Ապրիլի 24-ից հետո էլ համաշխարհային մամուլի էջերում հայտնվում են հրապարակումներ հայերի և 1915 թվականի իրադարձությունների մասին։ Իտալական «La Stampa»-ի հոդվածում խոսվում է վերջին դեպքի մասին, որը մեծ արձագանք է ունեցել ողջ աշխարհի հայերի շրջանում։ Թուրքիայի տարածքում գտնվող Դերսիմ քաղաքում 12 ծպտյալ հայեր որոշեցին բաց մկրտվել, մինչ նրանց ծնողներն ու պապերը մեկ դար ստիպված էին թաքցնել իրենց ինքնությունը: «12 հայեր Դերսիմից (ներկայիս Թունջելի նահանգի հին անվանումն է) ընդունեցին իրենց մկրտությունը Ստամբուլի հայկական եկեղեցում։ Նրանք ծագումով այն ընտանիքներից են, որ 1915 թ. Ցեղասպանությունից հետո թաքցնում էին իրենց հայկական և քրիստոնեական ծագումը մեկ դար։ Այժմ նրանք որոշեցին հաղթել նախապաշարմունքներին և վերագտնել իրենց ինքնությունը։
Մկրտությանը նախորդել էր կատեխիզիսի և քիստոնեական դավանանքի ուսուցման վեց ամիսը։ Նույն այդ արարողությանը հոգևորականները քրիստոնեական պսակադրությամբ ամուսնացրել են երկու զույգի։ Մկրտված և ամուսնացածներից մեկը Հովհաննես Մինասն է։ Նրա խոսքով, ինքը ցանկանում էր իրագործել ծնողների և պապերի առջև իր բարոյական պարտքը։ «Սա երջանիկ օր է ինձ համար։ Մենք երբեք չենք մոռացել մեր կրոնը, իսկ այժմ կարող ենք ազատ ապրել»,- ասել է նա Ստամբուլի հայկական «Ակոս» թերթին։
Մինչև 1915 թվականը Դերսիմի բնակչության մեկ երրորդը հայեր էին։ Նրանք բարձր մշակույթի կրողներ էին, բազմաթիվ գյուղերից յուրաքանչյուրում եկեղեցի և ծխական դպրոց կար։ Ցեղասպանությունն այդ հողից ջնջեց ոչ միայն հայ բնակչությանը, այլև նրանց մասին հիշեցնող ճարտարապետությունը։
Այդուհանդերձ, որոշ ընտանիքների հաջողվել էր փրկվել և վերադառնալ՝ թեև թաքցնելով իրենց կրոնական և մշակութային պատկանելությունը։ Դերսիմում նաև բազում ալևիներ են ապրել, որոնք դարերով խառնվել են հայերին։ Շատ ալևիներ հիշում էին իրենց հայկական արմատների մասին և պահել էին կապը իրենց ցեղի այն ճյուղերի հետ, որոնք հայ կամ ալևի էին մնացել։
Շատերն այժմ վերադառնում են արմատներին, այս կամ այն չափով պաշտոնապես։ Դիարբեքիրի հայերը, որոնք Ցեղասպանության ժամանակ կրոնափոխ են եղել, այժմ երկու անուն ունեն՝ պաշտոնական, իսլամականը, և այն, որը կապում է արմատներին։ Իրենց արմատներին վերադարձածների ծնողները լավ գիտեին, որ իրենք հայեր են, բայց թաքցնում էին, քանի որ «հայ» բառը տաբու էր։
Հասկանալի է, թե ինչու, եթե այսօր էլ Ցեղասպանության ժխտման քարոզչության մեջ, դպրոցական դասագրքերում հայերին նկարագրում են որպես դավաճանների»։