Լոնդոնի Բրիտանական ակադեմիայում, դեսպան Արմեն Սարգսյանի հովանավորությամբ, ապրիլի 15-ին կազմակերպվել էր մարդու իրավունքների պաշտպան, հանրաճանաչ իրավաբան Ջեֆրի Ռոբերտսոնի «Մի անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այժմ հիշում հայերին» («An Inconvenent Genocide. Who now Remembers the Armenians») գրքի շնորհանդեսը, որը Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող կարևոր միջոցառումներից է: Ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, բրիտանահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողներ։ Արմեն Սարգսյանը ներկայացնելով գրքի հեղինակին՝ նշեց պարոն Ռոբերտսոնի երկար տարիների նվիրվածությունը Հայոց ցեղասպանության խնդրին, որի արդյունքն է միջազգային հանրության ուշադրությանը ներկայացվող կարևոր գիրքը: Այնուհետև ելույթ ունեցավ հեղինակը, անդրադարձավ գրքի ստեղծման դրդապատճառներին և նպատակին՝ իրավական գետնի վրա մասնագիտական գնահատական տալով Հայոց ցեղասպանությանը: Ելույթից հետո հեղինակը պատասխանեց ներկաների հարցերին: Գիրքը հրատարակվել է Հայ դատի բրիտանական մասնաճյուղի հովանավորությամբ ու Ատոմ և Սելա Թնջուկյանների նվիրատվությամբ: