ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Մարտի 22-ը Ջրի միջազգային օրն է

Մարտի 22-ը Ջրի միջազգային օրն է
20.03.2015 | 00:45

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաձեռնությամբ մարտի 22-ը (1992 թվականից սկսած) հայտարարվել է Ջրի միջազգային օր: Նախաձեռնությունը նպատակաուղղված է համայն աշխարհի մարդկության ուշադրությունը հրավիրելու ջրի կենսական կարևորության, օգտակարության, ջրային ռեսուրսների օգտագործման, պահպանման, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտված ջուրը առողջության և գոյատևման համար տնտեսապես մաքուր և անվտանգ դարձնելու խնդիրներին:
«Այսօր ավելի քան 30 երկիր ջրի սակավության խնդիր ունի, շուրջ մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2,6 մլրդ-ը` դրա օգտագործմանն անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ: Յուրաքանչյուր տարի աշխարհում առնվազն մինչև 5 տարեկան 1,8 միլիոն երեխա մահանում է վատորակ ջրից առաջացած հիվանդություններից»,- նշվում է ՄԱԿ-ի կողմից հրապարակվող ամենամյա «Անառողջ ջուրը» զեկույցում:
Ջուրը զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3-ը (361 մլն քառ. կմ), իսկ 1/3 մասը (149 մլն քառ. կմ)` ցամաքը: Երկրագնդի ջրային զանգվածի մեծ մասն աղի է և օգտագործման համար ոչ պիտանի, իսկ քաղցրահամ ջրի պաշարներն սպառվում են` աստիճանաբար ստանալով ռազմավարական կարևոր նշանակություն: Ըստ միջազգային փորձագետների՝ 21-րդ դարի ամենասուր խնդիրներից մեկը երկրի վրա լինելու է ջրի սակավությունը: Նրանց խոսքերով` 2025-2030 թվականներին աշխարհի բնակչության 2/3-ը (մոտ 3,2 միլիարդ մարդ) տառապելու է ջրի պակասից: Գիտնականները միաժամանակ հավաստել են, որ 20 տարի անց քաղցրահամ ջուրը երկրագնդի վրա լինելու է ավելի թանկ, քան նավթը։
-«Ջրի սակավության վտանգը սպառնո՞ւմ է Հայաստանին»: Մեր այս և մյուս հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր ՀՐԱՉՅԱ ԱՎԱԳՅԱՆԸ:

-Այո: Տարեցտարի ահագնացող հանքարդյունաբերությունը, բնական պաշարների սխալ կառավարումը, շրջակա միջավայրի աղտոտումը, ինչպես նաև գլոբալ տաքացումները (2030-2040 թվականներին) սպառնում են Հայաստանի ոչ միայն ջրի որակի փոփոխմանը, այլև նվազելուն:
-Ի՞նչ դեր է կատարում ջուրը մարդկային օրգանիզմում:
-Հասուն մարդու օրգանիզմի 65-70 և նորածնի մարմնի 90 տոկոսը բաղկացած է ջրից: Մարդն ամեն օր (նաև սննդի միջոցով) ընդունում է 2-2,5 լիտր ջուր, 1,5 լիտր էլ` լոգանքի կամ ցնցուղի միջոցով: Առանց սննդի մարդը կարող է գոյատևել մինչև երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ ավելի:
ՈՒժանյութերը տարբեր օրգաններ մղելուց և վնասակար նյութերը օրգանիզմից հեռացնելուց բացի, ջուրը կատարում է նաև հոդերի, մկանների մեխանիկական շարժումների ապահովիչի դեր: Հաստատվել է, որ ընկճվածությունն ու հոգնածությունը օրգանիզմում ջրի քանակի անբավարարության հետևանք են, և այդ վիճակը կարելի է կարգավորել մի քանի բաժակ ջրով:
ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը, ինչպես նաև ջրամատակարարման սանիտարահիգիենիկ կանոնների խախտումները կարող են ինֆեկցիոն հիվանդությունների (օրինակ՝ խոլերա, որովայնային տիֆ, պարատիֆեր և այլն) առաջացման և դրանց տարածման պատճառ դառնալ: Ջրում եղած աղտոտ նյութերի բարձր կոնցենտրացիաները (միացությունները), աղեստամոքսային տարբեր հիվանդությունների պատճառ դառնալուց բացի, ոտնաթաթերի վրա կարող են ի հայտ գալ և արտահայտվել կոշտուկների ձևով` դիտվելով նաև որպես մկնդեղով քրոնիկական թունավորում:
-Քանի՞ բնական աղբյուր ունի Հայաստանը, և ինչպիսի՞ն է դրանց որակը:
-ՀՀ-ի 29,74 հազար քառ. կմ տարածքում ներկայումս կան ավելի քան 6000 փոքր և մեծ (մինչև 20 լ/վրկ և դրանից ավելի դեբիտով) բնական աղբյուրներ և աղբյուրների խմբեր: Մանրազնին հետազոտված 52 մեծ աղբյուրների քաղցրահամ ջրերի տարեկան պաշարները կազմում են 3 մլրդ 258 մլն 259,4 հազար խմ, իսկ ռեսուրսները` 6 մլրդ 623 մլն 705 հազար խմ: Նշվածներից բացի, առավել մեծ պաշարներ են հայտնաբերվել Արարատյան, Շիրակի, Փամբակի և Սևանի միջլեռնային գոգահովիտներում, որոնց քաղցրահամ ջրերի պաշարները կազմում են 20 մլրդ 454 մլն 729 հազար խմ:
Շնորհիվ դրա, Հայաստանի բնակչությունը, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, խմում է ինչպես լեռնային անապական ձյուներից սկզբնավորվող, այնպես էլ ընդերքից բխող աղբյուրների բարձրորակ ջուր:
-Հանքային քանի՞ աղբյուր կա Հայաստանի տարածքում:
-Հայաստանի ընդերքը հարուստ է նաև հանքային ջրի բնական ռեսուրսներով, ինչը պայմանավորված է տարածքի երկրակեղևի հրաբխային ծագմամբ: Ներկա դրությամբ ՀՀ-ի տարածքում բխում է 800-ից ավելի հանքային աղբյուր: Դրանցից (հետախուզված) 625-ի ընդհանուր պաշարները կազմում են 700 լ/վրկ (մոտ 22 մլն խմ մեկ տարում), իսկ պաշարների պետական հանձնաժողովի հաստատած 17 աղբյուրների պաշարները` 251,6 լ/վրկ, կամ (մոտ 8 մլն խմ մեկ տարում):
Հետազոտությունների արդյունքում ՀՀ-ում հայտնաբերվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հունգարիայի և Չեխիայի՝ աշխարհում հայտնի և մեծ ճանաչում գտած լավագույն ջրերի («Նաուգեյմ», «Վիշի», «Բորժոմ», «Եսենտուկի», «Նարզան», «Կառլովի վարի» և այլն) համարյա բոլոր նմանակները: Նշված հանքային ջրերից շատերը, բացի կորզելի քանակով ածխաթթու գազից, պարունակում են հազվադեպ հանդիպող և արժեքավոր տարրեր (բոր, ռուբիդիում, լիթիում, ցեզիում):
-Քանի՞ գետ ունի մեր հանրապետությունը:
-ՀՀ-ն համարվում է նաև գետերով հարուստ երկիր: Երկրի տարածքով հոսող 9479 մեծ ու փոքր գետերի ու գետակների ընդհանուր ցանցը, որի երկարությունը կազմում է 180 հազար կիլոմետր, մեծ մասամբ թաքնված է գողտրիկ լեռնային բնության մեջ: Ամենաերկար գետը Ախուրյանն է` 186 կմ, իսկ ամենակարճը` Արգիճին` 51 կմ:
Վերջերս կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր գետը Քասաղն է, որը Լուսագյուղ, Վարդենիս, Թթուջուր, Եղիպատրուշ, Քուչակ գետերի հետ սնում է Ապարանի ջրամբարը:
Մեր բոլոր գետերը (Աղստև, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Որոտան, Ողջի, Սև ջուր, Մեղրի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Ախուրյան, Մասրիկ, Վարդենիս, Ձկնագետ, Արգիճի, Գավառագետ), որոնց ամեն մեկի անվան մեջ զետեղված է հայոց պատմությունից մի դրվագ, դարեր շարունակ մեծ նշանակություն են ունեցել մեր երկրի տնտեսության համար, և դրանց վրա կառուցված ջրաղացների մի մասը գործում է առայսօր:
-Ի՞նչ կասեք լճերի մասին:
-Հայոց լճերը, որոնք նույնպես մեր երկրի անցյալի, նշանավոր հաղթանակների և իրադարձությունների անխոս վկաներ են, համեմատաբար փոքրաթիվ են: Հայոց բնաշխարհի զարդն են Քարի, Այգեր, Պարզ, Լեսինգ, Ակնա, Արփի, Կապուտան լճերը: Նշված լճերի մեծ մասը սակավաջուր է և տեղային նշանակությամբ, բացի չքնաղ Սևանա լճից, որը կրում է նաև «Կովկասի մարգարիտ» անվանումը: Մեծ է Սևանի տնտեսական և արտադրական նշանակությունը, քանի որ նա ոչ միայն Հայաստանի եզակի քաղցրահամ ջրային ավազանն է, այլև ջրամատակարարման միակ աղբյուրը: Սևանա լիճը համարվում է նաև Հայաստանի Հանրապետության և ամբողջ Կովկասի 35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը:
-Իսկ ի՞նչ վիճակում է այսօր Սևանի ջուրը:
-Այսօր Սևանա լճի ջուրը մի շարք հանգամանքների (Սևանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալման, լճի մակարդակի անընդհատ տատանումների, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացման, ափամերձ անտառները ջրի տակ մնալու, լճի հարևանությամբ գտնվող քաղաքների և լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերը լճի մեջ թափվելու) բերումով մաքուր չէ, ինչի պատճառով ափամերձ տարածքներում տեղ-տեղ առաջացել են ճահճացումներ:
Անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում նաև լիճ մտնող ջրերի մաքրմանը, այդ պատճառով էլ դրանցում առկա են ինչպես կենցաղային, այնպես էլ գյուղատնտեսական թափոնների անթույլատրելի կոնցենտրացիաներ:
Մեր` էկոլոգներիս կարծիքով, ոչ մի դեպքում չպետք է Սևանից ավելացնել ոռոգման և էներգետիկ նպատակներով ջրառի քանակը, քանի որ կլիմայի փոփոխության կանխատեսման համաձայն, տարեկան միջին ջերմաստիճանի 0,5 աստիճանով բարձրացումը առաջացնում է լճի մակարդակի կտրուկ անկում:
Նշված պատճառով լճի ջուրը հետագայում կպակասի` առավել ակտիվացնելով ճահճացման գործընթացը` հանգեցնելով նաև Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի ջրային ռազմավարական պաշարի կորստին:
-Ներկայումս Սևանա լճի հայելու նիշը ծովի մակերևույթից ինչքա՞ն է բարձր:
-Ջրի մակարդակը ներկայումս 1900,1 մ է: Այդ ցուցանիշը անցյալ դարի 60-ականներին գրանցված մակարդակն է, որից հետո սկսվեց Սևանի էֆտրոֆացման վտանգավոր գործընթացը: Ամենացածր մակարդակը գրանցվել է 2000 թվականին, երբ ջրի մակարդակը իջել էր 20,2 մետրով: Մեր նպատակը ջրի մակարդակը նվազագույնը 1903 մետր ցուցանիշին հասցնելն է, ինչը պետք է արվի աստիճանաբար, որպեսզի լճի էկոհամակարգը հասցնի փոփոխությանը հարմարվել: Սևանի ջրի մակարդակը չնայած շատ ավելի բարձր է եղել, բայց մակարդակի արագ փոփոխությունը կարող է լճի էկոհամակարգի խաթարման հանգեցնել:
Ասեմ, որ Սևանա լիճը բնության չքնաղագեղ ընծան, աստվածային հրաշք-պարգևն է մեզ, ավելին` նա Հայաստանի սիրտն է, աշխարհին նայող նրա կապույտ աչքը: Սևանի զուլալ ջրերը հայելու պես անդրադարձնում են մեր ժողովրդի պատմությունը, նրա անցյալն ու ներկան: Սևանը եղել է մեր բազում արհավիրքների և սակավ ուրախությունների ականատեսը: Նա այն լիճն է, որի ալիքները փոթորկվում են համայն հայության սրտերի մեջ:
Սևանը նաև բացօթյա մի հսկայական թանգարան է, բաց գիրկ` հազարավոր զբոսաշրջիկների համար` աշխարհագրական իր եզակի դիրքի, գեղատեսիլ վայրերի, մերձակա բարձունքների վրա կառուցված պատմաճարտարապետական բազմաթիվ հուշարձանների և հարյուրավոր տարբեր ոճերի խաչքարերի շնորհիվ: Նա է տարվա բոլոր եղանակներին մեր ցանկալի այցելավայրը, ամառվա տապից մեզ իր գրկում պատսպարողն ու հրաշալի հանգստի հնարավորություն տվողը:
Որպես հատուցում այդ ամենի, մենք պարտավոր ենք սրտացավությամբ տեր կանգնելու նրա շրջակա միջավայրին, խնայողաբար և երկյուղածությամբ օգտագործելու նրա կենսատու և հոգևոր նշանակությամբ ջրերը, քանզի մեր գալիք սերունդները նույնպես դրանց կարիքն ունեն:
Հիշենք, որ Սևանի պահպանմամբ և նրա էկոլոգիական հավասարակշռության վերականգնմամբ է պայմանավորված հայ ժողովրդի բարոյական, և ինչու չէ, ֆիզիկական գոյությունը:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 3013

Մեկնաբանություններ