«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հիշատակի միջոցառումներ ողջ աշխարհում

Հիշատակի միջոցառումներ ողջ աշխարհում
18.04.2015 | 11:40

100-րդ տարելիցը կնշվի ապրիլի 24-ին՝ ամսաթիվ, երբ օսմանները 1915-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ հայ երևելիների՝ որպես առաջին քայլ այն եղելության, որը, ինչպես համաձայնել են պատմաբանները, ոչնչացման ավելի լայն ծրագիր էր։ Թուրքիայի և սփյուռքի հայերը պատրաստվում են հավաքվել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում՝ հարգելու զոհերի հիշատակը։ Նրանք կանցկացնեն համերգ՝ հայ և թուրք երաժիշտների մասնակցությամբ։
Համանման միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքներում աշխարհով մեկ, ներառյալ Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ Քիմ Քարդաշյանը, ով հայկական արմատներ ունի, վերջերս իր ամուսնու՝ ռեփեր Քանյե ՈՒեսթի հետ այցելել էր՝ առաջ քաշելու Ցեղասպանության հարցը։ Այն, որ Եվրախորհրդարանն ու Ֆրանցիսկոս պապը օրերս բնութագրեցին կոտորածները որպես ցեղասպանություն, ավելացնում է ճնշումն Անկարայի վրա։
Թուրքական կառավարությունը խոստովանում է, որ վայրագություններ կատարվել են, բայց ասում է, որ տեղի են ունեցել պատերազմի ժամանակ, երբ բազմաթիվ այլ ժողովուրդներ են մահացել։ Պաշտոնյաները վճռականորեն ժխտում են հայ բնակչությանը համակարգված ոչնչացնելու ծրագրի առայությունը։ Անկարան չի մասնակցում հիշատակի ոչ մի միջոցառման, ոչ էլ պատրաստակամ է առերեսվելու իր պատմությանը և ներողություն խնդրելու: Փոխարենը՝ Ցեղասպանության տարելիցի նույն օրը թուրքական իշխանությունները ծրագրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, իրադարձություն, որն օգնել է դնել ժամանակակից թուրքական ինքնության հիմքը։ Տարելիցը հաջորդում է թուրքական կառավարության դիրքորոշման կարծեցյալ մեղմացման մի քանի տարիներին։ Նոր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ծաղկման հետ կառավարությունը պատմության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումից տարբերվող հայացքների հարցում դարձել է ավելի հանդուրժող։ Անցած տարի Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հայերին ցավակցելով, ցավոտ պատմության ճանաչման հարցում ավելի հեռուն գնաց, քան երբևէ որևէ թուրք պաշտոնյա։ Երբ տարելիցն արդեն մոտ է՝ իրավիճակը վերադարձել է արմատացած կաղապար՝ թուրքական ժխտողականություն, հայկական զայրույթ և հաշտեցման փոքր նշան։ Էրդողանը հանդես է եկել ռազմատենչ ավանդական հայտարարությամբ. «Հայկական սփյուռքը փորձում է 1915-ի 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ցեղասպանության հարցերով համաշխարհային արշավով ատելություն սերմանել ընդդեմ Թուրքիայի,- օրերս ասել է Էրդողանը։- Եթե ուսումնասիրենք, թե մեր ազգն ինչի միջով է ստիպված եղել անցնել 100 կամ 150 տարի առաջ, ավելի շատ տառապանքներ կգտնենք, քան այն տառապանքները, որոնց միջով անցել են հայերը»։ Երկրում, որը բնորոշվում է իր բաժանումներով՝ աշխարհիկի և կրոնականի, հարուստի և աղքատի, ազատականի և պահպանողականի միջև, Հայոց ցեղասպանության ժառանգությունը թուրքերի համար միավորող հարց է։ Վերջերս Տնտեսագիտության և արտաքին քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի (Ստամբուլի հետազոտական կազմակերպություն) անցկացրած հարցումը ցույց է տվել, որ թուրքերի միայն 9 տոկոսն է, չնայած կառավարության դիրքորոշմանը, պատրաստ վայրագությունները համարել ցեղասպանություն և ներողություն խնդրել։ Թուրքիայի արմատացած դիրքորոշումը, որը հակասում է պատմական գիտությանը, ժառանգությունն է այն պատմության, թե ինչպես է Առաջին համաշխարհայինից հետո հիմնադրվել թուրքական պետությունը։ Հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տիրապետության ներքո հասարակությունը ենթարկվել է թուրքացման՝ սոցիալական ինժեներիայի սխրագործություն՝ հիմնված անցյալի ջնջման ու բազմաէթնիկ պատմության ժխտման վրա։ Հայկական ջարդերը սրբվել են երկրի պատմությունից, և թուրքերի համար ջրի երես են դուրս եկել միայն 1970-ականներին՝ թուրք դիվանագետների դեմ հայկական ահաբեկչական արշավից հետո։ Նույնիսկ հիմա թուրքական դասագրքերը հայերին ներկայացնում են դավաճաններ, Հայոց ցեղասպանությունն անվանում սուտ և ասում, որ օսմանյան թուրքերն «անհրաժեշտ միջոցառումներ» են ձեռնարկել՝ հայկական անջատողականությանը հակազդելու համար։ Ստամբուլի Ռազմական թանգարանում կա սենյակ՝ նվիրված հայ զինվորականների ձեռքով մուսուլմաններին պատճառած տառապանքներին։
«Իսկապես եղել են հայ հեղափոխականներ և ապստամբներ, ովքեր մտադիր էին անցնել Ռուսաստանի կողմը»,- ասել է Քարնեգի հիմնադրամի պատմաբան Թոմաս դե Վաալը, որ վերջերս Ցեղասպանության վերաբերյալ գիրք է գրել՝ «Մեծ աղետ» վերտառությամբ։ «Սա ենթադրյալ անհավատարմության համար մի քանիսին պատժելու փոխարեն բոլորին պատժելու դեպք է»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ