Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ստեղծվում է ցեղասպանության զոհերի անունների բազա

Ստեղծվում է ցեղասպանության  զոհերի անունների բազա
17.03.2015 | 11:07

Հայաստանի ազգային արխիվում 2013-ից աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության զոհերի անունների էլեկտրոնային շտեմարան ստեղծելու ուղղությամբ: Սկիզբ է դրվել բարդ ու երկարատև աշխատանքի: Մանրամասների մասին «Իրատես de facto»-ի հետ զրույցում տեղեկացրեց ազգային արխիվի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու ԳՈՀԱՐ ԱՎԱԳՅԱՆԸ։
«Շուրջ մեկ տարի է՝ մեր ունեցած փաստաթղթերից փնտրում ենք ու առանձնացնում ցեղասպանության զոհերի անունները: Հրեաները ունեն նման ցուցակ, քանի որ համակենտրոնացման ճամբարներ են տարվել ցուցակներով: Մեզ համար բարդ է, 100 տարի է անցել: Առանց այն էլ Արևմտյան Հայաստանի մարդահամարի տվյալներ չունենք: Դրանք թուրքական արխիվներում են և անմատչելի մեզ համար»:
Ի՞նչ է արվում: Հատ-հատ վերծանվում են արխիվում եղած փաստաթղթերը: Այսպես, օրինակ, 1915-16 թվականներին որբանոցներ են հիմնվել: Որբերի ցուցակում կան տվյալներ. գրված են որբի անուն-ազգանունը, ծննդավայրը, տարիքը, հաճախ նշված է, թե ովքեր են ծնողները, ինչպես են սպանվել: Եթե անգամ ծնողների անունները բացակայում են, գրում են ձեռքի տակ եղած տվյալները, օրինակ` այսինչ երեխայի հայրը, այսինչ գավառից: Նաև օգտագործվում է ժամանակի մամուլը («Մշակ»-ում, «Արմյանսկի վեստնիկ»-ում բավականին անուններ կան եղեռնի զոհերի), հուշագրությունները (Վերժինե Սվազլյան. «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ», Ամատունի Վիրաբյան. «Հայոց ցեղասպանությունը օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» և այլն)»: Հուշագրություններում տեղ գտած վկայությունները հաճախ պատկերացում են տալիս եղեռնի զոհ դարձած մի ամբողջ գերդաստանի մասին: Օրինակ, վկայագիրն ասում է, որ մեծ գերդաստան է ունեցել, նշում է հարազատների անուններն ու հավելում, որ փրկվել են ինքն ու թոռը:
«Առայսօր դուրս է գրվել 30-40 հազար անուն: Գործընթացը շարունակվում է: Շատ ուշ ենք սկսել: Մեր ուժերը քիչ են,- ասում է զրուցակիցս:- Էլեկտրոնային շտեմարանը հետագայում կտեղադրվի համացանցում: Նրանք, ովքեր գիտեն իրենց եղեռնազոհ հարազատների անունները, կարող են լրացնել, քանի դեռ ավելի չենք ուշացել»: Գոհար Ավագյանը նշում է, որ դա փաստաթուղթ չէ, «ցեղասպանության զոհերի անունների բազա է, որտեղ կլինեն զոհի անունը, ծննդավայրը, կնշվի՝ որտեղ է սպանվել, ում կողմից (որ պակաս կարևոր չէ)` թուրքի, քրդի, չերքեզի, թե գերմանացի սպայի: Նաև կետ ունենք, թե ինչպես է սպանվել: Շատ դեպքերում նշված է` Եփրատում խեղդեցին, այրեցին և այլն»:
Ի լրումն զրուցակիցս ասաց, որ ցեղասպանության վերաբերյալ արխիվային նյութերը պատրաստվում են հրապարակելու փաստաթղթերի ժողովածուի տեսքով: Նույն տեղեկությունները կլինեն նաև էլեկտրոնային տարբերակով: Հավանաբար կզետեղվի Ազգային արխիվի պաշտոնական կայքում:
Եթե ընդհանրացնենք Ազգային արխիվի էլեկտրոնային անցուդարձը, ապա արխիվում օրական թվայնացվում է շուրջ 1000 փաստաթուղթ: Մինչ օրս թվային կրիչների վրա արխիվացվել է 700 հազար փաստաթուղթ։ Թվայնացումը կատարվում է ընտրովիության սկզբունքով. թվայնացվում են այն փաստաթղթերը, որոնք մեծ պահանջարկ են վայելում: Մեծ թիվ են կազմում հատկապես լուսանկարները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ