Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Հայերի 100 տարվա մենությունը. Շառլ Ազնավուր

Հայերի 100 տարվա մենությունը. Շառլ Ազնավուր
20.04.2015 | 21:51

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ֆրանսիական մամուլի համար առիթ է դարձել վերադառնալ այդ ողբերգական իրադարձությունների վերաիմաստավորմանը: Այսօրվա Le Parisien-ը տպագրել է հատվածներ հարցազրույցներից, որոնք արվել են Ցեղասպանության զոհերի սերունդների հետ:
Նրանցից շատերը շարունակում են ապրել Թուրքիայում պարտադրաբար իսլամն ընդունելուց հետո: Le Monde-ը տպագրել է Շառլ Ազնավուրի հոդվածը «Հայերի 100 տարվա մենությունը» խորագրով: «Այո, դա ճիշտ է, ես այդ մահացած ու չթաղված ժողովրդի մասն եմ»,- այսպես է սկսվում հոդվածը և շարունակվում թուրքական առևտրական գործարքի արձանագրմամբ: «Երկար ժամանակ քամին ավազով ու մոռացությամբ էր պատում այդ զանգվածային սպանությունը, և միայն 1980-ականներին աշխարհի ժողովուրդները սկսեցին քիչ-քիչ ընդունել 20-րդ դարի սկզբին մեկուկես միլիոն հայերի առաջին ցեղասպանությունը»: Այն մասին, թե ինչպես է տեղի ունեցել այդ ճանաչումը, երաժիշտը խոսում է երաժշտական տերմիններով՝ mezza voce: Երգիչը բացատրում է, թե ինչ է նշանակում նման կիսաընդունումը: Առաջին հերթին՝ այն, որ հետապնդումները շարունակվում են: Շառլ Ազմնավուրը ներկայացնում է ոչ թե 100-ամյա վաղեմության, այլ վերջին տարիների փաստերը: Դա Թուրքիայի կողմից արձանագրությունները վավերացնելուց հրաժարվելն է և դրանք ղարաբաղյան հարցի հետ կապելը: Դա ջիհադիստների հարձակումն է Սիրիայի Քեսաբի վրա, որը գտնվում է թուրքական սահմանին մոտ: Դա Դեր Զորի հուշակոթողի ավերումն է, որի համակենտրոնացման ճամբարներում սպանվել են հազարավոր հայեր: Ազնավուրը խոսում է նաև արևելյան քրիստոնյաների սպանության ու եզդիների ողբերգության մասին: «Այդ ամենը կապված է Հայոց ցեղասպանության հետ: Անպատժելիությունը վատ օրինակ է ծառայել»,- եզրակացնում է նա: Նա պատմում է մանկության ու ծնողների մասին, որոնց հաջողվել է խուսափել թուրքական հետապնդումից ու հաստատվել Ֆրանսիայում:
«Ինձ չեն մեծացրել ատելության մեջ, ես չարություն չեմ զգում թուրք ժողովրդի հանդեպ, նրանց մեծացրել են անգիտության մեջ: Ես գիտեմ, որ մի օր նրանք կբացեն աչքերն ու հաշիվ կպահանջեն իրենց իշխանություններից սեփական պատմության անգիտության ու խաբեության համար»,- ասում է նա:
Իր մասին մեծ շանսոնիեն համեստորեն նկատում է, որ չի ուզում ինչ-որ մեկին դաս տալ, բացի դրանից՝ հարցն ամենևին էլ այն չէ, որ Թուրքիային մատնանշի նրա մեղքը: «Բայց մեռյալներն անպաշտպան են, և նրանց հիշատակն ու արժանապատվությունը հարգելը ողջերի գործն է, որպեսզի ողբերգության հերքումը երկրորդ անգամ չսպանի նրանց»,- կարծում է Ազնավուրը:
Անդրադառնալով ժամանակակից իրավիճակին՝ նա դառը խոսքեր է ասում թուրքական իշխանությունների հասցեին: «100 տարի անց այն արգանդը, որից դուրս եկավ անմաքուր գազանը, դեռ բեղմնավոր է»,- գրում է նա՝ մեջբերելով Բրեխտին:
1915-ից 2015 թվականներին քիչ բան է փոխվել, կարծում է Ազնավուրը: «Սակայն ես ցանկանում եմ ավարտել լավատեսական նոտայով»,- եզրակացնում է Ազնավուրը՝ հիշեցնելով հարցման մասին, որն անցկացվել է Հոլոքոստի հուշահամալիրի խնդրանքով: Համաձայն դրա՝ 18-26 տարեկան թուրք երիտասարդության մոտ 33 տոկոսը դրական է վերաբերվում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ