«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Մտորումներ՝ Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով

Մտորումներ՝ Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով
17.04.2015 | 11:30

Օրեր առաջ մի զարմանալի երազ տեսա։ Երա՞զ էր, թե՞ իրականություն։ Իբրև թե նորից «հոգուս քարտեզում» նշխարված՝ իմ նախնիների ծննդավայրում էի՝ Մշո Խաստուր շենում, և մտովի բառ առ բառ ասես շշնջում էի հայրենակցիս՝ բանաստեղծ, արձակագիր Ռաֆայել Սահակյանի «Էրգիրը տեսա հորս աչքերով» գրքի ցավամռունչ տողերը. «...Եվ հիմա նրա մեղկ ու մոլորված ծննդավայրում ես ուզում էի որդիական պաշտամունքի ծեսով մտնել նրա հոգու խորքը և, վերջապես հայրական նրա աչքերով տեսնել իր իսկ փայփայանքների կորուսյալ մայրաքաղաքը... Դաշտամիջյան ճանապարհը իլիկի կտրված թելի պես ընդհատվեց գյուղի մուտքի մոտ, ուր առաջինը աչքի զարնեց երկաթակուռ կամարը, որի վրա թուրքերեն դաջված էր այս բնակավայրի նոր անունը... Ոչ ավելի, ոչ պակաս, ոչ թե Խաստուր, այլ՝ Բարձրադուռ...»։
Հետո ինքնակերտ բառաշղթան ընդհատվեց, և իմ ու Ռաֆայելի նախնիների այդ սրբազան շենի հողին հավասարեցված «գերեզմանատան» (ի՞նչ, գերեզմանատո՞ւն, պարզապես թուրք գազանի արյունոտ թաթերով հոշոտված մեծ ու փոքր քարակույտեր՝ շիրմաքարերի փոխարեն) կենտրոնում տեսա, այո՛, տեսա կերոնները ձեռքին՝ սրբազան հողին ծնկաչոք խոնարհված Ռաֆայելին՝ աղոթք շշնջալիս հարյուրավոր խաստուրցիների հիշատակին, որ անխնա կոտորվել էին եղերական այն օրերին...
Երա՞զ էր, թե՞ իրականություն։ Չգիտեմ՝ Ռաֆայելի գրքի «անլռելի զանգակատան» չմարող ղողանջների անանց տպավորությո՞ւնն էր, ինձ անվերջ պարուրող ցավագին խոհերի ենթագիտակցական անդրադա՞րձը, թե՞ մամուլում պարբերաբար հրապարակվող ճանապարհորդական ուղեգրությունները։ Թեև տարաոճ ու տարաժանր, բայց, ըստ էության, ջրի երկու կաթիլի պես իրար նմանվող զգայացունց տողերով, որ Էրգրի ամեն գիր իմացող այցելու կամ ուխտավոր իր պարտքն է համարում «արցունք թափել» նաև թղթի վրա... Իրար կրկներգող այդ ուղեգրություններում պարտադիր են նաև Էրգրի ճամփորդական նվիրական հասցեների հիշատակումը՝ հակիրճ կամ ավելի հաճախ զգայացունց, «լացակումած» տարերքով հանգամանալից նկարագրություններով՝ Կարսից Սարիղամիշ ու Էրզրում, Մալաթիայից Դիարբեքիր ու Արածանի, Վանից Ալաշկերտ ու Բայազետ... Եվ անպայման՝ Վանա լիճ՝ անմահական տառեխով, Սուրբ խաչ եկեղեցիով ու Աղթամար կղզով, անպայման՝ Նեմրութ սար, Տուշպա ու Բասենի բերդեր, Մհերի դուռ, Սուլուխի կամուրջ, Բերկրիի ջրվեժ... ՈՒ վերջում անպայման սահմանի այն կողմից՝ այնքան մոտ¬մոտիկից լալահառաչ ողջունող ավերակված Անի...
Չէ՛, թե գիրս այսպես՝ այս ոգով շարունակվի, աղեկտուր ու հուզախռով զգացողական տարերքին ինքս էլ, հոգուս կանչին հակառակ, կտրվեմ։ Այո՛, ինքս էլ հաճախ, ինչպես ամեն մի հայ, եղեռնի նահատակ մերձավորներիս ցավն եմ մորմոքում, առիթով թե անառիթ, ամեն անգամ Ծիծեռնակաբերդի հուշարձանին սրբազան ուխտ կատարելիս, թե Ծաղկունք գյուղի գերեզմանոցում անհանգիստ նիրհող ծնողներիս շիրմաքարերին հայրենական Խաստուր շենից բերած մի բուռ նշխարք հողն ամփոփելիս։ Չէ՛, թե այսպես շարունակեմ՝ ինչո՞վ եմ տարբերվելու իմ գրչակիցների՝ ցավից ու սրբազան ապրումներից ակունքված ազնիվ ու անկեղծ խոսք ու խոհից, որին անհնարին է չտրվել Էրգրի նվիրական ճամփաներով անցնելիս։ Ո՛չ, հազար անգամ՝ ոչ, դույզն-ինչ, թեկուզ և նրբանկատորեն ասված դիտարկման կամ նկատառումի իրավունքը չունեմ։ Ամեն մեկն իր սրտի խոսքն է հանձնում թղթին, և դա իր իրավունքն է։ Այդ իրավունքին ի տրիտուր, եղեռնացավի ազգովին կամ ներանձնական անդրադարձներում միշտ էլ, ավելի կամ պակաս սրությամբ, բարձրաձայնվել են մեր ժողովրդի մեծ ողբերգության ազդականչերը։
Իմ նպատակն այստեղ ուրիշ է. բավ է լաց լինենք ու կուրծք ծեծենք, ի լուր և ի տես աշխարհի, բավ է տասնամյակներ շարունակ այլոց ներկայանանք սքեմով, ցեղասպանության ճանաչում հայցենք այս կամ այն երկրից (թեև դա նույնպես կարևոր է). Եղեռնի նահատակների հիշատակը սերնդեսերունդ պահելով հանդերձ, մեր ոխերիմ թշնամիներին ի դեմ մեր ուժն ու ոգին ազգովին, միասնական դիմագրավելով հանդերձ՝ ամենից ավելի ու ամենից առաջ աշխարհին ներկայանանք անցյալ ու ներկա մեր հաղթանակներով, մեր ոգեղեն արժեքներով, մեր իսկ ներսում, մեր իսկ մեջ, մեր իսկ հողում արմատակալող չարիքների դեմ անխնա պայքարելով, մեր իսկ հողը պարտադրված լքողների՝ արտագաղթի ահավոր ալիքի դեմն առնելով։ Էրգրի պահանջատիրության մեր արդար դատը պաշտպանելով, ախր, դատարկում ու անպաշտպան ենք թողնում մեր սրբազան այս մի բուռ հողը՝ հազար ու մի զոհողությունների գնով վերջապես նվաճված մեր ինքնությունը, խարխլում մեր անկախ պետականության հիմնասյուները։ Բարձրահունչ խոսքե՞ր են, այո՛, այլոց կողմից նույնպես բազմիցս բարձրաձայնվող խոհե՞ր են, այո՛։ Բայց ո՞ւմ ենք ասում, ո՞ւմ ենք հասցեագրում մեր տրտունջները՝ մեր կյանքը տնօրինող պետական վերին ատյաններին, նախկին Թատերական, ապա՝ Ազատության հրապարակում նորից թատրոնացույցերով ժողովրդի աչքին «թոզ փչող» ընդդիմադիր կուսակցությունների՞ն, չինովնիկական զանազան ու բազմազան ատյաններում ժողովրդի հոգսերը «հոգացող» աստիճանավորների՞ն, թե՞ հենց մեզնից ամեն մեկին՝ ինձ, քեզ, նրան, բոլոր նրանց, ովքեր ժողովրդավար հորջորջվող երկրիս բախտը, ճակատագիրը «վճռող» զանգվածն են կազմում, ովքեր հուսահատված ու հիասթափված ամեն ինչից՝ տարերային բողոքի իրենց ձայնն են երբեմն հնչեցնում, այս կամ այն անօրեն, «պարտադիր, պարտադրված» իշխանական որոշման դեմ, բայց «ձայն բարբառոյ յանապատի»։ Սա՛ է ճշմարտությունը։ Մինչև ե՞րբ լռենք, հիմա՞ էլ լռենք, եղբայրք։
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը նաև այսպիսի խոհեր է ծնում և հրամայաբար պահանջում՝ բա՛վ է սգանք ու լաց լինենք, հուսո ու հավատի, միասնության ու վերջնական հաղթանակի դրոշը վեհորեն ծածանենք մեր հարազատ տան վրա՝ ի ցույց աշխարհի արարելով, որ թեև
Եղեռնազարկ էլ եղանք, բայց նորեն
Հայերն ապրել են, ապրում են, կապրեն...


Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր

Հ. Գ. -Օրեր առաջ կրկին մի երազ տեսա՝ ցեղասպանությունը աշխարհով մեկ ճանաչված, մեր ժողովրդի պահանջատիրությունը լիովին բավարարված, Էրգիրս թուրքի բռնազավթումից ազատված։ Իսկ գուցե այս ամենը երա՞զ չէ...

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ