Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հայրենի հողի սերը Եղիշեի ճակատագիրն էր

Հայրենի հողի սերը  Եղիշեի ճակատագիրն էր
31.03.2015 | 13:51

Յուրահատուկ ձգողական ուժ ուներ նրա հոգու հմայքը։ Աղբյուրի նման զուլալվում, լեռնային արշալույսների մաքրությամբ էի թաթախվում կենսափիլիսոփայությամբ ներծծված նրա տաք զրույցներից։ Հիացումի, հպարտության պահեր են եղել դրանք, որ միշտ ունեցել եմ բժիշկ Փարամազյանի հետ հանդիպումների ժամանակ։
Հրաշալի շախմատ էր խաղում։ Բնության մեծ սիրահար էր նաև։ Ճակատագիրը, սակայն, դաժան եղավ նրա հանդեպ։
2005-ի դեկտեմբերին էր, երբ լսեցի ԵՂԻՇԵ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ մահվան բոթը, բժշկի դուստրը հեռախոսով հայտնեց ինձ։ Հեռավոր Սան Ֆրանցիսկոյում է մահացել` թոքերի քաղցկեղից։ Չէի հավատում, որ այլևս չկա այդ պայծառ մարդը, որ այլևս չի գալու Հայաստան, Արցախ, ու այլևս չեմ հանդիպելու նրան։
Վշտահար կինն էր հեռախոսով պատմում, որ Եղիշեն գիտեր իր հիվանդության մասին։ ՈՒ երբ հիվանդանոցում ախտորոշումից հետո պիտի ներերակային ներարկում կատարեին, խնդրել է բժշկին իրեն զուր չչարչարել, ինքը ուռուցքաբան էր միաժամանակ։ «Եղիշեն մեծ կամք ուներ, ուժեղ էր, տոկուն, ամեն կերպ ջանում էր չհանձնվել հիվանդությանը,- շարունակում էր պատմել կինը,- ես զարմանում էի, թե նրա հիվանդ մարմինը որտեղի՞ց էր այդ ուժը ստանում։ Նա մեզ երբեք չչարչարեց»։
Չգիտեմ ինչու, ինձ միշտ թվացել է, թե կարոտախտով տառապող մարդիկ հազվադեպ են բնական մահով հեռանում։
Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղն է Եղիշեի ծննդավայրը։ Յոթնամյա կրթությունը հայրենի գյուղում է ստացել, ավարտել է Ստեփանակերտի բուժտեխնիկումը, ապա` Երևանի բժշկական ինստիտուտը։ Որպես վիրաբույժ ծառայել է ՈՒկրաինայի ներքին զորքերում։ Զորացրվելուց հետո 3 տարի աշխատել է Ստավրոպոլի երկրամասում։ Սակայն Արցախը հեռուներից կանչում էր իր զավակին, և Եղիշեն չէր կարող չանսալ այդ զորավոր կանչին։ 1960-ին վերադառնում է հայրենի երկրամաս, աշխատանքի անցնում Ստեփանակերտի հակաուռուցքաբանական դիսպանսերում, ապա ստանձնում նույն դիսպանսերի գլխավոր բժշկի պարտականությունները։ 1973-ին նրան շնորհվում է բարձրակարգ վիրաբույժի պատվավոր կոչումը։ ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ Եղիշե Փարամազյանը շուրջ 25 տարի գլխավորել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, մինչ արցախյան պատերազմը նա արդեն ճանաչված վիրաբույժ էր Լեռնային Ղարաբաղում։
Ազատամարտի տարիներին տասնյակ մարդկանց կյանք է փրկել Եղիշեն։ Ամեն անգամ ծանր վիրահատությունից հետո, երբ մահը պարտվում, հաղթում էր կյանքը, անհուն բերկրանքով էր լցվում բժիշկն այդ պահերին։
Շաբաթներ առաջ էր, մեկնել էի Ստեփանակերտ, ակնարկ պիտի գրեի Եղիշեի մասին։ Նրա գործընկերներին եմ նաև հանդիպել։
«1992-ին էր։ Աշխատում էինք նկուղային հոսպիտալում։ Այդ օրը շատ էին վիրավորները,- պատմում էր վիրաբույժ Վարդան Ղուկասյանը։- Եղիշեն վիրահատում էր կրծքավանդակին հրազենային վերքեր ստացած մի ջահել ազատամարտիկի։ Ես օգնում էի բժշկին։ Այդ պահին սկսվեց հրետակոծությունը։ Շենքը ցնցվեց պայթող արկերից, լույսերը հանգան։ Բուժքույրն անմիջապես մոտեցրեց մոմը։ Նրա աղոտ լույսի տակ ես տեսա բժշկին. նա մարմնով ծածկել էր վիրահատվող ազատամարտիկին։ Դա լինում է մարտի դաշտում միայն»։
Պատերազմի տարիներին շատ անգամ է վտանգի ենթարկվել Եղիշեի կյանքը, շրջանային հիվանդանոցներ տանող ճանապարհներին։ Գործուղման էր մեկնել Հադրութ։ Անտառների միջով անցնող ճանապարհի այդ հատվածով խիստ վտանգավոր էր երթևեկելն այդ օրերին։ Ազերիները գնդակոծում են մեքենան։ Վիրավորվում է վարորդը։ Մահացու գնդակներից ծակծկված մեքենան, կորցնելով կառավարումը, շեղվում է ճանապարհից, մխրճվում թփերի մեջ։ Հրաշքով ողջ է մնում բժիշկը։
Հնարավոր չէ առանց հուզմունքի ունկնդրել վնասվածքաբան Յուրի Գրիգորյանի հուշերը. «Համեստ, խոհեմ, սակավախոս մարդ էր, սնապարծությունից ու փառամոլությունից հեռու։ Ես բժշկին գիտեի դեռևս 1977 թվից։ Պատերազմական օրերի առօրյան ավելի մտերմացրեց մեզ։ Հիվանդանոցի բուժանձնակազմն այդ օրերին դժվարին պայմաններում էր աշխատում։ Վիրահատությունները կատարվում էին հոսպիտալի վերածված շենքերի նկուղներում։ 1992-ի ցրտաշունչ փետրվարն էր։ Այդ օրը հիվանդանոցի հերթապահ բժիշկն էի։ Գիշերը երկու վիրավորի բերեցին։ Մեկի ոտքը պիտի անդամահատվեր։ Մենակ դժվար էր։ Զանգահարեցի Եղիշեին։ Անմիջապես եկավ։ Լույսերն անջատել էին։ Վիրահատությունները կատարեցինք մոմի լույսի տակ։ Երկուսի կյանքն էլ փրկվեց։ 1994-ի աշնանն էր։ Եղիշեի հետ հերթապահում էինք։ Առավոտյան տուն գնալուց առաջ մոտեցավ ինձ ու ասաց. «Դե, բարեկամս, մինչ նոր հանդիպում»։ Այդքանը, ուրիշ ոչինչ։ Ի՜նչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն էր դա, վերջին հրաժեշտը»։
1994-ի դեկտեմբերին էր, երբ Եղիշեն ընտանիքով տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո։ Բժիշկը դժվարությամբ էր համակերպվում ամերիկյան կեցությանն ու բարքերին։ Հարազատներին ուղարկած նամակներում գրում է, որ այնտեղ իրեն չեն հասկանում, որ ամերիկյան սինթետիկ գեղեցկությունների աշխարհը խորթ է իրեն։ Եղիշեն զրկվել էր հոգին սրբագործող լույսից։ Այդ լույսը նա հայրենի լեռներում էր թողել, իր մանկության հովիտներում ու արահետներին։ Սիրտը մղկտում էր ծննդավայրի կարոտից։ Եղբորը` Շահենին ուղարկած նամակների տողերում այդ մղկտացող կարոտն է։
Նամակներից մեկում գրում է. «Այստեղ հեռուստատեսությամբ ոչինչ չեն հաղորդում Արցախի մասին` բացի եղանակից։ Ի՞նչ է կատարվում իմ հայրենի երկրամասում, տեղյակ չեմ։ Ինձ մտատանջում է մայրիկի վիճակը։ Նա արդեն ծեր է։ Նորից կտեսնե՞մ այդ անսահման բարի ու քնքուշ էակին, չգիտեմ», ու շարունակում է. «Գիշերը երազիս մեջ իմ մանկության վայրերը տեսա։ Շաղոտ արահետով դեպի Խաչաղբյուրի ձորն էի իջնում։ Պռնկեպռունկ ծլվլոց էր ձորը։ Աղբյուրի մոտ կանգ առա, ծնկի իջա քարին, ջուր խմեցի, ու մի հաճելի սարսուռ անցավ երակներիս միջով։ Արթնացա մայրիկի ձայնից, հասկացա, որ երազ էր, ու սիրտս սեղմվեց ցավից»։
Ո՛չ, ինքը սրտաբան չէր, սակայն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի պայմաններում սրտի վիրահատություն է կատարել ու փրկել է ջահել տղայի կյանքը։ Մեր հանդիպումներից մեկի ժամանակ հիշեցրի այդ մասին։ Նայեց ինձ ու ասաց. «Դեռ ՈՒկրաինայում էի աշխատում և հաճախ հարց էի տալիս ինքս ինձ. հիվանդանոցի հերթապահ բժիշկն եմ, սրտի արատով հիվանդ են բերել, պետք է վիրահատել` կյանքը փրկելու համար, ի՞նչ պիտի անեմ»։ Եվ կենդանիների վրա փորձարկումներ է կատարել, վարժվել, հմտացել, որպեսզի նման իրավիճակներում փրկի մարդկանց կյանքը։
Սան Ֆրանցիսկո մեկնելուց առաջ հանդիպեցինք Երևանում։ Երկար զրուցեցինք։ Արդեն պիտի հրաժեշտ տայինք։ Վերարկուի ծոցագրպանից լուսանկարներ հանեց, տվեց ինձ ու ասաց. «Թող քեզ մոտ մնան»։
Լուսանկարներում ինքն է` թուխ մազերով, ասպետորեն գեղեցիկ, թեթև ժպիտ է խաղում դեմքին։ ՈՒսանողական տարիների լուսանկարներ են։ Մոր հետ է լուսանկարներում, կնոջ ու երեխաների հետ։ Վերջին լուսանկարներում տխուր է, մտքերի մեջ խորասուզված։
ՈՒ հիմա նորից եմ նայում մեր տանը խնամքով պահպանվող բժշկի լուսանկարներին, հետո օվկիանոսների վրայով մտքով սլանում, հասնում Սան Ֆրանցիսկո, գնում խոնարհվում եմ նրա շիրմին, սիրո, երախտիքի, հարգանքի տուրք մատուցում։
Օրեր առաջ ինտերնետային կապով Եղիշեի երեխաների հետ եմ խոսել։ Օտար ու հեռավոր ափերից եկող նրանց ձայնն էր հնչում երևանյան իմ տանը, ու ես հուզված էի. Եղիշեն չկար համակարգչի էկրանին, նա իր երեխաների կողքին չէր, որոնց անսահմանորեն սիրում էր։ Դուստրն ինձ ցույց տվեց հոր սենյակը։ Սեղանին բժշկի մեծադիր լուսանկարն է, թարմ ծաղիկներ են, արցախյան «Տատիկ-պապիկը», բազմոցն է, ուր նստում էր հայրը, շախմատ խաղում երեխաների հետ։ Նայում էի այդ սրբացած մասունքներին ու խորհում. հրաշքի նման մի բան կատարվեր, Եղիշեն հայտնվեր էկրանին, ու ես լսեի նրա կենդանի ձայնը, նորից ապրեի նրա էությանն ու հոգուն հաղորդվելու անհուն բերկրանքը։
Ամերիկա մեկնելուց առաջ եկել էր հայրենի գյուղ` հարազատներին հրաժեշտ տալու։ Ես այդ օրերին գյուղում էի. լեգենդների լույսով ծփացող Խերխանը իմ ծննդավայրն է նաև։ Հանդիպեցինք։ Իր պապի տնկած դարավոր ընկուզենու տակ նստած զրուցում էինք։ Մեջբերեց մի իմաստունից. «Այնպես պետք է ապրել, որ քո մահից հետո մինչև անգամ դագաղագործն ափսոսի»։
Սիրելի՜ Եղիշե, հավատացած եմ, քո մահն անգամ դագաղագործին է ցավ պատճառել, որովհետև դու ապրեցիր այնպես, ինչպես վայել է հայրենասերին։ Մինչև հիմա էլ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում պահպանվում է լուսանկարդ` սևով շրջանակված, այն հիվանդանոցում, որտեղ շուրջ 30 տարի մարտնչել ես հանուն կյանքի, հանուն հայրենի եզերքի, որի սիրով այրվեցիր մինչև վերջ։ Մարտնչել ես ինքնազոհաբերման պատրաստակամությամբ ու դարձել մեր սուրբ ազատամարտի նվիրյալներից մեկը։


Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ