Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Պատմության անիվը ռուսների ձեռքով շրջվեց հօգուտ Թուրքիայի

Պատմության անիվը ռուսների ձեռքով շրջվեց հօգուտ Թուրքիայի
05.06.2015 | 00:41

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատեսի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:


-Պատերազմի մեջ Թուրքիայի մտնելուց հետո ի՞նչ էր կատարվում ռազմաճակատում:
-1914-ի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը միանում է պատերազմին և բացում Կովկասյան, Միջագետքի և Սինայի ճակատները: Կովկասյան ռազմաճակատում 1914-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախում է թուրքական 90-հազարանոց զորքը (փրկվեց միայն 12 հազարը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց՝ Նուրհան անունով մի հայորդու շնորհիվ։ Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից։ 1915-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ ազատագրեցին Վանը։ Սակայն հուլիսին ռուսական բանակը կրկին թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար։ Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916-ին ազատագրեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը և այլ տարածքներ՝ հասնելով մինչև Սեբաստիայի վիլայեթ։ 1917-ի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին։ Փետրվարյան հեղափոխության պատճառով ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին։ Սակայն խորացող ճգնաժամի պայմաններում 1917-ի նոյեմբերի 7-ին Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր (*)։ Կողմերը համաձայնեցին, որ իրենց միջև դադարեցվում են պատերազմական գործողությունները, իսկ փոխադարձ զիջումների և պայմանավորվածությունների շարքում Ռուսաստանը հանձն է առնում իր զորքերը դուրս բերել «Արևելյան Անատոլիա»-ից, մասնավորապես՝ Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից։ Թեև պայմանագիրը 1917-ի նոյեմբերի 8-ին բոլշևիկների ընդունած «Խաղաղության մասին» լենինյան «դեկրետի» «տրամաբանական շարունակությունն» էր, այսուհանդերձ՝ Ռուսաստանի կատարած այդ զիջումով ծանրագույն ճգնաժամի մեջ հայտնվեց կովկասյան ճակատի երկայնքին ապրող հայությունը: Բրեստի դաշնագրով փաստորեն չեղյալ համարվեց 1917-ի դեկտեմբերի 29-ին բոլշևիկների ընդունած «Արևմտյան Հայաստանի հողերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին» որոշումը և, փոխարենը, հաստատվեց նույն այդ հողերը Օսմանյան կայսրությանը վերադարձնելու... վճիռ: (Հաջորդ երեքշաբթի՝ հունիսի 9-ին «Իրատեսը» կհրապարակի «Բրեստի հաշտություն՝ ամոթալի և ցանկալի» նյութը։ Այս հրապարակումն ընթերցողին կօգնի հասկանալ բրեստյան հաշտության պայմանագրի ողջ էությունը, որը «Հայաստանին այդպես էլ չբերեց ոչ խաղաղություն, ոչ էլ խոստացված «կարճատև դադար»- «Իրատես»)։


-Ի՞նչ կատարվեց պատերազմից Ռուսաստանի դուրս գալուց հետո:
-Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելառուսիայի (այժմ՝ Բելառուս) մի մասն ու մերձբալթյան երկրները։ Ֆինլանդիան և ՈՒկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ։ Օսմանյան կայսրությանն էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը։ Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը)։ Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին: Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը: 1919 թվականի Փարիզի խաղաղության կոնֆերանսում Մեծ քառյակը (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա) ստորագրեց մի շարք պայմանագրեր: Ստեղծվեց Ազգերի լիգա, որպեսզի հետագայում բացառվեին նմանատիպ հակամարտությունները: Մարտի 12-ին թուրքական բանակը գրավեց Կարին (Էրզրում) բերդաքաղաքը, որն իր ռազմաքաղաքական դիրքով ամբողջ Անդրկովկասի տիրապետության բանալին էր։ Բալկանյան և Արաբական ռազմաճակատներում ծանր պարտություն կրած թուրքական զորքերի համար պատմության անիվը հանկարծակի շրջվեց։ Ռուսաստանում իշխանությունը տապալած և «պրոլետարական դիկտատուրա» հաստատած բոլշևիկները 1918-ի առաջին օրերից համագործակցության ձեռք մեկնեցին պատերազմում պարտված թուրքերին։ Դեպի արևելյան ներքին գավառները ցիրուցան նահանջող թուրքական զորքերը վերախմբվեցին, վերակազմակերպվեցին և կատաղի թափով գրոհ ձեռնարկեցին արդեն հայ-թուրքական պատերազմի դաշտի վերածված թուրք-ռուսական ռազմաճակատի ամբողջ երկայնքով մեկ։ Պատահածը պատմության հեգնական խաղերից մեկն էր, որ հայ ժողովրդի պարագայում Արևմտյան Հայաստանից հետո Արևելյան Հայաստանը կորցնելու օրհասական վտանգի պահը դարձավ:
-Ինչո՞ւ շրջվեց պատմության անիվը հօգուտ Թուրքիայի:
-Բոլշևիկյան Ռուսաստանը արտաքին ճակատում զինադադարի անհրաժեշտություն ուներ, որ հաշվեհարդար տեսներ իր ներքին հակառակորդների հետ։ Ռուսական բանակը տուն կանչվեց բոլոր ռազմաճակատներից, նաև թուրք-ռուսական ռազմաճակատից, ուր հայասպանության մեծ ոճիրը ամբողջացնելու թուրքական եղեռնագործ ուրվականը թևածում էր Արևելահայաստանի վրա։ Իսկ թուրքական բանակի վերախմբվող ուժերը տենդագին արշավում էին դեպի նավթային մայրաքաղաք Բաքու, որի սև ոսկու ռազմավարական պաշարներին տիրանալու մեծապետական մրցակցությունն իր գագաթնակետին էր հասել:
Ազգայնամոլական Թուրքիայի դիտանկյունից՝ օսմանյան տիրակալության ամեն դիրք կորած էր Բալկաններում և արաբական աշխարհում։ Թուրքական տիրակալության վերականգնման միակ ելքը նկատվում էր, այսպես կոչված, «Արևելյան Անատոլիայի»՝ Արևմտահայաստանի հողի վրա թուրք ազգայնական պետության ստեղծումը, որի համար ռազմավարական մեծ նշանակություն ուներ մինչև Բաքու տարածված համաթուրքական քաղաքական ամբողջության կայացումը։ Պահը օրհասական էր հատկապես հայ ժողովրդի համար, որն Առաջին աշխարհամարտի բռնկումին հաջորդած տարագրության և ցեղասպանության հարվածին էր փորձում դիմագրավել՝ ռուս-թուրքական ռազմաճակատի երկայնքին հայ կամավորական շարժումը կյանքի կոչելով և գալիք հայ ազգային բանակի կենսատու կորիզը հիմնելով։
-Հայ կամավորական գնդերը ինչո՞ւ չկարողացան ճակատը պահել:
-Ցարական բանակի ընդհանուր հրամանատարության տակ գործելով՝ 1915-ի աշնանամուտից սկսած, հայ կամավորական գնդերը կարող էին մեծ զոհաբերությունների գնով, թիզ առ թիզ ազատագրել Արևմտահայաստանը, հասնել մինչև Տրապիզոն և սպայակազմի կենտրոնը հաստատել Կարինում՝ հայրենի հողերը գրեթե ամբողջությամբ վերաբնակեցնելով գաղթական հայությամբ։ Արևմտահայաստանի վերատիրացման ազգային մեծ երազն էր, որ ահա այդպես՝ ի նպաստ ազգայնամոլական թուրքերի բոլշևիկյան Ռուսաստանի կատարած դիմաշրջումով մահացու հարված էր ստանում։ Հայասպանությունը «ամբողջացնելու» թուրքական ազգայնամոլների կատաղության դեմ միայնակ մաքառելու օրհասին էր դատապարտվում կամավորական գնդերի վրա հիմնված նորակազմ Հայկական կորպուսը։ Հայ ժողովուրդը հերոսական դիմադրությամբ 1918-ի մայիսին կասեցրեց թուրքական հարձակումը: Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ վերատիրանալ արյամբ և մեծ զոհողություններով ազատագրված Արևմտահայաստանին։ Բրեստ-Լիտովսկի «հաշտության» դաշինքը «լավ հնարավորություններ» ընձեռեց մեծապետական նկրտումներ ունեցող ազգայնամոլ թուրքերին, որ օգտվելով ստեղծված իրավիճակից և խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին բոլշևիկյան Ռուսաստանի հետ իր կնքած Երզնկայի զինադադարը՝ ձեռնարկի ընդհանուր արշավանք։ Բնականաբար հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը խորապես հեգնող նշանակություն ստացավ բոլշևիկյան Ռուսաստանի հռչակած «Թուրքահայաստանի մասին» լենինյան «դեկրետը»՝ «ընդհուպ ազգային ինքնորոշման իրավունքի ամրագրումը» խոստացող կեղծիքով։ Աշխարհաքաղաքական այս խորապատկերով զարգացան ռազմական գործողությունները, որոնք 1918-ի մարտի 12-ին հանգեցին Կարինի անկմանը։


Թուրքական զորքերը առավելագույնս նպաստավորվեցին ռազմաճակատը լքող ռուս զինվորների առաջացրած քաոսից։ Վեհիբ փաշայի ընդհանուր հրամանատարության տակ, Հայկական կորպուսի սակավաթիվ զորքի դեմ թուրքական բանակի ի մի բերած գերակշռող ուժերի շնորհիվ, թուրքական զորքերը նախ փետրվարի սկզբին գրավեցին Երզնկան, որտեղից Անդրանիկի հրամանատարության տակ գործող հայկական ուժերը սկսեցին նահանջել։ Իսկ փետրվարի վերջին, երբ Անդրանիկն իր զորքով ու գաղթական հայությամբ որոշեց դատարկել նաև Կարինը, մարտի 12-ին թուրքական բանակը ամբողջովին գրավեց ռազմավարական մեծ նշանակություն ներկայացնող հայոց հինավուրց բերդաքաղաք Կարինը՝ Էրզրումը։ Այնուհետև միայն շաբաթների հարց եղավ թուրքական զորքի առաջխաղացումը դեպի Սարիղամիշ, Կարս և Ալեքսանդրապոլ, որը 1918-ի մայիսի 15-ին ընկավ թուրքերի ձեռքը։ Պատմական ծանրակշիռ նշանակությամբ այդ իրադարձությունների քաղաքական արժևորումը կատարելով՝ Սիմոն Վրացյանը իր «Հայաստանի Հանրապետությունը» գրքում հետագայում պիտի նշեր. «Էրզրումի անկումով փաստորեն ամբողջ Թուրքահայաստանը նորից անցավ թուրքերի ձեռքը։ Ճիշտ է, Ալաշկերտ-Խնուս-Վան տարածքները դեռ գրավված չէին, բայց նրանց ճակատագիրն էլ որոշված պետք էր համարել։ Թուրքահայկական գավառները նորից դարձան ավերակ և անմարդաբնակ։ Պատերազմը փոխադրվում էր ռուսահայկական հողերի վրա։ Բնաջնջման սպառնալիքը կախվում էր նաև հայության երկրորդ հատվածի գլխին։ Կռիվը ոչ միայն ըստ էության, ձևականորեն էլ ստանում էր հայ-թուրքական բնույթ։ Այսուհետև բացառապես հայ ժողովրդից էր կախված պատերազմի վախճանը։ Անդրկովկասյան իշխանությունը ոչ միայն նպաստում էր պատերազմին, այլև իր վարանոտ ու հակասական քայլերով և ներքին հակամարտություններով ավելի էր թուլացնում ճակատի պաշտպանության գործը»։
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

(*) Բրեստ-Լիտովսկի հաշտության միջազգային պայմանագիր՝ ստորագրված 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում՝ մի կողմից՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ներկայացուցիչների, մյուս կողմից Կենտրոնական ուժերի (Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա և Բուլղարական թագավորություն) միջև։
1917 թվականի հոկտեմբերին, զինված հեղաշրջման ճանապարհով գալով իշխանության, բոլշևիկներն արդեն մի քանի ամիս հետո հայտնվել էին ծայրահեղ ծանր վիճակում: Նրանք 1918-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում խայտառակ պարտվողական պայմանագիր կնքեցին, որով հսկայական տարածքային զիջումների գնացին Եվրոպայում: Միջին Արևելքում բոլշևիկներն էական զիջումների գնացին պարտվող և կործանման եզրին կանգնած Օսմանյան կայսրությանը: Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններով բոլշևիկները պարտավորվեցին թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում ազատագրված Արևմտյան Հայաստանի տարածքները (կամ «Արևելյան Անատոլիայի նահանգները», ինչպես գրված է պայմանագրում), այլև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային Ռուսաստանի առաջին քայլը արտաքին քաղաքականության մեջ դարձավ խաղաղության մասին դեկրետը, որը հրապարակվեց 1917-ի հոկտեմբերի 26-ին Խորհուրդների երկրորդ Համառուսաստանյան համագումարի ժամանակ։ Դեկրետի հեղինակն էր Լենինը։ Դեկրետում առաջարկվում էր բոլոր պատերազմող երկրներին անմիջապես սկսել բանակցություններ «արդար դեմոկրատական աշխարհ» ստեղծելու համար։
1917 թվականի նոյեմբերի 9-ին Լենինը ելույթ ունեցավ ռադիոյով և կոչ արեց զինվորներին բանակցություններ սկսել հակառակ ճամբարի զինվորների հետ, որի հետևանքով ռազմաճակատներում սկսվեցին «զինվորական հաշտություններ»։ Դրանով Լենինը և իր կողմնակիցները ձգտում էին իրականացնել համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն։ Այդ կոչերից անմիջապես հետո սկսվեցին ցույցեր Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, որոնք պահանջում էին միանալ Խորհրդային Ռուսաստանին և կնքել հաշտություն։
Երբ Անտանտի երկրները մերժեցին հաշտության մասին դեկրետը, խորհրդային Ռուսաստանը գնաց բանակցությունների Քառյակ միության երկրների հետ, որոնք գտնվում էին պատերազմի ժամանակ հակառակ ճամբարում։
1917-ի դեկտեմբերի 9-ին Բրեստում սկսվեցին հաշտության բանակցություններ մասնակցությամբ խորհրդային Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Օսմանյան կայսրության։ Խորհրդային պատվիրակությունը գլխավորում էր Իոֆֆեն։ Խորհրդային պատվիրակության գլխավոր առաջարկներն էին զորքերի դուրսբերումը գրավված տարածքներից, ազատություն այն ազգերին, որոնք զրկվել էին դրանից պատերազմի ընթացքում, հրաժարում բոլոր տեսակի ռազմատուգանքներից և նման այլ պայմաններ։
Գերմանական պատվիրակությունը երկար ժամանակ քննեց պայմանները և մշակեց սեփական ծրագիրը՝ միացնել Գերմանիային Մերձբալթիկան և մասնատել Լեհաստանը, որպեսզի ղեկավարեն ոչ արիական ծագում ունեցող ազգերին։ Բացի դրանից, Գերմանիան ձգտում էր պահպանել Ռուսաստանից գրաված տարածքները, որ օգտագործեր Ռուսաստանի տնտեսական ռեսուրսները։ Այդպիսով Գերմանիան հաղթանակած էր դուրս գալիս պարտված պատերազմից։ Այս ծրագիրը սկզբնապես գաղտնի էր պահվում։
Համաձայնելով ռուսական առաջարկի հետ՝ Քառյակ միության երկրները արեցին հետևյալ հայտարարությունը, որ իրենց համար ընդունելի կլինի Ռուսաստանի առաջարկը, եթե նա տա երաշխիք, որ պատերազմին մասնակից տերությունները կընդունեն այս պայմանները։ Դրանով Գերմանիան ցույց էր տալիս, որ հաշտություն հնարավոր չէ, քանի որ Գերմանիան համոզված էր, որ Անտանտի երկրները համաձայն չեն լինի այդ պայմաններով պայմանագրին։
Այս հարցերի լուծման համար հայտարարվեց 10-օրյա ընդմիջում։ Այդ ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին խորհրդային իշխանությունը Անտանտի երկրներին կոչ արեց ազատություն շնորհել իրենց հպատակության տակ գտնվող երկրներին՝ ելնելով ազգերի ինքնորոշման սկզբունքից՝ օրինակ բերելով Ֆինլանդիան, ՈՒկրաինան և Բելառուսիան։ Նրանք նաև փորձում էին իրականացնել համաշխարհային սոցիալիստական հեղափոխության ծրագիրը՝ կարծելով, որ եթե խաղաղության ծրագիրը չընդունվի, ժողովուրդները կապստամբեն։
Տեսնելով, որ Անտանտի երկրները համաձայն չեն հաշտության հետ, 1917 թվականի դեկտեմբերի 27-ից խորհրդային իշխանությունը միայնակ սկսեց բանակցությունները Գերմանիայի հետ։ 1918-ի հունվարի 27-ին Քառյակ միության երկրները ՈՒկրաինայի Կենտրոնական ռադայի հետ եկան համաձայնության, որ նրանց ՈՒկրաինան պետք է տրամադրի սննդամթերք՝ ռազմական օգնության փոխարեն։ Նույն երեկոյան խորհրդային Ռուսաստանին տրվեց վերջնագիր գերմանական պահանջները կատարելու համար ու սահմանները հասցնել մինչև Նարվա, Պսկով, Դվինա։ Հունվարի 28-ին Տրոցկին պատասխանեց վերջնագրին, որ Ռուսաստանը պայմանագիրը չի ստորագրում, դադարեցնում է պատերազմը և դուրս է բերում զորքերը։ Փետրվարի 18-ին Քառյակ միությունը հարձակման անցավ ամբողջ արևելյան ճակատով։ Ռուսական բանակները չկարողացան դիմադրել այդ հարձակմանը և արդեն փետրվարի 19-ին համաձայնեցին ստորագրել հաշտությունը։ Գերմանացիները շարունակեցին հարձակումը և միայն փետրվարի 22-ին համաձայնեցին հաշտության՝ հարկադրելով ավելի ծանր պայմաններ, քան նախկինում։ Մտածելու համար խորհրդային պատվիրակությանը տրվեց 48 ժամ։
Քննարկումից հետո կուսակցության կենտրոնը համաձայնեց ստորագրել պայմանագիրը և Բրեստ-Լիտովսկ ուղարկեց Սոկոլնիկովին պայմանագիրը ստորագրելու համար։ Պայմանագիրը ստորագրվեց 1918-ի մարտի 3-ին, որը ուղղակի խայտառակություն էր Ռուսաստանի համար։ Տրոցկին և մյուսները լավ գիտակցում էին Գերմանիայի հարձակումը և գիտեին, որ իրենք չեն կարող դիմադրել։ 1918-ի մարտի 6-8-ին տեղի ունեցած ՌԿ(բ)Կ 7-րդ համագումարում, որտեղ քննվում էր Բրեստի հարցը, Լենինը հանդես եկավ հայտարարությամբ, որ հաշտությունը կապիտուլյացիա չէ, այլ ժամանակավոր մանևր, իշխանություն և ժամանակ շահելու համար։ Լենինին կողմ քվեարկեց կուսակցության մեծ մասը։ Մարտի 15-ի Սովետների 4-րդ արտակարգ համագումարում ընդունվեց Բրեստի հաշտությունը, որի համաձայն Ռուսաստանից կտրվեցին Մերձբալթիկան և Բելոռուսիայի մի մասը, Կովկասում Օսմանյան կայսրությանն անցան Կարսը, Արդահանը, Բաթումը։ ՈՒկրաինան և Ֆինլանդիան հռչակվեցին ինքնավար հանրապետություններ և պետք է Կարմիր բանակի զորքերը դուրս բերվեին այնտեղից։ Ռուսաստանը զրկվեց իր տարածքի 1 մլն քկմ-ից, որտեղ ապրում էր բնակչության շուրջ կեսը և տնտեսության 1/3-ը ևս տեղակայված էր այստեղ։ Կարմիր բանակը դուրս էր բերվում այդ տարածքներից ռազմածովային ուժերի հետ միասին։ Մաքսային հարցում վերականգնվում էր 1904 թվականի իրավիճակը՝ հօգուտ Գերմանիայի։
Ռուսական զորքերի դուրսբերումը Արևելյան ճակատից հնարավորություն տվեց Գերմանիային անցնել հարձակման հարավային ուղղությամբ 1918-ի մարտի 21-ից մինչև հունիսի 17-ը, սակայն մեծ հաջողությունների չհասան, այլ հակառակը, Անտանտի երկրները որդեգրեցին անդադար հարձակումների մարտավարությունը և, ի վերջո, հաղթեցին նրան։ Բրեստի խայտառակ հաշտությունը լրացվեց 1918-ի օգոստոսի 27-ի Բեռլինի համաձայնագրով, որով Ռուսաստանը Գերմանիային էր տալիս 6 մլրդ մարկ ռազմատուգանք։
1918-ի նոյեմբերի 9-ին Գերմանիայում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո նոյեմբերի 13-ին Բրեստի հաշտությունը չեղյալ համարվեց։
Բրեստի հաշտությունը, որը մեծ վնասներ հասցրեց Ռուսաստանին, հնարավորություն տվեց բոլշևիկներին քաղաքական իշխանությունը իրենց ձեռքում պահել և մաքրել քաղաքական հակառակորդներին իշխանությունից։ Խոսքը վերաբերում է ձախ էսէռներին, որոնք դուրս եկան իշխանությունից նաև Բրեստի հաշտության շուրջ ծագած հակասությունների պատճառով։ Սա էր նաև պատճառը, որ Ռուսաստանում սկսվեց քաղաքացիական պատերազմ, ինչի պատճառով էլ մեծ թվով մարդկանց արյուն թափվեց։ Այս պայմանագիրն անօրինական է ու անվավեր, ըստ այդմ որևէ իրավական հետևանք չունի հայ-թուրքական սահմանի համար, 2 պատճառով՝ բոլշևիկները 1918-ին չէին հանդիսանում Ռուսաստանի օրինավոր և ճանաչված իշխանությունները, հետևաբար՝ իրավասու չէին միջազգային հարաբերությունների մեջ մտնելու, առավել ևս պայմանագիր կնքելու, Ռուսաստանի անունից: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել կնքողների կողմից (1918-ի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի, իսկ 1918-ի հոկտեմբերի 30-ին՝ Օսմանյան կայսրության կողմից (Մուդրոսի զինադադարի 11-րդ հոդվածով):

Դիտվել է՝ 3647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ