Ռուս հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են առաջին մայրաքաղաք Մեմֆիսի լեգենդար «սպիտակ դարպասները»՝ բազմամյա պեղումներից հետո: Եգիպտացիները պատմական են համարում գտածոն՝ Մեմֆիսի դարպասները 5000 տարեկան են: Մեմֆիսը կամ այն, ինչ մնացել էր առաջին մայրաքաղաքից, որոնվում էր դեռ 19-րդ դարից: Ազնվականների դամբարաններ, արձանիկներ, քաղաքամերձ շինություններ նախկինում էլ գտել էին: Լավ ուսումնասիրված են և բուրգերը: Բայց ամենակարևորը՝ քաղաքի սպիտակ դարպասները գտնվել են միայն հիմա՝ Կահիրեից դեպի հարավ քսան կիլոմետր հեռու: «Պեղումների ընթացքում մենք բացեցինք պատերի մեծ մասը՝ 11 մետր լայնությամբ՝ պատված թերթաքարի լուծույթի շատ հաստ շերտով,-պատմել է Գալինա Բելովան՝ ՌԴ ԳԱԱ եգիպտական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը,- ակնհայտ է, որ պարիսպը շատ գեղեցիկ է եղել»: