Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մի՛ մոռացիր Անոսին

Մի՛ մոռացիր Անոսին
21.04.2015 | 10:59

Բարձունքում եկեղեցին էր` հպարտ ու հաստատուն կանգնած Արցախ հողի վրա: Վաղ միջնադարում կառուցված եկեղեցին դիմացել էր դարերի փորձությանը: Ասում են ` պատերազմի ծանր տարիներին թշնամու արձակած բազմաթիվ արկերը շրջակայքում որտեղ ասես պայթել են, բայց երբեք չեն հասել Աստծո տաճարին:
Դրսում գարուն էր, ծառերը դեռ մերկ էին, և անտառի որոշ տեղերում նկատելի էին ձյան բարակ շերտեր:
Սովորությանս համաձայն, երբ մտնում եմ եկեղեցի, մի մեծ կապ մոմ եմ վերցնում: Եվրոպայում բազմաթիվ կաթոլիկ, ուղղափառ, օրթոդոքս եկեղեցիներում եմ եղել, և ամեն տեղ էլ մոմ եմ վառել, որպես քրիստոնյա: Ինձ համար Քրիստոսը մեկն է, անկախ նրան դավանող տարբեր ժողովուրդների կրոնական տարատեսակից:
Նշված եկեղեցիներում լույսն առատ ներս է թափանցում և դու մի տեսակ քեզ զգում ես ոչ թե եկեղեցում, այլ ինչ-որ շինությունում, որտեղ թույլատրված է մոմ վառել: Մեր եկեղեցիներում ուրիշ է: Շինության գմբեթին մոտիկ տեղերից թողած պատուհաններից ներս մտնող լույսը եկեղեցու մթության հետ ստեղծվում է լույսի և մթության մի գեղեցիկ ներդաշնակություն, և վառվող մոմերի լույսի տակ համարյա մարդ չի երևում, այլ միայն ստվերներ: Մեր եկեղեցում անկաշկանդ զրուցում է մարդը իր վառած մոմերի լույսի ներքո երկնային ուժի հետ, մտովի, կիսախավարի մեջ զրուցելով, ավելի ճիշտ` մտմտալով Աստծո հետ: Այս միտքս անգամ ասացի մի իտալացու, որը ոչ թե քաղաքավարությունից ելնելով, այլ իրոք հայոց եկեղեցում իր վառած մոմերի շուրջ երկար, լռելյայն կանգնելուց հետո պատասխանեց իմ հարցին` դու ճիշտ ես։
Եկեղեցում առաջին զույգ մոմերը վառում եմ ծնողներիս հոգու հանգստության համար, մի զույգ էլ բոլոր հանգուցյալ հարազատներիս համար` քեռի, հորաքույր, մեծ տատիներ, պապիներ, և բոլոր նրանց, որոնցից ոչ միայն վաստակել եմ մարդասեր գենը, այլև դաստիարակությունս` սիրել հայրենիքը, մարդուն: Հետո մի զույգ` երեխաներիս ընտանիքների, եղբորս ընտանիքի, նրա երեխաների, թոռների համար: Եվ այդպես հիշում եմ բոլորին մեկ առ մեկ: Անկեղծ ասած, չեմ մոռանում այն բոլոր ընկերուհիներին, որոնք իրենց կնիքն են դրել իմ սրտում:
Ես գիտեմ մոտավորապես իմ գնած մոմերի քանակը, որովհետև ամեն անգամ նույն քանակի մոմեր վառում եմ բոլոր նրանց համար, ովքեր թանկ են եղել ինձ համար: Վերջին մի զույգը միշտ ավելանում է, և այն վառում եմ թեպետ ինձ համար, բայց Աստծուց խնդրելով երկիրը խաղաղ պահել: Այս անգամ նկատեցի, որ ձեռքերումս ոչ թե մի զույգ, այլ երկու զույգ մոմեր են մնացել:
Տե՜ր Աստված, ո՞ւմ եմ մոռացել, փորձելով հիշել, հարցրի ինքս ինձ:
Սկսեցի մտաբերել բոլորին, անգամ հիշելով նորից բոլորի անունը մեկ առ մեկ: Եվ ամեն անգամ հիշելով անունները, ասում էի` վառել եմ:
Մտորումների մեջ էի, երբ լսեցի մի ձայն: Մի՛ մոռացիր Անոսին: Ես վառեցի նախ նրա, հետո ` իմ զույգ մոմերը և հանգիստ դուրս եկա եկեղեցուց:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ