Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Շեփորի վերադարձը

Շեփորի վերադարձը
10.03.2015 | 00:13

1988-ի փետրվարն էր, Արցախյան շարժման առաջին օրերը։ Օպերայի հրապարակում հավաքված բազմահազարանոց ժողովուրդը պատասխանի էր սպասում Հայաստանի կոմկուսի կենտկոմի ղեկավարությունից, Կարեն Դեմիրճյանից։ Հանկարծ մեկը բղավեց, թե հարկավոր է բարձրանալ Բաղրամյան փողոցով, հասնել կենտկոմի շենքին ու տեղում պատասխան պահանջել։ Բազմությունը տեղաշարժվեց, բայց մի քայլից կանգ առավ, առաջին անգամ լինելով՝ տատանո՞ւմ, թե՞ անհամարձակություն կար փողոցը փակելու գործով: Առաջին քայլը դանդաղում էր։ Իրար սեղմված բազմության մեջ հանկարծ 13-14 տարեկան մի պատանի դիմեց կողքին կանգնած երիտասարդին, թե՝ ձեր ձեռքի գործիքը շեփո՞ր է։ Դրական պատասխան ստանալով՝ տղան խնդրեց թույլ տալ նվագել գործիքը։ Գործիքի տեր երիտասարդը առանց վարանելու պատյանից հանեց այն ու մեկնեց տղային; Շեփորից արձակած անկապ ձայները դժգոհություն առաջացրին բազմության մեջ։ Հաջորդ պահին շեփորի երիտասարդ տերը տղայի ձեռքից վերցրեց այն, փողը վերև պարզեց, ու ալիքվող բազմության վրայով տարածվեց ժողովրդի սիրելի «Ինչո՞ւ է աղմկում գետը» կինոնկարի համար Արտեմի Այվազյանի մեղեդու՝ դեռ պիոներական ճամբարում երիտասարդի մշակած տարբերակը: Հրաշք կատարվեց. հենց նույն պահին վեր բարձրացան բռունցքված հազարավոր ձեռքեր, և օդը լցվեց վանկարկումով.
-Մի՜-ա՜-ցո՜ւմ, մի՜-ա՜-ցո՜ւմ, մի՜-ա՜-ցո՜ւմ.
Ալեկոծվող բազմությունը լցվեց Բաղրամյան փողոց։ Ճարտարապետների տան մոտ երթը մի պահ դադար առավ: Ժողովրդի միջից բացականչություններ լսվեցին.
-Շեփորն ո՞ւր է, շեփորը։
Երիտասարդ շեփորահարը բարձրացավ պարսպի քարե սյան վրա, ու նորից նույն երաժշտությունը թևածեց մարդկային ծովի վրայով, տարածվեց ողջ Երևանով, գնաց-հասավ շրջաններն ու գյուղերը, մտավ յուրաքանչյուր հայի տուն ու կանչեց մարդկանց, միասնության, համախմբման, անկախության կոչ արեց, հավաքեց-բերեց բոլորին, բռունցքեց, դարձավ խորհրդանիշ։
Երիտասարդ շեփորահարը «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորման աշխատակից ԱՇՈՏ ԺՈՐԱՅԻ ՄԻՐԶՈՅԱՆՆ էր։
Անցել են 27 երկար ու ձիգ տարիներ։ Ինչ-ինչ պատճառներով ընտանիքով ԱՄՆ-ում բնակություն հաստատած Աշոտ Միրզոյանն այսօր վերադարձել է Հայաստան, իր հետ բերել խորհրդանիշ շեփորն ու հանձնել Հայաստանի պատմության թանգարանին:
Արցախյան արմատներով Աշոտ Միրզոյանը ծնվել-մեծացել է Երևանում։ Պարծենում է իր արցախցի պապ Դանիելով, որի համար ադրբեջանցիները գլխագին էին նշանակել, ինչի պատճառով էլ մի քանի տարի փախուստի մեջ թաքնվող Դանիել պապը, ընտանիքի անվտանգությունից ելնելով, թողել էր Ղահրամանյան պապենական ազգանունը, վերցրել Միրզոյան ազգանունը։ Այնպես որ, Աշոտն իր հին հաշիվներն ուներ ադրբեջանցիների հետ, պապի վրեժը պետք էր լուծել՝ Արցախը միացնել Հայաստանին։ Եկել էր պահը։ Իր շեփորով նա դարձավ շարժման մունետիկը։ Իսկ ահա այսօր թանգարանում պատվավոր տեղ գտած շեփորն էլ իր պատմությունն ունի։
-Ճիշտ է, երաժշտությունն ինձ համար միայն հոբբի է եղել, ես ունեցել եմ պոլիտեխնիկ բարձրագույն կրթություն, բայց դեռ պատանի տարիքից միշտ նվագել եմ էստրադային, ջազային խմբերում, պրոֆեսիոնալների կողքին։ 1987-ին մեր խումբը մեկնելու էր Լենինգրադ՝ մասնակցելու համամիութենական փառատոնին: Իմ հին, համարյա շարքից դուրս եկած շեփորի հնչողությունը խիստ անհանգստացնում էր ինձ։ Այստեղ օգնության հասավ Հայֆիլհարմոնիայի պահեստապետը։ Նա ինձ տարավ պահեստ, ուր իրար վրա լցված էին դուրս գրված տարբեր երաժշտական գործիքներ։ Ահա այդ մութ, փոշոտ պահեստում ես գտա այս շեփորը: Այն խունացած, կեղտոտ ու ծռմռված էր, ճիշտ, ինչպես հեքիաթի Անագե զինվորիկը։ Այն մուրճով դզմզեցինք, մաքրեցինք, փայլեցրինք։ ՈՒ այդ օրվանից դարձավ իմ կյանքի մի մասնիկը՝ դառնալով բազմաթիվ օլիմպիադաների, մրցույթների, համերգների մասնակից։ Բայց նրա համար ավելի մեծ առաքելություն էր նախատեսված. այն դարձավ Արցախյան շարժման խորհրդանիշն ու այսօր արդեն այս պատվավոր տեղում գտավ իր հանգրվանը։
Աշոտ Միրզոյանի հետաքրքիր հիշողությունները շարժման այդ տարիներին իր մասնակցության ու շեփորի մասին կլանել էին մեզ, շարունակ խնդրում էինք, որ էլի, էլի դեպքեր հիշի, մանավանդ՝ պատմում էր համ ու հոտով, կիրթ, գեղեցիկ հայերենով՝ համեմված նուրբ հումորով։
-Մի անգամ,- շարունակեց նա,- ինձ հրավիրեցին ոսկերչական գործարան, ծանոթացրին գործարանի կոլեկտիվի որոշման հետ, որտեղ ասվում էր, որ պատրաստվում են ոսկուց շեփոր ձուլելու՝ հատուկ շարժման հանրահավաքների ժամանակ նվագելու համար։ Նրանք պնդում էին, թե մեր միասնության, անկախության հանրահավաքները ազդարարող այդ շեփորը, որպես խորհրդանիշ, պետք է ոսկուց լինի։ Ես մի կերպ նրանց համոզեցի, որ դա ոսկու անիմաստ ծախս կլինի, քանի որ, գուցե հաջողվի ձուլումից ստանալ անթերի տեսքով շեփոր, բայց չեն կարող ապահովել շեփորի հնչողությունը, ինչն արվում է միայն բարձրակարգ մասնագետների միջոցով, հատկապես գերմանական համապատասխան գործարանում։ Մի կերպ նրանք ձեռք քաշեցին այդ մտքից;
Հետո հիշեց մի դեպք՝ կապված Առնո Բաբաջանյանի հետ.
-Սովորաբար հանրահավաքների ժամանակ այլ երաժշտություն էր հնչում որպես ազդանշան, իսկ ուրախ լուրերի, բարձր տրամադրության ժամանակ նվագում էի Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ շեփորի համար Առնո Բաբաջանյանի գրած երաժշտությունը։ Եթե չեմ սխալվում, 1989-ի հունվարի 22-ն էր։ Մինչ կսկսվեր հանրահավաքը, նվագում էի, զբաղեցնում ժողովրդին շեփորի համար գրված տարբեր երաժշտություններով։ Հանկարծ մոտեցան երկու անծանոթ, ներկայացան ու թե՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է, և խնդրեցին, որ նվագեմ «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման համար նրա գրած երաժշտությունը։ Ավելորդ է ասել, թե ինչ զգացի։ Մի պահ նույնիսկ շփոթվեցի, բայց հավաքեցի ինձ։ Նախ հայտարարեցի, որ սիրելի մաեստրոյի ծնունդն է, ինչին ժողովուրդը մեծ ոգևորությամբ արձագանքեց, հետո կատարեցի շեփորի համար գրված այդ հիանալի երաժշտությունը։
Աշոտ Միրզոյանը չի սիրում իր անձնականից խոսել, միայն ցավով ասաց, որ հեռացավ երկրից, երբ տեսավ, համոզվեց, թե ինչպես հաղթանակից հետո չամրացվեց այդ հաղթանակը, ժողովուրդը բաժանվեց երկու մասի՝ «մեր»-ի և «իմ»-ի։ Ինքը չհաշտվեց «իմ»-ի հետ, ինքը մեր է, մինչ այսօր էլ երազում, իր ձևով պայքարում է «մեր»-ի համար, և դա է իր կյանքի իմաստն ու երազանքը։ Երկար լռեց։ Մտախոհ հիշողությունները նրան 27 տարի հետ տարան։ Ահա, ժողովուրդը կիսվեց, միջանցք-ճանապարհ բացեց, ու ինքը մոտեցավ հարթակին, շեփորահարեց։ Իսկ այդ ընթացքում երբեք անձնական շփումներ չի ունեցել ոչ «Ղարաբաղ» կոմիտեի, ոչ մյուս կազմակերպիչների հետ։ Միշտ ինքն է որոշել՝ որտե՞ղ, ե՞րբ շեփորահարել, ոչ էլ երբևէ մոտեցել է միկրոֆոնին, փորձել մի բառ անգամ ասել։ Բայց եկավ այդ պահը։
-Շատ տխուր էի, մի քանի պատճառներով հիասթափությունն էր մեջս գլուխ բարձրացրել։ Այդ օրը տնից գնացի արդեն ամեն ինչ որոշած: Բարձրացա հարթակ, շեփորահարեցի, հետո մոտեցա միկրոֆոնին: Ընդամենը մեկ նախադասություն ասացի՝ այլևս չեմ շեփորահարելու, հաջորդ անգամ իմ շեփորը կհնչի միայն Արարատի գագաթից։ ՈՒ հեռացա։ Ես ավարտել էի իմ գործը, ավելին անել չէի կարող։
Աշոտ Միրզոյան-Ղահրամանյանից բաժանվեցինք 1988-ի տպավորություններով ու հիշողություններով, նաև այն համոզմունքով, որ մեր ժողովրդին հարկավոր է, պետք է մի նոր շեփոր, մի նոր շեփորահար։ Թող մնա, որպես անագե զինվորիկ, այս շեփորը պատմության թանգարանում, իսկ մենք սպասենք նոր շեփորահարին։


Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ