Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և Երևանի փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան մարտի 30-ից ապրիլի 2-ը «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպել էին հայկական նոր ֆիլմերի ցուցադրություն` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին։
Այդ շրջանակներում ցուցադրվեց նաև ճանաչված վավերագրող, կինոօպերատոր-կինոռեժիսոր ՎՐԵԺ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ՈՒրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» ֆիլմը։
Եղեռնի թեման այս արվեստագետի մտքի ու սրտի մեջ է եղել դեռ մանկությունից։ Խութեցի Կիրակոսի շառավղից, սասունցու և մշեցու արմատներով Մխիթարի որդի Հավես Պետրոսյանի թոռ Վրեժ Պետրոսյանին, ում անունը ոչ թե անուն է լոկ, այլ պատվեր, պատվիրան, Հավես պապը պատվիրել էր` կորած երկրի հիշողությունը սրտում պատրաստ լինել վրեժի։
Եվ արվեստագետը ստեղծագործական գործունեության ընթացքում պարբերաբար անդրադառնում է անվերջ մխացող այդ թեմային` 1996 թվականին նկարահանելով «Կարեն Եփփե` հայ որբերի դանիացի մայրը», 2003-ին` «Ես ապրում եմ ողջերի հետ» վավերագրական ֆիլմերը։
Մարիա Յակոբսենի «Օրագրությունը» հայերեն թարգմանվել և հրատարակվել է Անթիլիասում` դեռ 1979 թվականին։ 2004-ին արևմտահայերենից փոխադրել և հրատարակել է «Ապոլոն» հրատարակչությունը և դարձրել ամենաընթերցվող գրքերից մեկը։ Դանիացի միսիոներուհու «Օրագրությունը» բացառիկ վավերագիր է հայկական ջարդերի, իր բնօրրանից տեղահան արված հայ ժողովրդի տառապանքների ու չարչարանքների մասին։
Օրիորդ Մարիայի «Օրագրությունը», ի թիվս Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան (1913-1916) Հենրի Մորգենթաուի «Ամերիկյան դեսպանի հուշերը և հայկական եղեռնի գաղտնիքները», գերմանացի երիտասարդ սպա Հայնրիխ Ֆիրբյուխերի «Հայաստան 1915» մեծարժեք գրքերի և բազմահազար այլ վավերագրերի, հզոր պատասխան է թուրք պաշտոնյայի այն հոխորտանքին, թե «այնպիսի հասկացություն, ինչպիսին ցեղասպանությունն է, մեզ համար օտար է, մենք երբեք չենք ընդունի այն»։
Վրեժ Պետրոսյանը կինեմատոգրաֆիստի բացառիկ հմտությամբ հրաշալի ծաղկաքաղ է արել 251-էջանոց այդ «Օրագրությունից», վարպետորեն համադրել արխիվային այնպիսի տեսապատկերների հետ, որոնք համակցելով տեքստային հնչողությանը, դառնում են կինեմատոգրաֆիական արվեստի ցնցող մի հյուսվածք։
Դանիացի օրիորդը իր հայրենիքից ուղևորվել էր Կոստանդնուպոլիս 1907 թվականի սեպտեմբերի 7-ին` Հայաստանում սուրբ գործ անելու, հազարավոր որբերի սատար կանգնելու առաքելությամբ։
«Այս օրը չպիտի մոռանամ... Մնաք բարովի համար մի քրոջիցս մյուսին էի այցելում։ Սիրելի հորս դժգույն դեմքը երբեք չեմ մոռանա... Նա այնքան հուզված էր. արցունքները խեղդում էին ձայնը։ Սիրելի մայրս ինձ կրծքին սեղմեց. կարծես երբեք այլևս ինձ չպիտի տեսներ»,- այսպես է սկսվում Մարիա Յակոբսենի «Օրագրությունը»։
Հասնելով Խարբերդ, այնտեղից Մալաթիա, Այնթափ, նրա ջանքերով հիմնադրվում են որբանոցներ, հիվանդանոց։ Նա դառնում է ականատեսը թուրք բարբարոսների իրականացրած վայրագությունների, հալածանքների ու ջարդերի։ Օրիորդ Մարիան դառնացած գրում է. «Երբեք մտքովս չէր անցնի, որ վկան պիտի լինեի այս տեսակ չարչարանքի, արցունքի, վախի ու թշվառության և մի ամբողջ ժողովրդի ջարդերի ու ոչնչացման... Եվ այս ամենը սատանայական միջոցներով»։
Եվ երբ Դանիայի հյուպատոսն ու միսիոներները կրկին դիմում են թուրք պաշտոնյաներին նոր որբանոց բացելու խնդրանքով, թուրքը բացատրում է, որ դա իրենց գործն է, իրենք կբացեն և հոգ կտանեն որբերին։
«Մեզրեի մեջ թուրքերը մի քանի որբանոցներ են բացել, բավական թվով որբեր են հավաքել ու թողել անտեր` առանց ուտելիքի ու խնամքի. խեղճերը ճանճերի պես մեռնում էին»,- գրում է Յակոբսենը։- Թուրքական մի հին գերեզմանոց գնացինք. այդտեղ հիվանդ հայերին էին հավաքել։ Հեռվից ահավոր գարշահոտություն զգացինք։ Ներս մտանք. անկարելի է նկարագրել, թե ինչ տեսանք։ Այս խեղճերն այլևս մարդու կերպարանք չունեին։ Նույնիսկ անասուններին այս տեսակ տեղում և այս պայմաններում չեն պահում։ Թուրքերի նպատակն էր՝ որքան կարելի է դժվարացնել հայերի մահը. նրանք սովամահ էին լինում, նրանց մարմինները սևացել էին կեղտից ու ճանճերից... Չորս կողմը գետնին պառկած էին կիսամերկ կանայք ու աղջիկներ... երկու փոքրիկ աղջիկներ` ինը-տասը տարեկան, մոտ վեց տարեկան տղայի դին էին քարշ տալիս»։
Բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր... Եվ ինչպես է գրել այս օրիորդը, դանիացի մեր քույրը, ով իր կյանքի լավագույն տարիները նվիրեց հայ ժողովրդին, հայ որբերի փրկությանը։ Հենց միայն Խարբերդում նա փրկել է ավելի քան 25 հազար հայ որբերի։
«Հետագայում այս տողերը դժվար է լինելու կարդալ, բայց պետք է գրեմ, որպեսզի Դանիայում իմանան, թե մեր քույրերն ու եղբայրներն ինչ դժոխքի միջով են անցել։ Ի՜նչ տեսակ երկիր, ի՜նչ ժողովուրդ և ի՜նչ դժբախտություն»։
Թե՛ տեքստային առումով, թե՛ տեսապատկերային հյուսվածքով, թե՛ երաժշտական դրամատուրգիայով մի ամբողջական կառույց է Վրեժ Պետրոսյանի ֆիլմը. այն իր ցավով ու տառապանքով համակում է հանդիսատեսին ու թողնում ցնցող տպավորություն։
Տեքստային առումով ծաղկաքաղը «Օրագրությունից» հնչում է զուսպ ու անհավակնոտ։ Դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանն ընթերցում է ցավը սրտում, բայց ոչ լացակումած։ Անշուշտ, նա արտասվում է (այլ կերպ անհնար է կարդալ «Օրագրության» տողերը), բայց նրա արցունքները հոսում են ներս, դեպի սիրտը, ողողում այն, և փակ աչքերով անգամ տեսնում ես մեր դանիացի քրոջ տառապանքները։
Տառապում է նաև ռեժիսորը։ Տառապանքով, ուրիշ էլ ինչպես կարելի է մոնտաժել եղեռնի դրվագները, տեքստին համահունչ ընտրված տեսարաններն ու իրադարձությունները։
Մարի Յակոբսենը իր ողջ կյանքն ապրեց հայ որբերի հետ։ Նրան որբերը «Մայրիկ» մեծարանքով էին դիմում։ Ապրեց և հանգավ իր սաների կողքին։ Նա մահացավ 1960 թվականին և թաղվեց Լիբանանի Ջիբեյլի ավանի «Թռչնոց բույն» որբանոցի բակում։ Հայ ժողովուրդը երախտամոռ չէ, չի եղել երբեք այդպիսին, ու տապանաքարի վրա գրեցին. «Հիշատակդ պայծառ ու լուսավոր լինի, թող հավերժի քո անունը, որբերի մայր Մարիա Յակոբսեն»։ Անշուշտ, նրա անունը հավերժացնող մի նոր գործ է այս ֆիլմը։
Դիտում ես Վրեժ Պետրոսյանի փայլուն աշխատանքը և կրկին հիշում Մարիա Յակոբսենի զարմանքով գրված տողը, ասես ինքն իրեն է ուղղում հարցը. «Տեսնես ի՞նչ գույնի է թուրքի դաժանությունը»։
Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ