Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Գագիկ Ծառուկյան-2

Գագիկ Ծառուկյան-2
02.04.2015 | 20:21

Կառավարության այսօրվա նիստում պաշտոնից ազատվել է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը և մարզպետ է նշանակվել Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը։ Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը փաստացի մնում է Կոտայքի մարզի «թագավոր»: Ճիշտ է՝ փեսան անհրաժեշտ պահին հասցրել էր ԲՀԿ-ից դուրս գալ, ակներևաբար՝ քաղաքապետի պաշտոնը պահելու համար: Ոչ միայն պահեց, այլև քաղաքի փոխարեն ստացավ մարզը: Սա կլասիկ օրինակ է՝ ինչպես է ՀՀԿ-ն «մաքրում» քաղաքական դաշտը, ինչ կադրային քաղաքականություն է վարում և ընդհանրապես ինչ արժեհամակարգ ունի իր գործունեության մեջ: Կասեք՝ մարզպետը քաղաքական պաշտո՞ն չէ: Իսկ ի՞նչ պաշտոն է: Ի՞նչ և ո՞ւմ քաղաքականությունն են իրականացնում մարզպետները, եթե ոչ իշխող կուսակցության: «Ես կարող եմ ասել, որ իշխանությունը, իմ աշխատանքը գնահատելով, ինձ անձամբ առաջարկել է մարզպետի պաշտոն և ես չեմ հրաժարվել», - ասել է Կարապետ Գուլոյանը: Ո՞վ էր կասկածում: Նա նաև հայտարարել է, որ ինքն անկուսակցական է ու իրեն քաղաքական հարցեր չտան: Ոչինչ, կսովորի, որ ինքը չի որոշում՝ իրեն ինչ հարցեր տան ու ինչ հարցեր չտան: ՀՀԿ-ն բացատրում է, որ նշանակումը Գագիկ Ծառուկյանի հետ կապ չունի, Կարապետ Գուլոյանն այնքան լավ է իրեն դրսևորել համայնքային կառավարման գործում, այնքան հրաշալի քաղաքապետ է եղել, որ մեղք էր նրան մարզպետ չնշանակելը: Եթե այդպես է, ինչո՞ւ Աբովյանը 2008-ից չդարձավ օրինակելի քաղաք, որտեղ չլուծված խնդիր չկա, որտեղ քաղաքապետի շնորհիվ աշխատատեղեր էին ստեղծվել, ձեռնարկություններ էին վերագործարկվել, նոր ենթակառուցվածքներ՝ մշակութային, առողջապահական, և այլն, և այլն: Այսինքն՝ ՀՀԿ-ն շարունակում է սևին սպիտակ ասելու նույն քաղաքականությունը և իր նշանակումներում առաջնորդվում է նույն սկզբունքներով՝ յուրայիններն ամեն ինչ են, ոչյուրայինները՝ ոչինչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ժխտում էր, որ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսանի հետ խոսել է Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտ վերադարձնելու մասին: Ճիշտ էր անում: Ծառուկյան 1-ին փոխարինում է Ծառուկյան-2-ը: Մեկնաբանությունների կարի՞ք կա:

Դիտվել է՝ 1563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ