«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հիշենք նրան. հիշատակի խնկարկումի լավագույն եղանակը դա է

Հիշենք նրան. հիշատակի խնկարկումի լավագույն եղանակը դա է
17.04.2015 | 00:07

ԱՊՐԻԼԻ 17-Ը ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

ԱՆԱՆՑ ԵՎ ԱՆՋԻՆՋ ՄԻ ՀԵՏՔ
Կարեն Դեմիրճյանի մասին խոսելու տեղ ու առիթներ դեռ շատ կլինեն: Այդ առիթներից մեկն էլ ինձ համար 2002-ի ապրիլի 17-ն էր, երբ Դեմիրճյանի անունը կրող մարզահամերգային համալիրում նշվում էր Կարեն Դեմիրճյանի ծննդյան 70-ամյակը: Եթե մինչ այդ Դեմիրճյանի մասին մի ընդհանրական, մի ամփոփ, մի լիարժեք խոսք ասվել է, ապա Գագիկ Հարությունյանի այդ օրվա զեկուցումն էր: Լեփ-լեցուն դահլիճը 43 րոպե լսում էր վառ անհատականության, երկրի տարեգրության մեջ իր մնայուն էջը թողած, երկրի դիմանկարի վրա իր անջնջելի գույները բերած հայ մարդու իրական գնահատականը: Դա ոչ միայն հոբելյարի կատարած գործերի գնահատանքն էր, այլև Դեմիրճյանի` Հայաստանի ապագային միտված ծրագրերի շուրջ յուրովի խորհրդածության նման մի բան, որ Դեմիրճյանի միջոցով ծրագրային դրույթներ էր առաջարկում հանդիսությանը ներկա պետական ու քաղաքական ամենաբարձր աստիճանի մարդկանց: Դա հիրավի ապագայի ծրագրի հանգամանալից մատուցումն էր Կարեն Դեմիրճյան-Գագիկ Հարությունյան զույգի կողմից: Նաև շեշտադրվեց շատ կարևոր մի բան` իր հերոսին փնտրող ժողովրդի հավաքական կերպարի նկարագրության լիիրավ տեր դարձած Կարեն Դեմիրճյանը երբևէ դադար չի ունեցել անգամ այն ճամփաբաժանումին, որը, չգիտես ինչու, հեռացումի տարիներ են կոչում: Դա բաժանում չէր իր ժամանակից, և այդ հեռացում ասածը պարզապես հորինվածք է՝ մեծերը միշտ մնում են իրենց ժամանակի մեջ, նրանք ավելի ճիշտ են լսում իրենց ժամանակի թելադրանքը: Այդ մենք ենք հաճախ հեռանում նրանցից` նրանց հեռացումը որպես արդարացում ներկայացնելով: Հոբելյանական այդ հանդիսությանը և, մանավանդ, հիմնական զեկուցմամբ ամեն ինչ տեղը դրվեց: Դեմիրճյան անհատը, Դեմիրճյան երևույթը ամբողջական ներկայացվեց նոր իրականության մեջ` մեր ազգին և անկախ պետականությանը ժամանակի նետած մարտահրավերներին դիմակայելու կռվի և պայքարի մեջ իր հարուստ կենսափորձով, ուսանելի գործելաոճով և ինքնատիպ պահվածքով: Դահլիճը քարացած լսեց 43-րոպեանոց այդ համապարփակ, այդ տարողունակ ելույթը և... հոտնկայս ծափահարեց: Շոկ էր ու սարսուռ` ո՞ւմ և ինչպե՞ս կորցրինք: Այդ շոկն ու սարսուռը խտացավ, երբ բացվեց բեմի էկրանը, և սկսեց խոսել կենդանի Դեմիրճյանը. «…Ազգային ժողովը պետք է լինի մեր ժողովրդի կոլեկտիվ միտք, կոլեկտիվ խորհրդարանը, որ յուրաքանչյուր լավ առաջարկություն, յուրաքանչյուր ճիշտ առաջարկություն, որ ուղղված է հայրենիքի պրոբլեմների լուծմանը քննարկվի այնպիսի բարյացակամությամբ, որ չնայենք, թե ով է ասում, պետք է լսենք, թե ինչ է ասվում. եթե ճիշտ է, պետք է անպայման իրականացնել… Երկրի վիճակն այնպիսին է, որ եթե մենք բոլորս չհամախմբվենք, չհամատեղենք մեր ուժերը, մենք չենք կարող ակնկալել դրական արդյունքներ: Այսօր ժամանակն է մի անգամ ևս ոգեկոչելու Չարենցի հայտնի կոչը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Պետք է հավաքական լինենք, պետք է միավորվենք… ամեն ինչ պետք է ենթարկված լինի մեկ գերագույն նպատակի` ամեն ինչ հայրենիքի համար, ամեն ինչ ժողովրդի համար»:


Հաջորդ օրը լրագրերը նայող միամիտ լրագրողիս թվում էր, թե ապրիլտասնյոթյան օրվա դեմիրճյանական շունչը պիտի տարածում ունենար գոնե պաշտոնական լրատվության մեջ: Բայց, ով զարմանք, լուռ էր պաշտոնական լրատվությունը: Տխուրն այն է, թե իրենց այդ լռությամբ այդ ումի՞ց, այդ ինչի՞ց էին զգուշանում կամ էլ թե դա ո՞ւմ հրահանգն էր` մոռացության շղարշ պատրաստել` այդու և հետագայի համար: Բայց շղարշն այդ ծակոտկեններ ունի և լրիվությամբ պատվելուն անկարող կլինի, քանզի ժողովրդի վերաբերմունքը` ճշմարիտ վերաբերմունքը, մեծերին չի գնահատում նրանց գալ-գնալով, այլ միշտ իր կողքին, իր հետ է զգում նրան ու հարկավոր պահին դիմում նրա ոգու զորությանը: Այդպես է: Եվ պայման է, որ մեր կողքից հեռացած մարդուն մենք շարունակենք զգալ մեր կողքին, դրանով մենք նաև անցյալ ու ներկա կապն ենք պահում՝ անցյալի դասերը սերտած ու նորին մեր ներդրումն ավելացրած: Ժամանակի ու պայմանների փոփոխությունը, որպես ավելորդ խառնուրդ, մեր վերաբերմունքի մեջ չպիտի կարողանա խամրել մեր հիշողության երանգները: Որովհետև մեծ ու փոքր, լավ ու վատ հիշողության խնդիր չկա՝ այստեղ միայն մարդուն հիշողությունից չվանելու խնդիրն է: Նրանց շուրջը ներկայի ու գալիքի հանդեպ հավատի ներշնչման մթնոլորտ է, համատարած ու գերող մթնոլորտ: Նրանց այդ վստահության աղբյուրը անցյալի փորձն է, այդ փորձի հիման վրա ստեղծված հասարակական կարծիքն ու, անպայման, նաև անձից ճառագող հմայքը: Ղեկավար անձի հմայքը գեղեցկատեսություն չէ, պատրանք չէ, այն առաջին հերթին հավատ է ու վստահություն: Հավատը դյուրըմբռնելի և խաբուսիկ է դառնում, երբ կերպարն ինքդ ես ստեղծում և նրա հատկանիշներն էլ հորինում ես՝ ցանկալին իրականի տեղ պատկերացնելով: Կարեն Դեմիրճյանի պարագայում այլ էր. նա եկել էր՝ հմա՛յքն էլ, հավա՛տն էլ իր գործելաոճով պայմանավորած, և երբ կրկին վերադարձավ՝ այլևս վստահություն ներշնչող առաջնորդի ծիրանին ուսած եկավ: Եվ իրենից հետո, որպես ուսյալ և անարգել անցնելիք ուղի, նա թողեց, Չարենցի բնորոշմամբ՝ «Անանց և անջինջ մի հետք»:

ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, «ՀԵՌԱՑՈՒՄԻ ՏԱՐԻՆԵՐ»
Տատրակի պատմությունն անելու առիթը իմ մի անզգույշ հարցն էր` «Մի գործարան պահելով երկիր չես պահի»: Իմ հերթական այցին հերթական անգամ «Դիկտոֆոնդ տուր էստեղ» ասելով՝ ժպտաց իր դուրեկան, բարի ժպիտով, ապա սուրճ պատվիրեց, ասել է` ես ինձ կարող էի ազատ զգալ ու զրուցել ուզածիս չափ: Մենք նստած էինք «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի իր աշխատասենյակում: Ես գիտեի, որ Դեմիրճյանը (այսպես ասեմ) կարդացած մարդ է, բայց որ Գրիգոր Պահլավունուց պիտի մեջբերում անի, դա արդեն և իմ հիացմունքն էր, և զգուշավորությունը, թե դժվար է լինելու հավասար զրուցակցի կերպս պահելը:
Այսպես ուրեմն, հմայիչ ժպիտը դեմքին տատրակի պատմությունն արեց, ածանցելով, թե` «Այս միամիտ թվացող պատմությունը մարդու պահվածքին է վերաբերում և վերջինիս ճշմարիտ գործելակերպ թելադրելու միջոց է»: Ահավասիկ այդ պատմությունը:
«Տատրակը պառկած է ծառի ճյուղին` ոտքերը վեր պարզած:
-Տատրակ, ի՞նչ ես անում:
-Երկինքն եմ պահում:
-Բա դու քո թույլ ոտքերով կարո՞ղ ես ամբողջ երկինքը պահել:
-Ես իմ բաժին երկինքն եմ պահում»:
Դեմիրճյանը չհավելեց, թե այս անաշխատ, դժվարին տարիներին գործարանն աշխատում է, չավելացրեց, թե սա մեր բաժին երկինքն է, որ պահում ենք: Այդ գործարանի բանվորներն ու Դեմիրճյանն ինքը առանձին մի կեցվածք չէին ընդունում: Ցանկալին իրական տեսնելու պատրանքին նրանք մարմին էին տվել, և այդ ժամանակ երկրի երբեմնի ղեկավարի համար դույզն-ինչ մտահոգիչ չէր այդ մասնակի միջավայրում գործելու հանգամանքը: Սա մեծերի բնույթն է. նրանք նեղսրտել չգիտեն` նրանք ամեն պարագայում ընդունակ են շարունակելու իրենց կյանքի գործը: Մեծ կամ փոքր գործի խնդիր չկա` իրենից չհեռանալու, իր բնույթը չփոխելու խնդիր է: Եվ այն տարիներին էլ, որոնք ինչ-որ մարդիկ որտեղից որտեղ «հեռացումի» կոչեցին, բնավ էլ հեռացումի չէին: «Ինձ համար այս տարիները նաև նոր պայմաններում ապրելու, աշխատելու, նոր փորձի ձեռքբերման, մի տեսակ ադապտացիայի ենթարկման տարիներ եղան. ես պետք է ազատվեի այն իներցիայից, որ իմ մեջ կրում էի որպես մարդ, որպես քաղաքացի, որպես պետական գործիչ»:
Մի օր, հավանաբար, կհրապարակվեն նոթագրությունների այն չորս տետրերը, որոնց մասին վկայում է Դեմիրճյանի այրին` տիկին Ռիման, և Դեմիրճյանի մտորումները լիովին լույս կսփռեն «հեռացումի» տարիների վրա: Նաև բաց ափի պես պարզ կդառնա, թե իր արժանապատիվ հեռացումով այն ժամանակ ինչ արյունահեղություն կանխեց Կարեն Դեմիրճյանը: Սա, անկասկած, այլ ուսումնասիրության թեմա է` անցյալն ընդհանրապես ու անցյալի պետական գործչին մասնավորապես գնահատելու և որպես ուսուցյալ դաս ընդունելու իմաստով:
Բոլոր նրանք, ովքեր լավ ճանաչել ու լավ են ճանաչում Դեմիրճյան մարդուն, նոր չէ, որ պիտի համոզվեն, թե ճիշտ մարդու վրա ոչ ժամանակը, ոչ պայմաններն ու հանգամանքները, ոչ էլ, մանավանդ, կյանքի աստիճանի վեր ու վարը չեն կարող բացասական ազդեցություն թողնել: Դեմիրճյանը հրաշալիորեն տեսնում-զգում էր նորանկախ երկրի զարկերակը, նաև հույսեր էր կապում, թե այս նոր երկրի նոր ղեկավարությունը նորովի մի բան պիտի որ անի: Մեր իրականության մեջ, ցավոք, քիչ են նման դեպքերը, երբ նախորդը արժևորում է հաջորդի գործերը: Կարեն Դեմիրճյանի նման անհատը կարող էր դա անել: Զորօրինակ. «…անկախության հռչակումից հետո ՀՀՇ-ականների կողմից իրոք քիչ բան չի արվել` սկսվեցին նոր պետականության ձևավորման, հասարակության դեմոկրատացման, բանակի ստեղծման գործընթացները»:


Բավարար չափով արվեց, թե չարվեց, այլ խնդիր է: Նաև այլ խնդիր է, որ եթե ինքը մտներ, (թող ներվի այս համեմատությունը) ասենք, միջին վազքուղի, արդյո՞ք իր տեմպը` վաստակի, փորձի, խորագիտության, իներցիան պահպանած տեմպը, իր փեշը ձգող կամային արգելքների չէր հանդիպի` «մեր ասպարեզն է» անմիտ թելադրանքով: Սրանք ընդամենը իմ մտավախություններից են, մտորում որպես այն հարցի պատասխան, թե՝ հիմա ի՞նչ պետք է անել: «Հիմա… Հիմա պետք է մտածել այս քանդված երկիրը վերաշինելու մասին, այս քայքայված տնտեսությունը կարգավորելու մասին` հենվելով անցյալի փորձի վրա, ամբիցիաներից ազատվելով, մարդկանց մեջ հավատ ամրապնդելով, վաղվա օրվա ուրվագիծը միշտ տեսնելով և դրան ձև ու կերպարանք տալով»:

ԳՅՈՒՄՐԻՆ ԵՎ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ
«Վստահեի՜ն Դեմիրճյանին, ո՜նց կկառուցեր անտեր ու դուրս մնացած մեր այս քաղաքը…»: Գյումրեցի Ֆ. Գրիգորյանի` Դեմիրճյանի նախընտրական շտաբ ուղարկած նամակից:
Տարօրինա՞կ թվաց այս վերնագիրը, ինչո՞ւ հատկապես Գյումրիի հետ եմ զուգահեռում արդեն ոչ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մտորումները: Իմ բոլոր հանդիպումներում միշտ էլ արծարծվել է Գյումրվա թեման: Դա իմ սիրելի քաղաքն է, երկրաշարժից հետո նրա դժվարությունները` իմ տխրությունը, իսկ Դեմիրճյանի համար այդ քաղաքը շատ ավելին էր, քան պարզապես սիրելի քաղաք: Գյումրին Դեմիրճյանի ափսոսանքն էր, նրա ցավը, նրա անզոր անհանգստությունը:
-Գուցե պետք էր, որ Դուք ներկա իշխանություններին առաջարկեի՞ք Ձեր մասնակցությունը Գյումրիի վերականգնմանը:
Այս հարցը բազմիցս տրվել է, և ամեն անգամ ցավի արձագանք է եղել, ափսոսանքի արտահայտություն, նորից ու նորից ուշացած մի խոստովանություն, թե` «Երևի դա պետք էր անել»: Եվ նորից ու նորից բացատրության պես մի բան, որ ոչ այնքան զրուցակցին էր ասվում, որքան իր ներքին մտորումի բարձրաձայնումն էր:
Ահավասիկ:
-Հիշենք Ռիժկովի մտահոգությունը. «Չստացվի այնպես, որ մենք կառուցենք, իսկ հետո պարզվի, որ այն շատ է հեռու հայկական ճարտարապետական ավանդույթներից: Չէ՞ որ մենք հայկական քաղաք ենք կառուցում»:
Ես Ռիժկովին գնահատում եմ և համոզված եմ, որ այդ պայմաններում նա անում է անհնարինը: Կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ ապագա քաղաքը կառուցվող հողերի վրա փայտաշեն ժամանակավոր տնակներ պատրաստվեին, քաղաքն ազատվեր բնակիչներից, մաքրվեր բուն քաղաքն ու կառուցվեր իր նախկին ճարտարապետական տեսքին համահունչ: Հետո աստիճանաբար բնակիչներին տեղափոխել քաղաք և ազատել այն հողերը, որոնց վրա ժամանակավոր փայտե տնակներն էին: Այս սակավահող երկրում կպահպանվեին շրջակա գյուղերի հողերը, ազատված քաղաքում էլ ավելի դյուրին կընթանար կառուցապատումը: Եվ ամենակարևորը` սեփական տները կառուցելու հնարավորություն կտրվեր մարդկանց` օգնելով վարկերով, շինանյութերով: Այդ պայմաններում քաղաքը լքել ցանկացողների քանակը կհասներ նվազագույնի:


Այն, ինչ հիմա ես վերհիշելով սղագրում եմ, մի մասը, աննշան մի մասն է այն ծրագրի, որ Դեմիրճյանի համարյա թե ամենօրյա ափսոսանքն ու հրաշալի մտահղացումն էր, որը չիրականացավ ինձ անհայտ պատճառներով: Հետագայում, երբ ԽՍՀՄ-ի փլուզումը Գյումրիից տարավ միութենական հանրապետությունների շինարարներին, և քաղաքը մենակ մնաց իր հոգսերի հետ, Դեմիրճյանի այդ ափսոսանքն ավելի խորացավ: Գուցե այս քաղա՞քը պիտի լիներ այն հրաշալի առիթը, որ պայմանավորեր առաջնորդի հետդարձը, գուցե հենց այնտե՞ղ էր պետք մարդկանց կորացած մեջքը շտկելու նեցուկը` իշխանությունների բարի հայացքը շրջելու դեպի աղետյալ քաղաք, հոգու երկրաշարժի առաջն առնելու, եթե ավելի մանրամասնենք, ապա նաև` հեռացող շինարարների թողածի (շինանյութեր, օժանդակ կառույցներ և այլն) ահավոր թալանը կանխելու:
Սա մի թեմա է, որ Կարեն Դեմիրճյան անհատի մասին երբևէ գրողների համար միշտ արծարծվելու կարոտ պիտի ունենա, քանզի ժողովրդի մոտ հավատի և հույսի թելերն ամուր կապված էին իրենց նախորդ առաջնորդի հետ: Եվ պատեհ առիթ է, որ ես հիշեմ այս նյութի բնաբան տողերի հեղինակ, մասնագիտությամբ բժիշկ Ֆելիքս Գրիգորյանին, ում տարբեր առիթներով Գյումրիում հանդիպել եմ, ու նա մեր զրույցները միշտ թեքել է դեպի Դեմիրճյանը. «Գյումրեցիները սպասում էին, որ Դեմիրճյանն այն օրերին կգա մեր քաղաք, մեր այդ ցանկությունն առավել գունեղ դարձավ շինարարների հեռանալուց հետո»:
Գյումրեցիները, այո, իրենց անուրախ կյանքն ըմբռնող, այդ կյանքը հնարավորինս արագ լավացնող տեսնում էին Դեմիրճյանին:
Հեռու եմ առաջնորդների միջև զուգահեռումներ անելու միտումից, սակայն պատմությունն ինքն է խրատում, որ անցյալը (այս պարագայում անցյալի կարող ուժերն ու հեղինակություններին) կտրուկ վանելը երբևէ չի խրախուսվել: Սա` մեղմ ասած: Անկախության գաղափարի հորձանքով իշխանության եկած ուժերն այն ժամանակ հանդիմանության առիթներ, կարծում եմ, չէին տալիս. պատերազմն էր շարունակվում, շրջափակումն էր սեղմում, տնտեսական արտաքին կապերն էին խզվել: Խոսքը մարդկային գործոնի, ընդունված կարգով ասած` նոր կադրերին ճիշտ ու սխալ վստահել-չվստահելու խնդիր կար: Այդ ամենը դեռ բավարար չէր, կոմունիստների մի նեղ շրջանակ էլ` իրենց նեղ, անձնական ամբիցիաների ձեռքը կրակն ընկած, քաղաքական մի հիմար արշավ սկսեցին իրենց նախկին առաջնորդի դեմ:
...Չխորանանք: Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է, և հարկ է, որ հիշենք նրան. հիշատակի խնկարկումի լավագույն եղանակը դա է:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ