Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Նարեկացուն ճանաչեց քրիստոնյա ողջ աշխարհը

Նարեկացուն ճանաչեց քրիստոնյա ողջ աշխարհը
14.04.2015 | 13:41

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագի ընթացքում կաթոլիկ եկեղեցու բարձրագույն՝ Տիեզերական վարդապետի կոչմանն արժանացավ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր մեծագույն այրերից մեկը՝ սուրբ Գրիգոր Նարեկացին: Հռոմի Ֆրանցիսկոս պապի այս քայլը պատարագի ավարտին հնչեցրած իրենց խոսքում բարձր գնահատեցին Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին կաթողիկոսները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ասաց. «Աղոթուսույց ու տիեզերալույս Սուրբ Գրիգոր Նարեկացին 10-րդ դարում մարդկային բոլոր սերունդների ապաշխարության և խոստովանության աղերսը՝ որպես ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո, երկինք բուրվառեց: Սուրբ վանականը հայոց համար պաշտելի իր շնչավոր մատյանով քրիստոսաշնորհ փրկության ուղին ցույց տվեց մեղավորներին ու արդարներին, վեհերին ու փոքրերին, բարիներին ու եղեռնագործներին՝ դեպի Աստված առաջնորդելով բոլոր ժամանակների հավատացյալներին»: Կաթոլիկ եկեղեցու վարդապետի կոչումը նշանակում է, որ կաթոլիկ եկեղեցին այսուհետ իր հավատի և բարոյականության հարցերի շուրջ կարող է հղում կատարել Սուրբ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությանը: Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատարագին ներկա էր և Մատենադարանի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանը: Նրա գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է Նարեկացու «Մատյան»-ի և մյուս երկերի ուսումնասիրությանը: «Դա մի հրաշափառ արարողություն էր, հարիր Գրիգոր Նարեկացուն և նրա գրական ժառանգությանը: Եվ կարծում եմ, մեծ տոն էր ամբողջ քրիստոնյա աշխարհի համար»,- ասել է Հրաչյա Թամրազյանը: Այդ գործին նպաստել են հայագետներն ու թարգմանիչները. «Այն, ինչ կատարվեց վերջին տարիներին, ես համարում եմ վճռորոշ, Ժան-Պիեռ Մահեի թարգմանությունը, որ շատ խոր թարգմանություն է, նորագույն գիտելիքների ձեռքբերում է, դրան նախորդել էր նաև իր աշխատասիրությունը Գրիգոր Նարեկացու մասին, որտեղ ի մի են բերվել նարեկացիագիտության նվաճումները, «Մատյանը» թարգմանվեց ֆրանսերեն և մտավ ողջ քրիստոնեական հայրաբանական ժառանգության մեջ: Դրանից հետո կազմակերպվեցին միջազգային գիտաժողովներ կապված «Մատյան ողբերգության»-ի հազարամյակի հետ, նաև՝ Հռոմի պապի հովանավորությամբ: Եվ այս գործընթացը, որ սկսվել էր 10 տարի առաջ, գուցեև 15, պսակվեց նման հաջողությամբ: Ճանաչեց քրիստոնյա ողջ աշխարհը Նարեկացուն: Վիլյամ Սարոյանի կանխատեսումը իրականացավ, որ՝ ողջ աշխարհը մի օր կճանաչի Գրիգոր Նարեկացուն»:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ