Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Անհիշելի ժամանակներից մենք հացը կերել ենք առանց այդ նյութերի և խնդիր չենք ունեցել»

«Անհիշելի ժամանակներից մենք հացը կերել ենք առանց այդ նյութերի և խնդիր չենք ունեցել»
10.04.2015 | 00:09

ՀՀ կառավարությունը վերջերս հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծին: ԱԺ-ի կողմից ընդունվելու դեպքում նշված փաստաթղթի շրջանակներում արհեստական վիտամիններով, հանքային միկրոտարրերով (մասնավորապես ֆոլաթթով, երկաթով), ինչպես նաև պրեմիքսներով պարտադիր կարգով նախատեսվել է հարստացնել հացի և հացամթերքի արտադրության մեջ օգտագործվող ալյուրը:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները, դրական լույսի ներքո ներկայացնելով նշված գործընթացը, հավաստել են, որ ծրագրի իրականացումից հետո բնակչության որոշակի խմբերի մոտ կկանխարգելվեն անեմիան (սակավարյունությունը) և դրա հետ կապված մի շարք հիվանդություններ: Մինչդեռ որոշ փորձագետներ և ընդդիմախոսներ պնդում են, որ արտաքուստ բարի և օգտակար թվացող օրենսդրական նախաձեռնության իրականացման դեպքում մեր երկրի փոքրաթիվ բնակչության առողջությունը կարող է վտանգվել: Վերջիններս մատնանշել են նաև այն հիվանդություններն ու մահվան ելքով դեպքերը, որոնք գրանցվել են այդ հավելանյութերի կիրառման պատճառով:
Ի՞նչ հնարավոր վտանգներ և հիվանդություններ են դրանք, և առհասարակ, ի՞նչ կարծիքի են այդ ոլորտի մասնագետները նշված երևույթի վերաբերյալ: Այս և մյուս հարցերը պարզաբանելու նպատակով դիմեցինք հասարակական-քաղաքական գործիչ, կենսաֆիզիկոս, «Սելիմյան հացի» տեխնոլոգիայի համահեղինակ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ:

-Նշված երևույթը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի և միջազգային այլ կազմակերպությունների պարտադրած քայլ է, որը «օգտակարություն» անվան տակ փորձում են իրականացնել որոշ տերությունների ուժերի տակ գտնվող պետական կառույցների միջոցով,- նշեց պարոն Ստամբոլցյանը:- «Ալյուրի հարստացում» նախագիծը նպատակաուղղված է նաև «Համաշխարհային կառավարության» «Ոսկե միլիարդ» անվանումով ծրագրի իրականացմանը: Դրանով նախատեսվել է երկրի յոթ միլիարդ բնակչության թիվը նվազեցնելով հասցնել շուրջ մեկ միլիարդի` թողնելով միայն իշխողներին և նրանց ենթականերին: Այդ գործընթացին են նպատակաուղղված ոչ միայն ալյուրի հարստացման ծրագիրը, այլև գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից, միասեռական յուվինալ և արհեստական այլ ճանապարհներով ստացվող մյուս հորմոնալ մթերքներն ու սնունդը:
Նշեմ, որ ցորենն այն մշակաբույսն է, որն իր մեջ եղած նյութերով բավարարում է մարդկային օրգանիզմի բոլոր պահանջները: Միայն ցորենից թխված հացն են իրենց ճգնության ժամանակ կերել քարանձավներում ապրող մեր սրբազան հայրերը` ապրելով ավելի քան 80 տարի: Սակայն այսօր, չգիտես ինչու, խնդիր է դրվել, որ այդ հացին պետք է վիտամիններ, երկաթ և այլ նյութեր ավելացվեն: Անհիշելի ժամանակներից մենք հացը կերել ենք առանց այդ նյութերի և խնդիր չենք ունեցել, այսօր հանկարծ որոշում են, որ ալյուրի մեջ պետք է ավելացվեն հացահատիկի մեջ եղած նյութերը: Թող ալյուրը հարստացնեն բնական ճանապարհով՝ դրա մեջ մտցնելով ցորենի թեփը, էլ ինչո՞ւ են պարտադրում արհեստական նյութեր ավելացնել:
Նշեմ նաև, որ խնդիրը նորություն չէ, հինգ տարի առաջ էլ էր կառավարությունն այս հարցը դրել շրջանառության մեջ, երբ աղմուկ բարձրացավ, այն կասեցվեց, հիմա, չգիտես ինչու, նորից փորձում են վերականգնել:
-Արհեստական կամ քիմիական ճանապարհով ստացված վիտամինները, ըստ Ձեզ, ի՞նչ ազդեցություն կունենան կամ ինչպե՞ս կանդրադառնան առողջության վրա:
-Ֆոլաթթուն, երկաթը և մնացած սինթետիկ հավելանյութերը, որոնցով պետք է հարստացվի ալյուրը, օրգանիզմի համար վտանգ ներկայացնող նյութեր են, քանի որ ստացվելու են արհեստական ճանապարհով: Նպաստելով ամլության, չբերության, ալերգիկ, աղեստամոքսային, քաղցկեղային հիվանդությունների առաջացմանը, դրանք օրգանիզմում ստեղծում են նաև հորմոնալ խանգարումներ:
Գիտական փորձարկումներից պարզվել է, որ օրգանիզմում ֆոլաթթվի ավելցուկը խաթարում է քաղցկեղասպան բջիջների աշխատանքը` բացասաբար անդրադառնալով դրանց գործունեության վրա: Դրան զուգահեռ, օրգանիզմում ավելանում-ակտիվանում են քաղցկեղածին բջիջները` նպաստելով քաղցկեղի առաջացմանը:
Օրգանիզմում ֆոլաթթվի բարձր քանակը, չբերություն, անպտղություն առաջացնելուց բացի, խաթարում է նաև ենթաստամոքսային գեղձի գործունեությունը` կասեցնելով ինսուլինի արտադրումը` առաջացնելով արհեստական շաքարախտ:
Երկաթի ավելցուկի մասին էլ նշեմ, որ այն կուտակվում է մկանային համակարգում` կանանց շրջանում ի հայտ գալով հատկապես կրծքագեղձի քաղցկեղի տեսքով: Երկաթն ու ֆոլաթթուն հակացուցված են նաև ուռուցքային հիվանդություններ կամ դրանց նկատմամբ հակում ունեցողներին: Ի՞նչ կլինի այդ հիվանդների վիճակը, եթե ստիպված սնվեն երկաթի ու ֆոլաթթվի խառնուրդով թխված հացով:
ՀՀ առողջապահության նախարարության ուռճացրած այն տվյալները, որ վերջին երեք տարում անեմիան երեխաների և սերնդաշարունակող կանանց մոտ ավելացել է` հասնելով 40 տոկոսի, և հացի հարստացումից հետո անեմիայով տառապողների թիվը կնվազի, ու կբարելավվի վերջինների վիճակը, հավաստի չեն, քանի որ չի նշվել, թե այդ երևույթը հետագայում ինչպես կանդրադառնա մնացած 60 տոկոս բնակչության առողջական վիճակի վրա, եթե նրանք սկսեն օգտագործել այդ միկրոտարրերով հարստացված հացը:
Նախարարությունը չի նշել նաև արհեստական ճանապարհով ստացված և առաջինը զարգացած երկրներում փորձարկված այդ նյութերի` առողջության վրա ազդող հնարավոր վտանգների մասին: Այսօր ցորենի ալյուրի հարստացման դեմ ստորագրահավաք են կազմակերպել ԱՄՆ-ի Սպիտակ տան ներկայացուցիչները` պահանջելով դադարեցնել նշված ծրագրի իրականացումը, չնայած հարստացված հացի քանակը այնտեղ շատ քիչ է` ընդամենը մի քանի տոկոս, այն էլ միայն հիվանդների համար:
-Ո՞ր երկրներն են այսօր օգտագործում վիտամինահանքանյութային հավելումներով թխված հաց ու հացամթերք, ինչպիսի՞ տվյալներ ունեք այդ երկրների բնակչության առողջական վիճակի մասին:
-Վիտամինահանքանյութային հավելումներով թխված հացն ու հացամթերքը հիմնականում օգտագործում են նոր զարգացող աֆրիկյան երկրները, Ղազախստանը, Ղրղզստանը, ՈՒզբեկստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը: Եվրոպական զարգացած երկրներից 1977-ից սկսած նշված ծրագիրը դադարեցվել է Դանիայում և Հոլանդիայում:
Ալյուրի հարստացման ծրագրի իրականացումից հետո Կանադայում, Չիլիում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում երկուսից երեք անգամ ավելացել են աղեստամոքսային տրակտի և քաղցկեղով հիվանդացածության դեպքերը: Սրանք հավաստի տվյալներ են: Նշված ծրագրին այսօր դեմ են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Շվեդիան, Բելառուսը, Ռուսաստանը, մերձբալթյան երկրները և հատկապես Իսրայելը:
-Մի՞թե բարձր տեսակի ալյուրի մեջ երկաթի քանակ չկա:
-Իհարկե կա, չնայած առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ բարձր տեսակի ալյուրն իր մեջ երկաթ չի պարունակում:
Ասեմ, որ իմ ունեցած կապերի շնորհիվ ռոստովցի մեր գործընկերները հետազոտել և համապատասխան փաստաթղթով տեղեկացրել են, որ առաջին տեսակի մեկ կգ հացի մեջ 10 միլիգրամ երկաթ կա: Նույն բանը վերջերս հաստատեցին Աբովյան քաղաքում գործող միջազգային չափորոշիչներով զինված «Էֆ դի էյ լաբ» լաբորատորիայի փորձագետները:
Նշեմ նաև, որ Հայաստանը հարուստ է հրաբխային ծագմամբ հողով, որի մեջ առկա են մեծաքանակ երկաթ ու ֆոլաթթու: Դրանք մենք ընդունում ենք նաև մեր կերակրի անբաժանելի մաս կազմող բանջարաբոստանային մշակաբույսերի ու վայրի բույսերի ամենօրյա օգտագործման միջոցով: Շնորհիվ այդ բույսերի, նշված միկրոտարրերի պակասի առումով մենք խնդիր չունենք:
-Ճի՞շտ է, որ ալյուրի հարստացման ծրագրի իրականացմանն անհրաժեշտ տեխնիկան և սարքավորումները արդեն ներկրվել են հանրապետություն, չնայած ԱԺ-ն դեռևս լիարժեք չի քննարկել-ընդունել այն:
-Այո, այսօր արդեն հանրապետությունում են այն սարքավորումները և տեխնիկան, որոնցով վերազինելու են ալրաղացները: Թե որ կազմակերպությունն է ներկրել, դեռևս անհայտ է, չնայած այդ հարցումով դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարություն:
Ասեմ, որ առանց ԱԺ-ի քննարկման-ընդունման այդ ծրագրի իրականացման համար ՀՀ տեխնիկա ներբերումը ոչ այլ ինչ է, եթե ոչ բացարձակ արհամարհանք երկրի իշխանության ու նրա սահմանադրության նկատմամբ:
-Ներկայումս ՀՀ-ում ի՞նչ ձևով է արտադրվում տեղական հացը: Վերջինիս մեջ հավելումներ օգտագործո՞ւմ են, թե՞ այն թխվում է միայն տեղական արտադրության ցորենի մաքուր ալյուրից:
-Հայաստանում թխվող հացի մեջ այսօր ավելացվում են «փխրեցուցիչ» և «բարելավիչ» անվանումով արհեստական ծագմամբ 6-7 տեսակի քիմիական նյութեր, հավելանյութեր, պերհիդրոլ, կալցիում և այլն: Դրանք արհեստական եղանակով առաջացած գազի հետ լիարժեք չմշակված խմորը սահմանված ժամկետից շուտ «հասունացնելով»` արագացնում են հացաթխման գործընթացը: Թե ինչի՞ կհանգեցնի, եթե հետագայում այդ «փխրեցուցիչ-բարելավիչներին» գումարվեն նաև նշված հավելանյութերը, մտածելն անգամ սարսափելի է:
-ՀՀ-ում կա՞ն արդյոք համապատասխան լաբորատորիաներ, որոնց կարողություններն ի զորու են ստուգելու հացի մեջ անհրաժեշտ վիտամինների և հանքանյութերի առկայությունն ու քանակը:
-Իհարկե կան: Բացի Աբովյանում գործողից, միջազգային համապատասխան արտոնագիր-սերտիֆիկատներով և ժամանակակից չափորոշիչներով զինված հացամթերքի և սննդի փորձարկման լաբորատորիաներ կան նաև Երևանում:
-Ջերմամշակման ժամանակ ալյուրի մեջ ավելացվող վիտամինների ո՞ր քանակությունն է պահպանվում 220-230 աստիճանի պայմաններում:
-Հացաթխման ժամանակ, խմորը վառարանի մեջ մտցնելիս, վառարանի ներսում ջերմաստիճանը մինչև 230 աստիճան է: Բայց թխվող հացի արտաքին կեղևի տակ ջերմաստիճանը` գոլորշացող ջրի շնորհիվ 80 աստիճանից ավելի չի բարձրանում, որն ի զորու չէ վիտամինները քայքայելու:
-Ալրաղաց ձեռնարկություններում գոյություն ունե՞ն ալյուրի հավասարաչափ բաշխման տեխնոլոգիաներ, քանի որ շատ խիստ բաժնեմասերով են ավելացվելու վիտամիններն ու հանքանյութերը:
-Այո: Նորագույն սարքավորումների մեջ կան նաև հավասարաչափ բաշխման տեխնոլոգիաներ, որոնք վիտամինների ու հանքանյութերի սահմանված չափաբաժինները գենետիկորեն մոդիֆիկացված սոյայի ալյուրի միջոցով հավասարաչափորեն խառնում են ցորենի ալյուրին: Գործընթացի իրականացումից հետո հարստացված-դոզավորված ալյուրը նույն սարքավորումների միջոցով էլ լցվում է պարկերի մեջ:
-Oրենքն ընդունվելու դեպքում ի՞նչ ձևաչափով կաշխատի հարստացված ալյուրի օգտագործմանը դեմ «Սելիմյան հաց» ընկերությունը:
-Ստիպված կլինենք գնել ցորեն և աղաց` հրաժարվելով հացի պատրաստման համար մեզ հումք մատակարարողների արտադրանքից` այս ձևով պահպանելով անվտանգ հայտարարվող «Սելիմյան հաց» ընկերության սննդի վարկանիշը:


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 4040

Մեկնաբանություններ