ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հայաստանում ունենք կավահողի, հետևապես և ալյումինի ստացման խոշորածավալ հումք

Հայաստանում ունենք կավահողի, հետևապես և ալյումինի  ստացման խոշորածավալ հումք
19.05.2015 | 10:05

Հայաստանի Հանրապետությունում կավահողի (ալյումինի) ելահումք են գնահատված նեֆելինային սիենիտները, որոնք լայնորեն տարածված են Հայաստանի կենտրոնական (Թեժսարի նեֆելինային սիենիտների զանգվածը) և հարավային (Մեղրու շրջանի նեֆելինային սիենիտների զանգվածը) մասերում։

1. Թեժսարի նեֆելինային սիենիտները տեղադրված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում՝ Կոտայքի և մասամբ Լոռու մարզերի տարածքում։ Գ. Բաղդասարյանի (1950 թ.) կատարած մանրակրկիտ երկրաբանապետրոգրաֆիական հետազոտությունների արդյունքով հնարավորություն է ընձեռվել սահմանագծելու նեֆելինով հարուստ նեֆելինային սիենիտների տեղամասեր և առաջարկելու դրանք որպես կավահողի ստացման ելահումք։ Հետախուզական աշխատանքներին զուգընթաց երկու տեղամասերում՝ Թաքարլուի և Թեժագետի, որոնք համարվել են առավել նպաստավոր հետագա շահագործական աշխատանքների համար, կատարվել են նաև տեխնոլոգիական հետազոտություններ։ Մ. Մանվելյանի կողմից մշակվել է նեֆելինային սիենիտներից նորագույն տեխնոլոգիայով կավահողի ստացման տեխնոլոգիական եղանակ։ Մշակված տեխնոլոգիական եղանակը հնարավորություն է ընձեռել զուգահեռաբար ստանալու նաև ցեմենտ, պոտաշ, սոդա, մոնոսիլիկատ և այլ նյութեր։ Կատարված լաբորատոր, ինչպես նաև կիսագործարանային փորձարկումները հաստատել են մատչելի եղանակով կավահողի ստացման հնարավորությունը։ 1960-1962 թթ. նեֆելինային սիենիտների վերամշակման ժամանակ օգտակար բաղադրիչների կորզման հնարավորությունների հայտնաբերման նպատակով Բ. Մելիքսեթյանի կողմից կատարվել են մանրակրկիտ երկրաբանաերկրաքիմիական աշխատանքներ, որոնց արդյունքներն արտահայտվել են Ի. Մաղաքյանի, Գ. Փիջյանի և մյուսների (1972) գրքում (էջ 152-159)։
Թեժսարի նեֆելինային սիենիտները զբաղեցնում են 45 քառ. կմ մակերես, որից կավահողի պարունակության առումով գործնական հետաքրքրություն է ներկայացնում դրա 20-35 %-ը (միջինը՝ 12,375 քառ. կմ)։ Կավահողի պարունակությունը այդ 12,375 քառ. կմ տարածքում 21-23,5 % է (միջինը՝ 22,25 %)։ Մանրակրկիտ հետախուզված Թաքարլուի տեղամասի տարածքը կազմում է 400x500=200000 քմ, դեպի խորքը հետախուզված է 150 մ մերձմակերեսային տարածքը։ Շահագործման համար հետախուզված հանքաքարերի պաշարները կազմում են 200000x150x2,5=75000000 տ։ Կավահողի գնահատված պաշարները կազմում են 75000000x22,25։100=16687500 տ, որից ալյումինի պաշարները (գործնականում 98 տոկոսով կորզելու պարագայում) կարող են կազմել 16687500x52,92։100x98։100=8654404 տ։
Նեֆելինային սիենիտներում առավել բարձր պարունակություններով են ներկայացված հազվագյուտ տարրերից ռուբիդիումը՝ 160 գ/տ, ցիրկոնիումը՝ 250 գ/տ, հազվագյուտ հողերը՝ 623 գ/տ, որոնցից իտրիումի պարունակությունը կազմում է 20 գ/տ, իսկ սկանդիումինը՝ 3 գ/տ։ Այլ հազվագյուտ տարրերի պարունակությունները կազմում են (Ի. Մաղաքյան, Գ. Փիջյան և մյուսներ, էջ 155, աղյուսակ 69), լիթիումինը՝ 30 գ/տ, բերիլիումինը՝ 50 գ/տ, ցեզիումինը՝ 10 գ/տ, գալիումինը՝ 20 գ/տ, նիոբիումինը՝ 15 գ/տ, տանտալինը՝ 3 գ/տ, հաֆնիումինը՝ 3 գ/տ, թորիումինը՝ 30 գ/տ, ուրանինը՝ 4 գ/տ։
Նեֆելինային սիենիտների հետախուզված 75 մլն տ պաշարներում նշված հազվագյուտ տարրերի և հողատարրերի ռեսուրսները կազմում են. ռուբիդիումինը՝ 12000 տ, ցիրկոնիումինը՝ 18750 տ, հազվագյուտ հողերինը՝ 46725 տ, որից իտրիումինը՝ 1500 տ, սկանդիումինը՝ 225 տ, մնացած 45000 տ՝ մյուս հազվագյուտ հողերինը առանց ստորաբաժանման։ Լիթիումի ռեսուրսները կազմում են 2250 տ, բերիլիումինը՝ 3750 տ, ցեզիումինը՝ 750 տ, գալիումինը՝ 1500 տ, նիոբիումինը՝ 1125 տ, տանտալինը՝ 225 տ, հաֆնիումինը՝ 225 տ, թորիումինը՝ 2250 տ, ուրանինը՝ 300 տ։ Հաշվարկված քանակները վկայում են այն մասին, որ նշված բոլոր տարրերը ներկայացված են կորզելի պարունակություններով, և Թեժսարի նեֆելինային սիենիտների շահագործման պարագայում այդ տարրերը չպետք է անտեսվեն (դրանք կորզելու համար անհրաժեշտ են լինելու նորագույն տեխնոլոգիաներ, քանի որ դրանց ընդհանուր արժեքը բազմիցս գերազանցելու է ալյումինի արժեքը)։ Ալյումինի հետ հարակից տարածված տարրերի արժեքը՝ 2011-2014 թթ. գներով (առանց ռուբիդիումի և ցեզիումի, որոնց գներն անհասանելի են մեզ համար) կազմում է 24 մլրդ 241 մլն 645,5 հազ. դոլար, այն պարագայում, երբ 8654400 տ ալյումինի արժեքը կազմում է 16 մլրդ 157 մլն 764,8 հազ. դոլար (Լոնդոնի բորսայի գներով)։
Թեժսարի նեֆելինային սիենիտների տարածման ընդհանուր մակերեսը կազմում է 45 քառ. կմ։ Եթե նեֆելինով հարստացված տարածքը զբաղեցնի ամբողջ տարածքի 27,5 %-ի չափը (12,375 քառ. կմ), ապա մինչև 150 մ խորությունը՝ տնտեսապես ձեռնտու եղանակով շահագործելու տարածքի, կավահողի (Al2O3) ընդհանուր ռեսուրսը կարող է կազմել մեկ մլրդ 32 մլն 539,062 հազ. տ, որի մեջ ալյումինի ընդհանուր ռեսուրսը կկազմի 546419672 տ։
Բ. Մելիքսեթյանը (Ի. Մաղաքյան, Գ. Փիջյան և մյուսներ, էջ 253) գրում է. «Կավահողի պաշարները գործնականում անսպառ են»։ Մենք կարծում ենք, որ այդ արտահայտությունը պինդ օգտակար հանածոների վերաբերյալ սխալ է՝ «անսպառ» պաշարներ չեն լինում և չեն էլ կարող լինել (ժամանակի ընթացքում բոլոր տիպերի օգտակար հանածոների, բացառությամբ քաղցրահամ և հանքային ջրերի, պաշարներն ի վերջո սպառվում են, որքան էլ դրանք մեծ լինեն)։
Բ. Մելիքսեթյանն այնուհետև գրում է (էջ 155). «Թեժսարի հանքավայրի նեֆելինային խտանյութում հայտնաբերված են. լիթիում՝ 100 գ/տ պարունակությամբ, բերիլիում՝ 8 գ/տ, ռուբիդիում՝ 80 գ/տ, լանթան՝ 300 գ/տ, ստրոնցիում՝ 100 գ/տ, ցերիում՝ 300 գ/տ, սկանդիում՝ 10 գ/տ, ցեզիում՝ 30 գ/տ, գալիում՝ 30 գ/տ, թալիում՝ 30 գ/տ, իտրիում՝ 10 գ/տ»։
Գնահատված պաշարներում կավահողի քանակը 16 մլն 687,5 հազ. տ է։ Այդ քանակությունն ընդունելով որպես նեֆելինի խտանյութ՝ հաշվարկենք վերը նշված հարակից բաղադրիչների քանակները։ Դրանք կկազմեն. լիթիումինը՝ 1668,75 տ, բերիլիումինը՝ 133,5 տ, ռուբիդիումինը՝ 1335 տ, լանթանինը՝ 5006,25 տ, ստրոնցիումինը՝ 1668,75 տ, ցերիումինը՝ 5006,25 տ, սկանդիումինը՝ 166,87 տ, ցեզիումինը՝ 500,62 տ, գալիումինը՝ 500,62 տ, թալիումինը՝ 500,62 տ, իտրիումինը՝ 166,87 տ։
Նշված հարակից բաղադրիչների քանակները կավահողի 1 մլրդ 32 մլն 539,062 հազ. տ ռեսուրսներում կկազմեն. լիթիումինը՝ 103254 տ, բերիլիումինը՝ 8260,3 տ, ռուբիդիումինը՝ 82603 տ, լանթանինը՝ 309761,7 տ, ստրոնցիումինը՝ 103253,9 տ, ցերիումինը՝ 309761,7 տ, սկանդիումինը՝ 10325,4 տ, ցեզիումինը՝ 30976,2 տ, գալիումինը՝ 30976,2 տ, թալիումինը՝ 30976,2տ, իտրիումինը՝ 10325,4 տ։
2. Մեղրու ալկալի-նեֆելինային սիենիտները գտնվում են ՀՀ հարավային տարածքում, Սյունիքի մարզի Մեղրու շրջանում։
Երկրաբանաքարագիտական հետազոտությունները երկրաբաններին թույլ տվեցին Մեղրու շրջանի ալկալի-նեֆելինային սիենիտներն առաջարկել որպես կավահողի ստացման հումք։ Լաբորատոր փորձարկումները հաստատեցին, որ Մեղրու ալկալային սիենիտները, որոնք պարունակում են ոչ մեծաքանակ նեֆելին, Մ. Մանվելյանի եղանակով քիմիական հարստացման ենթարկելով, կարող են դառնալ կավահողի ստացման հումք, որտեղ կավահողի պարունակությունը 29-32 % է (միջինը՝ 30,5 %)։
Նշված ալկալային սիենիտների տարածման մակերեսը կազմում է 25 քառ. կմ, կավահողի պարունակությունը ապարներում կազմում է 21-23 % (միջինը՝ 22 %)։ Այս տվյալներից ելնելով` Բ. Մելիքսեթյանը այս սիենիտների վերաբերյալ դարձյալ գրում է. «Սպիտակավուն ալկալային սիենիտների պաշարները գործնականում անսպառ են», որը, ինչպես մենք արդեն գրել ենք, սխալ արտահայտություն է։
Այժմ հաշվարկենք Մեղրու շրջանի ալկալային սիենիտների մեջ պարունակվող կավահողի, որն էլ հետո դառնալու է ալյումինի ստացման հումք, ռեսուրսները։ Հաշվարկները կատարում ենք մինչև 150 մ խորությունը, այն խորությունը, որի պարագայում հնարավոր կլինի տեխնիկատնտեսական առումով ձեռնտու շահագործել։ Սիենիտների ռեսուրսները մինչև 150 մ խորությունը կկազմեն. 25000000x150x2,5= 9375000000 տ, իսկ կավահողի ռեսուրսները՝ 9375000000x22,25։100 =2062500000 տ, որտեղ ալյումինը կազմում է 1091475000 տ։
Ինչպես հայտնի է դեռևս խորհրդային իշխանության տարիներից, Երևանում գործում է ալյումինի գործարանը, որն այժմ թողարկում է միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեցող ալյումինի նրբաթիթեղ։ Հայաստանը ալյումինի ստացման հումք՝ կավահողի հանքավայր, չունի և դա ներկրում է դրսից՝ Ռուսաստանի Դաշնությունից (հազարավոր կիլոմետրեր հեռվից)։ Ալյումինի գործարանն էլ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, սակայն դա բոլորովին էլ չի խանգարում, որպեսզի Հայաստանում կատարվի նեֆելինային (և ալկալային) սիենիտներից կավահողի ստացման տեխնիկատնտեսական հիմնավորում և դա համեմատվի դրսից (Ռուսաստանի Դաշնությունից) ներկրվող հումքի ինքնարժեքի հետ ու, դրական արդյունքի պարագայում, ձեռնարկվի Հայաստանում՝ առաջին հերթին Թեժսարի նեֆելինային սիենիտների հումքային հենքի վրա, կավահողի արտադրություն կազմակերպելու հայրենանվեր գործը։
Համոզված ենք, որ Երևանի ալյումինի գործարանը գործելու է ոչ թե 10-20 տարի, այլ հարյուրավոր տարիներ, հետևապես ամենքին է հայտնի, որ տեղական հումք ունենալն ավելի ձեռնտու է և շահութաբեր, քան բերովին։
Մեկ անգամ ևս հիշենք, որ կավահողի արտադրությանը զուգահեռ կստացվեն նաև հարակից այլ արտադրանքներ և թանկարժեք շատ մետաղներ, որոնք նշված են սույն հոդվածի առաջին բաժնում։
Այժմ, Բ. Մելիքսեթյանի տվյալների հիման վրա (Ի. Մաղաքյան, Գ. Փիջյան և մյուսներ, էջ 161, աղյուսակ 75) հաշվարկենք Մեղրու շրջանի ալկալային սիենիտների մեջ պարունակվող 13 կարևորագույն հազվագյուտ տարրերի, այդ թվում՝ հազվագյուտ հողերի (առանց ստորաբաժանման) քանակները։ Դրանց պարունակություններն ալկալային սիենիտների մեջ հետևյալներն են. լիթիումինը՝ 60 գ/տ, բերիլիումինը՝ 10 գ/տ, ռուբիդիումինը՝ 10 գ/տ, գալիումինը՝ 60 գ/տ, նիոբիումինը՝ 100 գ/տ, բարիումինը՝ 2500 գ/տ, ստրոնցիումինը՝ 1500 գ/տ, տիտանինը՝ 2900 գ/տ, ցիրկոնիումինը՝ 250 գ/տ, հաֆնիումինը՝ 3 գ/տ, հազվագյուտ հողերինը՝ 940 գ/տ (այդ թվում՝ իտրիումինը՝ 30 գ/տ), թորիումինը՝ 25 գ/տ, ուրանինը՝ 6 գ/տ։ Հիշենք, որ Մեղրու ալկալային սիենիտների ռեսուրսները մինչև 150 մ խորությունը, մեր կողմից գնահատված են 9 մլրդ 375 մլն տ, հետևապես վերը թվարկված հազվագյուտ տարրերի ռեսուրսներն էլ կկազմեն. լիթիումինը՝ 562500 տ, բերիլիումինը՝ 93750տ, ռուբիդիումինը՝ 93750 տ, գալիումինը՝ 562500 տ, նիոբիումինը՝ 937500տ, բարիումինը՝ 2343750 տ, ստրոնցիումինը՝ 1406250 տ, տիտանինը՝ 2718750 տ, ցիրկոնիումինը՝ 2343750 տ, հաֆնիումինը՝ 28125 տ, հազվագյուտ հողերինը՝ 8812500 տ (որտեղ էլ միայն իտրիում տարրինը՝ 281250 տ), թորիումինը՝ 234375 տ, ուրանինը՝ 56250 տ։
Հազվագյուտ հողերը, այդ թվում՝ իտրիումը, զգալի կուտակներ են առաջացնում ինչպես ալկալային սիենիտներում, այնպես էլ պեգմատիտային ապարներում, բայց առանձնահատուկ ուշադրության են արժանի մագմատոգեն ապարների (սիենիտների) արտաքին շփման գոտիների փոփոխության պատճառով մգացած ապարները, քվարց-կարբոնատային երակները և ֆլյուորիտացված գոտիները։
Բերենք գործնական հետաքրքրություն ներկայացնող մի քանի տեղեկություններ։ Քիմիական անալիզներից պարզվել է, որ Մեղրու ալկալային սիենիտներում հազվագյուտ հողերի ընդհանուր պարունակությունը կազմում է 0,091 %, դրա հետ մեկտեղ նույն սիենիտների ալբիտացված տարատեսակներում այդ հողերի պարունակությունը կազմում է 0,12 %, պեգմատիտային ապարներում՝ 0,15-0,25 %, ապատիտային հանքանյութերում՝ 2,4 %, սֆեն հանքանյութում՝ 1,65 %, ցիրկոնիումում՝ 0,3 %, օրթիտում՝ 21 %, մոնացիտ (հազվագյուտ հողերի հիմնական) հանքանյութում՝ 62,3 % և ֆլյուորիտ հանքանյութում՝ 0,03-0,1 %։
Թորիումը և ուրանը, Բ. Մելիքսեթյանի կարծիքով, Մեղրու սիենիտների առաջնակարգ և կարևորագույն տարրերն են։ Դրանք կրող հիմնական հանքանյութերն են հազվագյուտ տարրերի՝ ցիրկոնիումի, նիոբիումի և տանտալի, ինչպես նաև կալցիումի և հազվագյուտ հողերի հանքանյութերը։ Դրանցից բացի սիենիտային ապարների մեջ հայտնաբերված են թորիտ, իսկ պեգմատիտային ապարների մեջ՝ թորիանիտ, ուրանինիտ, ուրանոթորիանիտ և նաստուրան հանքանյութեր։ Վերջինս էլ շատ բնորոշ է քվարց-կարբոնատացված երակներին։
Սիենիտներ հետազոտող երկրաբանները կարծում են, որ կավահողի ստացման համար առավել հեռանկարային են նեֆելինային սիենիտները և, դրանցից, ալյումինի ստացման համար որպես կավահողի բարձր պարունակությամբ հումք օգտագործելիս, պետք է զուգահեռաբար կորզվեն նեֆելինի և դաշտային սպաթների հետ սերտորեն կապված (կորզելի պարունակություններ ունեցող) լիթիումը, բերիլիումը, ռուբիդիումը, գալիումը, հազվագյուտ հողերը, թորիումը, նիոբիումը, տանտալը, ցիրկոնիումը, որոնք էլ անհամեմատ ավելի կարող են բարձրացնել սիենիտների տնտեսական արժեքը։
Այս հոդվածում ներկայացվածը բոլորովին էլ առաջարկություն չէ՝ հասցեագրված ՀՀ կառավարությանը։ Այդպիսի առաջարկություն կատարվել է Հայկական ԽՍՀ կառավարությանը գիտությունների ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի և կառավարությանն առընթեր երկրաբանական վարչության աշխատակիցների կողմից անցյալ դարի 60-ականների վերջին տարիներին։
Սույն հոդվածում ներկայացվածը ոմանց համար հիշեցում է, իսկ ոմանց՝ հատկապես անկախ Հայաստանի այժմյան կառավարության գերակշիռ մեծամասնության և գործարար մարդկանց համար, տեղեկացում, որ Հայաստանում ունենք կավահողի, հետևապես և ալյումինի ստացման խոշորածավալ հումք, որպեսզի խթանվի ՀՀ-ում արդյունաբերության զարգացման բացառիկ շահավետ ևս մեկ ճյուղ։

Հրաչյա ԱՎԱԳՅԱՆ

Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 3435

Մեկնաբանություններ