«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

«The Huffington Post». Հայոց ցեղասպանության ժխտումը դաժանացնում է աշխարհը

«The Huffington Post». Հայոց ցեղասպանության ժխտումը դաժանացնում է աշխարհը
19.04.2015 | 20:36

NEWS.am-ը կրճատումներով ներկայացրել է Երուսաղեմի Վան Լիրի անվան ինստիտուտի գիտաշխատող Շտեֆան Իրիգի՝ «The Huffington Post»-ում հրապարակված հոդվածը:
Ես երևակայական կրտսեր հայ քույր ունեմ: Նա 4,5 տարեկան է: Չափազանց շատ է խոսում, հեշտությամբ շեղվում է, ինձ համար անհասկանալի պատճառներով` չամիչով թխվածքաբլիթ չի սիրում, և ինձ համար ավելի անհասկանալի պատճառներով՝ 1916 թվականի սկզբին մահացել է: Ոչ ոք նրա գլխին ատրճանակ չի ուղղել և ոչ ոք մահապատժի չի ենթարկել: Նրա ծնողները սպանվել են, և նա պարզապես զրկվել է սննդից, խնամքից և ապաստանից: Նա պարզապես մարել է: Չեմ կարողանում ուշքի գալ նրա մահից և տառապանքներից, նույնիսկ եթե շատ եմ ցանկանում ու եթե անգամ անհրաժեշտ է: Ես պետք է հիշեմ նրան և հարգեմ նրա հիշատակը, նրա կյանքն ու մահը: Չեմ կարող հասնել այնտեղ, որտեղ կարող եմ լաց լինել նրա համար, քանի որ իմ կրտսեր հայ քույրը նորից ու նորից է մահանում: Մենք և մեր հայ քույրը մնացել ենք 1915-1916 թվականներում: Թուրքական ժխտողականությունը (և նրա միջազգային օգնականները) նրան կամ մեզ թույլ չեն տալիս հանգստանալ: Թուրքական ժխտողականությունն ասում է. «Նա, հավանաբար, չի մահացել: Դե, գուցե նաև մահացել է, բայց իր մեղքով, քանի որ հայերը պետության դեմ բացահայտ ապստամբություն սկսեցին»: Կարծես, հետաքրքիր պատերազմ է եղել, եթե 4 տարեկան երեխաներն ու տարեցները սպառնացել են ժամանակին ամենահզոր կայսրության գոյությանը, այնքան, որ ճիշտ են համարել «ինքնապաշտպանության» նպատակով սպանել նրանց: Որոշ գիտնականներ պնդում են, որ ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է: Բայց հայերի դեպքում դա գործընթացի անբաժանելի մաս է: 1915-ից աշխարհը բախվում է «ճշմարտության» համար ցավալի պայքարի, մինչդեռ թուրքական ժխտողականությունը շարունակվում է: Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարման տարիների՝ 1894-1896 թթ. սարսափներից հետո, գերմանացի հայտնի հայամետ ակտիվիստ Մարտին Ռադեն դառնանում էր, թե գերմանական մամուլն ինչպես էր արդարացնում հայերի հանդեպ բռնությունները: Ռադեի նախազգուշացումից գրեթե 120 տարի անց մենք պետք է մի պահ կանգ առնենք և մտածենք, թե ցեղասպանության ժխտումն ու արդարացումն ինչ երկարաժամկետ ազդեցություն են ունեցել այդ ժամանակը վերապրած մարդկանց սերունդների վրա: Ամեն անգամ, երբ աշխարհում անվանի որևէ մեկն օգտագործում է «ցեղասպանություն» բառը, թուրքական ժխտողականությունը պատասխանում է, և իմ կրտսեր հայ քույրը պետք է նորից մահանա: Երբ 100 տարի շարունակ մենք մնացել ենք ցեղասպանության այս դժոխային շրջանում, ժամանակն է, որ բոլորս օգտագործենք «ցեղասպանություն» բառը:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ