Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Հաարեց». Ադրբեջանին զենք վաճառելով Իսրայելը դավաճանում է Հոլոքոստի զոհերին

«Հաարեց». Ադրբեջանին զենք վաճառելով Իսրայելը դավաճանում է Հոլոքոստի զոհերին
11.04.2015 | 15:02

Իսրայելի հանրահայտ «Հաարեց» պարբերականը, որը ամենահին օրաթերթն է, հրապարակել է հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Իսրայելի կողմից Ադրբեջանին հարձակվողական զենքի վաճառքին, Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշմանը:


ԴԱՎԻԹԸ ԵՎ ԳՈՂԻԱԹԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կյանքեր խլել: Վերջին այցն այնտեղ հարցեր առաջացրեց` Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունների, հրեական պետության և այլ ուժերի կողմից 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման շարունակական ժխտման առնչությամբ: Այն պահից, երբ իմացա, որ մեկնելու եմ ԼՂՀ, իմ ականջներում հնչում էին մի երգի խոսքերը, որը լսել էի երիտասարդ տարիներին, բայց պահպանվել էր հիշողությանս մեջ, թեև շատ տարիներ էին անցել: Դա Դան Ալմագորի և Դեննի Լիտանիի «Հրաբխի գագաթին» երգն էր, 1972-ին գրված: Նաև շատ լավ էի հիշում Չավա Ալբերշտայնի թարգմանությունը: Նույնիսկ 40 տարի անց երգն ինձ հանգիստ չի տալիս: Վերագտնելուց հետո, ես անդադար լսում էի` երգելով բառերը. «Ինչո՞ւ նրանք չեն թռչում այնտեղից և ավելի ապահով տեղ փնտրում, որտեղ վերջապես մեկընդմիշտ կկարողանան խաղաղ ապրել...»:
Ինձ թվում էր, որ մեկնում եմ վտանգավոր, տխուր, գուցե թշվառ, հույսը կորցրած մի վայր, որտեղ մարդկանց կրկին հալածում էին հայ լինելու համար: Այսօր, վեց արտակարգ օր անցկացնելով Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ` գիտեմ հարցի պատասխանը, թե ինչու նրանք չեն փախչում Հարավային Կովկասի այս փոքրիկ հանրապետությունից: Սա աննկարագրելի գեղեցիկ վայր է, առասպելները պատմում են, որ այստեղ է գտնվում դրախտի մուտքը: 350 կիլոմետր է բաժանում Հայաստանի մայրաքաղաք Երևանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից` հարթավայրը հատող ճանապարհի հակառակ կողմերում, որի մեծ մասն անցնում է խոր կիրճերով ընդհատվող հիասքանչ լեռներով: Լեռները հիմնականում ձյունածածկ են, ձյուն, որ կախված էր մեր գլխների վրա մինչև մենք կժամանեինք Ստեփանակերտ: Սա փոքր, բայց շատ քեղեցիկ քաղաք է` զարմանալիորեն մաքուր և հոյակերտ: Ստեփանակերտում են ընտրված խորհրդարանը, ընտրված նախագահը, կառավարությունը: Այնուամենայնիվ, աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նույնիսկ Հայաստանը չի կարող ճանաչել, որովհետև Ադրբեջանը կլքի բանակցային գործընթացը, որը միջնորդների օգնությամբ ինչ-ինչ կապեր պահպանելու հնարավորություն է ընձեռում: Ընդհանուր առմամբ, բնակչության թիվը 140 հազար է, 98 տոկոսը էթնիկ հայեր են: (Հայաստանում մոտ 3 միլիոն մարդ է ապրում:) Հրադադարը վերջ դրեց 1988 թ. սկսված արյունալի պատերազմին: Այդ ժամանակվա ռազմական դիտորդների ու փորձագետների գնահատմամբ, հայկական Ղարաբաղը չէր կարող երկար գոյատևել: Նրանց գնահատմամբ՝ կվերանար հաշված օրերի ընթացքում, իսկ տարածաշրջանը կվերանվաճեր ադրբեջանական բանակը, որն ավելի լավ էր սպառազինված և ավելի զարգացած էր, քան Հայաստանինը: Ադրբեջանում, որն ինքն իրեն համարում է աշխարհիկ մահմեդական պետություն (թեև վերջերս ի հայտ են եկել ծայրահեղական իսլամիստական դրսևորումներ), բնակվում է 9 միլիոն մարդ: Երկու հակամարտող պետություների միջև սահմանը 370 կմ է: Նրա երկայնքով՝ Ղարաբաղի կողմից, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, խրամատներ կան:
Ես ներկայումս դասավանդում եմ Երևանում` Հայաստանի ամերիկյան համալսարանում, և մեծ բավականություն ստանում: Այստեղ գտնվելու առաջին իսկ օրից ինձ տանն եմ զգում: Կասկածից վեր է, որ ես սուբյեկտիվ եմ, գուցե նաև պարտիզան: Իմ շարունակական պայքարը հանուն նրա, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իմ և հայ ժողովրդի միջև մտերմության ամուր կապեր է ձևավորել: Որոշեցի մի քանի օրով մեկնել Ղարաբաղ: Ես «պաշտոնական հյուր» եմ, եթե կարելի է այդպես արտահայտվել մի պետության պարագայում, որ չունի պաշտոնական հյուրեր: Նույնիսկ երբ այլ պետություններից բարձրաստիճան այցելուներ են ժամանում, նրանք ջանում են շեշտել, որ իրենց այցը մասնավոր է, որպեսզի չառաջացնեն հարևան Ադրբեջանի զայրույթը: Ինձ ընդունեցին նախագահ Բակո Սահակյանը և խորհրդարանի խոսնակը, ես այցելեցի սահմանային գոտի` մի քանի ժամ անցկացնելով հայկական խրամատում, որտեղ ազատ զրուցեցի զինվորների հետ: Խրամատի մուտքին գրված էր. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Այս կարծիքին է հայերի մեծամասնությունը, ում հետ ես զրուցել եմ: Այսօր շարունակվում է «ձգձգված պատերազմը» կամ «փափուկ պատերազմը», որն ամեն պահ կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական հակամարտության: 21 տարի առաջ կնքված զինադադարից ի վեր սա ամենալարված և ամենաբարդ ժամանակաշրջանն է: Միայն հունվարին սպանվել է 12 հայ զինվոր: Նույնիսկ գյուղացիներին, որ հող են մշակում սահմանամերձ գոտիներում, ավելի հաճախ են սկսել սպանել: Իմ այցելած ռազմական դիրքերում 13 զինվոր է ծառայում. ադրբեջանական բանակը նրանցից 200 մետր հեռավորության վրա է: Այն դիրքերում, որ ես այցելեցի, շուրջօրյա ծառայում է 13 զինվոր, փոխվում են չորս ժամը մեկ: Գիշերները 3 զինվոր միասին պահակախումբ են կազմում: Հայկական հենակետը մաքուր է, կարգավորված և ջեռուցվող, երբ դրսի ջերմաստիճանը զրոյից ցածր է: Հայ զինվորներին արգելված է կրակել առանց հստակ հրամանի: Մինչդեռ ադրբեջանցիներն արդեն կամայականորեն կրակում են, ուստի դիրքի խրամատներում արգելված է քայլել ուղիղ կանգնած: Նեղ ճեղքվածքներից կարելի է անզեն աչքով և հեռադիտակով տեսնել հակառակորդին: Ազերի դիպուկահարները երբեմն կրակում են, երբ նկատում են հեռադիտակով հայ զինվորի: Մեծ զգուշավորությամբ և վերահսկողությամբ ինձ թույլ տվեցին մի քանի վայրկյան դիտարկել ադրբեջանական կողմը: Հայերին արգելված է Ղարաբաղում ինքնաթիռներ օգտագործել, միայն ուղղաթիռներ: Մի քանի շաբաթ առաջ ոչնչացվեց հայկական ուսումնական մի ուղղաթիռ, որը թռիչք էր կատարում երկու կողմերին բաժանող 250-մետրանոց տարածքի երկայնքով: Ազերիները երկու շաբաթ թույլ չէին տալիս հետ բերել երեք օդաչուների դիերը: Միջազգային միջնորդական ջանքերը տապալվեցին: Տասը օր անց շատ բարձր մակարդակով որոշում կայացվեց ներթափանցել գիշերով չեզոք գոտի և բերել դիերը: Այդ գործողության ընթացքում սպանվեցին երկու ազերի զինվորներ: Ղարաբաղի բանակը բերվեց մարտական ամենաբարձր պատրաստվածության: Գործողությունը կարող էր լայնամասշտաբ պատերազմի սկիզբը դառնալ, սակայն հայերը չէին կարող չհուղարկավորել իրենց ընկածներին:
Օդանավակայնը, որը կառուցվել է Ղարաբաղի մայրաքաղաքի մերձակայքում, պատրաստ է շահագործման, սակայն լուռ է, որովհետև Ադրբեջանը բացեիբաց հայտարարեց, որ կրակ է բացելու ցանկացած քաղաքացիական օդանավի վրա, որը կհայտնվի Ղարաբաղի երկնքում:


Դավիթն ու Գողիաթը, Գողիաթն ու Դավիթը
Դավթի ու Գողիաթի պատմությունն ամբողջ շաբաթ ուղեկցում էր ինձ: Ղարաբաղյան Դավիթը համոզված է իր արդարացի և հաղթանակած լինելու մեջ (ի դեպ, «Դավիթը», ինչպես նաև հինկտակարանային բազմաթիվ այլ անուններ, լայն տարածում ունեն Հայաստանում և Ղարաբաղում, հաճախ՝ եբրայերենի հետ համընկնող արտասանությամբ, երբեմն՝ հայերենի մասնիկների ավելացումով: Հայաստանում իմ բարեկամներից մեկի անունը Դավիթ Դավթյան է, և նա հրեա չէ: Երկու լեզուներում կան նաև ոչ քիչ նման բառեր): Սկսած նախագահից և խորհրդարանի խոսնակից և մինչև ավագ սպաներն ու շարքային զինվորները՝ բոլորը համոզված են: Մենք խաղաղություն ենք ուզում և ձգտում ենք խաղաղության, սակայն պատրաստ ենք պատերազմի, որում կհաղթենք: Բանակում 23 տարի ծառայած գնդապետը, որ երիտասարդ տարիներին մասնակցել է պատերազմին, գերեց ինձ նպատակին իր նվիրվածությամբ և իր պայքարի արդարացիության համոզմամբ: «Ինչո՞ւ ես դու երկար տարիներ ծառայում այսպիսի ծանր պայմաններում», հարցրի նրան: «Ես պաշտպանում եմ երկիրս, օջախս, ծնողներիս և նրանց ծնողների օջախները: Ես ամեն ինչի պատրաստ եմ»: Հարցրի նրան մարտական ընկերների կորստյան ցավի մասին: «Ես դա շատ անգամ եմ ապրել: Վերջին տարին այդ ցավը գրեթե անտանելի է դարձել: Սակայն պետք է տոկալ»: Ղարաբաղի հայերն էական օգնություն են ստանում Հայաստանից, և ուրիշ ոչ մեկից: «Մենք ոչ մեկի վրա չենք կարող հույս դնել՝ միայն ինքներս մեզ վրա: Մենք միայնակ ենք, ամբողջովին միայնակ»:
Ղարաբաղցիները ճառագայթում են հաստատակամություն, ինքնավստահություն, սեփական ուժին ապավինում և իրենց պայքարի արդարացիության համոզվածություն: Նրանք հպարտությամբ խոսում են «ղարաբաղյան ոգու»՝ որպես իրենց բանակի հզորության բաղադրիչի մասին: Իմ այցի վերջին օրերին ինձ ուղեկցող Անուշը պատմեց պատերազմի ժամանակ իր ընտանիքի պատմությունը: Նա 26 տարեկան է, ծնվել է 1988-ի ամռանը, պայքարի սկզբից մի քանի ամիս անց: Նրա մի քույրը ծնվել է 1990-ին, պատերազմի ժամանակ, իսկ մյուս քույրը 1994 թ.՝ ճիշտ այն օրը, երբ ազատագրվել է իր հայրենի գյուղը: Նա ունի մի քանի վառ հիշողություն: Հիշում է, թե ինչպես էին իր ընտանիքն ու գյուղի մյուս փախստականները սպասում անտառում բեռնակիրներին և ուղղաթիռներին, որոնք պետք է փրկեին նրանց: Ազերիները գրավեցին գյուղն ու այրեցին, գյուղը երկու տարի ազերիների ձեռքին էր, մինչև հայ զինվորներն ազատագրեցին՝ հրադադարից մեկ ամիս առաջ: Իր ընտանիքի անդամները փախստական էին Երևանում, երկու տարի՝ Ռուսաստանում: 1997 թ. վերամիավորվեցին իրենց հոր մոտ: Ժամանակին գյուղում եղել է 2000 հազար բնակիչ, այժմ միայն 400:
Ես հաճախ մտածում եմ իմ երկրի՝ Իսրայելի մասին, իր գոյության առաջին տարիներին՝ Անկախության պատերազմին, 50-ականներին և 60-ականների սկզբին, Իսրայելի, որ մարտնչում էր իր գոյության համար, մինչև 1967-ի Իսրայելի և նրա բացառիկ ռազմական հաղթանակի մասին: Այսօր պատերազմը տարածքները պահելու, ոչ թե գոյություն պաշտպանելու համար է: Ես չեմ կարող ազատվել մտքից, որ մենք էլ Դավթի ու Գողիաթի կռիվն ենք տանում: Ես դա ասում էի իմ ղարաբաղցի զրուցակիցներին՝ ուսանողներին, մտավորականներին, գրողներին: Նրանք գիտեն Դավթի ու Գողիաթի պատմությունը, նրանք ծանոթ են Հին կտակարանին, որոշ մասերին՝ շատ լավ են ծանոթ:
Հրեական, իսրայելական հարցը չի թուլանում նրանց և իմ մեջ: Միլիարդների արժողությամբ իսրայելական զենքը, որը ստանում է Ադրբեջանը, և տարիների ընթացքում հայկական ցեղասպանության՝ Իսրայելի կողմից չճանաչված մնալը, վերջին շաբաթներին նոր բովանդակություն տվեց հայ-իսրայելական բարդ հարաբերություններին: Մոտ մեկ ամիս առաջ Իսրայելի դեսպանն Ադրբեջանում հայտարարեց մամլո ասուլիսում, որ Իսրայելը չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Նա չասաց «երբեք», ինչպես պնդում են հայերից ոմանք: Իսրայելի որևէ ներկայացուցիչ երբևէ այդպիսի բան չի ասել: Երբ նրան հարցրին, թե ո՞վ է լիազորել իրեն նման հայտարարություն անելու, դեսպանը պատասխանեց. «Ես հայտնագործություն չեմ անուն, արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն է ասել»: Ես հրապարակային հաստատում չգտա, սակայն կասկած չկա, որ դեսպանի դիրքորոշումը վավերացված է արտգործնախարարի կողմից:
Սա ևս մեկ նվեր է Իսրայելից Հայաստանին ցեղասպանության հարյուրամյակի տարում: Ցեղասպանությունն աշխարհի երկրների մեծամասնությունը չի ճանաչել: Սակայն նա ժխտվում է, ոչ միայն «չի ճանաչվում», միայն իմ պետության՝ Հոլոքոստը վերապրածների պետության կողմից: Կասկած չկա, որ վարչապետը, անվտանգության նախարարն ու նաև նախագահը գիտեն, որ Ադրբեջանին վաճառվող նորագույն զենքն ունի միայն մեկ նպատակ՝ հաղթել և նվաճել Ղարաբաղը: Վտարել այդտեղից հայերին: Ադրբեջանի նախագահը բացեիբաց ասում է այդ մասին վերջին ամիսների իր բոլոր ելույթներում: 2012 թ. հայտնի դարձավ Ադրբեջանին 1,6 միլիարդ դոլարի զենք վաճառելու հսկայական գործարքի մասին (գործարքը, ի թիվս այլ զենքի, ներառում էր անօդաչու ինքնաթիռների վաճառք), իսկ անցած ամառ՝ գործարքից մեկ տարի անց, անվտանգության նախարար Մոշե Յաալոնն այցելեց Ադրբեջան: Այցից հետո նախագահ Իլհամ Ալիևը շտապեց դեպի սահման և պարզաբանեց իր զինվորներին. «Մենք հաղթեցինք հայերին քաղաքականության մեջ, հաղթեցինք նրանց տնտեսության մեջ և այժմ հաղթելու ենք նրանց կռվի դաշտում: Մենք կավերենք նրանց գյուղերն ու քաղաքները, և կվերադարձնենք մեր հողերը: Մենք ունենք աշխարհի ամենակատարյալ զենքը: (Դա այն զենքն է, որը վաճառում է Իսրայելը.-Յ.Ա.): Հայերը կրկին միայնակ են, և քաղաքականության մեջ հայերին, մենք հարվածում ենք նրանց տնտեսությանը: Այս պահին ռազմի դաշտում մենք կարող ենք հաղթել նրանց: Մենք կավերենք նրանց գյուղերը և քաղաքները և մենք կվերադարձնենք մեր հողերը: Մեր ձեռքին է աշխարհի ամենաժամանակակից զինամթերքը»:
Նա ի նկատի ուներ Իսրայելի (ի թիվս մյուս երկրների) կողմից զենքի վաճառքը:
Խորհրդային Միությունը բաժանված էր շրջանների` բնակեցված իր վերահսկողության տակ գտնվող տարբեր էթնիկ խմբերով՝ որպես «բաժանիր, որ տիրես» հանրահայտ իմպերիալիստական քաղաքականության մաս: Ղարաբաղը կցվեց Ադրբեջանին՝ ղարաբաղցիների կամքին հակառակ, և տարածաշրջանը կտրվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից: Այնուամենայնիվ, «Խորհրդային Ղարաբաղը» տարածքային առումով չէր համընկնում պատմական Ղարաբաղի տարածքին: Խորհրդային իշխանության տարիներին ադրբեջանցիները բազմաթիվ հնարքների դիմեցին, որ ավելացնեն ադրբեջանցիների թիվը Ղարաբաղում և կրճատեն հայերինը, որ 1920-ականների սկզբին բնակչության 95 տոկոս էին:


«Մենք բարբարոսներ չենք»
Սահմանամերձ շրջաններում ես տեսել եմ մի քանի ավերված գյուղեր: Տների և ցանկապատերի մնացորդները կարծես տապանաքարեր լինեն` ապշեցնող գեղեցիկ տարածաշրջանում: Տեսարանը հիշեցնում է ինձ այլ վայրերի պատերազմների հետևանքով ավերված քաղաքները: Այստեղ դրանք քաղաքներ չեն, այլ գյուղեր՝ գեղեցիկ մի տարածաշրջանում: Այդուհանդերձ, բոլոր գյուղերում մզկիթները կանգուն են մնացել: «Մենք բարբարոսներ չենք», ասաց ինձ զինվորներից մեկը:
Օսմանյան կայսրությունը, Թուրքիան իր զարթոնքի շրջանում, այնուհետև Խորհրդային Ադրբեջանը հարյուրավոր եկեղեցիներ են ավերել, իսկ մի մասը մզկիթների վերածել: Նախագահ Սահակյանի հետ նախաճաշի ընթացքում ծավալուն և ոչ պաշտոնական զրույցում նա հրաժարվեց որևէ վատ բառ ասել ադրբեջանցիների մասին: Նա շարունակաբար կրկնում էր, որ իրենք խաղաղության են ձգտում, սակայն համոզված են իրենց հաղթանակի մեջ՝ պատերազմը վերսկսվելու դեպքում: Սակայն նա ընդգծեց. «Մեր երկարաժամկետ տեսլականն է անկախության ու խաղաղության նվաճումը, առաջադեմ և ժողովրդավար ազգերի ընտանիքի մեջ մեր տեղն ունենալը»: Ղարաբաղում անցկացված օրերն ինձ համար կարևոր օրեր էին, և ես մտադիր եմ վերադառնալ այնտեղ: Ես նմանեցնում եմ ինձ հանուն ազատության և անկախության ղարաբաղցիների պայքարի հետ և հնարավորինս կջանամ ընդգրկվել այդ պայքարի մեջ: Ես դա անում եմ նախ և առաջ որպես մարդ, բայց նաև որպես հրեա և իսրայելցի:
Եթե Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմ բռնկի, ղարաբաղցիները կրկին միայնակ կմնան: Աշխարհը լուռ մնաց 1915-ին, լուռ մնաց Հոլոքոստի ժամանակ, լուռ մնաց Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, և շարունակում է լռել բազմաթիվ այլ նման դեպքերում:
Միտքը, որ իսրայելական զենքը գնում է Ադրբեջան, ինձ հանգիստ չի տալիս: Սա դավաճանություն է Հոլոքոստի և նրա զոհերի հիշատակի նկատմամբ, բարոյական սնանկության քայլ: Երբ ես այնտեղ էի, լսեցի Իտաի Մակից` իսրայելցի փաստաբանից, որն աշխատում էր ինձ հետ, որ լույս սփռի իսրայելական զենքի վաճառքի վրա Սերբիայի և Ռուանդայի կառավարություններին՝ նրանց իրականացրած ցեղասպանությունների ժամանակ: Մինչ օրս Իսրայելի դատական համակարգը, հղում անելով անվտանգության նկատառումներին, հրաժարվում է բավարարել տեղեկատվության ազատության օրենքի վրա հիմնված մեր պահանջը` տրամադրելու տեղեկատվություն: Մենք այժմ սպասում ենք գերագույն դատարանի վճռին: Մի քանի ամիս է, ինչ մենք պահանջում ենք վերջ դնել Ադրբեջանին զենքի լայնածավալ մատակարարմանը: Տարածաշրջանը բնութագրվում է որպես լարված տարածաշրջան, ուր կարող են լինել հումանիտար աղետներ և պատերազմական հանցագործություններ: Պաշտպանության նախարարության Անվտանգության արտահանման բաժնի վարիչի պաշտոնակատար Յորամ Զիֆլինգերը այս տարվա փետրվարի 24-ին գրել էր մեզ. «Ամեն որոշում տարբեր նկատառումներ է պարունակում, որոնց բոլորի ընդհանուր հայտարարն ազգային շահն է»:
Ադրբեջանին ռազմական վաճառքների թեմայի վերաբերյալ «Հաարեց» թերթի հարցմանն ի պատասխան պաշտպանության նախարարության խոսնակը նշել էր. «Նախարարությունն ընդհանուր առմամբ չի անդրադառնում ռազմական արտահանման հարցերին»:

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ