ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

«Ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի»

«Ի փառս  մեր Տեր Հիսուս Քրիստոսի»
12.06.2015 | 14:02

Երեսըդ ծածկի՛ր համեստ շղարշով,
Տե՛ս, ո՞վ է գալիս, և դո՛ւ, հո՛ւր արև.
Գլուխդ ալևոր, քաջածի՛ն Մասիս,
Դու էլ խոնարհի՛ր, Վահագն է գալիս։
Հովհ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուրջ խորհրդածության տեղիք է տալիս Գրիգոր Մովսիսյանի երախայրիքը հանդիսացող «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» խորագրով աշխատությունը, որը վկայում է հեղինակի ունեցած մեծ հավատի, հոգեկան աշխարհի խորության, բարեպաշտության և աստվածատուր իմաստության մասին։
Այն, որ հեղինակը մասնագիտությամբ ֆինանսիստ է և ոչ եկեղեցական, աստվածաբան կամ արձակագիր, մեզ ուղղակի զարմացնում է՝ իր ունեցած սուրբգրային հմտությամբ, հոգեշունչ արտահայտություններով, հայոց հազարագանձ լեզվի հիանալի իմացությամբ, ինչպես նաև իր սեփական անձի ընդգծված համեստությամբ, որ վայել է միայն իսկական մեծություններին։
Աշխատությունը, ինչպես նշվել է հենց սկզբում, գրվել է միայն ու միայն «ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի»։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի բարեպաշտ հեղինակը իր իմացական կարողությանը ոչինչ չի վերագրում, այլ զգում է, որ Տերն է իրեն օժտում իմաստությամբ, «հանում իր կուրացած մտքի անթափանց հատերը և ցույց տալիս թաքնված գանձը» (Գ. Մ. էջ 8), իսկ ինքը, որպեսզի քանքարաթաքույց չլինի, իր ստացածը մատուցում է հանրությանը, նպատակ ունենալով տարածել փառքը մեծին Աստծո, սակայն ինքը մնալով միշտ խոնարհագույն ծառա այդ անկապուտ փառաց։
Այնուհետև Գրիգոր Մովսիսյանը, Աստծուց ներշնչված հայտնատեսությամբ, գրում է, որ պատմահայր Մովսես Խորենացուց մեզ ավանդված և հայոց հնագույն բանահյուսության գոհարը համարվող «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը, իր անզուգական շքեղությամբ ու բովանդակությամբ, «հայտնությունն է մեր Տիրոջ երկրորդ գալստյան, նրա արդար դատաստանի իրականացման և նրա լուսեղեն նկարագրի» (Գ. Մ. էջ 8)։
Հեղինակն իր այս տեսակետը հիմնավորում է սուրբգրային վկայություններով, ուր հայտնի են դառնում ակնբախ նմանություններ «Վահագնի ծնունդը» բանաստեղծության և մեր Տիրոջ երկրորդ գալստյան նշանների ու հանգամանքների միջև, մի բան, որ նշանավորվում է նրանով, թե հայ ժողովուրդը ի սկզբանե եղել է այն առանձնաշնորհյալ ժողովուրդը, որին Աստված հաղորդակից է դարձրել իր մեծահրաշ խորհուրդներին։ Այդ նույն ժողովուրդն է, որ «Վահագնի ծննդի» փոքրիկ, բայց հրաշագեղ բանաստեղծությամբ «հնչեցնում է Տիրոջ երկրորդ գալստյան և նրա արդար դատաստանի իրականացման ահազանգը» (Գ. Մ. էջ 45)։
Այստեղ հարկ է վեր հանել այն կարևոր հանգամանքը, որին քչերն են վերահասու, թե մարդկային զանգվածների կրոնական նախնական հավատալիքներն ու դիցաբանական զրույցները այն պարարտ հողն են պատրաստել հետագայում ընդունելու ճշմարիտ Աստծուն և ընկալելու նրա Խոսքի (Բանի) մարմնացումը՝ ի խնդիր մարդկանց հոգևոր վերանորոգման, փրկության և երջանկության։ «Աստված բազում ձևերով և բազում օրինակներով խոսեց մեր հայրերի հետ» (Եբր. Ա 1)։
«Վահագնի ծնունդը» աշխատությունը ընթերցելիս՝ սխալ կլինի այնտեղ փնտրել մարդաբանական կամ պատմական նույնություն մեր Տիրոջ սրբազան կերպարի հետ, քանզի Հիսուսի` վասն մեր փրկության եղած մարդեղության խորհուրդը եզակի է և անկրկնելի, այնտեղ նկատի առնվող նույնությունը պետք է ընկալել ավելի ձևաբանական (մորֆոլոգիական) իմաստով, քան կեցաբանական (օնտոլոգիական), թեև Գրիգոր Մովսիսյանի մտքում այս վերջին առումով է ընկալվում այդ նույնությունը։ Այս մեկն էլ ընդունելի է այն պարագայում, երբ նկատի ունենանք, որ Հիսուսի աստվածային էությունը, երկրորդ գալուստն ու արդարադատությունը գերազանցում են աշխարհն ու ժամանակը։ Մեկ խոսքով՝ Հիսուս Քրիստոս մեզ համար հավիտենական Փրկիչ է և դատավոր, Հոր Աստծո հավիտենական և անքնին ծնունդ, նրա կենդանի Խոսքն ու իմաստությունը։
Այս տեսանկյունից դիտած՝ մեր Փրկիչը վեր է մարմնական կամ նյութական սահմանափակումներից։ Ինչպես նկատում ենք՝ Գրիգոր Մովսիսյանը հենց այս առումով է նույնացնում Վահագնի ծննդյան հրաշագեղ նկարագրությունը Հիսուսի երկրորդ գալստյան խորհրդի հետ։
Հեղինակը լավագույնս յուրացնելով հազարավոր տարիների խորքից մեզ հասած «Վահագնի ծնունդը» հրաշապատում քերթվածը և շաղկապելով այն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ, թողնում է վախճանաբանական մի կարևոր պատգամ՝ ուղղված համայն հայ ժողովրդին. հոգեպես մաքրազարդվելու, վերականգնվելու տիղմից և ապականությունից, որպեսզի արժանի լինենք ճակատաբաց դիմավորելու մեր Տիրոջ հրաշափառ և ահեղ զորությամբ վերադարձը դեպի երկիր, երբ պիտի գալարվեն երկինքն ու երկիրը և հրդեհվեն ծովերը ծիրանի։ Այդժամ, ո՛վ Տեր, քո ահեղ դատաստանին, արդարությամբ մեզ մի՛ դատիր, այլ գթությամբ դու մեզ փրկի՛ր։


Հակոբ արքեպիսկոպոս
ԳԼՆՋՅԱՆ

Վահագնի ծնունդը

Երկնում էր երկինք, երկնում էր երկիր,
Երկնում էր և ծովը ծիրանի.
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին:

Եղեգնի փողովը ծուխ էր ելնում,
Եղեգնի փողովը բոց էր ելնում
Եվ բոցիցը դուրս էր վազում
Մի պատանեկիկ.

Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,
Նա հուր մազեր ուներ, (ապա թե)՝
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ:
(Մովսես Խորենացի
«Հայոց պատմություն»,)

1. ՆԱԽԱԲԱՆ

Երկար ժամանակ ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, որ «Վահագնի ծնունդը»՝ այդ հրաշք բանաստեղծությունը, բանաստեղծական արվեստի մարգարիտը, որն արտասանելիս շուրթերիցդ ասես աղոթք է բարձրանում առ Աստված, նվիրված է հեթանոսության աստծուն: Ճշմարտության բացահայտման անհանգստությունս փարատելու համար ընտրեցի միակ ճշմարիտ ուղին՝ խնդրել Աստծուց, փնտրել և բախել, քանզի Տերն ասում է. «Խնդրեցէ՛ք Աստծուն, եւ Նա կը տայ ձեզ, փնտռեցէք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի: Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, մի՞թէ քար կը տայ նրան. եւ կամ եթէ ձուկ ուզի, մի՞թէ օձ կը տայ նրան: Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ Նրանից ուզում են»:
Եվ ահա մոտենում էր Մեծ պահքի հերթական, միշտ սպասված շրջանը, որի ընթացքում պահեցողությանը զուգահեռ վերընթերցում եմ աստվածաշնչյան սուրբ գրվածքները՝ ցանկանալով ոչ միայն ազատվել մարմնիս ավելորդ կիլոգրամներից, այլև առավելապես նվազեցնել հոգուս անընդհատ ավելացող մեղքերի ծանրությունը՝ փորձելով հոգենորոգվել և հաղորդակից լինել մեր Տիրոջ մարմնին ու արյանը՝ վայելելով Նրա հրաշափառ հարության տիեզերախինդ ավետիսի բերկրանքը: Այդ ընթացքում էր, որ Տերը հանեց մեղավորիս կուրացած մտքի անթափանց հատերը և ցույց տվեց թաքնված գանձը, որը գտնող ցանկացած ոք կրկին կթաքցնի այն և ուրախությամբ վաճառելով իր ողջ ունեցվածքը՝ ձեռք կբերի գանձը պարառող արտը: Տեսածս նախ ապշեցրեց ինձ իրականությունից կտրվելու աստիճանի և այնուհետև համակեց ամբողջ էությունս, փնտրածն անսպասելիորեն գտնողի ուրախության զգացումի հաճելի թմբիրով: Քանզի «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը ոչ միայն չի առնչվում հեթանոսությանը, այլև խտապատկերն է աստվածաշնչյան ողջ խորհրդի և հայտնությունն է մեր Տիրոջ երկրորդ գալստյան, Նրա արդար դատաստանի իրականացման և Նրա լուսեղեն նկարագրի:
Բայց մի՞թե, Տե՛ր, իրականությունը, որն այդքա՜ն պարզ է թվում այժմ, որը դարեր շարունակ սաղմոսի նման հնչել է մեր ժողովրդի շուրթերից, անդադար լսել ենք, բայց չենք հասկացել, շարունակ նայել ենք, բայց չենք տեսել:
Եվ ես՝ անհնազանդս, որ արժանի եմ աղե արձան դառնալու,
ես՝ անպտուղ ծառս, որ արժանի եմ կացնահարվելու և կրակը գցվելու,
ես՝ հարդս, որ արժանի եմ զատվելու ցորենից և այրվելու անշեջ կրակով,
ես՝ չարամիտս, որ արժանի եմ ողջ-ողջ երկրի երախը նետվելու,
ես՝ չարագործս, որ արժանի եմ «երբեք չեմ ճանաչել» սարսափազդու խոսքիդ,
ես՝ անհամ աղս, որ արժանի եմ դուրս թափվելու և մարդկանց ոտքի կոխան լինելու,
ես՝ խաղողս, որ արժանի եմ գցվելու բարկությանդ մեծ հնձանի մեջ և կոխոտվելու արյունաքամվելու աստիճանի,
ես՝ սահմանազանցս, որ արժանի եմ մշտնջենական կապանքներով պահվելու խավարի մեջ, մինչև արդար դատաստանիդ ահեղ օրը,
ես՝ կեղծավորս, որ տեսնում եմ եղբորս աչքի մեջ եղած շյուղը, առանց անդրադառնալու իմ աչքի միջի գերանին,
ես՝ անպիտան ծառաս, որ ներված լինելով բազում պարտքերիցս, խեղդում եմ ծառայակցիս՝ ինձ ունեցած չնչին պարտքի համար,
ես, որ կյանքս հաճույքներով և զվարճությամբ եմ անցկացնում երկրի վրա ու պարարտանում մորթվելու օրվան պատրաստվող անասունների նման, մի՞թե, Տե՛ր, արժանանում եմ կուրացած մտքիս տեսողության վերականգնմանն ու թաքնված գանձը՝ մարգարիտը տեսնելուն: Այն մարգարիտը, որի ձեռքբերման համար մարգարիտ որոնող յուրաքանչյուր վաճառական պատրաստ է վաճառելու իր ամբողջ ունեցածը և գնելու այն: Մի՞թե, Տե՛ր, Ռաֆայելը կամ շուրջդ գտնվող յոթ սուրբ հրեշտակներից որևէ մեկը վեր են հանել մեղքերի մահճին գամվածիս ապականված հոգուց բխած աղոթքները երերկոտ:
Տե՛ր, Դու, որ քննում ես երիկամներն ու սրտերը մեր.
մի՞թե խոնարհ գտնվեցի Քո առջև, որ խնդրածս լսելի դարձավ,
մի՞թե հաճելի եղա Քո առջև, որ շնորհեցիր ճրագն այս,
մի՞թե մանկան պարզություն ու համեստություն ունեցա Քո առջև, ինչպես որ աղոթքով դիմելով մեր Տիրոջը՝ ասում ես. «Գոհութի՜ւն Քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ»:
Անշուշտ գիտակցում եմ, Տե՛ր, որ ոչ թե ես եմ խոնարհ կամ հաճելի, կամ ունեմ մանկան պարզություն ու համեստություն, այլ Քո սերն է անսահման, գթությունդ՝ անբավ և ողորմությունդ՝ անհատնում, որոնք անձրևի նման առատորեն թափում ես արդարների և մեղավորների վրա:
Հետևաբար, եթե տեսածս խաբկանք և ցնորված երևակայությանս արդյունք չէ, և եթե կամքն է Ամենազոր Աստծուդ, որպեսզի վառեմ և աշտանակի վրա դնեմ ճրագն այս, խնդրում եմ, Տե՛ր, լցրո՛ւ անարժանիս գիտության, հանճարի և իմաստնության աստվածային ոգով Քո, ինչպես որ սրբազան պարագաների պատրաստման համար լցրեցիր ՈՒրիի որդի Բեսելիելին՝ առավելագույնս շահեցնելու վստահված քանքարը և իբրև Աստծու բազմատեսակ պարգևների իսկական տնտես՝ ուրիշներին փոխանցելու ստացած շահը՝ հոգուս խորքում ունենալով «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ» կենսառաք խոսքերիդ արժանանալու փափագը: Եվ լավ իմանալով մարգարեական գրվածքների վրա ավելացնելու կամ այդ գրվածքներից պակասեցնելու համար Արարչիդ կողմից սահմանված ահազարհուր պատիժներն անխուսափելի, խնդրում եմ նաև, Տե՛ր, թո՛ւյլ տուր մտքով տկարիս, տեսածս շարադրելու և մեր հավատավոր ժողովրդին փոխանցելու համար, խղճուկ և խիստ սահմանափակ բառամթերքիս անբովանդակ բառերի գործածման փոխարեն առատապես օգտվել կենաց խոսքիդ շտեմարանից՝ Աստվածաշնչից:
Աստծով՝
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ
21 օգոստոսի, 2012 թ.

Թող ուրախ լինի երկինքն ու ցնծայ
երկիրը,
թող զուարճանայ ծովն իր մէջ եղած բոլոր
կենդանի էակներով:
Թող հրճուեն դաշտերը եւ նրանցում
եղած ամէն ինչ,
թող այնժամ ցնծան անտառի բոլոր
ծառերը
Տիրոջ առջեւ, որ գալիս է,
գալիս է դատելու երկիրը:
Նա պիտի դատի տիեզերքն
արդարութեամբ,
եւ բոլոր ժողովուրդներին՝ Իր
ճշմարտութեամբ:
Սաղմոս 95.11-13
(Աստուած գերագոյն թագաւոր)

2. ՏԻՐՈՋ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՈՒՍՏԸ

«Յիսուս տաճարից դուրս ելած` գնում էր. եւ աշակերտները մօտեցան` Նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները: Եւ Նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»: Եւ մինչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կը լինի, եւ կամ Քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»:
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. որովհետեւ շատերը կը գան Իմ անունով ու կ’ասեն, թէ` ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն: Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն` թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր: Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց»»:
ՈՒրեմն ե՞րբ կլինի հավիտենության թագավորի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը. երբ որ երկունքի ցավերով կբռնվեն երկինքը, երկիրը և ողջ տիեզերքը՝ ծովը ծիրանի կամ, ինչպես անչափ նրբորեն ներկայացված է բանաստեղծության առաջին մասում.
Երկնում էր երկինք, երկնում էր երկիր,
Երկնում էր և ծովը ծիրանի.
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին:
«Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ Իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք: Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն: Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի: Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի: Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը:
Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը,- որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով,- որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ: Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին: Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը. որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի: Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն: Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան. որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի: Ահա ձեզ առաջուց ասացի: Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք. որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի: ՈՒր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները:
Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն: Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: Եւ Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն Նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը:
Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ’իմանաք, որ ամառը մօտ է: Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց Իմ խօսքերը չպիտի անցնեն:
Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը: Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ: Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի: Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի: Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը: Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, կը հսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն: Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ»:
Սակայն եթե երկնքի, երկրի և երկնքից վեր գտնվող ջրերի՝ ծով ծիրանու երկունքը նշանն է մեր Տիրոջ երկրորդ գալստյան, ապա կարմրիկ եղեգնիկի երկունքը նշանն է իր գործած անօրինության հատուցման: Այն իր հղացած չարիքի ու ծնած անիրավության համար որոմի նման նետվելու է կրակի մեջ և այրվելու իր ամոթից՝ ընկնելով իր իսկ փորած փոսը, երբ որ երկնքում երևա Տիրոջ նշանը, որ գալիս է զորությամբ ու մեծ փառքով:
Ահա գալիս եմ շուտով, եւ Ինձ հետ են
Իմ վարձերը,
որպէսզի հատուցեմ իւրաքանչիւրին
ըստ իր գործերի:


Յայտնութիւն 22.12
(Յիսուսի գալուստը)

(շարունակելի)

Դիտվել է՝ 1768

Մեկնաբանություններ