Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ամենքս էլ ճգնաժամային պահերին նմանվում ենք Թովմաս առաքյալին

Ամենքս էլ ճգնաժամային պահերին նմանվում ենք Թովմաս առաքյալին
05.05.2015 | 10:24

Հովհաննես Ավետարանիչը պատմում է, որ Թովմասը` տասներկուսից մեկը, երկվորյակ կոչվածը, չէր հավատում, որ առաքյալները տեսել էին հարություն առած Հիսուսին: Նա պահանջում էր կոնկրետ գիտելիք, փաստ, որ հավատար, քանի որ ասում էր. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ.20.25): Թովմասը կարծում էր, որ նրանք տեսել էին Հիսուսին շատ նման մեկին կամ էլ իրենք իրենց ներշնչել էին ու իրենց աչքին թվացել էր, թե Հիսուսին են տեսել: Այս պարագայում Թովմաս առաքյալն առաջնորդվում էր ոչ թե հավատով, այլ գիտելիք ու փաստ էր պահանջում: Այսօր էլ բազմաթիվ մարդիկ շարժվում են նույն մտայնությամբ, մանավանդ գիտական շրջանակներում, և ասում են, թե կոնկրետ փորձի վրա հիմնված փաստ ու գիտելիք ցույց տվեք, որ հավատանք Քրիստոսին ու նրա հարությանը: Սակայն մարդկային բանականությունը սահմանափակ է և մարդու ձեռք բերած գիտելիքն էլ հարաբերական և այդ սահմանափակությունն ու հարաբերականությունը բախվում են անսահման տիեզերք ստեղծող Արարչի հայտնությանը և չեն կարողանում գիտական չափանիշներով ընկալել այն, որը տրված է ի վերուստ և չի կարող պարփակվել անսահմանության մեջ փոքրիկ և մահկանացու մարդու սահմանավոր գիտական ապացույցներում:
Ավետարանում կարդում ենք, որ Թովմաս առաքյալի անհավատությունից ութ օր հետո աշակերտները դարձյալ միասին էին մի տան մեջ և Թովմասն էլ նրանց հետ էր: Հիսուսն անցավ փակ դռների միջով, կանգնեց մեջտեղում ու ասաց` խաղաղություն ձեզ: Ապա դիմեց Թովմասին. «Բե՛ր քո մատները և դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը և բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. անհավատ մի եղիր, այլ հավատացյալ» (Հովհ.20.27): Թովմասը սեփական ձեռքերով շոշափեց մեխերի տեղերը Խաչյալի մարմնի վրա և սեփական աչքերով տեսավ հարություն առած Քրիստոսին: Կիրիլ պատրիարքն այս մասին ասում է, որ անհավատ աշակերտն իր զգայություններով ստացավ փորձի վրա խարսխված իրական վկայություն, սակայն դա հավատի դավանություն չէր, որ Փրկիչը հարություն է առել: Եվ Տերը դիմելով Թովմասին, նրան խրատում է, որ մարդը բարձրագույն գիտելիք, դրա հետ մեկտեղ նաև լիակատար կյանք գտնում է հավատի միջոցով: Ընդ որում` Տերը ոչ մի բան չի ասում, որ հավատը և գիտելիքը անհամատեղելի են, որ մարդուն գիտելիք պետք չէ, սակայն երանությունը կապում է ոչ թե գիտելիքի, այլ հավատի հետ: «Երանի՜ նրանց, ովքեր չեն տեսել, բայց կհավատան» (Հովհ.20.29), այսինքն` ովքեր կհավատան` երջանիկ են, որովհետև հենց հավատն է, որ մարդուն կատարյալ կյանք է տալիս: Հավատը ի՞նչ կերպ և ինչո՞ւ է միացած մարդկային կյանքի կատարելության հետ: Գիտելիքը հաստատվում է փորձով: Մենք գիտենք, որովհետև մեր եզրահանգումները հիմնում ենք մարդկային զգայությունների` տեսողության, լսողության, շոշափելիքի, հոտառության, համի զգացողության վկայության վրա: Շնորհիվ այդպիսի վկայությունների մենք կարող ենք դատել, թե որքանով է ապացուցված մեր գիտելիքի կազմի մեջ մտնող երևույթի կամ փաստի գոյությունը: Հաճախ ապացույցների են դիմում մաթեմատիկական հաշվարկների միջոցով: Սակայն ցանկացած մաթեմատիկական գործողության հիմքում ևս մի ինչ-որ ֆիզիկական իրողություն է ընկած: Բայց երբ բացակայում են մաթեմատիկական ապացույցները կամ ֆիզիկական իրական փորձը, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է հավատալ մի բանի գոյությանը, որը մեզ չի տրված մեր զգայություններով և որը հնարավոր չէ արժանահավատ կերպով ապացուցել: Պատահական չէ, որ Տերը հավատը կապում է երանության և երջանկության հետ: Քանի որ հավատը, ի տարբերություն գիտելիքների, մարդուն տրվում է ոչ թե նրա զգայությունների միջոցով միջնորդավորված կերպով և նրա բանականության տրամաբանական գործողությունների արդյունքում, այլ անմիջականորեն, մարդկային անհատին բնորոշ բոլոր հոգևոր ուժերի գործողության շնորհիվ: Կիրիլ պատրիարքն իր խոսքը շարունակելով ասում է, թե հավատը մարդու բոլոր հոգևոր ուժերի` և՛ բանականության, և՛ զգացմունքների, և՛ կամքի նպատակաուղղվածության և փոխգործակցության արդյունք է: Ավելին, հավատի մեջ, անկասկած, առկա է նաև այն, ինչը կոչվում է ներըմբռնում (ինտուիցիա), այսինքն` մարդու առանձնահատուկ ենթագիտակցական կարողությունը: Պատահական չէ, որ Տերը հենց հավատի վրա է հիմնում իր կապը մարդկանց հետ: Չէ՞ որ կարող էր այդ նպատակի համար ընտրել բանականությունը, կամքը, մարդկային այլևայլ հատկանիշներ: Սակայն նա մարդու հետ հարաբերությունների հիմքում դնում է հենց հավատը. միայն հավատն է, որ կարող է կրոնական զգացում արթնացնել, քանզի այն ի հայտ է գալիս մարդու բոլոր ուժերի միացյալ գործողությունների մեջ: Հավատը սխրանք է, որով մարդն անմնացորդ կերպով դրսևորում է իրեն: Այս իմաստով հավատը համեմատելի չէ անհամեմատ ավելի քիչ հոգևոր ջանքեր պահանջող սովորական գիտելիքի հետ: Մարդուն Աստծո հետ իրապես միավորել կարող է միայն հավատի դավանությունը, որի մեջ կենտրոնանում են անհատի բոլոր կարողություններն ու ուժերը:
Կյանքում ամենքս էլ ինչ-որ ժամանակահատվածում, մանավանդ ճգնաժամային պահերին նմանվում ենք Թովմաս առաքյալին ու ակնկալում շոշափելի կերպով տեսնել Աստծուն և փարատել մեր թերահավատությունը, թե արդյոք Նա իրակա՞ն է, թե՞ այդ ամենը մի վերացական պատմություն է: Բայց հոգևոր պատգամն ասում է` մի՛ եղիր թերահավատ, կյանքն իրոք կարճ է, և դու ևս հանդիպելու ես Նրան, ով հարություն առավ և հավիտենության դռները բացեց մարդկության առջև: Այդ ժամանակ մենք էլ Թովմասի նման զարմանքից ու հիացմունքից կբացականչենք. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ» (Հովհ.20.28), բայց երանի նրանց, ովքեր այժմ չեն տեսնում ու իրապես հավատում են, որովհետև նրանք արդեն իսկ ապրում են Քրիստոսի կենդանի ներկայությունն իրենց կյանքում ու լցվում Աստծո Հոգու զորությամբ և կենսախնդությամբ:

Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ