ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն՝ 113 կողմ ձայներով, դեմ և ձեռնպահ չեղավ: Քվեարկությանը հետևեցին ծափահարություններ: Ըստ հայտարարության՝ ՀՀ Ազգային ժողովը.
• Հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը
• Արժևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները
• Կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը
• Երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարանների, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
• Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ
Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպությունների պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
• Վրաստանը պատվիրակություններ է ուղարկելու Հայաստան ու Թուրքիա՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի և Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Հայաստան ժամանող պատվիրակությունը գլխավորելու է խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, Թուրքիա մեկնող պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն:
• ԵԱՏՄ-ն այս հարցում տրոհված է՝ Երևան կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ղազախստանն ընդհանրապես որևէ պատվիրակություն չի ուղարկի: Բելառուսի պատվիրակության կազմը դեռ չի հաղորդվել: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ օրերին Թբիլիսիում կբանակցի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ:
• Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 23-ին կգա Երևան, բացի ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելը՝ «Միստրալների» հարցով կբանակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու ապրիլի 25-ին կմեկնի Բաքու: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ասել է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցեր:
• Թուրքիան շարունակելու է ջանքերը հայերի հետ հաշտվելու ու բարեկամության համար՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մենք չենք կարող թույլ տալ մեզ հանձնվել: Ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ տարիներին»,- ասել է նա Ամերիկայի թուրքական խորհրդում ելույթի ժամանակ՝ տեղեկացնում է Սաբահը: Նա Ամերիկայի թուրքական խորհրդին կոչ է արել օգնել Թուրքիային հայերի հետ հարաբերությունները բարելավելու գործում:
• Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կտրուկ փոխել է վերջին օրերի հռետորաբանությունը: Հայերին ուղղված ուղերձում նա ասել է, որ Թուրքիան կիսում է հայերի ցավը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում՝ առաջին աշխարհամարտի շրջանում: «Օսմանյան կայսրության հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և մարդկային պարտականություն է: Այս իմաստով էլ այս տարի ապրիլի 24-ին Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից մատուցվելիք ծիսական արարողությամբ Օսմանյան կայսրության հայերի հիշատակը հարգվելու է նաև Թուրքիայում, ինչպես և անելու են ողջ աշխարհում: Ինչպես մեր նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էր ասում 2014-ի ապրիլի 23-ի իր ուղերձում՝ «Թուրքիայի և Հայաստանի միասնական, իրար հարիր արարողությամբ» Օսմանյան կայսրության հայերի հիշատակը շատ ավելի իմաստալից կլիներ: Հավատում ենք, որ այս հասուն և բարի դիրքորոշումը կարող է իրագործվել, երբ պատմությունը չդառնա քաղաքական գործիք: Այսօր էլ, պատմական պատասխանատվության և մարդկային պարտականությունների անհրաժեշտությամբ, առանց ցավերի միջև տարբերություն դնելու, 100 տարի առաջվա դեպքերի ժամանակ կյանքից հեռացածների հիշատակը հարգում ենք: Մյուս կողմից, մեր ցավերը մեղմացնելու համար մահացածներին հիշելու պես հավատում ենք, որ անցյալի հետ արդար ձևով առերեսվելը կարևոր է:
Հնարավոր է պարզել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի պատճառներն ու պատասխանատուներին: Ամեն ինչը մեկ բառի հավասարեցնելը, պատասխանատվությունն ընդհանրացնելու ճանապարհով միայն թուրք ազգի վրա դնելը, անգամ դրան ատելության խոսք կցելը խնդիրներ է հարուցում և իրավունքի, և խղճի տեսանկյունից։ Հարյուր տարի առաջ թուրք և մուսուլման օսմանցիների ապրած աքսորի ու կոտորածների խորին հետքերն այսօր էլ են նրանց մտքերում։ Այս իրականությունն անտեսելը, ցավերի միջև տարբերություն դնելը, ինչպես պատմության, այնպես էլ խղճի տեսանկյունից անընդունելի է։ Անցյալ տարիները մեզ ցույց տվեցին, որ բախվող հիշողություններն իրար դեմ դուրս բերելը արդյունքի չեն հանգեցնում։ Այս ամենի շրջանակներում անհրաժեշտ է օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակին և խղճին հարգանք ցուցաբերել, նրանց ձայնին ականջ դնել: Իսկությանը հասնելու համար արդար հիշողությունը, կարեկցանքը, հարգալից խոսքը, հասկանալի և օբյեկտիվ հայացքը բավարար են: Թուրքիան բոլոր այս տեսակետներն ազատ քննարկելու, վիճարկելու, ամեն տիպի փաստաթուղթ և տվյալ ուսումնասիրելու ազատ միջավայր է ստեղծել, համատեղ ապագա ստեղծելու նպատակի ուղղությամբ դրական քայլեր է անում: Բոլոր երրորդ կողմերին կոչ ենք անում պատմական վերքերը բացելու փոխարեն արդար հիշողության և համատեղ խաղաղ ապագային ուղղված մոտեցում ցուցաբերել»:
• Ապրիլի 24-ին միայն հայտնի կդառնա՝ ի՞նչ ձևակերպում կհնչի Գերմանիայի Բունդեսթագում ընդունվելիք բանաձևում՝ կլինի՞, թե՞ չի լինի «ցեղասպանություն» բառը:
• Նույն օրը կպարզվի նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղերձում «գենոցիդի» առկայությունը կամ բացակայությունը:
• Ի տարբերություն այլ տարիների՝ այս տարի Իսրայելում են հաճախակի դարձել Հայոց ցեղասպանության ընդունման կոչերը:
• Հայաստանում չեն լինի չորս հարևան երկրների նախագահներից ոչ մեկը: Թուրքիայի ու Ադրբեջանի դեպքում հասկանալի է: Վրաստանի և Իրանի դեպքում ոչ միայն նախագահներն են բացակայում, այլև բարձր մակարդակի պատվիրակություններ: Այդ երկրները չեն ճանաչել ու չեն ճանաչում ցեղասպանությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ապրիլի 25-ի առավոտյան մենք պետք է շարունակենք ապրել Արարատի այս կողմում, Թուրքիան՝ այն: Բոլոր հայտարարությունները, բանաձևերը, կոչերը արդեն կկորցնեն արդիականությունը, բայց ոչ նշանակությունը: Ամենակարևորը, մենք չպետք է աշխարհի հետ մեր հետագա հարաբերությունները կառուցենք ապրիլքսանչորսյան հիերարխիկ գծակարգում՝ ովքեր եկան, ովքեր չեկան, ովքեր ինչ ասացին, ովքեր ինչ չասացին, ուր գնացին և ինչու: Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ցեղասպանության ճանաչման հարցը կա ու կմնա, բայց կան այլ հարցեր, որոնց մասին մոռանալ թույլ չի տա կյանքը: Գլխավոր խնդիրը՝ կուտակված էներգիան ուղղել այդ հարցերի լուծմանը, օգտագործել բարենպաստ իրավիճակը Հայաստանի տնտեսական զարգացման ու Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար: Հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդամենը բարի մտադրությունների ու հեռագնա ծրագրերի արձանագրումը, շատ քիչ է, որ Հայաստանն ընդգրկվի տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական զարգացումներում: Հայ-թուրքական հարաբերությունները կկայանան, երբ Երևանն անկախ գործի, երբ Անկարան քաղաքական ու տնտեսական անհրաժեշտություն զգա, իսկ Բաքուն, միևնույն է, չի դադարելու պատերազմից խոսել՝ դա պարտվածների վերջին հույսն է՝ երազել ռևանշի մասին: Մենք երազների հետևից կարող ենք ընկնել, երբ ռեալ ոտքի կանգնենք: