Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Haaretz. Ինչպես Թեոդոր Հերցլը ծախեց հայերին՝ հրեական պետություն ստեղծելու համար

Haaretz. Ինչպես Թեոդոր Հերցլը ծախեց հայերին՝ հրեական պետություն ստեղծելու համար
03.05.2015 | 13:06

1890-ականներին թուրքերի իրականացրած հայերի զանգվածային սպանությունների ժամանակից սկսած՝ հայկական հարցը եղել է սիոնիստական շարժման մեջ՝ նույնիսկ մինչ առաջին Սիոնիստական կոնգրեսը: Համաշխարհային սիոնիստական կազմակերպության հիմնադիր Թեոդոր Հերցլի ռազմավարությունը կառուցված էր փոխանակման գաղափարի շուրջ. Պաղեստինի ճանաչման և հրեական պետության հաստատման գերտերության համաձայնության դիմաց հրեաները պետք է մարեին Օսմանյան կայսրության ահռելի պարտքը: Հերցլը անօգուտ ջանքեր էր թափում Սուլթան Աբդուլ Համիդ II-ին համոզելու ընդունել առաջարկը՝ Haaretz-ում գրում է Երուսաղեմի հրեական համալսարանի կրթության ու մշակույթի պատմության պատվավոր պրոֆեսոր Ռեյչել Էլբոյմ-Դրորը:
«Սուլթանին փող առաջարկելու փոխարեն՝ տվեք նրան հայկական հարցի քաղաքական աջակցություն, և նա շնորհակալ կլինի և կընդունի ձեր առաջարկը՝ գոնե մասամբ»,- Հերցլին ասում է նրա դիվանագիտական գործակալ Ֆիլիպ Մայքլ Նևլինսկին (սուլթանի խորհրդականը): Եվրոպայի քրիստոնյա երկրները քննադատաբար էին մոտենում մուսուլմանների կողմից հայ քրիստոնյաների սպանություններին, և տարբեր վայրերում հայերին օժանդակող կոմիտեներ էին ստեղծվում, Եվրոպան հայ ապստամբության ղեկավարներին ապաստան էր առաջարկում: Այս իրավիճակը շատ էր բարդացնում Թուրքիայի՝ Եվրոպական բանկերից վարկեր ստանալու գործը: Հերցլն անմիջապես ընդունում է խորհուրդը: Նա զգում էր, որ պետք է փորձել հրեական պետության հաստատման արագացման համար դիմել ցանկացած միջոցի: Նա համաձայնում է սուլթանի համար դառնալ գործիք և հայ ապստամբ առաջնորդներին փորձում համոզել, որ եթե նրանք հանձնվեն, սուլթանը կկատարի նրանց որոշ պահանջներ: Հերցլը նաև աշխատում էր Արևմուտքին ցույց տալ, որ Թուրքիան փաստորեն ավելի մարդկային է, քան իրականում, և այլ ելք չուներ՝ բացի հայ ապստամբների հետ այսպես վարվելուց, և ձգտում է հրադադարի և քաղաքական համաձայնության: Մեծ ջանքերի շնորհիվ նա 1901 թվականի մայիսի 17-ին հանդիպեց սուլթանի հետ։ Սուլթանը հույս ուներ, որ հայտնի լրագրող Հերցլը կկարողանա փոխել Օսմանյան կայսրության բացասական կերպարը: Սուլթանի ցանկությունը ի կատար ածելու համար Հերցլը ինտենսիվ գործի անցավ՝ հանդիսանալով խաղաղության միջնորդ: Նա կապեր հաստատեց և գաղտնի հանդիպումներ անցկացրեց հայ ապստամբների հետ՝ փորձելով նրանց համոզել դադարեցնել բռնությունները: Սակայն հայերը համոզված չէին, որ նա անկեղծ է, և չէին վստահում սուլթանի խոստումներին: Հերցլը նաև եռանդուն փորձեր էր ձեռնարկում իր ուզածին հասնել իրեն ծանոթ՝ Եվրոպայի դիվանագիտական կապերով: Նա սիոնիստական այլ առաջնորդների հետ չէր խորհրդակցում և իր գործունեությունը գաղտնի էր պահում: Բայց օգնության կարիք ունենալով՝ գրում է Մաքս Նորդաուին՝ նրան այդ գործի մեջ ներգրավելու նպատակով: Նորդաուն պատասխանում է մեկ բառից կազմված հեռագրով. «Ոչ»: Թուրքերից Պաղեստինի հրովարտակը ստանալու իր ջանքերին հաջորդող ամենամյա սիոնիստական կոնգրեսի ժամանակ, չնայած ներկայացուցիչների ընդդիմությանը, Հերցլը հրապարակայնորեն հայտարարում է, որ սիոնիստական շարժումը իր հիացմունքն ու շնորհակալությունն է արտահայտում սուլթանին:
Այդ հարցում Հերցլի գլխավոր հակառակորդը Բեռնարդ Լազարեն էր՝ ֆրանսիացի հրեա մտավորական, ձախակողմյան, հայտնի լրագրող և գրաքննադատ, որ ակնառու պայքարել էր Դրեյֆուսների դատի դեմ և հայկական գործի աջակից էր: Նրան այնքան էր բարկացրել Հերցլի գործունեությունը, որ դուրս եկավ սիոնիստական կոմիտեից և 1899 թվականին ընդհանրապես լքեց շարժումը: Լազարեն բաց նամակ է գրում Հերցլին և հարց է ուղղում, թե ինչպես կարող են նրանք՝ հին ժողովրդի ներկայացուցիչները, ում պատմությունը գրված է արյամբ, բարեկամական ձեռք մեկնել մարդասպաններին, և ինչպես սիոնիստական կոնգրեսի ոչ մի պատգամավոր իր բողոքը չի բարձրացնում: Այս դրաման, որը ներառում է Հերցլին՝ առաջնորդ, որ համամարդկային արժեքները ստորադասեց հանուն հրեական պետության և ծառայեց թուրք հեղինակություններին, պարզապես քաղաքական նպատակների և բարոյական արժեքների բախման հաճախակի կրկնվող դեպքերից մեկն է: Իսրայելը անընդհատ հանդիպել է այսպիսի ողբերգական դիլեմաների, որի վկայությունն է Հայոց ցեղասպանության պաշտոնական երկարատև մերժումը, վերջին մի շարք այլ որոշումներ, որոնք արտացոլում են լարվածություն համամարդկային արժեքների և քաղաքական նկատառումների միջև:

Դիտվել է՝ 2932

Մեկնաբանություններ