Ապրիլի 17-ին Դևիդ Ֆիլիպսը՝ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղաշինության և իրավական հարցերով ծրագրի տնօրենը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել Նյու Յորքի համալսարանում անցկացված «Հայերը ցեղասպանությունից մեկ դար անց։ Ի՞նչ է հաջորդը» համաժողովի ժամանակ։ Դիտարկումները, որոնք վերաբերում են անցյալին, ներկային և ապագային, նա ներկայացրել է նաև The Huffington Post պարբերականում։
«Փաստերը վավերագրվել են գիտության, ականատեսների վկայությունների և Ստամբուլում Առաջին համաշխարհայինից հետո դաշնակիցների օկուպացիայի ներքո իրականացված դատավարությունների ավելի քան 100 տարում։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ն արյունալի ջարդեր է սկսել 19-րդ դարի վերջին, որոնք օսմանյան կայսրության տարածքում բնակվող 250 հազար էթնիկ հայերի մահվան պատճառ են դարձել։ Հայ համայնքի առաջնորդները շրջանակի մեջ են առնվել, սպանվել և արտաքսվել 1915-ի ապրլի 24-ին։ Հաջորդ 8 տարիներին հայերը համակարգված հեռացվել են հայրենիքից։ Ավելի քան 1,5 մլն հայ է մահացել 1915-23 թթ.»,- գրել է նա։ «Անսպառ քննարկումներ են ծավալվում հայերի բնաջնջումը «ցեղասպանություն» եզրույթով բնորոշելու հարցի շուրջ։ Ֆրանցիսկոս պապը վերջերս օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածը անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Իր հերթին, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «դատապարտել և նախազգուշացրել է՝ այլևս սխալը չկրկնել»: Էրդողանը 2005 թվականի ապրիլի 10-ին նամակ էր գրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին և առաջարկել էր համատեղ պատմական հանձնաժողով ստեղծել՝ ոսումնասիրելու արխիվներն ու պատմական արձանագրությունները։ Էրդողանն ակնկալում էր, որ հանձնաժողովը կհերքի Ցեղասպանությունը և կխաթարի Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը։ Նախաձեռնությունն անկեղծ ջանք չէր՝ ուղղված Ցեղասպանության պարզաբանմանը։ Երբեք չեմ աջակցել պաշտոնական հովանավորմամբ պատմական հանձնաժողովներին։ Դրանք սովորաբար երկդիմի ջանքեր են, որոնք դուռ են բացում «ընդհանուր տառապանքի» հաստատումների։ Բարոյական համարժեքությունը ժխտողականության ևս մեկ գործիք է։
Ես հայկական և թուրքական հարցերում ներգրավված եմ 1998 թվականից։ Այն ժամանակ հայկական հարցերի զուտ հիշատակումից թուրքերն անհարմարավետության զգացում են ունեցել, Ցեղասպանության ճանաչման համար ծածկաբառ է եղել։ Այսօր ամեն ինչ այլ է։ Թուրքերն այլևս հակված չեն կտրականապես ժխտման։ Հայկական հարցերը լայնորեն քննարկվում են թուրքերի կողմից։ Հայտնի լրագրող Հասան Ջեմալը, որը ցեղասպանության դարաշրջանի թուրք առաջնորդ Ջեմալ փաշայի թոռն է, գիրք է գրել «1915. Հայոց ցեղասպանություն» վերտառությամբ։ Եվրախորհրդարանը ապրիլի 15-ին կոչ արեց Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտեցման ուղի հարթել։ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը (TARC), որը գլխավորել եմ 2001-2004 թթ., առաջին համակարգված ջանքն էր՝ ուղղված հայերի և թուրքերի երկխոսության խթանմանը։ Այն մեկնարկել էր Անկարայի և Երևանի պաշտոնական շփման բացակայութան ընթացքում։ TARC-ն օգնել է կոտրել սառույցը և գործել որպես շանթարգել՝ այլ նախաձեռությունների հաջորդման համար»։
«TARC-ը դիմել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոն՝ աջակցելու անկախ իրավական վերլուծությանը 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրառելիությամբ: Միջազգային իրավունքը, որպես կանոն, արգելում է պայմանագրերի ռետրոակտիվ կիրառությունը… Հետևաբար իրավական, ֆինանսական և տարածքային պահանջները չէին կարող հաջողությամբ ներկայացվել կոնվենցիայի հովանու ներքո որևէ անհատի կամ պետության դեմ»։
Ըստ վերլուծության՝ իրադարձությունները ներառում են կոնվենցիայով սահմանված ցեղասպանության բոլոր տարրերը, և դրա կիրառումը պատմաբանների, լրագրողների ու քաղաքական գործիչների կողմից կարդարացվի՝ հայտնում է նա։
«Ես չէի կիրառում «ցեղասպանություն» բառը՝ իրադարձությունները նկարագրելու համար, երբ TARC-ը մեկնարկեց, սակայն հիմնվելով վերլուծության վրա՝ ես կիրառում եմ այսօր»։ Նա նշում է, որ ԱՄՆ-ը և 5 այլ կառավարություններ աջակցել են հանձնաժողովին։ TARC-ի եզրակացություններն ու խորհուրդները հավանության են արժանացել 53 նոբելյան դափնեկիրների կողմից։ Երբ TARC-ը կանգ առավ, առաջ եկավ շվեյցարական միջնորդությունը։ Սկսելով առաքելությունը 2007-ին՝ շվեյցարացի դիվանագետները նպաստել են հայ և թուրք պաշտոնյաների բանակցություններին։ Բանակցությունները հանգեցրին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունների ձեռքբերման։ Արձանագրությունները բեկում էին»,- գրում է նա ՝ հավելելով, որ Էրդողանը, սակայն, վավերացումը կապեց Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի հետ։
Թուրքիան դարձել է ավտորիտար երկիր։ Հոդվածագրի խոսքով՝ քաղաքական հակառակորդները լռեցվում են։ Սկսած 2012-ից՝ Թուրքիան աջակցում է ջիհադական խմբերին, ներառյալ ԴԱԻՇ-ին, ֆինանսավորմամբ, զենքով, բժշկական և նյութատեխնիկական ծառայություններով։
«ՆԱՏՕ-ն ավելին է, քան անվտանգության դաշինքը, համընդհանուր արժեքներ ունեցող երկրների կոալիցիա է։ Թուրքիայի հակաարևմտյան և հակաժողովրդավարական գործունեությունն անհամապատասխան է դարձնում երկիրը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի։ Եթե ՆԱՏՕ-ն ձևավորվեր այսօր, Թուրքիան անդամ չէր որակվի»,- գրում է Դևիդ Ֆիլիպսը։ Նա ներկայացրել է որոշ քայլեր, որոնք հայկական և թուրքական քաղաքացիական հասարակությունները կարող են ձեռնարկել, և ուղիներ, որոնցով միջազգային հանրությունը կարող է աջակցել նրանց ջանքերին՝ բացել սահմանն ու հաստատել առնվազն դիվանագիտական հարաբերություններ, աջակցել հայերի և թուրքերի շփմանը, հաղորդակցությանն ու համագործակցությանը՝ ԵՄ աջակցության նախագծերի խթանմամբ, աջակցել Թուրքիայում քաղաքական բազմակարծությանը, կազմակերպել արձանագրությունների շուրջ հայ և թուրք դիվանագետների վերամիավորում՝ շվեյցարական կողմից միջնորդությամբ, վերստին ներգրավել Հիլարի Քլինթոնին հայ-թուրքական հարցում։ Նա իր սեփական հեղինակությունն է ներդրել արձանագրությունների ստորագրման մեջ։ Բացի դրանից՝ Օբաման պետք է արտասանի «ցեղասպանություն» բառը՝ դրանով թուրքական հասարակությունում ապահովելով լայն քննարկում։ Այդ կերպ ԱՄՆ-ը կտեղավորվի պատմության ճիշտ կողմում։ Ցեղասպանության ճանաչումը նաև Օբամայի համար ժառանգության հարց է։ Զեկույցի ավարտին Դևիդ Ֆիլիպսը ողջունում է հայերի և թուրքերի հերոսական և հեռատեսական ջանքերը՝ նշելով, որ շփումներն ու համագործակցությունը կարող են տանել մերձեցման նպատակին, մինչդեռ Ցեղասպանության ճանաչումը հաշտեցման համար նույնպես անհրաժեշտ է։