NEWS.am-ը կրճատումներով ներկայացրել է Թոնի Ռենելի՝ բրիտանական «The Daily Mail»-ում հրապարակված հոդվածը:
Նա անկողնում էր, երբ գիշերվա կեսին զինվորները եկան և Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի իրենց տնից տարան հորը: Վերջին բանը, որ լսեց սենյակում կուչ եկած փոքրիկ Աղավնին, հոր ճիչն էր. «Քրիստոնյա եմ ծնվել, քրիստոնյա էլ կմեռնեմ»: 1915 թվականին էր: Կործանվող Օսմանյան կայսրությունում, որն Առաջին աշխարհամարտում Եվրոպան և Ասիայի որոշ հատվածները գրաված կայսերական Գերմանիայի դաշնակիցն էր, թուրքերն իրենց ատելությունն ուղղեցին 2 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների դեմ: Հաջորդ վեց ամիսներին համակարգված արմատախիլ արվեց կամ սպանվեց 1,5 մլն հայ, նրանց անհավատ էին համարում, Թուրքիայի դեմ Ռուսաստանի կողմն անցած ցածր դասի «շուն»:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարեց ապրիլի 24-ի առաջին սպանությունների 100-րդ տարելիցի մասին՝ քրիստոնյա հայերի կոտորածը կոչելով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», ինչին հետևեցին Թուրքիայի երկիմաստ հայտարարությունները: Թուրքերին անհանգստացնում է ճանաչումը, որ իրենց երկիրը հիմնադրվել է կանխամտածված էթնիկ զտումների արդյունքում: Նրանց նաև կարող է անհանգստացնել, որ ճանաչումը վնասի փոխհատուցման պահանջ կառաջացնի, առնվազն 1915-ին գրաված հողերի և հարստության վերադարձի տեսքով: Շուրջ երկու տասնյակ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանության իրողությունը՝ չնայած Թուրքիայի՝ մասամբ կոշտ դիվանագիտությանը: Սակայն մյուսները որոշել են չեզոք դիրք բռնել, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, չցանկանալով թրերը խաչել ՆԱՏՕ-ում դաշնակցի հետ, որն աշխարհագրորեն այդքան մոտ է Ռուսաստանին:
Ամեն դեպքում, ճակատագրի հեգնանքով, հենց ամերիկացին է աշխարհում առաջին անգամ տեղեկացրել, թե ինչ է տեղի ունեցել: 1915-ին Հենրի Մորգենթաուն Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանն էր, և Կոստանդնուպոլսում նրա սեղանին Թուրքիայի տարբեր քաղաքներում ամերիկյան հյուպատոսների հաշվետվություններ կային, որոնք փաստում էին հայերի զանգվածային սպանություններն ու մահվան երթերը: Նա եզրահանգեց. «Չեմ հավատում, որ ամենամութ դարերում ավելի սարսափելի տեսարաններ են եղել»:
Այս շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ հայերը, զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելու համար ճնշում գործադրելով Անկարայի վրա, պարզապես ցանկանում են միավորներ հավաքել երկրի դեմ: Այն, որ 2015-ին Թուրքիան դեռևս պնդում է պատմությունը վերախմբագրելու հարցում, պետք է մտահոգի բոլորիս: Իսլամական ուժերը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում կրկին դաժան հարձակումներ են գործում քրիստոնյաների վրա, անցյալի դասերը պետք է ճանաչվեն և վերջապես յուրացվեն: