Մարդկությունը մոռացել է, թե որտեղ էր գտնվում իր դրախտը։ Եվ դա եղել է մարդկության կողմից մոռացված առաջին մեծ ճշմարտությունը։
Բոհդան ԳԵՄԲԱՐՍԿԻ
Բոհդան Գեմբարսկու աճյունը հանգչում է Վարշավայի Բրուդնո գերեզմանատանը։
1989-ի նոյեմբերի տասնմեկն էր։ Ամենուր ծածանվում էին կարմրաճերմակ ազգային դրոշները։ Լեհական արծիվը վերստին թագադրված էր։ Լեհերի ազգային ազատագրության և անկախության վերականգնման տոնն էր այդ օրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո տոնում էին առաջին անգամ։ Տոնում էին լուռ, զուսպ ու անթափանց ուրախությամբ, ինչը լինում է, երբ ցանկալին շատ է ուշանում, ու ճանապարհը պատվում է բազում կորուստներով։ Վարշավայի փողոցները սակավամարդ էին։
Գուցե այդ մեծ տոնին մարդիկ ուզեցել էին մասնակից դարձնել իրենց հանգուցյալների ոգիների՞ն, նրանց, ովքեր այդպես էլ չտեսան այս բաղձալի օրը։ Նրանցից մեկն էլ Բոհդան Գեմբարսկին էր։
Նրա տապանաքարին դաջված է ոչ մեծ ճերմակ մարմարե խաչքար, որն Էջմիածնից բերել էր Մարիա Գրոխոլսկան (1917-1989), ազգությամբ լեհուհի, հրապուրված հայերենով և Հայաստանով, բնակվել է Երևանում, սովորել հայերեն և լեհերենից հայերեն թարգմանել գեղարվեստական գրականություն, ինչպես նաև Բ. Գեմբարսկու նամակները և տարածել դրանք։ Խաչքարից աջ գրված է՝ Բոհդան Ալեքսանդր Գեմբարսկի (12) 27/2.1905-20/3.1978 թ. Non omnis moriar. (Ես չեմ մեռնի ամբողջովին)։ Բոհդան Գեմբարսկու առաջին տեղեկությունը Հայաստանի մասին հենց եղեռնն էր։ Հարկ կա՞ նշելու, որ դարասկզբի մեծ ողբերգությունը լայն արձագանք ունեցավ թե՛ Լեհաստանում, թե՛ Սանկտ Պետերբուրգում, ուր ծնվեց և մինչև տասնինը տարեկան դառնալը ապրեց Գեմբարսկին։ Լեհ հայտնի վիպասան Ստեֆան Ժերոմսկին իր «Գարնանամուտ» վեպում մի ծավալուն հատված նվիրել է այդ փաստին։
1915 թվի ապրիլին Բոհդանը նոր էր բոլորել իր տասը տարին։ Ահասարսուռ դեպքերը Արևմտյան Հայաստանում ցնցեցին մանուկ հոգին և դարձան շարժառիթը ամբողջ կյանքում նրա հաստատակամ ու հետևողական, հալածանքներով լի պայքարի համար՝ հօգուտ Հայ դատի արդար լուծման։
Գեմբարսկու հայանպաստ գործունեությունը ծավալվեց հատկապես վաթսունական թվականներին։ Արևելագետ֊հրապարակախոսի նրա զորեղ գրիչը աշխատում է անդադրում՝ նամակների, հոդվածների, բանավեճերի միջոցով ի լուր աշխարհի ահազանգելով 50 տարի առաջ հայերի ցեղասպանության եղելությունը։
«Պետք է նշեմ, որ ես հայ չեմ, և այս նամակն արտահայտում է ոչ թե որևէ տերության շահերը, այլ ամբողջ մարդկության խնդիրը, որը չի կարող հաշտվել կատարված հանցագործության և նրա ողբերգական հետևանքների հետ։
Միջազգային դատարանը Նյուրնբերգում ցեղասպանությունը դիտեց որպես ամբողջ մարդկության հանդեպ հանցագործություն և դրա համար սահմանեց ամենադաժան պատժաչափերը։ Որքան ինձ հայտնի է, այդ որոշումը որպես օրենք հաստատուն տեղ է գտել միջազգային իրավունքի մեջ, օժտված է հետադարձ ներգործությամբ, այսինքն՝ հավասարապես տարածվում է այդ որոշումը հրապարակելուց հետո և մինչ այդ կատարված հանցագործությունների վրա։ Չէ՞ որ լեհերի ու հրեաների, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների այլ բնակչության նկատմամբ նացիստների ոճրագործություններն իրագործվել են մինչև միջազգային դատարանի կողմից ցեղասպանություն հասկացության սահմանումը» (հատված «Բաց նամակ Հնդկաստանի պրեզիդենտ նորին գերազանցություն պարոն Մարվապալի Ռադհակրիշնանին»)։
Նա հայերեն հասկանում էր, կարդում էր բառարանով, բայց չէր խոսում։ Երբ խոսում էր ռուսերեն, ոչ ոք չէր ասի, թե ռուս չէ։ Չէ որ ծնվել և մինչև 1924 թ. ապրել էր Սանկտ Պետերբուրգում։
Նա կարդում էր բոլոր սլավոնական և ռոմանական լեզուներով։ Գիտեր գերմաներեն, անգլերեն, հինդի, մալայերեն։ Թարգմանում էր վրացական և օսական գրականություն տողացիից։ Ծանոթ էր թուրքերենին։
1961 թ. նոյեմբերի 20-ին Վարշավայի «Կիերունկի» հանդեսում Բոհդան Գեմբարսկին հրապարակում է «Նամակ իմ հին թուրք ծանոթին» հոդվածը։ Դա մի կոչ էր թուրք մտավորականությանը, ուր փաստարկվում էին 1915-1920 թթ. Արևմտյան Հայաստանում հայկական ջարդերը, վկայագրվում դրանց սահմռկելի պատկերը։ Անկասկած նա գրում էր՝ աչքի առաջ ունենալով նաև հիտլերյան նացիստների գազանությունները Լուբեկի սպաների համակենտրոնացման ճամբարում, որի կալանավորն էր եղել 1944-45 թվականներին` որպես Վարշավայի հակաֆաշիստական ապստամբության կազմակերպիչ։
«Սպանելով մի մարդու, սպանում են նրա դեռևս չծնված սերունդներին հարյուրավոր և հազարավոր տարիների հեռանկարում։ Եվ հենց այդ նպատակն ունեին նախ և առաջ կոտորածը կազմակերպողները։ 1915-1920 թթ. երեք միլիոն սպանվածները 40 տարվա ընթացքում կդառնային վեց միլիոն չծնվածներ։
…Եվ դուք էլ… ենթադրում եք, թե քանի որ նահատակները ինչ֊որ երկրի բնակիչների 60 տոկոսն են, իսկ մնացածները ցրվել են աշխարհով մեկ, ուրեմն այդպիսի երկիրը դադարել է գաղութ լինելուց և կարելի է ուղղակի այն համարել սեփական տարածքի բաղադրիչ մաս՝ որպես յուրահատուկ մի պարգև ժողովրդասպանության համար:
Սակայն թույլ տվեք հարցնել. ինչո՞ւ հայերին նահատակելը պիտի պարգևի արժանանա, երբ լեհերին ու հրեաներին նույն ձևով նահատակելը պաշտոնապես ճանաչված է իբրև մարդկության դեմ գործած ոճիր» («Նամակ իմ հին թուրք ծանոթին» հոդվածից)։
Նա գրում էր բարձր ատյաններին ու բարձրադիր անձանց, ովքեր կարող էին հայերին օգնել այս հարցում. գրեց Հնդկաստանի նախագահ Ռադհակրիշնանին, ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար ՈՒ Տանին, նամակով դիմեց աշխարհի ընթերցողներին, թուրք մտավորականությանը…
Ստալինյան բռնապետության վերջին՝ 1952 թ., Բոհդան Գեմբարսկուն ձերբակալեցին։ Մեղադրանքը մինչ օրս հայտնի չէ։
Տասնչորս ամիս նա անցկացրեց բանտի հիվանդանոցում, երկար ամիսներ տանը ապաքինվեց, հետո արդարացվեց, և առողջապահության նախարարությունը նրան ուղարկեց Ժելեզնովոդսկ՝ երիկամները բուժելու։ Այդ նույն տարում էլ Բոհդան Գեմբարսկին Երևան այցելեց և համալսարանում դասախոսություններ կարդաց հայ-լեհական կապերի և գրական-մշակութային փոխազդեցության վերաբերյալ:
1956 թվականն էր։ Հետզհետե ավելի էր խորանում Բոհդան Գեմբարսկու բարեկամությունը հայ գրողների հետ։ Իսկ 1962 թվից սկսյալ նամակների հեղեղ տեղաց Հայաստանից, Սփյուռքից: Հայերին էր հասել «Նամակ իմ հին թուրք ծանոթին» հոդված֊կոչը։
«Երևան, 21 փետրվարի, 1962 թ.
Սիրելի և սիրելի աստվածատուր Գեմբարսկի
Իրավ աստվածատուր… Կարդացի Ձեր նամակը իմ բազմաչարչար հայ ժողովրդի մասին, ուղղված մեր բազմադարյան, բթամիտ հարևանին։ Արցունքով լցվեցին իմ սրտի վաղուց քարացած աչքերը։ Ահա մի մարդ, որ նորից ձայն բարձրացրեց կեսից ավելին կոտորված ժողովրդի, նրանից խլված վիթխարածավալ հողերի, գրեթե ողջ խլված երկրի մասին։ Ինչքան ազնիվ արդարություն կա Ձեր սրտի մեջ, կարծես Ձեր մեծ սրտում մի բազմատարած հայուհի է խոսում անիծյալ աստծո հետ, որ չկարողացավ հաղթել նզովյալ ալլահին…
…Հայ ժողովրդի բոլոր շուրթերով, որոնք մաքուր են ինչպես միայն երկնքի աստղերը, համբուրում եմ Ձեզ և Ձեր ազգը։ Եթե գիտենայի՝ աշխարհի բոլոր դաշտերի ծաղիկները նույնպես մաքուր են աստղերի նման, նրանցով էլ կհամբուրեի Ձեզ։
Հավատում եմ՝ հայոց դատը չի կորչի,
Անմեղ ազգը՝ անարատը չի կորչի,
Ամեն փոքր մեծերին է հավասար՝
Դժոխքում էլ Արարատը չի կորչի։
Ցտեսություն. մինչև Արարատի սուրբ ձյունի վրա համբուրվենք բոլոր ազգերի խաղաղության հավերժական հաղթանակով։
Հովհաննես Շիրազ»։
Գեմբարսկու կոչը թուրք մտավորականությանը չտպագրվեց Թուրքիայում, չնայած. «…այս նամակը հասցեագրում եմ նրանց, ովքեր ձեր ժողովրդի ճշմարիտ խիղճն են հանդիսանում՝ նրա գրականագետներին, արվեստագետներին ու ուսուցիչներին, համաշխարհային համբավ վայելող թուրք գիտնականներին, երիտասարդության դաստիարակներին ու բարեկամներին։ …Հենց ձեզ համար ավելի շահեկան կլինի, եթե ինքներդ լինեք ձեզ դատապարտողն ու ձեր դատավորը, փոխանակ լինելու միայն դատապարտված»։
Հինգ տարի անց ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար ՈՒ Տանին հղած իր բաց նամակում Գեմբարսկին գրեց.
«…այդ կոչը ամբողջ աշխարհը շրջեց և… ոչ մի թուրք չարձագանքեց իմ կոչին։ Նույնիսկ կոմունիստ Նազիմ Հիքմեթը հարկ համարեց լռել։ Ըստ երևույթին գերադասել էր մոռանալ։ Իսկ ես ամոթ էի զգում նրա և իր հայրենակիցների փոխարեն, որոնց պատանեկությանս տարիներին ճանաչում էի իբրև ասպետական և անթերի ժողովուրդ։
…այս ամբողջ խնդիրը, որ բարձրացնում եմ սույն նամակովս, թելադրված է, ի միջի այլոց, Թուրքիայի պատիվը փրկելու անզուսպ ձգտումովս, այն պատիվը, որ երկրի ժամանակավոր տիրակալները՝ երիտասարդ թուրքերը, ստորաբար գետին գլորեցին»։
Կոմունիստ Նազիմ Հիքմեթի լռությանը միացավ նաև Խորհուրդների երկիրը։ Միայն Հայաստանում «Նամակը» ձեռքից ձեռք անցավ, հավատով լցրեց սիրտն ամեն հայի, ով կարդաց այն, բերնեբերան պատմվեց, ու Բոհդան Գեմբարսկին դարձավ կենդանի առասպել։
Մոտենում էր Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը։
«Երևան, 1962 թ., հունիսի երեք
Սիրելի Գեմբարսկի
Ժողովրդի պատմության մեջ մնալը մեծ փառք է։ Երջանիկ են այն արվեստագետները, մտածողներն ու գործիչները, որոնք հիշվում են ժողովրդի կողմից, դառնում են նրա սիրված անուններից մեկը։ Առավել մեծ է, երբ այդպիսի մի մարդու սիրում է մեկ ուրիշ, մի այլ ժողովուրդ։ Դա խոսում է նրա մարդկայնության, մարդասիրության, արդարամտության մասին։
Մենք սիրում ենք Ձեզ, սիրում ենք, որովհետև Դուք մասնակցեցիք մեր բախտի, մեր ճակատագրի պայքարին, պայքար, որ դեռ երկար է շարունակվելու։
Ես հիացմունքով եմ տալիս Ձեր անունը՝ որպես Մեծ մարդու, արդարամիտ լեհի, որը իրավունք ունի լեհ կոչվելու հենց նրա համար, որ իրեն երբեք օտար չեն մի այլ ազգի վիշտը, դժբախտ վիճակը։ Հեռու հեռվից համբուրում եմ Ձեզ, իմ լավ, իմ քաջ լեհ բարեկամ։ Դուք նման եք Ձեր հպարտ, ազատասեր ժողովրդին։ Ողջունում եմ Ձեր ժողովրդին։ Թող աշխարհում արդարություն լինի, այնպիսի արդարություն, ինչպիսին երազում եք Դուք իմ ժողովրդի համար։
Մարտիրոս Սարյան»։
Տիկին Գեմբարսկան ինձ հանձնեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին ուղղված նամակը, որը Բոհդան Գեմբարսկին գրել էր 1977 թ. մահվանից մեկ տարի առաջ։ «Իմ խորին շնորհակալությունը հայտնեք Վեհափառ Հայրապետին՝ ամուսնուս մահվան առիթով մատուցած հանդիսավոր հոգեհանգստի համար»։
…Վարշավայից ես ինձ հետ բերեցի երեք արտագրած և երեք ձայնագրած նամակ, որոնք Գեմբարսկուն ուղարկել էին Մարտիրոս Սարյանը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Նաիրի Զարյանը։ Եվ վերջապես ես Երևան բերեցի Բոհդան Գեմբարսկու «Morituri» (լատ.` Մահվան դատապարտվածները. հմմտ. Ave Caesar, morituri te salutant - Փառք քեզ, Կեսար, մահվան դատապարտվածները ողջունում են քեզ (հռոմեական գլադիատորների բացականչությունը, երբ նրանք մարտից առաջ անցնում էին կայսեր օթյակի մոտով) անտիպ վիպակը։
Վիպակում նկարագրված պատմական փաստն ապշեցնող է։ 1915 թ. գարնանամուտին ռուս֊թուրքական ռազմաճակատում թուրքական բանակի կորպուսներից մեկը, որին այցի էր եկել Թուրքիայի ռազմական նախարար, բանակի գլխավոր հրամանատար, գեներալիսիմուս Էնվեր փաշան, իր շտաբով և կուսակցական շքախմբով շրջափակվում է ռուսների կողմից։ Էնվերը գրեթե ռուսների ձեռքում էր։ Դժվար չէր պատկերացնել, թե ինչ էր սպասում Թուրքիային, եթե չճեղքվեր շրջափակումը։ Եվ այդ ծուղակից Էնվերին, ի դժբախտություն իրենց և ողջ հայ ազգի, ազատում են թուրքական բանակի հայկական դիվիզիաները։
«Որովհետև այդ հիշարժան օրը հայերը, աշխարհին զինվորական պատվի բացառիկ օրինակ ցուցաբերելով, հարձակվեցին իրենց բնական դաշնակցի վրա, փրկելու մի պետություն, որը միշտ էլ խորթ մայր է եղել իրենց համար, նաև փրկելու իրենց ապագա դահճի կյանքը բացառապես այն պատճառով, որ ինչ֊որ ժամանակ այդ պետությանը և այդ դահճին պաշտպանելու երդում էին տվել։ Բայց հիմա ոչ ոք, նույնիսկ իրենք՝ հայերը, դա չեն հիշում»,- գրում է Գեմբարսկին։
Մինչդեռ հայկական կորպուսի ոչնչացումն արդեն ծրագրված էր «Իթթիհադ»-ի կենտրոնական կոմիտեում, հայերը ճանաչված էին հնարավոր դավաճաններ, նույնիսկ իրենց նվիրվածությունն ապացուցող այս՝ պատմության մեջ թերևս իր նմանը չունեցող խիզախության ու հավատարմության փաստով։ Սակայն դա չփոխեց կորպուսի ոչնչացման ծրագիրը, ընդհակառակը, դարձավ շարժառիթ, ճարպիկ մի հնարանք և սկիզբ՝ հայերի ֆիզիկական ոչնչացման կամպանիայի։ Որոշվեց, որպես պարգևատրում շրջափակումը ճեղքելու խիզախության համար, հայ սպաներին եռաշաբաթ արձակուրդ ուղարկել` նախապես ի պահ վերցնելով նրանց անձնական զենքը։ Այսպիսով, հայկական կորպուսը գլխատվեց, իսկ զինվորներին դասակ-դասակ ցրեցին մահմեդական կորպուսներում։ Եվ հայ զինվորները, որոնք դեռ երեկ առյուծի պես նետվելով մարտի, թուրքական բանակի ու պետության պատիվն էին պաշտպանում, այսօր խրամատ փորելու և այլ շինարարական աշխատանքների ուղարկվելու պատրվակով (այսինքն, առիթ է ստեղծվում նրանց զրկելու զենքից) իրականում ճանապարհին գնդակահարվեցին։
Զենքը ձեռքին հայն անպարտելի է։ Հայի թշնամին այդ լավ գիտե։ ՈՒստի իր ցեղին հատուկ ստոր հնարքներով միշտ բռնում է հազարատակ նենգության ու խաբեության ուղին։
Հեղինակը, ասես ականատես թե՛ ռազմական գործողություններին, թե՛ հայակործան որոգայթներին, բացում է այդ բազմաշերտ դավադրության սխեման՝ մանրազնին ու խնամքով մտածված, բոլոր հնարավոր անակնկալները հաշվի առնված և հատկապես դյուրահավատ ու քրիստոնյա հայի բնույթի վրա ձևված այդ ահռելի սպանդի ծրագիրը։
1973-ին, «Մահվան դատապարտվածները» վիպակը գրելիս, այնպես, ինչպես հայը կգրեր, լեհ գրողը հավանաբար ևս մի զուգահեռ էր անցկացնում մեր երկու ազգերի ճակատագրերի միջև, համեմատելով այս սպանդը մեկ այլ սպանդի հետ, երբ 1939-ից (իսկ գուցե ավելի վաղ) մինչև 1943 թվականը ստալինյան ՆԿՎԴ֊ն Կատինի անտառներում պարբերաբար գնդակահարում էր լեհ սպաներին, որոնց թիվը այսօրվա հաշվարկներով հասնում է մի քանի տասնյակ հազարի, և դեռ քանի՜ այդպիսի զանգվածային գերեզմաններ ևս կարող են գտնվել, հայտնի չէ։
Ձեռագրերի ինչպիսի նմանություն…
Գեներալիսիմուս Էնվեր-գեներալիսիմուս Ստալին։
«Ազգերի հայրը», գործակցելով Գերմանիայում բուն դրած ֆաշիզմի հետ, այս կերպ ճանապարհ էր հարթում վերջինիս կողմից արդեն սկսած լեհերի ցեղասպանության համար՝ գլխատելով իր ձեռքի տակ եղած ազգը, զրկելով նրան ուժից ու մտքից։
Վիպակը խիստ արդիական է։ Մենք մեր բնույթը չենք փոխել, ստոր թշնամին՝ իր ծրագիրը, պարզապես այսօր դավի շերտերն են ավելացել՝ լավագույնս ծպտվելու համար։ Եվ դարձյալ այն ձևվում է համապատասխան մեր՝ երբեք մեզ չդավաճանող աստվածատուր ունակության՝ հավատալ խոսքին և ոչ արածին։
Բարձրարժեք գեղարվեստական գործը տասնապատիկ ազդեցիկ է և դիպուկ ամենաստույգ պատմական փաստից ու վավերագրումից, որովհետև ընթերցողը, հանդիսատեսը կամ էլ ունկնդիրը գործ ունեն կոնկրետ բնավորությունների և ճակատագրերի հետ և ցավակից են դառնում իրեն հարազատ դարձած մարդկանց։
Առավել մեծ է ցավը հանդեպ անզեն վազող, մեջքը խոցող գնդակներից գետնին տապալվող հայկական դասակների, որոնցից «երախտապարտ» խաբեությամբ խլված է իրենց անունն ու կյանքը պաշտպանելու իրավունքը։
Տեղահան արված մի ողջ ազգի թիկունքից կրակող բարձրաստիճան զինվորականները բարեկիրթ են թե՛ պահվածքով, թե՛ խոսելաձևով, Եվրոպայի լավագույն հաստատություններում ուսումն առած և… անանուն։ Կարելի է նույնիսկ շփոթել նրանց գերմանական կառավարության գլուխն անցած նացիոնալ֊սոցիալիստների հետ։ ՈՒ թե փորձենք համապատասխան վայր տեղափոխել վիպակի գործողություններն ու անձանց, նույն հաջողությամբ դրանք «կգործեն» թե՛ բոլշևիկյան Ռուսաստանում, թե՛ նացիստական Գերմանիայում և՛ ամենուր, ուր կա քաղաքական արկածախնդրության վրա սարքած հեղաշրջում։
Եվ եթե Գերմանիան, լինելով քաղաքակիրթ ազգ, արագ սթափվեց ու դեն նետեց իր վզին փաթաթված այդ վարչակարգը, որպես անպատիվ, խայտառակ մի երևույթ իր պատմության համար, եթե այսօր Ռուսաստանի ազգային միտքն էլ է ձգտում դրան, ապա Թուրքիան իր ճակատին մինչ օրս էլ կրում է հայերի ցեղասպանության այրող դաջվածքը։
Բոհդան Գեմբարսկու՝ հիտլերյան և ստալինյան սոցիալիստների ձեռքին տառապած լեհ մտավորականի համար, թերևս պարզ էր այս ամենը` իր բոլոր դրսևորումներով։ Թերևս էլի շատ բաներ պարզ էին նրան, որոնց մասին մենք միայն տրամաբանական կռահումներ կարող ենք անել։
«Մահվան դատապարտվածները» վիպակում չկա հայերի հաղթանակ՝ ո՛չ տևական, ո՛չ ժամանակավոր, ո՛չ էլ Ավարայրի։ Սա դաժան մի իրողություն է որպես ճակատագիր՝ հայ ազգի բնույթից բխող, բնույթ, որը ներարկվել ու հղկվել է քրիստոնեական հավատի երկհազարամյա տիրապետության ընթացքում։
Հերոսներն այստեղ հայեր չեն, ինչպես Ֆրանց Վերֆելի վեպում, իրենց հերոսամարտով, ապստամբ ոգով ու հարատևելու վճռականությամբ։
Այս վիպակի հերոսները գործում են ցայսօր, քանի դեռ պաղսիրտ աշխարհը չի բացահայտել արնախում «խիզախությունը» անազգ, անհայրենիք ու անաստված այդ պտուտակների, որոնցից կազմված է մարդատյաց հսկա մեխանիզմը։
Գեմբարսկին հայերին չի հերոսացնում։ Հայերը զոհ են, որովհետև հանդուրժող են և տարակարծիք իրենց ազգի շահն ու կյանքը պաշտպանելու պահին և հերոսանում են իրենց դահճի կյանքը և ողջ Թուրքիայի՝ այդ ապօրինի պետության պատիվը փրկելիս։
Այո, սա Ֆրանց Վերֆելի փայլուն, գեղարվեստական բարձր արժանիքներով հագեցած ծավալուն վեպը չէ՝ մի բուռ մաքառող հայերի մազապուրծ փրկության փաստով ու սոսկ դրանով լավատեսական։
«Մահվան դատապարտվածների» սարսռեցնող հստակությամբ նկարագրված եղելությունը յուրաքանչյուր հայի մեջ ինքնաձաղկման ցանկություն է առաջացնում բոլոր տեսակի իմաստներից զուրկ, սին հավատարմության ու ազնվության համար, որը կործանեց և՛ իրենց՝ հայ սպաներին, և՛ ազգի կեսը։
Ո՞Ւմ էիք փրկում։
Բոհդան Գեմբարսկու վիպակը մեզ՝ հայերիս, այսօր կոչ է անում մեր հայկյան զարթնած ոգուն միացնել վտանգը զգալու և արագ կողմնորոշվելու բնազդն ու գոնե բախտորոշ պահին միակերպ դատելու իմաստնությունը։
Ջորջ Բայրոն, Յոհաննես Լեփսիուս, Անատոլ Ֆրանս, Ֆրիտյոֆ Նանսեն, Արմին Վեգներ, Յուրի Վեսելովսկի, Հանրի Բարբյուս, Ֆրանց Վերֆել, Վալերի Բրյուսով, Սերգեյ Գորոդեցկի, Յոզեֆ Մարկվարտ… Գլուխ ենք խոնարհում ձեր առաջ անձնազոհ, հայանպաստ պայքարի համար։
Հայ ազգի երախտավորների այս շարքում միայն Բոհդան Գեմբարսկուն էր վիճակված իր մաշկի վրա զգալու այն, ինչի բացահայտման դատին նա նվիրեց ողջ կյանքը՝ մանուկ հասակից մինչև մահ։ Նրա ազգը կրկնեց հայերի ճակատագիրը, և դա կատարվեց իր աչքի առաջ և իր նկատմամբ նույնպես։ Գուցե դա է այդքան հայեցի դարձնում Բոհդան Գեմբարսկու գործը, գուցե դա է պատճառն այն համառ հետևողականության, որով նա հատուցում էր պահանջում հայերի համար և հասկացնում աշխարհին, թե ովքեր և ինչպես «խայտառակեցին ամբողջ մարդկությունը»։ Եվ գուցե դա է պատճառը, որ միայն նրան է համառորեն վերագրվում հայ ծագում ունենալու վարկածը, մի բան, որն ինքը Գեմբարսկին հերքել է և այսպես է բացատրում իր սերն առ Հայաստան.
«Ես… պետք է հայտնագործեի Հայաստանը նախքան իր տառապանքների մեջ սիրելը, մանավանդ, որ երակներիս մեջ հայկական արյան ոչ մի կաթիլ չի հոսում։
Այդ հայտնագործումը մեծապես ցնցեց ինձ։ Կարծես գտա վաղուց կորած բանալին այն սենյակի, որի մեջ խառնիխուռն թափթփված են ամբողջ մարդկությանը պատկանող գանձերը»։
Այդ բացառիկ սերն արտահայտելու համար նա բազմիցս զգուշացվեց սոցիալիստական Լեհաստանի ոստիկանության կողմից (սոցիալիստական Թուրքիան իր դժգոհությունն էր հայտնել), Հայոց մեծ եղեռնի 50-ամյակի տարում ավտովթարի ենթարկվեց և էլի հալածվեց, բայց շարունակեց իր գործը և աշխարհի ընթերցողին թողեց իր մեղմ ու անողոք պատգամը.
«Չգիտեմ նույնիսկ, թե ով ես դու… բայց ով էլ որ լինես… օգնիր ինձ բանալու կախարդված դուռը, իսկ եթե հանկարծ սիրտս դադարի բաբախելուց, եղիր մեկը նրանցից, ովքեր իմ սկսած գործը կհասցնեն մինչև վերջ։
Խոստանում եմ քեզ մի բան: Եթե կատարես այն, ինչի մասին խնդրում եմ քեզ, ապա հավերժ կհիշվես մարդկության պատմության մեջ։
Իսկ միայն դրա համար արժե ապրել»։
Անահիտ
ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ