Կոստանդնուպոլիս-3
XVI դ. հայ վաճառականները գործառում էին պարսկական մետաքսը լևանտական առևտրական հանգուցակետեր հասցնելու և իրացնելու ասպարեզում, մասնավորապես Կ. Պոլիս-Թոքատ-Էրզրում-Թավրիզ երթուղով, որը կազմում էր Պարսկաստանի և Թուրքիայի միջև ընկած ցամաքային տարանցիկ առևտրի երեք հիմնական գծերից մեկը։ Այս երթուղում քարավանային առևտրի կարևոր կենտրոն էր դարձել Զմյուռնիան, և դրան նույնպես իրենց էական մասնակցությունն էին բերում հայ վաճառականները։ Եվ Կ. Պոլսում և թե Զմյուռնիայում նրանք իրենց ապրանքը վաճառում էին եվրոպացի գնորդներին։
Միջերկրածովյան` Վենետիկի և Լիվոռնոյի հետ առևտրում առանձնապես գործուն էին ջուղահայ (XVI դ. վերջ), ապա Վանից, Կեսարիայից, Նոր Ջուղայից և Զմյուռնիայից եկած հայ վաճառականները, որոնք արտահանում էին ինչպես մետաքս, այնպես էլ գործվածքեղեն, համեմունքներ, պերճանքի առարկաներ և այլն։
Այս վաճառականներն էին, որ կանգառում էին նաև օսմանյան մայրաքաղաքում, այստեղ վաճառում իրենց ապրանքները և կամ էլ շարունակում իրենց ճանապարհը վերոհիշյալ ուղիներով։ Նրանց մշտական երթևեկը քաղաքում և՛ ընդհատ էր, և՛ անընդհատ։ Հայ վաճառականների մի մասը սեփականություն էր ձեռք բերում այստեղ, գնում տներ, կալվածքներ և այլն, իսկ մյուս` առավել ստվար մասը, ժամանակավորապես ապաստանելով քաղաքի բարվոք և ընդարձակ խաներում, քաղաքը համարում էր որպես կայան` իր առևտրական ուղին շարունակելու համար։ Համենայն դեպս, քաղաքում սեփականության տիրացած վաճառականները դառնում էին համայնքի անդամ և մասնակցում նրա կյանքի իրողություններին ու դրանց հետ կապված իրադարձություններին։
XVI դ. օսմանյան քաղաքներն ապրեցին տնտեսական զգալի աշխուժացում` հատկապես արհեստների և վաճառականության զարգացման, սրա հետևանքով` քաղաքային բնակչության աճի շնորհիվ։ Կ. Պոլսի հայ վերնախավի մի մասը նաև ներքին շուկայում զբաղվում էր առևտրով ու վաճառականությամբ և այս գործառույթի բերումով անխուսափելի կապեր էր հաստատում օսմանյան պաշտոնեության հետ` ըստ հարկի վարկավորելով նրան և ինչ-ինչ արտոնություններ ապահովելով իր սեփական շահաստացության համար։
XV դ. վերջերին և XVI դ. ընթացքում պոլսահայ չելեբիների շարքը լրացնում էին հայ, հիմնականում արևմտահայ գավառներից մայրաքաղաք տեղափոխված վաճառականներն ու դրամատերերը։ Բրուսայի, Ստամբուլի, Կահիրեի, Ադրիանապոլսի և Սալոնիկի վրայով ձգվող տարանցիկ գծով նրանք առևտուր էին անում ոչ միայն իտալական քաղաքների հետ, այլև մասնակցում գյուղատնտեսական հումքի, հում մետաքսի և համեմունքների առևտրին` ներգրավվելով Պարսկաստանի ու Հնդկաստանի առևտրական շուկաներում։
Առևտրականներից ոմանք իրենց դրամական միջոցները ներդնում էին Կոստանդնուպոլիս ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների` հացահատիկի, մսի, յուղի, բրնձի և այլնի շրջանառվող ապրանքային զանգվածի իրացման մեջ, մի մասը զբաղվում էր սեղանավոր-վաշխառուի շահեկան գործով, մյուս մասը` լրացնում արհեստավոր-առևտրականների շարքերը։
Կ. Պոլսի հայ առևտրականներից հաջողակները կապվում էին (բնականաբար, պաշտոնեությանը նյութապես գոհացնելուց հետո և նրա համաձայնությամբ) բանակը պարենային կամ այլ ապրանքներով մատակարարելու գործին։ Զորքը պարենով, հացով և այլ ապրանքներով հագեցնող առևտրականները մենաշնորհ իրավունք էին ստանում որոշակի ապրանքների վաճառքի համար։ Օրինակ, մայրաքաղաքում նպարավաճառությամբ կարող էին զբաղվել միայն Կ. Պոլսի, Բրուսայի, Ադրիանապոլսի այն առևտրականները, որոնք բանակն ապահովում էին պարենով։
Պոլսահայ հանրության մեջ ուրույն տեղ ունեին նրա ներսում արդեն հաստատված հարուստ վաճառական-խոջաները և՛ Արևմտյան, և՛ Արևելյան Հայաստանից։ XVII դ. հայտնի խոջաներից էին երզնկացի խոջա Հովսեփը, նրա որդի խոջա Հովհաննեսը, խոջա Ախիջանը և խոջա Ռուհիջանը` Վանից, խոջա Պետիկը` Հալեպում։
XVII դ. հայ ամենահարուստ դրամատերերի մեջ աչքի էին ընկնում մաքսատների գլխավորները, որոնք, փաստորեն, այս ասպարեզը վիճարկում էին հրեաների հետ։ Մաքսատան հայ էմիններից հայտնի էին խոջա Պետիկը (Հալեպ), նրա եղբայր խոջա Սանոսը (Էրզրում), Անտոն Չելեբին` վիթխարի հարստության տեր մարդը (Զմյուռնիա), մաքսատան էմին էր նաև նրա եղբայրը` տաճկացած Հասան աղան։
Կ. Պոլսում բնակություն հաստատող վաճառականների նոր հոսք սկսվեց հատկապես ջալալիների ապստամբությունից հետո` 1610-ական թթ. սկսած և հետագայում Հայաստանի և՛ արևմտյան, և՛ արևելյան հատվածներից։ 1650-ական թթ. առաջին կեսին մայրաքաղաքը լցվել էր արևմտահայ գավառներից` Կեսարիայից, Եվդոկիայից, Սեբաստիայից, Կամախից եկած խոջաներով, որոնց կողքին քիչ չէին նաև վանեցիները, ջուղայեցիները, նախիջևանցիները և այլն` Հայաստանի արևելյան մասերից։ Պոլսաբնակ այս նոր շերտերի մեջ բավական մեծ ուժ էին ներկայացնում սեբաստացիները, մասնավորապես Տիվրիկից եկած վաճառականները։ 1620-1630-ական թթ. սրանց մեջ հիշատակվում են Աստվածատուր Բոլբոլջին, խոջա Վահրատը, ակնցի խոջա Քաֆալը, այս ժամանակներից է, որ երևելիների մեջ իր տեղն է գրավում վանեցի խոջա Ռուհիջանը։ Վերջինս XVII դ. հայ երևելիների մեջ, թերևս, ամենից ավելի տևական ազդեցությունն է ունեցել պոլսահայ համայնքի վրա` 1630-1660-ական թթ., շուրջ երեք տասնամյակ։ Խոջա Ռուհիջանը սոսկ մեծ վեզիրի քյուրքճիբաշիի (սենեկապետ) կամ սեղանավորի պաշտոնը չէ, որ զբաղեցրել է։ Լինելով վաճառականի գերդաստանից` նա շարունակել է հոր` վանեցի խոջա Ախիջանի գործը, առևտրով ու վաճառականությամբ զբաղվելով նաև Զմյուռնիայում։
Խոջաներից ու չելեբիներից տարբերվում և նրանց կողքին գործում էին քաղաքաբնակ մանր ու միջակ առևտրական խավերը, որոնք իրացնում էին գավառներից բերած գյուղատնտեսական հումքը ¥կաշի, անտառանյութ, ցորեն, գարի, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ, բանջարաբոստանային կուլտուրաներ, միրգ և այլն¤ և կամ իրացնում խոշոր վաճառականների ապրանքաշրջանառությունից սնվող մանրածախ առևտուրը Կ. Պոլսում ու երկրի խոշոր քաղաքներում և դրանց շրջակայքում։
Հայ առևտրական խոշոր կապիտալը, որ շրջանառվում էր միջազգային ապրանքափոխանակության լայն շառավիղներով, կատարում էր առաջադիմական կարևոր դեր Մերձավոր ու Միջինարևելյան առևտրում` հումք մատակարարելով արևմտյան արտադրությանը և կամ էլ իր գործունեության սահմաններում նպաստելով առհասարակ միջազգային ապրանքափոխանակության զարգացմանը։
17-րդ դարի սկզբներին Կ. Պոլսում հանդիպում ենք բավական թվով հայ վաճառականների. նրանք այստեղ կանոնավոր բնակություն չէին հաստատել, այլ պարբերաբար գալիս էին իրենց ապրանքները վաճառելու և մի քանի ամիս կամ տարու չափ մնալուց հետո ճամփորդում էին այլ վայրեր կամ վերադառնում իրենց բնակավայրերը։ Այս ժամանակաշրջանում Կ. Պոլսում վախճանված մի շարք հայ վաճառականների անուններն են` Նախիջևանցի Սերոբի որդի Գևորգ, Ագուլեցի Հովհաննեսի որդի Տյուլպենտճի պարոն Սուքիաս, Ղափանցի Առաքելի որդի Մանվել, Փառակցի Մուրադի որդի Խոջա Դավիթ, Ղափանցի Խոջա Բարսեղի որդի Տիրացու Պարոն, Կամենեցի Տիրացու Մուրադ և այլք։
Անատոլիայից Կ. Պոլիս գաղթած հայ երևելի վաճառականներից, նախ և առաջ, հիշատակելի է Տիվրիկցի Աստվածատուր Բոլբոլջի հորջորջված մեծահարուստ և ճարտարախոս հայը, որը թուրքական կառավարության և փաշաների սիրելին էր։
1644-1649 թթ. Կ. Պոլսում փայլում են Դիարբեքիրցի Մաղաքիա Չելեբին` մեծ վեզիր Մելեք Ահմեդ փաշայի մտերիմը, ինչպես նաև Իսկենդեր Չելեբին։
Բայց 17-րդ դարի երկրորդ կեսին Կ. Պոլսում երևելի մեծահարուստ վաճառականներն էին Միրզան և Խոսրովը` Նախիջևանի Ջահուկ գյուղից, և հատկապես Ապրո Չելեբին` մեծ վեզիրի տնտեսական գործերի կառավարիչն ու խորհրդականը։
Նշանավոր պոլսահայեր
ՊԵԶՃՅԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՈՍԻ
(1771, Կ. ՊՈԼԻՍ-1834, Կ. ՊՈԼԻՍ)
Իր ժամանակի ամենահարուստ արևմտահայը և ամենախոշոր ազգային բարերարը: Շուրջ 250000 ոսկի է տրամադրել բարեգործությանը։ Կառուցել ու նորոգել է եկեղեցիներ, դպրոցներ, նպաստել գրահրատարակչությանը, հիմնել Սբ. Փրկչյան ազգային հիվանդանոցը, որ գոյատևում է մինչ օրս։
Կրթություն գրեթե չի ստացել, 12 տարեկանից բուռն ձգտում է ցուցաբերել առևտրի հանդեպ, զբաղվել է մետաքսավաճառությամբ, 1795 թ. Պոլսի մետաքսավաճառների խանում բացել է սեփական կրպակ և տարիների ընթացքում ձեռք բերել առաջնակարգ վաճառականի համբավ։
1802-ից եղել է Հովհաննես Տյուզյանի` մետաքսի պետական մաքսի գանձման գրասենյակի ղեկավարը։ 1819-ից նշանակվել է Օսմանյան կայսրության դրամահատարանի վերատեսուչ, իսկ 1825-ից՝ նաև սուլթան Մահմուդ II-ի անձնական ծախքերը տնօրինող սեղանավոր:
Պոլսի հարավ-արևմտյան կողմում գտնվող Խարթալ հայաբնակ գյուղում կառուցել է դպրոց ու նորոգել տեղի եկեղեցին: 1826 թ. հուլիսի 8-ի Պոլսի ավերիչ հրդեհից տուժածներին (այդ թվում` թուրքերին ու հույներին) տրամադրել է զգալի ֆինանսական օժանդակություն: 1827 թ. կառուցել է Սբ. Հարություն եկեղեցին և 100 հազար դահեկան հատկացրել Պոլսի պատրիարքին՝ սովալլուկ ազգակիցներին բաժանելու համար: 1828-ին կազմակերպել է հրդեհված Մայր եկեղեցու շինարարությունը՝ տրամադրելով պահանջված 2 մլն դահեկան գումարի կեսից ավելին: 1830-ին 100 օսմանյան ոսկի է տրամադրել Գելիբոլուի հայկական եկեղեցուն: 1831-ին կազմակերպել է Ադրիանապոլսի (Էդիրնե) հայոց եկեղեցու պարտքի վճարումը՝ անձամբ հատկացնելով գումարի մեծ մասը: Վճարել է նաև Մալկարայի եկեղեցու պարտքը: 1832 թ. հիմնել է Սբ. Փրկչյան ազգային հիվանդանոցը, որը գործում է ցայսօր: 1833-ին վճարել է Բուրսայի հայոց եկեղեցու քահանայի պարտքը, որի շնորհիվ պարսիկներից փրկագնվել է նրա ընտանիքը: Վճարել է Միջագյուղի եկեղեցու 100 հազար դահեկան պարտքը, նորոգել ու կահավորել է այն: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 200 օսմանյան ոսկի է տրամադրել չքավոր հայերին: Պատրիարքարանում հիմնել է Տնանկաց սնդուկ և հատկացրել 100 ոսկի: Հիմնովին նորոգել է Գում Գաբուի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր դպրոցը: Բերայում կառուցել է օրիորդաց վարժարան: Բերդամասից դուրս, ի հիշատակ ծնողների, կառուցել է Սբ. Առաքելույն Պողոսի և Սբ. Կույսին Վառվառա եկեղեցիները:
Նրա ֆինանսավորմամբ հրատարակվել են Գ. Փեշտիմալջյանի «Պարսկերեն-հայերեն բառարանը» և Վենետիկի Մխիթարյաններ Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի, Մ. Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»-ն:
Ֆինանսատնտեսական ասպարեզում դրսևորած բացառիկ ծառայությունների համար պարգևատրվել է «Թասվիրի հյումայուն» բարձր շքանշանով։
Ամիրա։
Փիշմիշյան Միքայել ամիրան ստացել և հիվանդանոցին է հատկացրել Ետի-Գուլեում, Գազլը-Չեշմեի հետնամասում գտնվող, հիվանդանոցին կից Քիրիշճի Չայըրը կոչված բանջարեղենի պարտեզը` 27 1/2 արտավար, և դրան կից հիվանդանոցի դիմաց գտնվող Քիրիշճի Թարլասը կոչված արտը` 38 1/2 արտավար, ընդամենը` 66 արտավար։
Նոր հիվանդանոցի առաջին մյութևելիներից մեկը` 88-ամյա Ստեփան աղա Ազնավուրյանը, որ անձամբ առնչություն էր ունեցել սույն գործարքի հետ, պատմում է, թե Միքայել ամիրան չգնեց այս հողերը, այլ հիվանդանոցի մոտ դրանց կարևորությունը նկատելով և մտածելով, որ հիվանդանոցին մի օր դրանք պետք կգան, խնդրում է ազնվամիտ մի թուրքի, որի սեղանավորն էր ինքը, տարածքը հայոց հիվանդանոցին նվիրել։ Բարեսիրտ թուրքը համաձայնում է, բայց չուզելով, որ այս առթիվ իր անունը հոլովվի, առաջարկում է գնման օրինական գործարք կատարել, խոստանալով, որ ինքը փողից կհրաժարվի` ի նպաստ հայոց հիվանդանոցի։ Միքայել ամիրան այդպես էլ վարվում է և օրինական կալվածագրով ստանում տարածքը, առանց մի փարա իսկ վճարելու։
Արդ, հիվանդանոցի հին արձանագրություններից մեկից տեղեկանում ենք, որ այդ արտերը գնվել են Ալի Նեջիբ բեյից, որի կինը` Ռուգիյե Հանըմը, ևս սեփականության իրավունք ուներ նույն հողերի վրա։
Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ