Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Հաշտության պայմանագիր, որը չբերեց ոչ խաղաղություն, ոչ էլ խոստացված «կարճատև դադար»

Հաշտության պայմանագիր, որը չբերեց ոչ խաղաղություն, ոչ էլ խոստացված «կարճատև դադար»
09.06.2015 | 10:59

96 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ՈՉՆՉԻ ԱՌԱՋ ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՊԱՅՔԱՐՈՒՄ

1918 թ. մարտի 3-ին խորհրդային Ռուսաստանի պատվիրակությունը Բրեստ-Լիտովսկում ստորագրեց անջատ (սեպարատ) հաշտության պայմանագիր քառյակ դաշինքի` Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Հայրենական պատմագրության մեջ Բրեստի հաշտությունն արձանագրվել է` «անարգ», «նվաստացուցիչ», «դժբախտ», «ամոթալի» մակդիրներով: Անջատ գործարքի վերջին երկու բնորոշումների «հայրը» խորհրդային կառավարության ղեկավար Վլադիմիր Լենինն է:

Համաշխարհային պատերազմից Ռուսաստանի դուրս գալու պայմանները, ամենից առաջ թելադրված կայսերական Գերմանիայի կողմից, հրեշավոր կերպով նվաստացուցիչ էին և դաժան, հետևանքները` սարսափելի: Ռուսաստանը կորցրեց ՈՒկրաինան, Լեհաստանը (որոնք մինչ այդ զավթել էին գերմանացիները), Բելառուսիայի տարածքի մի մասը, ամբողջ Մերձբալթիկան` Էստլանդիայի, Կուռլանդիայի և Լիֆլանդիայի նախկին նահանգները, Ֆինլանդիան: Թուրքիան տիրացավ Կարսի, Արդահանի, Բաթումի շրջաններին, իսկ իրականում Լենինը հանձնեց ողջ Անդրկովկասը: Խորհրդային Ռուսաստանին պարտադրվեց բոլոր զորքերն ու նավատորմը դուրս բերել բռնագրավված տարածքներից և իրականացնել բանակի լիակատար զորացրում: Այնուհետև գերմանացիները համաձայնագիրը լրացրին. սևծովյան նավատորմը` իր ենթակառուցվածքով հանձնվում էր քառյակ դաշինքի երկրներին, իսկ ՈՒկրաինային էին միացվում Կուրսկի, Վորոնեժի նահանգները, Ղրիմը: Երկիրը դարձավ մինչպյոտրյան ժամանակաշրջանից ավելի փոքր: Իսկ 1918 թ. օգոստոսի 27-ի գաղտնի «լրացուցիչ համաձայնագրով» Ռուսաստանը պարտավորվեց Գերմանիային որպես ռազմատուգանք վճարել 6 մլրդ մարկ, այդ թվում` 1,5 միլիարդը մաքուր ոսկով` 245,546 տոննա, որից 94,535 տոննան երկու փուլով բոլշևիկները հաջողեցրին անմիջապես առաքել Գերմանիա:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Մինչ օրս պաշտոնական պատմական գրականությունը պնդում է, որ այդ պայմանագիրը անխուսափելի էր և նույնիսկ անհրաժեշտ. բանակը քայքայված էր, անմարտունակ, բոլշևիկների փոխարեն ցանկացած այլ կառավարություն նույնպես կկնքեր անջատ հաշտություն: Այս մեկնակերպը, արտագրված «ՀամԿ(բ)Կ համառոտ պատմության դասընթացից», փաստորեն հռչակում է` Բրեստի հաշտությունը կործանարար հետևանքներ չունեցավ երկրի համար և նույնիսկ դադար առնելու հնարավորություն տվեց, ուրեմն լենինյան դիրքորոշումը միակ ճշմարիտն էր: Իսկ Տրոցկին, Բրեստ-Լիտովսկի բանակցություններում խորհրդային պատվիրակության ղեկավարը, «դավաճանորեն խախտեց կուսակցության հրահանգները»: Այս լեգենդը հորինել էր Լենինը հենց 1918 թ. մարտին, բոլշևիկների կուսակցության 7-րդ արտակարգ համագումարում հայտարարելով. «Մենք պայմանավորվել էինք, որ կդիմադրենք մինչև գերմանացիների կողմից ներկայացվող վերջնագիրը, ապա կհանձնվենք». իսկ փաստաթղթերը վկայում են` Լենինը ստում էր: Տրոցկին գործում էր ԿԿ-ի խստորեն սահմանած որոշումների շրջանակներում` Լենինի հրահանգների համաձայն: Տրոցկին քիչ ավելի ուշ գրում է` Լենինի հետ իրականում պայմանավորվել էինք` հաշտությունը կստորագրվի, բայց ոչ թե վերջնագիրը ներկայացվելուց հետո, այլ միայն գերմանական զորքերի հարձակումը սկսելուն պես:

Ավելին, հենց Տրոցկին Լենինին փրկեց փետրվարի 23-ին ԿԿ-ի ճգնաժամային քվեարկության պահին` հրաժարվելով դեմ արտահայտվել պայմանագրի ստորագրմանը և հենց այդ մեկ քվեով Լենինը շահեց ձայների մեծամասնությունը` կուսակցությունում ապահովելով իր հետագա ղեկավար դերը:

Պատահական չէր, որ Բրեստի հաշտության ստորագրումից անմիջապես հետո անգնահատելի ծառայության համար Լենինը Տրոցկուն շնորհեց միանգամից մի քանի` բարձրագույն զինվորական խորհրդի նախագահի, ռազմական գործերի ժողկոմի, մի քիչ ավելի ուշ նաև ծովային գործերի ժողկոմի պաշտոնները: Բրեստ-Լիտովսկում Լենինի համար բոլորովին էլ չէր վճռվում պատերազմի, խաղաղության, նույնիսկ երկրի գոյության, այլ միայն իշխանության, իր իշխանության հարցը: Գերմանացիների հետ հաշտության ստորագրումից հրաժարվելը կնշանակեր պատերազմի շարունակում, որը հնարավոր էր միայն ազգային միասնության շնորհիվ: Բայց դա անխուսափելիորեն կնշանակեր Լենինի հրաժարումը միանձնյա ղեկավարումից և բոլշևիկյան ժողկոմխորհի փոխարինումը այլ կառավարությամբ: Քանի որ իշխանությունը պահպանելն ավելի հեշտ էր, քան անձնական իշխանությունը կորցնելը, Լենինը համոզեց կուսակցականներին ընդունել «ամոթալի հաշտությունը»` գերադասելով դավադրությունը գերմանացիների հետ: Կատարված էր լկտի հաշվարկ` ոչ ավելին. ընդ որում, ճշգրիտ հաշվարկ` եթե երկրի և հեղափոխության համար Լենինը ընտրել էր ամենավտանգավոր, ապա իր համար` պակաս վտանգավոր տարբերակը: «Գերմանացիները տարածքներ էին պահանջում,- արձանագրում է պատմաբան Յուրի Ֆելշտինսկին:- Բայց Լենինից չէին պահանջում հրաժարվել իշխանությունից. ընդհակառակը, հասկանում էին, որ անջատ պայմանագիր կնքող լավագույն դաշնակիցը Լենինն է: Անտանտին չէն հետաքրքրում տարածքները. նրա համար կարևոր էր պահպանել արևելյան գործող ռազմաճակատը: Դաշնակցելով Գերմանիայի հետ, Լենինը պահպանեց իր իշխանությունը: Դաշնակցելով Անտանտի հետ, նա անպայման կկորցներ այն` որպես գերմանական կողմնորոշմամբ գործիչ»: Ահա, ըստ էության, Բրեստի պայմանագրի մեծ «գաղտնիքը»:

Իր ողջ կյանքում Լենինը վարում էր միայն մի պայքար` իշխանության պայքար, ընդ որում, բոլորովին չամաչելով գործընկերներից, դաշնակիցներից, չխորշելով անազնիվ գործելակերպից, միջոցներից: Եվ հենց այս հեռանկարով էլ պետք է դիտարկել Լենինի գերմանամետ կողմնորոշումը` ամեն ինչ չհանգեցնելով ինչ-որ «գերմանական փողերի», «փակ վագոնների» պարտավորվածությանը: Փողը, անկասկած, կազմում էր 50-60 մլն գերմանական մարկ, բայց բոլշևիկների առաջնորդը բոլորովին իրեն պարտավորված չէր զգում ոչ միայն դրա համար, այլև ընդհանրապես որևէ մեկի, որևէ բանի հանդեպ: Նա պարզապես անում էր այն ամենը, ինչը կնպաստեր իր առաջընթացին դեպի ցանկալի նպատակ` անտեսելով ամեն ինչ:

Անտանտը չէր փորձում նպաստել նրա հաջողությանը. գերմանական կողմն այդ օգնությունը առաջարկեց, և Լենինը դա ընդունեց, քանզի այդպես հնարավոր էր զավթել իշխանությունը: Լիովին հասկանալով, որ գերմանացիներն այլևս որևէ մեկի վրա հույս չէին դնելու, Լենինը ձգտեց դրանից առավելագույն օգուտ քաղել` իշխանությունը զավթելու և այն պահպանելու համար: Ահա այդ գործնականության մեջ պետք է որոնել ակունքները, Լենինի մոլագար-ախտաբանական ձգտման` հնարավորինս շտապ կնքել անջատ պայմանագիր գերմանացիների հետ:

Բրեստ-Լիտովսկի բանակցությունների ժամանակ Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարար կոմս Օտտոկար Չեռնին իր օրագրում գրառել է.` «Գերմանական զինվորականներն անում էին ամեն ինչ, որ տապալեն Կերենսկուն և նրա տեղը դնեն «ինչ-որ մեկին». այդ «մեկը» ակնհայտորեն ցանկանում է կնքել հաշտություն»: ՌԿ(բ)Կ 7-րդ համագումարում կուսակցական ընկերների համար անսպասելի բացահայտող եզրակացություն արեց ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի առաջին նախագահ Վալերիան Օբոլենսկին` լիովին ջախջախելով Լենինի կեղծ փաստարկը` գերմանացիների հետ հաշտություն կնքելուց հետո սպասվող տնտեսական օգուտի մասին: Նա անսպասելիորեն նկատեց. «...իրականում, դեռևս ամռանը, այն ժամանակ, երբ ձախողվեց Կերենսկու հարձակումը, իսկ գերմանացիները հակահարձակում սկսեցին Ռիգայի ռազմաճակատում, նրանք, անկասկած, բացահայտ հնարավորություն ունեին ճզմելու ռուսական հեղափոխությունը ճիշտ այնպես, ինչպես և ռուսական բանակը: Ինչո՞ւ նրանք այդ չարեցին այն ժամանակ. հասկանալի է, ոչ թե նրա համար, որ նրանց ձեռքերը կապված էին մյուս ռազմաճակատներում, այլ որովհետև նրանք հաշվարկել էին` իրենց նպատակին հասնել առավել հեշտ ճանապարհով: Նրանք սպասում էին ներքին քայքայման, որը, ըստ իրենց, պետք է իրականացնի ռուսական հեղափոխությունը, սպասում էին խաղաղության կուսակցության հաղթանակին, ըստ նրանց, բոլշևիկների հաղթանակին. վերջնական նպատակին էին ուզում հասնել առավել հեշտ ճանապարհով»:

Այդ իմաստով գերմանացիների հույսերն արդարացան. Լենինը Գերմանիայի հետ անջատ հաշտություն առաջարկեց հոկտեմբերյան հեղաշրջումից անմիջապես հետո` համառորեն պաշտպանելով այդ գաղափարը: Լկտի հաշվա՞րկ էր. քանի դեռ Գերմանիան պատերազմում է Անտանտի հետ, ձեռքերը կապված են և չի կարող լրջորեն զբաղվել իր կառավարության տապալումով: Անջատ պայմանագիրը հեղափոխությունը կտանի դեպի Գերմանիա՞: Լենինի համար դա նույնպես վատ չէր. նա ոչ միայն կառավարության նախագահն էր, այլև համաշխարհային հեղափոխության փաստացի առաջնորդը` Գերմանիայում հեղափոխության հաղթանակի դեպքում, իսկ այժմ միայն չզարգացած, հետամնաց երկրի ղեկավարն էր:

ՉՏՊԱԳՐԵԼ ՄԱՄՈՒԼՈՒՄ

Եռանդով քարոզել անջատ պայմանագրի անհապաղ կնքման օգտին` ահա Լենինի ամենօրյա գործելակերպը: Այդ կապակցությամբ նա հատկապես շատ ելույթներ ունեցավ ՌԿ(բ)Կ արտակարգ 7-րդ համագումարում, որտեղ և վճռվում էր հարցը. կաջակցի՞ արդյոք բոլշևիկյան ֆրակցիան պայմանագրի վավերացմանը համառուսաստանյան խորհրդի առաջիկա արտակարգ 4-րդ համագումարում:

Թերթելով կուսակցական համագումարի սղագրությունները, յուրաքանչյուր ոք կհամոզվի, թե որքան բացահայտորեն ամբոխավարական և բովանդակությամբ դատարկ էին բոլշևիկների առաջնորդի ճառերը, քանզի, ըստ էության, նա ասելու բացարձակապես ոչինչ չուներ. խեղաթյուրում էր թեզիսները, անդրադառնալով իր ընդդիմախոսների անձնականին, ընդ որում, նենգաբար, կոպտորեն, գռեհկորեն` անդադար կեղծելով. բայց դա ընդամենը ամբիոնից հնչող զառանցանք էր` երկրորդական նշանակությամբ: Գլխավոր դերը խաղում էր Սվերդլովը, որի ձեռքում էր գործնականում կուսակցական ապարատը: Դատելով արդյունքներից, նա գործում էր համագումարի հետնաբեմերում (նաև կազմակերպման փուլում) հիմնավորապես` վճռական ձայնի իրավունք ունեցող յուրաքանչուր պատվիրակի հետ անհատապես: Լավ էր, որ այդպիսիների թիվը ընդամենը 47 էր, որոնցից մինչև Տավրիկյան պալատ, ըստ արձանագրությունների, հասան 36-ը:

Պարտադրելով հաշտության ստորագրման բանաձևը, Լենինը ստիպված էր կուսակցական ընկերներին նետել ցանկալի ոսկորը. բանաձևին որպես լրացում հռչակվում էր` «համագումարը կուսակցության ԿԿ-ին լիազորում է` կարող է խզել հաշտության բոլոր պայմանագրերը, պատերազմ հայտարարել ցանկացած իմպերիալիստական պետության և ողջ աշխարհին, երբ կուսակցության ԿԿ-ն դրա համար պահը հարմար կհամարի»: Բայց գերմանացիները, եթե այդ կարդային, ապա վավերացման մասին խոսք չէր կարող լինել. սա ի՜նչ հաշտության պայմանագիր է, որը հարկ եղած պահին կարելի է խզել: Լենինը անմիջապես պահանջում է. «...և դա ես պետք է անպայման պաշտպանեմ. ներկա բանաձևը չպետք է հրապարակվի մամուլում, միայն հաղորդվելու է պայմանագրի վավերացման մասին»: Եվ ավելացնում է. «Ես հույս ունեմ, որ դահլիճում են միայն կուսակցության անդամները. կարծում եմ` սա պետք է դիտել որպես պետական կարևորագույն հարց` հաստատելով դահլիճում գտնվող յուրաքանչյուրի անձնական ստորագրությամբ: Դա բոլորովին էլ ավելորդ քայլ չէ. մենք այնպիսի պայմաններում ենք, որ ռազմական գաղտնիքները Ռուսաստանի հանրապետության համար դառնում են կարևորագույն խնդիր, ամենաէական հարցը»:

Պատվիրակները քվեարկեցին և որոշեցին. «Համագումարն անհրաժեշտ է համարում չհրապարակել ընդունված բանաձևը և կուսակցության բոլոր անդամներին պարտավորեցնում պահպանել գաղտնիքը: Մամուլում կհրապարակվի միայն` համագումարը որոշեց վավերացնել հաշտության պայմանագիրը: Բացի այդ, համագումարը հատկապես ընդգծում է` ԿԿ-ին լիազորություն է տրվում` հարկ եղած դեպքում խզել պայմանագրերը և պատերազմ հայտարարել»:

Բայց դա Լենինի համար քիչ էր. նա համառորեն պահանջում է. «Նկատի ունենալով, որ բանաձևի տեքստը հանձնված է յուրաքանչյուրին, հենց այժմ որոշում ընդունել, որ յուրաքանչյուր ոք բանաձևի իր տեքստը անմիջապես բերի դնի այս սեղանին, հենց այստեղ. դա ռազմական գաղտնիքը պահպանելու միջոցներից մեկն է»: Պարզ ասած, ամեն մի վկայություն դնել սեղանին: Սվերդլովը զգուշորեն ակնարկում է` պատվիրակները պետք է ձեռքներին ունենան ինչ-որ փաստաթուղթ` իրենց կազմակերպություններում հաշվետու լինելու համար: Լենինը պարզապես ջղագարությամբ աղաղակում է. «Ես խնդրում եմ քվեարկել. մեր կուսակցական կենտրոններում չափահաս մարդիկ են, կհասկանան, որ ռազմական գաղտնիք պարունակող հաղորդումը կատարվում է բանավոր: Ես դրա համար էլ վճռականորեն պահանջում եմ` բոլոր պատվիրակները բանաձևի տեքստերը անհապաղ դնեն իմ սեղանին»: Չդրեցին` «ձայների մեծամասնությամբ առաջարկը մերժվեց»:

Համագումարի սղագրության առաջին հրատարակության նախաբանում խմբագրական հանձնաժողովը (Բուխարինի գլխավորությամբ) ընդգծել է. «Այժմ, համագումարից հետո, և նույնիսկ դրանից որոշակի ժամանակ անց էլ այդ արձանագրությունները իրենց բնույթով չեն կարող հրապարակվել»: Պարզվում է` բոլշևիկյան կազմակերպությունը այդ ժամանակ «փաստորեն այնպիսի վիճակում գտնվող կուսակցություն էր, որ ստիպված էր գործել... կիսալեգալ, նույնիսկ անլեգալ... գաղտնագործունեության կանոններով» և միայն այժմ` 1923 թ., «մենք կարող ենք հրապարակային դարձնել կուսակցության կիսալեգալ համագումարի արձանագրությունները...»: Լավ ինքնաճանաչում է` կիսալեգալ, անլեգալ, ընդհատակյա կանոններ... ասես խոսքը ոչ թե ղեկավար կուսակցության, այլ մաֆիայի, լրտեսական ցանցի, ընդհատակյա քայքայիչ, հակապետական կազմակերպության մասին է:

Բայց իրականում թաքցնելու բան կար ոչ միայն նույնիսկ գերմանացիներից և «Անտանտի լրտեսներից», այլև հենց հայրենակիցներից, կուսակցության անդամներից: Ինչպիսի՜ տհաճություն զգացին հրապարակայնացնողները` «հրապարակված արձանագրությունները թողնում են տխուր տպավորություն»:

Ավելին, բավական է պարզապես նորից ուշադիր կարդալ արձանագրված ճառերը: Լենինյան այդ համատարած խուսափողական բազմաթիվ «մենք»-եր` «մենք կզոհվեինք». ընդ որում, «մենք»-ի տակ Լենինը նկատի ուներ ոչ թե երկիրը, այլ կուսակցությունը և իրեն: Խորամանկ դիմախաղով պատմում էր` ինչպես պայմանագրի խախտմամբ «օգնեցինք մեր ֆինն ընկերներին»` վիթխարի քանակությամբ զենք մատակարարելով: Իսկ այ Պետրոգրադի պաշտպանության համար մենք զենք չունեինք, դրա համար էլ Պիտերը հանձնում ենք գերմանացիներին, ընկերներ, հանձնում ենք և նահանջում մինչև ՈՒրալ, Վլադիվոստոկ, Կամչատկա` եթե ճապոնացիները թույլ տան... սիրելի բանվորների մասին Իլյիչը եթե անգամ խոսում է, ապա միայն մի համատեքստում` նրանց պետք է խնայել, չէ՞ որ նրանք թնդանոթի միս են մարտական ջոկատների համար, որոնց շնորհիվ է ապահովվում կուսակցության իշխանությունը:

Սվերդլովն արտահայտվում է համանմանությամբ` մենք իբր դիտում էինք, թե ինչպես «մեր գեներալ Բոնչ-Բրուևիչը քարտեզի վրա տեղակայում էր այս կամ այն խմբերն ու ջոկատները», բայց «մենք հրաշալի հասկանում էինք, որ նրա համար դրանք միայն որոշակի մարտական միավորներ են», որ «նրա համար ոչ մի արժեք չունի 5-10 հազար պրոլետարների կյանքը», բայց մենք «պետք է հասկանանք, թե ինչ ուժեր են ընդգրկված այդ մարտական ջոկատներում», ապա ավելացնում` «զոհելով այդ ջոկատները, մենք կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք»: «Բոլոր այդ նկատառումները,- պնդում է Սվերդլովը,- մեզ ստիպում են կատարել վերջին քայլը` ստորագրել հաշտության պայմանագիր: Իսկական կործանում կլինի մեզ համար, եթե խորհուրդների առաջիկա համագումարում չվավերացնենք այդ պայմանագիրը: Դա անխուսափելի է, քանի որ մեր լավագույն ջոկատները պատրաստ են նետվելու մարտի, բայց մենք չենք կարող երաշխավորել, որ հնարավորություն կա ավելի լայն շրջանակներ ներգրավելու»: «Մենքը» վերաբերում է, ըստ Սվերդլովի, ոչ թե հայրենիքին, այլ բացառապես հենց իրենց` կուսակցության ղեկավարությանը:

Նրան երկրորդում է Զինովևը` «մենք չենք կարող անտեսել մեր երկրի դասակարգային կազմը». իսկ այն գյուղացիական է` 99 տոկոսը գյուղացիներ են. «նրանք չեն տեսնում անմիջական կապ իմպերիալիստների հարձակման և հողի սոցիալիզացիայի հարցերի միջև, դրա համար էլ չեն միավորվի բանվոր դասակարգի հետ» և պատերազմ վարելու ողջ ծանրությունը կընկնի «միայն բանվոր դասակարգի, ավելին` նրա առաջադեմ մասի ուսերին», այսինքն` բոլշևիկների: Դե, «լիովին պարզ է, նրանք կպարտվեն»: Զինովևի այդ ճիչը թարգմանաբար նշանակում էր` մենք ստիպված կլինենք պատերազմել միայնակ, բայց այդ դեպքում մեզ կոչնչացնեն:

Սակայն Լենինի ամենագլխավոր գաղտնիքը բացահայտել է Իվար Սմիլգան. նա հայտարարել է. «Եթե մեր հեղափոխությունը պարտվի գերմանական իմպերիալիզմի հարվածներից, ապա խորհրդային իշխանությունն էլ կկազմաքանդվի»: Իսկ նահանջը դեպի Մոսկվա, ՈՒրալ և «անմիջական պատերազմը Գերմանիայի ու Ավստրիայի հետ կործանարար կլինի մեր հեղափոխության համար: Նույնիսկ մի քանի ռազմական պարտություններ կործանարար կլինեն հեղափոխության համար: Այդ կլինի ոչ թե մեր իշխանության, այլ բոլշևիկյան, ձախ-էսէռական պարտիզանական ջախջախված ջոկատների փախուստը, մենք կզրկվենք պետական մեքենան կառավարելու հնարավորությունից»:

ՈՒշագրավ է 1905-ից կուսակցության անդամ Օլիմպիադա Ռոզանովայի ելույթը. «Մեր կադետները կոչ են անում համազգային միասնության: Թշնամական ներխուժման ճակատագրական պահին նրանք պահանջում են և առաջարկում... տվյալ պահին չլինելով բոլշևիկներ, նրանք կոչ են անում բոլոր ռուս քաղաքացիներին օգնության հասնել խորհրդային իշխանությանը, միավորվել խորհուրդների շուրջ` որպես ժողովրդական իշխանության միակ կազմակերպության: Կադետները կոչ են անում համախմբվել կենտրոնի շուրջ... նրանք ասում են, որ իրենք էլ կմասնակցեն այդ հեղափոխական պատերազմին»: Ի՞նչն է այստեղ հրեշավոր. պարզվում է, որ «բանվորների մեծ զանգվածների համար, որոնց մեջ բավարար չափով չի զարգացած դասակարգային ինքնագիտակցությունը, համազգային միասնությունը կարող է լիովին մթագնել այն: Դրանով ստեղծվում է հենց այն վտանգը, որից մենք փորձում էինք շարունակաբար խուսափել... չէ որ մեզ համար առաջնայինը դասակարգային ինքնագիտակցության զարգացման սկզբունքն է»:

Դրա համար էլ անհրաժեշտ է շտապ անջատ հաշտության պայմանագիր կնքել Գերմանիայի հետ, որպեսզի հասցնենք հեռանալ հակահեղափոխությունից, քանի դեռ այդ հական ինքը մեզ չի կործանել համազգային միասնության դրոշի ներքո:

Պատմական կուսակցական համագումարի պատվիրակներից ոչ մեկն այդպես էլ մի խոսք չասաց երկրի ճակատագրի, նրա փրկության, ազգային շահերի, վերջապես մարդկանց մասին: Բոլոր ճառերն այն մասին էին, թե ինչպես փրկել մեր իշխանությունը և ինքներս մեզ այդ իշխանության օրոք: Ահա լենինյան Բրեստյան հաշտության պայմանագրի ողջ էությունը, որը այդպես էլ երկրին չբերեց ոչ խաղաղություն, ոչ էլ խոստացված «կարճատև դադար»: Դադար, թեկուզ ոչ երկարատև, ձեռք բերեցին միայն կենտրոնական պետությունները, հեշտությամբ իրենց պարտությունները փոխհատուցելով զավթված տարածքների տոտալ կողոպուտների հաշվին: Մեր երկրի համար այդ «դադարը» արժեցավ զավթիչների կողմից մահապատժված, սովից մահացած, արտակարգ հանձնաժողովի (չեկայի), պարենային ջոկատների կողմից ոչնչացված հարյուր հազարավոր մարդկանց կյանքը: Այդ «խաղաղ դադարի» ուղղակի հետևանքը եղավ հենց բոլշևիկների հրահրած քաղաքացիական արյունահեղ պատերազմը, նույն նպատակի` իրենց իշխանության հաստատման համար:

Ռուսերենից թարգմանեց Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3056

Մեկնաբանություններ