Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Շվեյցարական թերթը պատասխանել է պատմաբանների հանձնաժողովի թուրքերի պահանջին

Շվեյցարական թերթը պատասխանել է պատմաբանների հանձնաժողովի թուրքերի պահանջին
02.05.2015 | 13:04

Թուրքերի պահանջները, որ հայ և թուրք անկախ պատմաբանները պետք է անկողմնակալ ուսումնասիրեն Հայոց ցեղասպանության թեման, վաղուց կատարված են։ Թուրքերը հաճախ են կրկնում, թե ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել։ Ժամանակակից պատմական հետազոտությունների համար այդ պնդումները լուրջ չեն՝ գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung-ը՝ անդրադառնալով 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին պատմաբանների նոր հետազոտություններին։ Այդ ուսումնասիրությունների օրինակը 2011-ին ԱՄՆ-ում լույս տեսած մանրակրկիտ աշխատությունն է՝ «Դատավարություն Ստամբուլում» վերնագրով, որը պատմում է 1919-1922 թթ. ռազմական դատարանների դատավարությունների մասին։ Գրքի հեղինակներն են թուրք Թաներ Աքչամն ու հայ Վահագն Տատրյանը։ Այդ դատական գործընթացներում մահվան դատապարտվեցին մարդկության դեմ հանցագործություններ գործած Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները։ Դատական գործին կից փաստաթղթերն ապացուցում են, որ Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները պատերազմից հետո ընկալվում էին որպես ամոթի սև գիծ, մինչև թուրքերը դրա ժխտումը չվերածեցին «ազգային վերածնության» գաղափարի, գրում է թերթը։ Առավել տպավորիչ է վերջերս Ֆրանսիայում Ռայմոնդ Գևորգյանի, թուրք Համիդ Բոզարսլանի և ֆրանսիացի պատմաբան Վինսենտ Դուսլերտի համատեղ ջանքերով հրատարակած «Comprendre le génocide des Arméniens» գիրքը՝ կարևոր աշխատություն, որն ունի Ցեղասպանության մասին հիմնարար տեղեկագիրք դառնալու բոլոր շանսերը։ Գիրքը մեջբերումներ է կատարում օսմանյան և արևմտյան արխիվներից, ցեղասպանություն վերապրածներից, տարբեր ամսագրերից։ Թերթը անդրադառնում է ցեղասպանության մասին քննարկումներում հաճախ հայտնվող Գերմանիայի մեղքի բաժնի թեմային։ «Այս ոլորտում կարևոր են Վահագն Տատրյանի և Քրիստոֆ Դինկելի հետազոտությունները, որոնք նշում են, որ գերմանացիները թեպետ գործնականում չեն մասնակցել հայերի սպանություններին, սակայն իբրև թուրքերի դաշնակիցներ՝ նպաստող ազդեցություն են ունեցել Օսմանյան կայսրության հակահայկական քաղաքականության վրա։ Տատրյանը ուշադրություն է հրավիրում Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-րդի անտարբերության և ջարդերին չմիջամտելու քաղաքականության վրա։ 1894-1896 թթ. թուրք սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք հայերի սպանություններին հայացք գցելով՝ նա նշում է, որ գերմանա-թուրքական բարեկամության այս բնագավառը անփոփոխ մնաց նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերմանիայի կանցլեր Բետման Հոլվեգը 1915-ի դեկտեմբերին գրել էր. «Մեր միակ նպատակն է Թուրքիային մինչև պատերազմի ավարտը մեր կողքին պահել, անկախ նրանից, թե դրանից հայեր կզոհվեն, թե ոչ»։ Բացի այդ, Տատրյանը նշում է, որ գերմանական կողմն ուներ շատ ուժեղ թուրքամետ ու հակահայկական ձայներ։ Արդեն 1897 թ. Գերմանիայի գլխավոր ֆելդմարշալ Կոլմար ֆոն դեր Գոլցը Թուրքիային խորհուրդ էր տվել ամրապնդել դիրքերը կայսրության ասիական հատվածում և Կովկասում, որպեսզի թուրք ազգերի միջոցով կարողանան հաղթանակ տանել։ 1914-ի փետրվարին Բեռլինում նա զեկույցով առաջարկել էր հայերին տեղահանել երկրից և վերաբնակեցնել Սիրիայում և Միջագետքում։ 1915 թ.երիտթուրքերը հենց դա էին իրականացնում հայերի դեմ, միայն թե վերաբնակեցման տակ նրանք բնաջնջում էին հասկանում»,- գրում է թերթը։
Շվեյցարական պարբերականը կարծում է, որ գերմանացի պատմաբանները բավականաչափ չեն ուսումնասիրել Հայոց ցեղասպանության թեման։ «Միխայել Հասեմանի «Հայոց ցեղասպանություն» գիրքը հստակ պատկերացում է տալիս ոչ միայն 1915-1916 թթ. ցեղասպանության, այլև Աբդուլ Համիդի և Աթաթուրքի ժամանակ հայերի նկատմամբ թուրքերի իրագործած այլ հանցագործությունների մասին։ Հեղինակը Վատիկանի արխիվներում հայտնաբերել էր գաղտնի փաստաթղթեր, որոնք ներկայացնում են ցեղասպանության սարսափները։ Նա բացահայտում է, որ ժամանակին Հռոմի պապը տեղյակ էր հայերի բնաջնջումների մասին և հնարավորն անում էր նրանց փրկության համար, սակայն ապարդյուն. Բարձր դուռը փորձում էր կոծկել պատմությունը։ Թուրքիան մինչ օրս շարունակում է այս քաղաքականությունը և մինչ օրս փաստացի աջակցություն է ստանում Գերմանիայի չմիջամտելու քաղաքականության տեսքով»,- եզրափակում է թերթը։

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ