Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Արի՛ իմ հետևից»

«Արի՛ իմ հետևից»
14.04.2015 | 11:50

Իր աշակերտներին երկրորդ անգամ հայտնվելուց հետո (Հով.20.26) Հիսուսը գնաց Գալիլեա, ուր պատվիրել էր նրանց հանդիպել իրեն (Մատթ. 28.10-16): Գալիլեայի ծովի հռոմեական անվանումը Տիբերիական ծով էր (Հովհ.6.1): Տիբերիոսը Հիսուսի ժամանակաշրջանի հռոմեական կայսրերից մեկն էր: Նա իշխեց 14-37 թվերին: Երբ Հովհաննեսը գրում էր իր Ավետարանը, Գալիլեայի ծովի անունը դարձել էր Տիբերիայի ծով` ի պատիվ այդ կայսեր: Պետրոսը, Թովմասը, Նաթանայելը, Զեբեդիոսի որդիները և ևս երկու աշակերտներ, որոնց անունները հիշատակված չեն, բոլորը միասին Գալիլեայի ծովի եզերքին էին: Նրանք սպասում էին Տիրոջ հայտնվելուն, ինչպես նա խոստացել էր: Մինչ սպասում էին, գնացին ծով ձուկ որսալու, սակայն ամբողջ գիշեր ոչինչ չորսացին: Եվ այդ ժամանակ Հիսուսը հայտնվեց ծովի ափին: Բայց Մարիամ Մագդաղենացու նման նրանք էլ սկզբում չճանաչեցին նրան: Հիսուսն աշակերտներին հարցրեց՝ տղանե՛ր, ուտելու բան ունե՞ք։ Այսինքն` դուք ձուկ որսացի՞ք: Հիսուսը գիտեր, որ նրանք ոչ մի ձուկ էլ չէին որսացել, բայց ուզում էր, որ աշակերտներն իրենք ասեին:
Երբ մենք Քրիստոսին խոստովանում ենք մեր անկարողությունը և անզորությունը, Աստված մեր կարիքները բավարարում է: Երբ աշակերները «ոչ» ասացին, Նա նրանց ասաց, որ իրենց ուռկանն իջեցնեն նավակի մյուս կողմից: Նրանք այնքան շատ ձուկ որսացին, որ չէին կարողանում ուռկանը նավակ բարձրացնել: Աշակերտները ողջ գիշեր որս էին արել և ոչինչ չէին բռնել: Երբ Հովհաննեսը, այն աշակերտը, որին Հիսուս սիրում էր (Հովհ.13.23), տեսավ տեղի ունեցած հրաշքը, միանգամից հասկացավ, թե ով է ծովափին կանգնած մարդը, և Պետրոսին ասաց, թե Տերն է: Հենց Պետրոսը այդ լսեց, գցվեց ջուրը: Պետրոսը միշտ արագ էր գործում (Հովհ.18.10): Նա շտապեց դեպի ափ: Մյուս աշակերտները ձկներով լի ուռկանը քարշ տվեցին դեպի ծովափ: Երբ ցամաք ելան, տեսան` ձուկ է եփվում: Պարզ է, որ այդ մեկ ձկով բոլոր աշակերտները չէին կշտանա: ՈՒստի Հիսուս նրանց ասաց, որ բերեն քիչ առաջ որսած ձկներից: Պետրոսը նավակ մտավ ու ցամաք քաշեց ուռկանը, որը լիքն էր հարյուր հիսուն երեք մեծ ձկներով: Չնայած աշակերտներն արդեն գիտեին, որ ափի մոտ կանգնած մարդը Հիսուսն է, բայց ինչ-որ բան այն չէր: Նրանք ուզում էին հարցնել՝ արդյոք դո՞ւ ես, Տե՛ր, բայց չէին համարձակվում:
Արդեն երրորդ անգամ էր, որ Հիսուսը հայտնվում էր խմբով հավաքված իր աշակերտներին: Երբ ճաշեցին, Հիսուսը Պետրոսին հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»: Պետրոսը Հիսուսին մինչ այդ ասել էր, թե թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, բայց ինքը չի գայթակղվի (Մարկ.14.29): Այնուամենայնիվ, Պետրոսը լքեց և ուրացավ Հիսուսին: Այդ պատճառով էր այժմ Հիսուսը հարցնում Պետրոսին, թե իսկապես ինձ ավելի շա՞տ ես սիրում, քան մյուս աշակերտները: Այսպիսով կարծես, թե ասում էր՝ դու քո գործերով ցույց չես տվել դա: Պետրոսը չփորձեց ապացուցել, թե ինչքան է Հիսուսին սիրում: Նա ընկել էր: Նա գիտեր, որ իր սերը թույլ է: Նա գիտեր, որ Հիսուսին ավելի շատ չէր սիրում, քան մյուս աշակերտները: Նրանք իր պես չէին վարվել և ուրացել: Բայց իր սրտում Պետրոսը սիրում էր Հիսուսին, և Հիսուսը գիտեր Պետրոսի սիրտը: Դրա համար Պետրոսը միայն ասաց. «Այո՛, Տե՛ր, և Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»: Ապա Հիսուսը նրան ասաց` արածեցրու իմ գառներին: Քրիստոս այսպիսով կամենում էր ասել, որ այսուհետև ապացուցիր քո սերը ինձ խոնարհվելով: Ես եմ բարի հովիվը: Ես եկա իմ կյանքը իմ ոչխարների համար դնելու (Հովհ.10.11): Դրա համար իմ ոչխարներին ես քեզ եմ վստահում: Արածեցրու նրանց, հոգա նրանց մասին: Նրանց համար օրինակ ծառայիր (Ա Պետր. 5.2-3): Հիսուսը երկու անգամ էլ հարցրեց Պետրոսին, թե սիրո՞ւմ ես ինձ: Պետրոսը տրտմեց, երբ Հիսուս երրորդ անգամ հարցրեց: Գուցե դա իրեն հիշեցրեց, որ երեք անգամ ուրացել էր Տիրոջը: Քանի որ Պետրոսը երեք անգամ ուրացել էր Հիսուսին, այժմ երեք անգամ պետք է կրկներ, որ սիրում է նրան: Եվ երբ Պետրոսը պատասխանում էր, ամեն անգամ Հիսուսը նրան պատվիրում էր, որ հոտի հովիվը լինի: Այսպես անելով Հիսուսը վերականգնում էր Պետրոսի իշխանությունը` որպես եկեղեցու առաջնորդի: Մյուս աշակերտները կարող է չընդունեին Պետրոսին` Հիսուսին ուրանալու մեղքի պատճառով: Բայց այստեղ Հիսուսը Պետրոսին երեք անգամ կարգադրում է իր եկեղեցու հովիվը լինել: Պետրոսը ներվել էր: Պետրոսը վերահաստատվել էր:
Նկատենք, որ Հիսուսը Պետրոսին հարցնում է միայն նրա սիրո մասին: Հովիվ լինելու համար անհրաժեշտ է միայն մեկ բան` սեր Հիսուսի հանդեպ: Առանց Հիսուսի հանդեպ սիրո ոչ մեկը չի կարող սիրել համայնքը: Եվ առանց համայնքի հանդեպ սիրո ոչ մեկը չի կարող առաջնորդ դառնալ: Նրանք, ովքեր չեն սիրում Հիսուսին, անկեղծորեն չեն սիրում մարդկանց: Ինչ որ Հիսուսն ասաց Պետրոսին, ասում է ամեն մի աշակերտի. «Արածեցրու իմ գառներին», այսինքն` լինել ոչ միայն առաջնորդ, այլև հոգատար ու խնամող անձ համայնքի համար: Հետո Հիսուսն ասաց Պետրոսին. «Երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն, ուր չես կամենա» (Հովհ. 21.18): Հիսուսը նկատի ուներ այն, որ Պետրոսն իր ձեռքերը կմեկնի խաչի վրա ճիշտ այնպես, ինչպես ինքը: Հետո նրան կտանեն խաչելության վայրը, ուր չի կամենա գնալ: Հովհաննես առաքյալն իր Ավետարանում այդպես ասելով մարգարեանում էր Պետրոսի մահը, որով նա պետք է փառավորի Աստծուն: Հիսուսը Երկնավոր Հորը փառավորեց իր խաչի մահվամբ: Նույն ձևով, իր խոնարհությամբ, տառապանքով և մահով, Պետրոսն էլ կփառավորի Աստծուն: Աստված կփառավորվի, եթե մենք մինչև վերջ համբերատար, հավատարիմ և սիրող լինենք: Ըստ ավանդության, Պետրոսը խաչվեց Հռոմում: Ասում են, որ նա հռոմեացի զինվորներին հարցրել է, թե կարո՞ղ է գլխիվայր խաչվել, քանի որ իրեն անարժան է համարել Տիրոջ նման խաչվելու համար:
Երբ Հիսուս խոսեց Պետրոսի ապագայի վերաբերյալ, այնուհետև ասաց նրան` արի՛ իմ հետևից: Հիսուսը նույն խոսքերը Պետրոսին ասել էր երեք տարի առաջ, այդ նույն Գալիլեայի ծովի ափին, որտեղ այժմ նրանք կանգնած էին (Մարկ.1.16-17): Սակայն Պետրոսը, ինչպես հարկն է, չէր հետևել: Հիմա Հիսուսը նրան տալիս էր մեկ այլ հնարավորություն: Պետրոսն այլևս երբեք իր Տիրոջը չի ուրանա:
«Արի՛ իմ հետևից»: Այս խոսքերը մեզ են հասել սերնդեսերունդ: Հիսուս այսօր էլ մեզ է ասում. «Արի՛ իմ հետևից»: Երբ Նա կանչում էր մարդկանց, քանի դեռ երկրի վրա էր, սովորաբար չէր ասում` ընդունիր ինձ կամ հավատա ինձ: Նա ասում էր. «Արի՛ իմ հետևից»: Հիսուսին ընդունել կամ հավատալ նշանակում է հետևել նրան: Մենք հաճախ մտածում ենք, թե քրիստոնյա լինելու համար ընդամենը պետք է ընդունենք Քրիստոսին, նրա օրհնությունները և պետք է նրա եկեղեցու անդամը լինենք: Սակայն քրիստոնյայի կյանքը դրանից ավելին է: Այն նշանակում է հետևել Քրիստոսին, վեր կենալ ու գնալ այնտեղ, ուր նա գնաց: Իսկ ո՞ւր գնաց նա: Նա գնաց դեպի խաչը: Եվ եթե մենք իսկապես նրա աշակերտներն ենք, ուրեմն մենք էլ ենք այդտեղ գնալու (Մարկ. 8.34): Արդ, Հիսուս ասում է. «Արի՛ իմ հետևից»:


Հրապարակման պատրաստեց
Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ