Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Երիտթուրքերի տրիումվիրատը

Երիտթուրքերի տրիումվիրատը
08.03.2015 | 13:23

Մեզ համար նա Թալեաթ է, ու ամեն ինչ ասված է այդքանով: Հայոց ցեղասպանության կազմակերպիչն ու իրականացնողը, որ «Նեմեսիսի» ցուցակում իրավամբ առաջինն էր: Իր հուշերում Օսմանյան կայսրության տարածքում տեղաբնիկ հայերի ցեղասպանության համար Թալեաթը մեղադրում է ռուսներին, հայերին, բոլորին, բայց ոչ թուրքերին, որ իր կարծիքով՝ պաշտպանվում էին անիրավություններից ու ձեռնարկում հարկադրական քայլեր: Այսօրվա Թուրքիան գոյություն ունի երիտթուրքական տրիումվիրատի՝ Թալեաթի, Ջեմալի ու Էնվերի շնորհիվ, նրանք էին ազգությամբ հազիվ տասը տոկոս հասնող թուրք ազգաբնակչության համար ստեղծում թուրք տարրի գերակշռությամբ ազգային պետություն, որ պիտի տարածվեր Կովկասով՝ Ղրիմ ու մինչև Թուրքեստան: Պանթուրքիզմի նրանց գաղափարախոսությունը երկրի ներսում ու դրսում բախվեց հայերին, հետո նոր միայն այլ պետությունների դիմադրությանը: Հայերի հարցը տրիումվիրատը փորձեց լուծել ինքնուրույն, որ ձեռքերն ազատի իր տարածքներից դուրս գալու համար: 1918-ի հոկտեմբերի 7-ին Թալեաթն ընդունեց երիտթուրքերի քաղաքականության կրախը և հրաժարական տվեց, հետո Ալի Սալի բեյի անվան տակ փախավ Բեռլին: Ռազմադաշտային արտակարգ ատյանը 1919 -ին Կոստանդնուպոլսում նրան հեռակա կարգով դատապարտեց մահվան՝ ռազմական հանցագործությունների և կայսրության հայ բնակչության ոչնչացնելու համար: 1921-ի մարտի 15-ին Բեռլինում նրան գնդակահարեց Սողոմոն Թեհլերյանը՝ հայերի ցեղասպանության համար: Նա 47 տարեկան էր, Թուրքիայում արդեն իշխանության էր եկել Մուստաֆա Քեմալը և թուրքերի հայր Աթաթուրքը իր նախորդների «մաքրած» տարածքում պետություն էր ստեղծում՝ նրանց հայրենիքից վտարելով:
Հուշերում Մահմուդ Թալեաթը գրում է. «Ռուսաստանը, Թուրքիան փոքրացնելու համար, իր հրամանները կատարելու պատրաստ Բուլղարիային Ռումելիում, Անատոլիայում էլ հայերին հաստատելու ցանկությամբ երկիրը երկաթե օղակի մեջ էր առնում, որից հետո ամեն վտանգ իր համար վերացնելով՝ ուզում էր Կովկասում եղած մուսուլմանների հետ մեր հարաբերությունները բոլորովին կտրել: Դրանից հետո Ռուսաստանի համար այլևս հեշտ էր լինելու Ստամբուլի վերաբերյալ ծրագրերն իրագործել: Հայերը, թեև Կովկասում Ռուսաստանի դաժանություններից ճնշված՝ նրան չէին սիրում, բայց այդ ծրագիրն իմանալով՝ շտապեցին պաշտպանել՝ կարծելով, թե Թուրքիայում այլևս իրենց անկախությունը վաստակելու ժամանակը և առիթը ներկայացել է: Հնչակ, դաշնակ, ռամկավար և հայ ազգային այլ միությունները Հայոց Պատրիարքարանի հետ միացան և Էջմիածնի կաթողիկոսի միջնորդությամբ Պողոս Նուբար փաշայի նախագահությամբ խորհուրդ կազմակերպեցին: Մեզ հետ բանակցության մեջ գտնվող հայ կոմիտեները նույնիսկ կարիք չզգացին մեզնից թաքցնել Նուբարի խորհրդին և հանձնաժողովին ուղարկված ռուսական կառավարության հրահանգը Ստամբուլի ռուսական դեսպանից ստացած լինելը:
Ռուսական կառավարությունը, մյուս պետությունների հավանությունն առնելուց հետո, Ստամբուլի դեսպան իշխան Գիրսի միջոցով 1914 թ. Բարձր Դռանը առաջարկություն արեց, որը հետևյալ կետերն էր բովանդակում.
1. Վեց վիլայեթների միացումը, այնտեղ մի վարչաձևի հաստատումը, մուսուլման և քրիստոնյա նույն առնչությամբ զենքի տակ կանչվելը (պահանջները կանխելու և այդ նահանգներում, իսկապես, հարկ եղած բարենորոգումները կատարելու համար Բարձր Դուռը դիմել էր Անգլիայի կառավարությանը՝ խնդրելով, որ այս գործով քննիչներ ուղարկվեն: Անգլիայի կառավարությունն էլ հավանություն էր տվել, սակայն հետո սըր Էդվարդ Գրեյը հայտնել էր Լոնդոնի մեր դեսպանին, որ Ռուսաստանը համաձայն չէ իրենց քննիչներ ուղարկելուն, Թ.):
2. Միացված այս նահանգների ընդհանուր կառավարումը մի կուսակալի կողմից (նույն առաջարկությամբ՝ հարցադրումը ոչ մի իմաստ չպիտի ունենա, քանի որ հայերը ոչ մի տեղ մեծամասնություն չկազմելուց բացի՝ նույնիսկ ցույց տված շնչաքանակի կեսն էլ չունեն: Բառի բուն իմաստով՝ միայն արտոնություն կարող է լինել, Թ):
Այս հարցով բանակցությունների մեջ մտնելով՝ Բարձր Դուռն աշխատում էր առաջարկները թուլացնել:
Այդ ժամանակ ես Սայիդ Հալիմ փաշայի դիվանում ներքին գործոց նախարար էի: Ռուսաստանի նպատակները բացահայտ էին: Այդ հարցով նախարարաց ժողովում ես դեմ արտահայտվեցի բացահայտորեն մեր անկախության դեմ սկզբունքներին: Վարչապետ Սայիդ Հալիմ փաշան դա հայտնել էր Ռուսաստանի դեսպանին: Նա էլ ինձ տեսակցելու ցանկություն էր ունեցել: Ինձ մոտ գալով՝ նա զարմանք հայտնեց, գտնելով, որ Ռուսաստանի առաջարկը Թուրքիայի շահերին համապատասխան է, ուստի տարակուսանքի տեղիք չպիտի տար: Մեր տեսակցությունը թեև ոչ պաշտոնական էր, բայց առանձնահատուկ բնույթը ընդգծելու համար՝ ասացի, որ Թուրքիայի ներքին հարաբերությունների մասին նրա խոսքերը հակառակ են մեր անկախությանը, և եթե Պետերբուրգի մեր դեսպանը Թուրքեստանի բարենորոգումների պահանջով իրենց ներքին գործոց նախարարությանը դիմի, Ռուսաստանի անկախության կոպիտ խախտում կլինի: Այդ նկատառումով էլ խնդրեցի նման դիմումներով մեզ չանհանգստացնել և ավելացրի, որ նպատակին քաջատեղյակ ենք, ավելի ճիշտ կլիներ, որ ասվեր՝ «Ռուսաստանը այսպես է ցանկանում, մենք ուժեղ ենք, դուք՝ թույլ, հետևաբար՝ ստիպված եք ընդունել»: Այս խոսքերից հետո դեսպանը գնաց՝ ասելով, որ այլևս ինձ հետ չպիտի կարողանա հանդիպել»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայրենիքից վտարված Էնվեր փաշան կհանդիպի Լենինին, որից հետո կմեկնի Միջին Ասիա՝ իբր սովետական իշխանությունն ամրապնդելու, բայց կմիանա սովետական իշխանության դեմ բասմաչների ապստամբությանը՝ հիշելով իր պանթուրքիստական ծրագրերը: Այնտեղ էլ թուրքական սուլթանի փեսան կսպանվի Հակոբ Մելքումյանի ձեռքով՝ բասմաչների ապստամբությունը ճնշելիս: 40 տարեկանում: 50 տարեկանում՝ 1922-ի հուլիսի 21-ին Թիֆլիսում Ջեմալ փաշան կսպանվի Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր-Պետրոսյանի ձեռքով՝ «Նեմեսիսի» առաջին եռյակը այլևս չկար: Բայց որտե՞ղ էր հայ Նեմեսիսը մինչև 1914-ը:

Դիտվել է՝ 1853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ