքան ժամանակ էր պետք նման հատոր պատրաստելու և լույս աշխարհ բերելու համար, ապա բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս հսկա չքմեղանքի գաղափարը ծնվել է դեռևս 1915-ի ապրիլից առաջ: Ոճիրը գործելուց առաջ կամ ոճիրը գործելու հետ միաժամանակ, «գիտական» բարձրակարգ մանրակրկիտությամբ, նախապատրաստվում էր ոճրի գաղափարը նենգափոխելու և հետագայում պատասխանատվությունից խուսափելու աշխատանքը:
Ապշել կարելի է ոճրագործի քաղաքական հեռատեսությամբ:
20-րդ դարասկզբի օսմանցիք որևէ պատկերացում չէին կարող ունենալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված՝ զանգվածների գիտակցությունը խաղալիքի վերածող տեղեկատվական տեսությունների, հասարակագիտությունների և հոգեբանական գիտությունների մասին, օսմանցիք այս ամենը արվեստի ուժով կանխատեսող Ֆրանց Կաֆկա, Եվգենի Զամյատին, Անդրեյ Պլատոնով, Կարել Չապեկ և Ջորջ Օրուել չեն տվել: Ավելին, ինչպես Էրազմ Ռոտերդամցին, Խուան Լուիս Վիվեսը, Լայբնիցը, Հեգելը, Մարքսը և Էնգելսը բազմիցս նշել են, միայն անշտկելի վնասներ են հասցրել համաշխարհային քաղաքակրթությանն ու մշակույթին: Սակայն ենթագիտակցական, թե լիովին գիտակցական մի մղումով մտահղացել և բավական հիմնովին նախապատրաստել են իրենց ինքնարդարացումը: Նշանակում է, ի տարբերություն ավետարանական ավազակների, հրաշալի գիտակցում էին, թե ինչ են արել և որ վաղ թե ուշ պիտի պատասխան տան արածի համար: Ինքնապաշտպանական նման հեռատեսություն չունեցավ ցեղասպան ու ջարդարար պետություններից և վարչակարգերից ո՛չ մեկը, մինչդեռ իթթիհաթականներն իրենց քաղաքակրթվածության մակարդակով անհամեմատ ավելի ցածր էին մյուս բոլորից: Ոճիրը լիովին գիտակցված քողարկելու, կեղծելու, համաշխարհային հանրությանը խաբելու այս քաղաքականությունը, ուրեմն, հարյուր տարվա պատմություն ունի: Ճիշտ այնքան, որքան Հայոց ցեղասպանությունը: Գուցե շաբաթների կամ ամիսների տարբերություն լինի, սակայն, կարծում ենք, որ տվյալ դեպքում այդ հնարավոր և չնչին տարբերություններն էական չեն:


Զոհը, ավելի ճիշտ ԶՈՀԵՐՆ ի՞նչ հակադրեցին բացահայտ կեղծիքի այս քաղաքականությանը: Պառակտված, անջատ, չհամաձայնեցված, երբեմն իրար խանգարող, ավելին՝ իրար վնասող գործողություններ:
Թուրքիայի հարևան բոլոր երկրները, ժողովուրդներն ու ազգերը ցեղասպանության հաշիվ ունեն պահանջելու այդ պետությունից. հայերը, հույները, վրացիք, բուլղարները, սերբերը, չեռնոգորցիք, հարավսլավ մակեդոնացիք, հորվաթները, ռումինացիք, մոլդավները, հունգարացիք, ալբանացիք, արաբները, ասորիները:
Տարօրինակ է զոհի հոգեբանությունը: Ինչո՞ւ պիտի Թուրքիան այսօր չեչենների, ույղուրների, գագաուզների, Ղրիմի թաթարների և այլ մահմեդական կամ թրքալեզու ազգերի «ցեղասպանության» խնդիր ստեղծի և հետապնդի՝ ի շահ յուր ծավալապաշտական նպատակների, իսկ հարյուրամյակների ընթացքում թուրքական վայրագությունները շարունակ «ճաշակած» ժողովուրդները ոչ միայն չմիաբանվեն, այլև, փաստորեն, իրար դեմ գործեն՝ հօգուտ թուրքի: Դրա լավագույն վկայությունը Արցախի հարցի առթիվ ընդունված որոշումներն են միջազգային մարմիններում, երբ հօգուտ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» քվեարկած երկրների շարքում հայտնվեցին Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան… Հատկապես վերջինը, որ հարյուրամյակներ շարունակ թուրքական վայրագությունների ասպարեզ եղավ, սակայն այսօր, անտեսելով սեփական անցյալը և real politic-ը գերադասելով բարոյականությունից, «դժվարանում» է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ինչո՞ւ ենք այսօր հիշում 1915 թվականը: Այս հարցին փորձեցինք փոքրիշատե հստակ պատասխան տալ անցած ամիսների ընթացքում և դեռ պիտի տանք: Սակայն հիշում է նաև հիմնական մեղավորը, և արդեն տեսանք, թե նրանք, 100 տարի առաջ, ինչպես էին նախապատրաստել հիշելու կերպը: ՈՒրեմն, ի տարբերություն ավետարանական ավազակների, գիտեին, որ մեղավոր են, ուստի արդարանում են մեզ մեղադրելով:
Իսկ մենք՝ որևէ հատուցում չստացած զոհերս, կարո՞ղ ենք արդյոք վստահորեն ասել, թե մեր հիշելու կերպն ի վերջո վերածվում է արդյունավետ գործողության և մոտեցնում հատուցման ժամը: Թվարկված զոհերը վերջապես պիտի գիտակցե՞ն, որ ժամանակն է համատեղ ջանքերով պատրաստելու և տպագրելու Թուրքիայի յոթհարյուրամյա (և դեռ ավելի՛ն) ոճրագործությունների վավերական պատմությունը՝ արյունոտ գիրքը:

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Դիտվել է՝ 3092

Մեկնաբանություններ